суббота, 9 ноября 2013 г.

Real art. Հոգի և մարմին



2012 թվականին Գյումրու մշակութային դաշտում հայտնվեց <<Real art>> նախագիծը /համադրող՝ արվեստաբան Արաքս Մարգարյան/, որը համախմբում էր ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտներին: Նախագծի նպատակն էր կատարողական,  իրական /ոչ իրապաշտական/ նկարչությունը հանրությանը ներկայացնելը: Համադրողի խոսքերով` նախագիծը խրախուսում է իրական նկարչությունը` անկախ ոճից և տեխնիկայի ընտրությունից: Նախագծի մասնակիցների թիվը փոփոխական է՝ ըստ նախասիրությունների և ցուցահանդեսների թեմաների: Իր առջև դրված խնդիրները <<Real art>>-ն իրագործեց և ունեցավ շարունակական ընթացք


Հոկտեմբերի 25-ին Գյումրու Ռիժկովի 3 հասցեում գտնվող նորաբաց  ցուցասրահում կայացավ <<Real art>> նախագծի 3-րդ ցուցահանդեսը` <<Հոգի և մարմին>> խորագրով /մեկենաս` ԱԺ պատգամավոր  Արման Սահակյան/: Ինչպես ցուցահանդեսի կոնցեպտում էր նշված, նախագծի նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հոգու ու մարմնի երկվությունն ու ամբողջանալու ձգտումը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին Ժակլին Սարգսյանը, Անի Ռաշոյանը, Արտակ Փիլոսյանը, Տաթև Հարթենյանը, Արտյոմ Սարգսյանը, Վազգեն Գևորգյանը, Արփինե Համբարյանը, Դավիթ Ավետիսյանը, Աշոտ և Մամիկոն Միքայելյանները, Ռիմա Գյոդակյանը, Անի Ավետիսյանը և Կարեն Թովմասյանը: Մասնակիցների մի մասը <<Real art>> նախագծի հետ է հիմնադրման օրվանից, մյուսները ցուցադրվում են առաջին անգամ /Տաթև Հարթենյան, Կարեն Թովմասյան, Ռիմա Գյոդակյան/:


 <<Հոգի և մարմին>> խորագիրն  արդիական է բոլոր ժամանակների համար` սկսած նախնադարից մինչև մեր օրերը: Նախնադարում մարմինը խոսակցություններ ու հարցեր չէր ծնում, քանի որ արդեն իսկ ամեն ինչ տեսանելի էր, սակայն անտեսանելի հոգին նախամարդիկ համարում էին մարդու ոչ իրեղեն և ոչ նյութական կերպարանք, որը նման է օդի, ստվերի կամ գոլորշու: Այն, ի տարբերություն մարմնի,  կարող է տեղաշարժվել ժամանակի և տարածության մեջ:
Հոգու թեմային շատ փիլիսոփաներ են անդրադարձել: Դեմոկրիտոսն այն համարում էր նուրբ մարմին, որը ներառված է արյան մեջ: Պլատոնը գտնում էր, որ հոգին է զգայության և հիշողության հիմքը: Արիստոտելի կարծիքով հոգին գտնվում է սրտի մեջ, Դեկարտի կարծիքով` գլխուղեղում: Վերջապես, ի՞նչ է մարմինը, և ի՞նչ է հոգին. նկարիչներից յուրաքանչյուրը փորձում է տալ հարցի իր պատասխանը` անցկացնելով թեման ինչպես իրենց մտքի, այնպես էլ ստեղծագործության պրիզմայով:

Մամիկոն և Աշոտ Միքայելյանները հավատարիմ են մնում իրենց ոճական սկզբունքներին: Եղբայրների հիմնական նյութը` այրված փայտը, այս ցուցահանդեսում ևս ուներ իր անփոխարինելի տեղը: Էլ ինչը, եթե ոչ հայելին, արտահայտելու էր հոգու և մարմնի երկվությունը յուրաքանչյուր կերպարի պարագայում: Ցուցահանդեսին որպես արվեստի գործ էր ներկայացված փայտով շրջանակված հայելինՅուրաքանչյուրը հայելու մեջ տեսնում էր իր դեմքը, իր հոգինԱնհատը կարիք ունի ինքն իրեն գտնելու, <<Ես>>-ը հաստատելու իր իսկ պատկերի հաստատման միջոցով: Հայելին միջնորդն է մեր մարմնի ու <<Ես>>-ի միջև. այն լավագույն տարբերակն է մեր հայացքի համար, որը կճանաչի մարմինը` միջնորդավորելով այն «Ես»-ի հետ: Աշոտի գործը դառնում էր ավարտուն, երբ դիտողը վիզուալ հարաբերվում էր իր հետ ու տեսնելով իր ինքնությունը հաստատող պատկերը` ուղղակիորեն առճակատվում  մեկ այլ <<ՄԵԾ>> պատկերի, այն է` կնոջ դիմանկարի հետ, որն արված է հայելային մակերևույթի վրա: Այս գործը կարելի է համարել 2 տարբեր աշխարհներում ապրող մարմինների փոխներգործություն: Հանդիսատեսը` որպես ֆիզիկականի մարմնացում և կնոջ դիմանկարը` որպես հոգին կորցրած կերպար: Արվեստի գործն այս կերպ դարձել էր ինքնավար.  ցանկացած դիտող դառնում էր գործի համահեղինակ: Հայելու վրա նկարված դիմանկարը սակայն  հիշեցնել էր տալիս, որ անկախ այն հանգամանքից, թե ով է նայում հայելու մեջ, կնոջ արտացոլանքը երկխոսում է իր հետ:
Իր ինքնատիպ ոճով է ցուցահանդեսին ներկայանում Արտյոմ Սարգսյանը: Տարբեր նյութերի յուրօրինակ համադրությունն ամբողջանում է մեկ խորագրի տակ` <<Երաժշտական զգացողություն>>: Ձեռքեր, դաշնամուրներ, վարագույր, բեմ, կիթառ, աչքի ընկնող սիմվոլներ, այլ նկարիչներից արդեն ծանոթ մոտիվներ, մի շարք մտապատկերներ առաջացնող մակերևույթներ ու նյութերԱրտյոմ Սարգսյանը ցուցահանդեսին ներկայացնում է միմյանցից տարբեր, բայց և միմյանցից բխող երկու շարք, որոնցից մեկը պատկերում է ձեռքեր և ռոյալներ /ձեռքերի գաղափարն առաջացել է Շոպենի ձեռքերը պատկերող վերատպությունը դիտելիս/, մյուսը` տարբեր նկարիչների ոճերից վերցված տարրեր, որոնք հեղինակը ներկայացրել է իր գաղափարների հետ համադրելով: Ա. Սարգսյանի ստեղծագործություններում տեղ են գտել Պիկասոյի կիթառը, Մատիսի <<Երաժշտությունը>>, Դեգայի պարուհիներն ու Գորկու <<Արորը և երգը>>: Շարքը շարունակական է, այն ընդգրկում է նաև Վերմեերի, վան Գոգի, Յան վան Էյկի, Ռենուարի, Պաուլ Կլեի և շատ այլ նկարիչների մոտիվներ: Ըստ արվեստագետի` արվեստի ցանկացած <<առողջ գործ>> հոգևոր իմաստ ունի, քանի որ գեղեցիկ է այն, ինչը ծնվում է ներքին հոգեկան անհրաժեշտությունից և ծառայում է հոգուն: <<Ինձ համար <<ճիշտ արվեստը>> ռեալ արվեստն է, ինձ համար աբստրակցիան ռեալ արվեստ է, Գորկին, Կանդինսկին ռեալ նկարիչներ են>>,-ասում է Ա. Սարգսյանը:
Մարմինն ունի իր հիմնական ուրվագիծը, սակայն հոգին անտեսանելի է, ցանկացած միստիկ երևույթի հետ ասոցացվող, չունի հստակ ձև, աներևույթ էայսպիսին են Ժակլին Սարգսյանի  դեկորատիվ մարմինները: Սրանք ոճավորված հոգևոր մարմիններ են, որոնք արտահայտում են տվյալ հասկացության կենցաղային իմաստը: Հին Եգիպտոսում համարում էին, որ մարդու հոգին գտնվում է աչքերում: Ժակլինի կերպարների աչքերը ընդծված են, միշտ առաջին պլանում, ընդ որում, շատ են միաչքանի ֆիգուրները:

Խորագիրը առաջնային իմաստով են  ներկայացրել արվեստագետներ Արտակ Փիլոսյանը, Դավիթ Ավետիսյանը, Անի Ռաշոյանը, Ռիմա Գյոդակյանը, Անի Ավետիսյանն ու Արփինե Համբարյանը: Գեղանկարի միջոցով նրանցից յուրաքանչյուրը պատկերել է տարբեր մարմիններ, որոնցից ցանկացածն իր հերթին ի ցույց է դնում մարմին-հոգի անքակտելի կապը: Դավիթ Ավետիսյանը ներկայանում է <<Բաքոսերգություն>> շարքով, որը դառնում է էպիկուրյան փիլիսոփայության կրողը:  Անի Ավետիսյանն ու Արտակ Փիլոսյանն ի ցույց են դնում մերկ մարմիններ` արտահայտելով հոգու շարժումը: Վազգեն Գևորգյանն ու Կարեն Թովմասյանը հանդես են գալիս  դիմանկարներով: Առաջին արվեստագետն իր խմբակային դիմանկարի ֆոլկլորային  կերպարներով ցույց է տալիս գյումրեցի մարդուն,  գյումրվա մշակույթն ու նկարագիրը, քաղաքի ոգին: Երկրորդը գրաֆիկական դիմանակարներում  ցույց է տալիս կյանքի փորձ ունեցող, դժվարություններ հաղթահարած կնոջ կերպար, որը միաժամանակ և՛ հոգի է, և՛  մարմին:
Իր դեկորատիվ ոճավորումներով ցուցահանդեսին ներկայացել էր նաև մոդելավորող-դիզայներ Տաթև Հարթենյանը: Նրա խոսքերով՝ ցանկացած աբստրակտ ոճավորում գալիս է հոգևոր աշխարհից: Մարմինն այստեղ ֆունկցիա չունի, ամեն ինչ հիմնված է հոգուց ծնված ոճավորումների վրա:
Նախագծի հետագա նպատակներից է ներկայանալ ոչ միայն գյումրեցի հանդիսատեսին, այլև ցուցահանդեսներ կազմակերպել Հայաստանի այլ քաղաքներում և նույնիսկ արտերկրում:
Այսպիսին էր <<Real art>> խմբավորման թվով 3-րդ ցուցադրությունը, որը համընկավ նաև Գյումրու նախկին պատկերասրահի վերաբացման հետ: Այն, ճիշտ է, նախկինի նման ընդարձակ չէ, սակայն Գյումրին այսուհետ ունի արվեստի ևս մեկ օջախ: <<Հոգի և մարմին>> ցուցահանդեսը փայլուն սկիզբ ազդարարեց ցուցասրահի և արժանի ընթացք  <<Real art>> նախագծի համար:


Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ,
արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
լուսանկարները`Real art ֆեյսբուքյան էջի
https://www.facebook.com/pages/Real-art/489590474419578?hc_location=stream
աղբյուրը` http://hinunor.wordpress.com/