среда, 20 ноября 2013 г.

Կուկուլկանի տաճարը Չիչեն-Իցայում

X դարի կեսերին մայաների քաղաքակրթությունը հայտնվում է ճգնաժամային իրավիճակում: Ոսկեդարն արդեն անցել էր, մայաները հայտնվել էին անկման եզրին: Կենտրոնական Մեքսիկայի Տոլլան քաղաքի նախկին կառավարիչ Տոպիլցին Կեցալկոատլը, հաղթելով հակառակորդին, նոր տարածք է հիմնում, որի բնակիչներ է դարձնում տոլտե-կի ազգին: Այս ազգի օրոք ավերվում են խոշոր քաղաքներ Կոպանը, Ուշմալը, Պալենկան, Տիկալը և այլն: Շատ քաղաքների տեղում տարիների ընթացքում ջունգլիներ են հայտնվում, մարդիկ լքում են այս տարածքները, մի մասը գնում է Յուկատան, մյուսները ընդհանրապես հեռու, սակայն կյանքը դեռ շարունակվում էր, նոր ժամանակը կերտում էր նոր հուշարձաններ…

Յուկատան թերակղզու մայաների շրջանը համընկնում է X-XIII դարերի հետ և այն գրականության մեջ անվանում են <<մեքսիկական>>: Մշակութային և քաղաքական առաջնությունը այս ժամանակաշրջանում պատկանում էր Չիչեն-Իցա քաղաքին, որը երկար տարիներ եղել է տոլտեկների մայրաքաղաքը մայաների հողերում:

Չիչեն-Իցան գոյություն է ունեցել դեռևս VII դարից, սակայն  այն հայտնի է դարձել մեքսիկական դարաշրջանում և հենց այս ժամանակ էլ այս քաղաքում հայտնվել են այնպիսի ճարտարապետական կառույցներ,  որոնք քաղաքին բերել են համաշխարհային համբավ: Չիչեն-Իցայի գլխավոր տաճարը նվիրված է տոլտեկների մեկենաս Կուկուլկանին: Տաճարի կուռքը` օդի և քանում աստված Կուկուլկանի արձանը, այստեղ են բերել տոլտեկները: Այն կոչել են Կեցալ-կոատլ, որը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է Կ’ուկ’Ուլկան: Մայաների այս աստվածը արգելում էր իրեն մարդկային զոհեր մատուցել, նա ընդունում էր միայն ծաղիկներ և բուրավետ արմատներ: Ըստ լեգենդի` նա <<մորուսավոր սպիտակ աստված>> էր, նման էր եվրոպացու, այդ պատճառով էլ հնկացիները մեծ ուրախությամբ էին ընդունում իսպանացի կոնկիստադորներին, քանի որ նրանց համարում էին Կեցալկոատլի հետևորդները:
Կուկուլկանի տաճարը 20-մետրանոց, 9-հարկանի քառակուսի հատակագիծ ունեցող բուրգ է: Այն իր մոնումենտալությամբ և ներդաշնակությամբ իշխում է բոլորի վրա, դոմինանտում է հարակից տարածքի մյուս շինությունների նկատմամբ: Իսպանացիները Կուկուլկանի տաճարն անվանում են Էլ-Կաստիլիո` դղյակ: Տաճարը վեր է խոյանում 18 հա մակերես ունեցող հսկա վայրում: Նրանից աջ  գտնվում է Մարտիկների տաճարը, դեպի ձախ` Հովազների տաճարը: Կուկուլկանի 4 կողմերից դեպի վեր են բարձրանում մեծ աստիճաններ, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 կողմերը: Աստիճանները եզրավորված են քարե բարավորներով, որոնք պատկերում են  օձի տաբեր հատվածներ` գլուխ, մարմին և պոչ: Գարնանային և աշնանային  գիշերահավասարների օրը արևի ճառագայթներն այնպես են ընկնում աստիճանների վրա, որ թվում է, թե օձի մարմնի մասերը միանում են իրար, և կենդանին սկսում է սողալով դուրս գալ տաճարից:
Կուկուլկանի տաճարը սերտորեն կապված է աստղագիտության հետ: Նման կապ ունեն վաղ քաղաքակրթությունների գրեթե բոլոր կառույցները: Սա հիմնականում բխում է օրացույցի օրերից: Տաճարի յուրաքանչյուր կողմի սանդուղքն ունի 91 աստիճան, 4 կողմի աստիճանների գումարը կազմում է 364: Չորս սանդուղքները միացնող հիմքի հետ մեկտեղ ստացվում է 365` տարվա օրերին համապատասխան:
Բուրգի յուրաքանչյուր կողմն ունի 9 հարկ, որոնք սանդուղքով հատվելիս դառնում են 18: Սա համապատասխանում է մայաների օրացույցի ամիսների թվի հետ: Նրանք 12-ի փոխարեն ունեին 18 ամիս: Բուրգի 9 ատամնավոր ելունները խորհրդանշում են տոլտեկական  առասպելաբանության <<9 երկինքները>>, իսկ 52 քարե ռելիեֆները` մայաների օրացուցային մեկ ցիկլը:
Բուրգի վերին հատվածում փոքր չափերի 4 մուտք ունեցող տաճարն է, որտեղ արվում էին զոհաբերություններըն ու ծիսական արարողությունները: Սա իր ճարտարապետական ձևերով նման է մայաների դասական  շրջանի կառույցներին, սակայն տանիքը հարթ է, իր վերևում չունի դամբարանի նմանվող կառույց:  Այս զոհարանում նախկինում պահվել է Հովազի սուրբ գահը, քանի որ հովազը ևս մայաների սուրբ կենդանիների թվին է պատկանել: Այն ուներ իշխանության խորհուրդը: Գահն իրենից ներկայացնում էր կենդանու մեծ քանդակը, որն արված էր կարմիր, սև և կանաչ գույների մեջ: Հովազի մարմնի վրայի պուտերը եղել են 73 նեֆրիտի կտորներ: Սա հնագետները բացահայտել են բոլորովին վերջերս: Նախկինում այս գահի գոյության մասին ոչ ոք չի գիտեցել: Ուսումնասիրողները կարծում են, որ գահի առաջին տեը եղել է հենց Տոպիլ-ցին-Կեցալկոատլը:
Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն  պահում են կապիտելների հատվածում օձի գլուխների ոճավորումներով երկու քարե սյուներ: Քչերը գիտեն, որ Կուկալկանը բուրգ է բուրգի ներսում: Այո, իրականում բուրգի ներսում կա փոքր չափսերի ևս մեկ 9-հարկանի բուրգ:
Կուկուլկանի տաճարը հանդիսանում է տոլտեկական դարաշրջանի գլխավոր ճարտարապետական նմուշներից մեկը: Այն, ինչպես և Չիչեն-Իցայի շատ կառույցներ, իր մեջ ներառում է աստիճանավոր կամարներ, ինչը շատ բնորոշ է մայաների ճարտարապետությանը:

Դե եսիմ` Գ.Ն.