вторник, 30 апреля 2013 г.

Մոնրոյի լսված և չլսված պատմությունը




Նորմա Ջին Բեյկեր
/1926-1962/


1950-ականների ամենահայտնի կինոաստղը, նկարահնվել է 31 ֆիլմերում, որոնցից են «Ինչպե՞ս ամուսնանալ միլիոնատերի հետ», «Ջազում միայն աղջիկներն են», «Ամեն ինչ Եվայի մասին», «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», «Ոմանք դա տաք են սիրում», «Ասֆալտապատ ջունգլի» և այլն:

20-րդ դարում բացի Մոնրոյից չկա այլ անուն կամ երևույթ, որը խորհրդանշում է կանացիություն: Կրքոտ ու ցանկալի այս դերասանուհին դարձավ խորհրդանիշ, որի մասին գիտեին բոլորը, ձգտում էին շատերը: Մոնրոն պարզ դարձրեց հասարակությանը, որ տգեղ կանայք չկան, ցանկացած գին գրավիչ է յուրովի: Այս կնոջ հմայքը դարձավ փառքի և անկման պատճառ:
Մոնրոյի մասին գրած շատ ամերիկացիներ չեն կարողացել բացահայտել այդքան հայտնի, բայց և դժբախտ կնոջ ճակատագիրը: Դեռ փոքր հասակում չզգալով ծնողական խնամք ու ջերմություն` Նորմանը միշտ ամուր հենարան է փնտրել: Նա, միայնակ լինելով, աստիճանաբար գծել է իր ճակատագրի սև գծերը: Դժբախտ ու հարբեցող մայրն ընկնում է հոգեբուժարան, 6-ամյա Նորման մնում է մոր ընկերուհու խնամքին: Վերջինս ևս չի կարողանում պահել փոքրիկին, և Մոնրոն ստիպված է լինում ապրել ժամանակավոր կացարաններում, որոնց տերերը պետությունից որոշակի գումար էին ստանում որբերին խնամելու համար: Դաժան մանկությունը սակայն Մոնրոյին հետ չի պահում կյանքից: Արդեն 13 տարեկանում նա շպարվում էր, ներկում շրթունքները, սեթևեթելու մեթոդներ մտածում, արհեստական ծիծաղ հորինում, ինչը նրան ավելի գրավիչ էր դարձնում: Մոնրոն շուտ սկսեց հանդիպել տղաների հետ, հայրական ջերմության պակասը միշտ փնտրում էր օտար տղամարդկանց մեջ: Նրա առաջին ամուսինը` Ջիմ Դոուերտին, կարող էր հպարտանալ, որ դարձել է Ամերիկայի առաջին կնոջ ամուսինը, սակայն այս հանգամանքը նրանց միությունը չկայունացրեց: Նորման տանել չէր կարողանում տնային գործերը, արդյունքում ամուսինը հոգնում է այս իրավիճակից և մեկնում զինվորական ծառայության: Սկսվում են Մոնրոյի սև օրերը, նա աշխատանքի է անցնում գործարանում, բայց գլխում արդեն ծնվել էր մոդել դառնալու գաղափարը:
Առաջին քայլերը բիզնեսում Մոնրոյին բերեցին գումարային և բարոյական հաջողություն: Լողազգեստների գովազդում մեկ ժամ նկարահանվելու համար նա ստանում էր այնքան, որքան ամբողջ ամիս գործարանում: Իսկ առջևում մեծագույն նպատակն էր` դառնալ հանրահայտ կինոդերասանուհի….Սա անիրականանալի էր թվում և դրան հասնելու համար Մոնրոն սկսեց հարաբերություններ հաստատել ֆիլմ արտադրող ընկերությունների տնօրենների հետ: Ծանոթանում է Հովարդ Հյուգսի հետ, իսկ վերջինիս միջոցով` «20-րդ դար-Ֆոքս» կինոստուդիայի ղեկավար Բեն Լայոնի հետ: 19-ամյա Նորման սկսում է  նկարահանվել որպես փին-ափ մոդել` տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկում ամերիկացի զինվորներին քաջալերելու և ոգևորելու  համար: Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվում է  ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լայոնի մոտ և վերջինս որոշում է  պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ: Լայոնը գտնում էր, որ դերասանուհի դառնալու համար Նորմա Ջին անունը չափազանց երկար և դժվար հիշվող էր և իր կամքին հակառակ քսանամյա Բեյկերը շուտով վերանվանվում է  Մերիլին Մոնրո: Մերիլին դարձած Նորման ընկնում է երջանկության գիրկը: Օրեցօր շատանում են նկարահանվելու առաջարկները, որոնցից սակայն, գումարն այնքան էլ մեծ չէր: Շուտով սկսվում է Մերիլինի հիասթափության շրջանը: Նա զգում է, որ դեռ մեկ տարի չանցած իրեն արդեն չեն հիշում, նա մոռացվել է, մղվել հետին պլան: Որոշում է անցնել դերասանական վարպետության դասընթացներ: Փորձառու դերասանուհի, բայց տգեղ կնոջ` Նատաշա Լյայտեսի միջոցով Մոնրոն փնտրում է Հոլիվուդը գրավելու ճանապարհներ: Սակայն երկար պարապմունքներն ու ջանքերը չեն տանում նրան դեպի էկրան: Նա Նախկինի պես մնում է որպես գովազդային հասույթներով ապրող դերասանուհի, ով միշտ հաճախում էր արտիստական սրճարաններ և բոլորին ցույց էր տալիս, որ իր մոտ ամեն ինչ լավ է
 Միայն 4 տարի անց է ճակատագիրը ժպտում ամերիկուհուն: «Ասֆալտապատ ջունգլի» ֆիլմում Մոնրոն ստանում է  դեր, որը դառնում է նրա կարիերայի սկիզբը: 1952թ. նկարահանվում է օրացույցի համար, ինչը մեծ ճանաչում է բերում Մոնրոյին, քանի որ օրացույցներն ամենուրեք էին: Օրացույցն արեց այն, ինչ չկարողացան անել տասնյակ ֆիլմերի դերերը…. Ամեն ինչ փոխվեց, երբ 1954թ. Մերիլինը գլխավոր դեր խաղաց «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում այն ժամանակ շատ հայտնի Ջեյն Ռասելի հետ միասին: Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի դարձավ ամբողջ Ամերիկայում, այնուհետև և ողջ աշխարհում:
Փառքը սակայն դժբախտացնում է Մերիլինին: Դերասանուհին սկսում է ընտանեկան հանգստություն փնտրել, ծանոթանում է Ջո դի Մաջոյի հետ, սակայն երջանիկ  լինել չի հաջողվում: Մերիլինի փառքի գագաթնակետը դառնում է 1953թ.-ը, նա դառնում է ԱՄՆ կինոաստղ, նրա պատվին խնջույք է կազմակերպվում, սակայն փոխարենը սրվում է ներքին ներդաշնակությունը, հոգեկան վիճակը դառնում է անկառավարելի, մեծ աստղը ցանկացած պահի կարող էր թողնել կինոն:
Մերիլինը հանդիպում է գրող Արթուր Միլլերի հետ, ով ըստ Մերիլինի, վերջապես գրելու էր իրեն համար նախատեսված դերը: «Անհանգիստները» կինոնկարում գլխավոր դերը կատարելուց հետո Մոնրոն հոգեկան խնդիրներ է ունենում, նրան տանում են հոգեբուժարան, և հետագայում Արթուրն իր կյանքից ջնջելու է Մերիլինի հետ կապված բոլոր իրադարձությունները: Երբ նրան հարցնում են Մոնրոյի սպանության մասին, նա պատասխանում է, որ այդպիսի անունով կնոջ չի ճանաչում:
Մոնրոյի մահվան մասին շատ լեգենդներ են հյուսվել: Ըստ հիմնական վարկածի` նա ինքնասպան է եղել: Ըստ մեկ այլ վարկածի` կապված է եղել Ջոն և Բոբ Քենեդիների հետ, և սպանվել է նրանց մասին գաղտնի ինֆորմացիա իմանալու պատճառով: Կան նաև կարծիքներ, ոե Մոնրոն եղել է լրտեսական գործակալության անդամ, ինչի արդյունքում սպանվել է: Այս վարկածներից բոլորն էլ հավանական են, բայց նրանցից և ոչ մեկը ապացուցված չէ: Մոնրոն իր երազած փառքին հասավ, բայց արդյո՞ք ներքինն համապատասխանում էր արտաքին հմայքին, կամ արդյոք փառքը միշտ է երջանկություն բերում և արժանի է «երազանք» կոչվելու....այս մասին ոչ ոք չգիտի….

 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը