четверг, 7 ноября 2013 г.

Art-laboratory-ի արվեստը Երևանի փողոցներում



Արվեստը պետք է լինի ազատ, առանց սահմանների ու արգելքների, անընդհատ նոր միջավայր փնտրող: Համարձակ արվեստի արտահայտման նոր ձև են գտել Երևանում գործող Արտ-լաբորատորիա (Art laboratory-Artlab) հասարակական կազմակերպության անդամները: Նրանց ներկայացրած արվեստը երևանցիներին մասամբ արդեն ծանոթ է, սակայն շատերը չգիտեն, որ քաղաքի տարբեր անկյուններում հանդիպող գրաֆֆիթիներն ու նկարները պատկանում են հենց այս կազմակերպության ձեռագրին: Արտիստական այս խմբավորումն հիմնադրվել է 2007 թվականին արվեստագետներ Հովհաննես Մարգարյանի, Նարինե Զոլյանի, Արթուր Պետրոսյանի, Գարիկ Ենգիբարյանի, Արա Պետրոսյանի, Էդգար Ամրոյանի, Հովնան Քարտաշյանի, Հարություն Զուլումյանի, Կարեն Օհանյանի և Սամվել Վանոյանի կողմից:
Ըստ կազմակերպության կոնցեպցիայի` Արտ-լաբորատորիայի գործունեության նպատակն է շրջանցել քաղաքական և մշակութային ինստիտուցիոնալ համակարգերը, ուղղակի ազդեցողություն գործել հասարակական և քաղաքական իրադարձությունների վրա, օգտագործել արվեստի արտահայտչական ուժը` ներկայացնելու իր սեփական ուղերձը հանրությանը: Հովհաննես Մարգարյանի կարծիքով արվեստագետների կրավորական դիրքն էլ հենց հանդիսանում է այն չերևացող մեխանիզմներից մեկը, որը նպաստում, լեգիտիմացնում է ռաբիս, բռնատիրական հասարակարգերի կայացմանը:

Շուրջ վեց տարվա գործունեության ընթացքում Արտլաբի ցանկացած ցուցահանդես, նախագիծ կամ ակցիա ուղղված է եղել գործող իշխող դասակարգի դեմ՝ իբրև բողոք ու դիմադրություն: Կազմակերպության անդամներն ասում են, թե իրենց արվեստի նպատակն է ուղղակի ազդեցություն գործել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա և նրանք չեն կարող ստեղծագործել առանց շուրջը նայելու: Նրանք առանձնահատուկ ցանկանում են նշել ոչ միայն սթրիթ-արտի ժանրում իրականացրած գործունեությունը, այլև միջոցառումները, ցուցահանդեսներն ու բարեգործական ակցիաները: <<Դիմադրություն>> ցուցահանդեսը արծարծում է 2008 թվականին տեղի ունեցած քաղաքական և հետընտրական  իրադարձությունները: Այդ ցուցահանդեսը յուրահատուկ էր տեղի փնտրտուքով և մերժումներով: <<Այդ մերժումներն էլ մենք ներկայացրինք որպես արվեստի գործ` ի վերջո այն ցուցադրելով <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի գեղարվեստի դպրոցում>>,-նշեց Հ. Մարգարյանը:

<<Թումանյանական ընթերցումներ>> ցուցահանդեսը  իրականացվել է Հ. Թումանյանի տուն-թանգարանում: Այն  շոշափում է 2012 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքի թեման, որի խորհրդանիշն է բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով 5000 դրամանոցը:Այդ պատճառով էլ ցուցահանդեսի վայր է ընտրվել հենց բանաստեղծ Հ. Թումանյանի տուն-թանգարանը:

 
<<Մերկ կյանք>> ցուցահանդեսը, որի համար որպես հղացք օգտագործվել է հայտնի քաղաքական փիլիսոփա Ջորջիո Ագամբենի տեսությունը, արծարծում է 2012 թվականի հետընտրական ապատիան: Ցուցահանդեսը իրենից ներկայացնում է  մի ամբողջական ինստալացիա, որտեղ տեքստային և վիճակագրական տվյալներին հակադրված են քաղաքային լանդշաֆտի խաղաղ տեսարանները։ Ի հակադրություն այդ խաղաղ պատկերների՝ տեքստային մասը փաստագրման եղանակով ներկայացնում է արյունալի քաղաքական և քրեական հաշվեհարդարների ժամանակագրությունը, որոնք տեղի են ունեցել այդ վայրերում։
Այս ցուցահանդեսների շարքին զուգընթաց և դրանից հետո, հիմնականում նրանց աշխատանքները հանդես են գալիս սթրիթ-արտի ժանրում:
Սթրիթ-արտը արվեստի այն տեսակներից է, որը համարվում է ավելի շատ օրենքի խախտում, քան մշակույթ, հատկապես այն դեպքում, երբ թեման քաղաքական է: Խմբի անդամները պատմում են, որ որպեսզի աշխատանքի ընթացքում խնդիրներ չառաջանան, հաճախ աշխատանքների մեծ մասն արվում է  գիշերային ժամերին և գետնանցումներում


Քաղաքական թեմաներով արված գործերը հաճախ ջնջվում են՝ «չհասցնելով ադապտացվել միջավայրին»:
Սթրիթ-արթի թեմաները տարբեր են, բովանդակությունը, գրաված տարածքն ու չափերը ևս: Անդրադառնանք Արտլաբի փողոցային արվեստ հանդիսացող քաղաքական ենթատեքստով արված մի քանի աշխատանքների.
Արտլաբի արվեստում իրենց արձագանքն են գտել մարտի 1-ի իրադարձությունները: Հասարակական կազմակերպությանը հուզել էր ոստիկանության վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ: Բռնությունները չէին կարող անարձագանք մնալ քաղաքական իրադարձություններին արձագանքող կազմակերպության մոտ: Այդ օրերին փողոցների, գետնանցումների պատերին հայտնվեցին քաղբանտարկյալների նկարներ: Խմբի անդամները հաճախ նշում են, որ քաղաքական կոնտեքստով արված գործերը կարծես ընդլայնում են արվեստի սահմանները` ի հաշիվ քաղաքականության: Եվ իրոք, դժվար կլիներ հանրությանը քաղաքական իրադարձություններին տեղյակ պահել կտավի վրա նկարելով և ներկայացնելով այն թանգարանային կամ պատկերասրահային տարածքում: Այս դեպքում գործը արվեստանոցի պատերից դուրս չէր գա, այն որոշակի քանակությամբ մարդիկ կտեսնեին, բայց ոչ քաղաքի բնակչությունը: Այս կերպ Արտլաբը ազդարարում է իր բողոքը` հասցնելով այն հասարակության տարբեր շերտերին: Հանրային տարածքը հայտնվում է հսկողության տակ, նկարները ջնջվում են: Ձեռնարկվում է «Նշանագրություն» նախագիծը` նպատակ ունենալով ապացուցել որ, այնուամենայնիվ Արտլաբի անդամները, ովքեր հանդես են գալիս հասարակության անունից, չեն լռելու….

Արտլաբի նախագծերից է նաև «Այստեղ եղել է…» (Here was…) նկարների շարքը: Ըստ Արթուր Պետրոսյանի՝ սա մի միջոց էր, որով պետք էր հիշեցնել կառավարությանը այն մասին, որ ինչքան էլ իրենց արածը ջնջվի, կարող են կրկին նկարել: Երևանի տարբեր մասերում աստիճանաբար հայտնվեցին այն արձանները, նկարները կամ գրաֆֆիթիները, որոնք տեղահանվել ու ջնջվել էին: Եղավ մի ժամանակ (թեև հիմա ևս ապրում ենք այդ ժամանակներում), երբ իրար հետևից հայկական բանակի մի քանի զինվորներ ինքնասպանություն գործեցին: Արտլաբի մոտ ինքնասպանությունների այս պրոգրեսիվ շարքը ևս անարձագանք չմնաց: Քաղաքում հայտնվեց «Ինքնասպանություն գործած զինվորի նկարը»…

Աշխատանքների «վերականգնումը» վերաբերում էր ոչ միայն Արտլաբի այն գործերին, որոնք ջնջել կամ պատռել են, այլև հուշակոթողներին, որոնց փոխարեն այժմ ռեստորաններ կամ խանութներ են: Այսպիսին էր աշխատավորի արձանը բանվորական թաղամասում: Ճիշտ է, քանդակն այժմ նկարված է պատին, բայց կարևորը իր մասին հանրությանը հիշեցնում է:
2011 թ. ապրիլի 26-30 «City in use» (համադրող` Եվա Խաչատրյան) նախագծի շրջանակներում քաղաքի պատերին հայտնվեցին «Բորենիները», Էզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմից պատկերված ,աստիճանների վրա մարդկանց գնդակահարության հատվածը, «Art in Hood» և այլ վերնագրերով գրաֆֆիթիներ: Սա մի նախագիծ էր, որի հիմնական նպատակն էր քաղաքը դարձնել արվեստի համար պիտանի: Այն նաև ժամանակակից արվեստի համար նոր, ավելի մատչելի ցուցադրության վայր ստեղծելու հնարավորություն էր:

Գուցե ոչ քաղաքական ենթատեքստով, բայց հետաքրքիր է նաև «Էշելոն» շարքը: Վերցված են մի քանի ժողովրդական ասացվածքներ ու ժամանակակից արտահայտություններ և դրանք կիրառելի դարձրել էշի միջոցով: <<Էշ մի սատկի, գարուն կգա>>, <<Բոշեն փաշա չի դառնա>> ու շատ այլ բովանդակությամբ նկարներ հայտնվել էին Երևանի տարբեր փողոցների պատերին:
Արտ-լաբորատորիայի արվեստին միայն Հայաստանում չէ, որ կարող ենք հանդիպել: 2011 թ. Գերմանիայի Կեմնից և Չեխիայի Պրահա քաղաքների պատերին ու խանութների ցուցափեղկերին ևս կան Արտլաբի նկարները: Եվրոպայում ներկայացված աշխատանքները հիմնականում ուղղված են տվյալ երկրի կառավարությանը կամ քաղաքացիներին: Մի խոսքով, խումբը չի դավաճանում իր սկզբունքներին՝ ծառայելով հասարակությանը որպես տեղեկատվական նյութ ու ինֆորմացիա մատուցող: Այս տարվա մայիս ամսին խումբն իր գործունեությունը ծավալեց նաև Անգլիայի Նորթհեմփթոն քաղաքում 
Հասարակության տարբեր խավերի շրջանակներում Արտ-լաբորատորիայի քաղաքական արվեստը առաջացրեց նաև բացասական կարծիքներ: Շատերն ընկալեցին այն որպես քաղաքական իրավիճակի էլ ավելի սրում, ինչը բնական կարելի է համարել շարունակ համակերպվող ու ենթարկվող ժողովրդի համար: Չէ՞ որ ավելի հեշտ է ապրել այնպես, ինչպես երկար տարիներ ապրել ես, քան բողոքել իշխանության ու առհասարակ իշխող ֆինանսա-օլիգարխիկ դասակարգի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ և ամենուր տեսնել <<դիմադրող արվեստի>> նմուշներ….

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, 
արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
լուսանկարները` Art-laboratory Ֆեյսբուքյան էջի
https://www.facebook.com/pages/Art-Laboratory/102481589873632