среда, 30 октября 2013 г.

Մարկես...Այժմ ես ավելի շատ եմ շտապում

Այժմ ես ավելի շատ եմ շտապում: Առաջներում ես, ըստ սովորության, ասում էի. «Այդ կարող եմ անել 20 կամ 30 տարի հետո», սակայն այժմ գիտեմ, որ ես չունեմ այդ 30 տարվա պաշարը: Թեպետ աշխատում եմ հաղթահարել դա, երբ նստում եմ գրասեղանի առջև: Ոչ մի բան ինձ չի կարող ստիպել հրաժարվել նրանից, ինչ ես անում եմ: Ես գրում եմ, և դրանում իմ ամբողջ կյանքն է:
… Ես ունեցել եմ անսովոր մանկություն: Ես մեծացել եմ սնահավատ մարդկանց միջավայրում, որոնք օժտված էին հարուստ երևակայությամբ: Նրանք ապրում էին պատրանքների մշուշոտ աշխարհում: Իմ տատիկը, օրինակ, միանգամայն բնականորեն գիշերները ինձ պատմում էր այնպիսի հեքիաթներ, որոնցից մազերս բիզ-բիզ էին կանգնում: Իմ պապը մի վիթխարի ծերուկ էր, որն ասես սավառնում էր ժամանակի մեջ, և ես նրան շատ էի սիրում: Ութ տարեկան էի, երբ նա մեռավ: Ես շատ ծանր ապրեցի նրա մահը: Նա պատմում էր ինձ իր կյանքի և այն ամենի մասին, ինչ կատարվում էր մեր գյուղում ու գավառում` սկսած անհիշելի ժամանակներից: Նա մանրամասն պատմում էր նաև իր մասնակցած պատերազմների և ուրիշ իրադարձությունների մասին, որոնք խորը հետք էին թողել Կոլումբիայի կյանքում:
Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին: