четверг, 3 октября 2013 г.

Հարցազրույց Արաքս Մարգարյանի հետ.արվեստաբանության դերը Գյումրիում

<<Արվեստաբանություն>> կամ <<արվեստաբան>> եզրույթները վերջերս շատ են շահարկվում Գյումրիում: Բավականին բարդ և հետաքրքիր այս մասնագիտության մասին սակայն քչերը գիտեն: Քաղաքն ինֆորմացվելու կարիք ունի:          Անդրադարձը վերաբերում է արվեստաբանությանն ու դրա խնդիրներին Գյումրիում: Շատերին հետաքրքրող հարցերին պատասխանում է արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հումանիտար ամբիոնի վարիչ, հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոս Արաքս Մարգարյանը:

Image-Տիկին Մարգարյան, ինչպիսի՞ պատմություն ունի արվեստաբանությունը Գյումրիում:
-Արվեստաբանությունը նոր ոլորտ է Գյումրիում, այն չունի խոր արմատներ: Երբ 1997թ. հիմնադրվեց Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, արվեստաբանության բաժին չկար, սակայն տարիների փորձն ու գիտելիքներն օրվա հրամայական դարձրեցին բաժնի ստեղծումը: Երևանի Գեղարվեստի ակադեմիան մեզ առաջարկեց Գյումրու մասնաճյուղում ևս ստեղծել արվեստաբանության բաժին: Ինչ խոսք, սկզբից բավականին դժվար էր, Գյումրին չուներ համապատասխան մասնագետներ: Որոշ դասընթացներ կազմակերպելու համար ուսանողներին տանում էինք Երևան, կամ էլ երևանյան դասախոսներին հրավիրում Գյումրի: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց, բաժինն համալրվեց դասախոսներով, ստեղծվեցին արվեստաբանական կայքեր, դասախոսներն ու ուսանողները ակտիվորեն մասնակցում են գիտաժողովների, տարբեր քաղաքային միջոցառումների:  Արվեստաբանության դպրոցը Գյումրիում արդեն կարելի է կայացած համարել, այն ունի ավանդույթներ, սակայն դեռ չափազանց շատ են  անելիքները:

-Իսկ արդյո՞ք պահանջարկ ունեցող մասնագիտություն է սա մեր քաղաքում:
-Շահութաբերության տեսանկյունից` ոչ, անհրաժեշտության տեսանկյունից` այո: Եթե այսօր կան գյումրեցի արվեստագետներ, ապա անհրաժեշտ են նաև արվեստաբաններ, որոնք ներկայացնելու ու բացահայտելու են իրենց ժամանակակից արվեստագետներին: Գյումրուն անհրաժեշտ են գրագետ կազմակերպված ցուցահանդեսներ ու դրանք ճիշտ ներկայացնող արվեստաբաններ: Իմ ընկալմամբ` արվեստաբանը յուրօրինակ միջնորդ է արվեստագետի և հասարակության միջև: Այս մասնագիտությունը մեծ հեռանկարներ կունենա, երբ Գյումրիում գործեն պատկերասրահ, ցուցասրահ, թանգարաններ: Ի վերջո, արվեստաբանը կերտում է  ճաշակ, ձևավորում որոշակի արժեքային համակարգ, դաստիարակում սերունդ:

-Որպես արվեստաբան ի՞նչ կարծիք ունեք Գյումրիի մշակութային կառույցների, ինչու չէ, նաև քանդակների վերաբերյալ: Ինչքանով են դրանք ֆունկցիոնալ և էսթետիկ:
-Գյումրին հետաքրքիր քաղաք է. հակասական և կոլորիտային: Այստեղ նկատվում է  տարբեր ճարտարապետական շերտերի խաչաձևում, համադրում: Քաղաքի յուրաքանչյուր հատվածն ունի իրեն բնորոշ դիմագիծն ու նկարագիրը: Մինչ օրս նկատվում է նաև երկրաշարժի գործոնը, որն ասես կոպիտ սպիի նման  դաջվել  է քաղաքի դիմագծին: Իհարկե, վերջին շրջանում շատ բան է արվել քաղաքի վերականգնման համար, սակայն քաղաքը կառուցապատվում է տարերայնորեն: Բազմաթիվ  խանութներն ու ինքնաբուխ կառուցված առանձնատները խաթարում են քաղաքի ընդհանուր տեսքը: Հիմնական խնդիրը կայանում է տարածքը ոչ իբրև համալիր դիտարկելու մեջ. քանդակները տարածքի հետ ներդաշնակ չեն: Ինձ համար առավել արժեքավոր է հին Գյումրու` Ալեքսանդրապոլի ճարտարապետական հատվածը: Սակայն ցավալին այն է, որ այժմ կառուցում են այնպիսի շինություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում քաղաքի ընդհանուր նկարագրին: Կատարվող աշխատանքների մեջ էլ կա անփութություն և շտապողականություն.

-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ապամոնտաժելու կամ փոփոխելու արդեն տեղադրված քանդակները, ինչի՞ց եք սկսելու:
- Ինձ համար սա ևս ցավոտ հարցերից է, քանզի շատ հուշարձաններ իմ կարծիքով  տեղահանելու և տեղափոխելու կարիք ունեն: Քանդակները ևս շատ են, բայց դրանցից քչերն են ստացված: Տարածքը և հուշարձանը պետք է իրար հետ համահունչ լինեն: Ճարտարապետության ու քանդակի հարմոնիկ ներդաշնակության օրինակ է Արա Սարգսյանի <<Մայր Հայաստան>> հուշակոթողը: Վերջին շրջանում կանգնեցված շատ հուշարձաններ <<խանգարում>> են միմյանց: Օրինակ` թատրոնի դիմաց կանգնեցված Ավ. Իսահակյանի/ հեղ`Ն. Նիկողոսյանը/ չափազանց մոնումենտալ էր դիտվում շրջապատի հետ: Սակայն նրա հարևանությամբ տեղադրվեցին նաև Մ. Մկրտչյանի ու Հովհ. Շիրազի /հեղ`Արա Շիրազ/ քանդակները և տարածքը փոքրացավ, Իսահակյանի արձանը ևս կորցրեց ընդհանուր տարածքի հետ ունեցած ներդաշնակությունը, խախտվեց <<համալիր>> հասկացողությունը: Կան թույլ հուշարձաններ, որոնք պատիվ չեն բերում քաղաքին:  Իրենց պարզունակ կառուցվածքով շատ քանդակներ խեղճացնում են գաղափարը, մինչդեռ քանդակը պետք է ծառայի գաղափարին, ոչ թե հակառակը: Քանդակները տեղադրված են  միայն քաղաքի կենտրոնական մասում: Ինչու՞ քանդակներ չեն կանգնեցնում օրինակ 58 թաղամասում: Քաղաքի  պուրակները զուրկ են քանդակներից: Այս վայրերը ևս պետք է զարդարել արվեստով: Երեխաները փոքր հասակից պետք է տեսնեն ու գնահատեն գեղեցիկը…

Ժամանակակից արվեստի վերաբերյալ ևս արվեստաբանն ունի իր կարծիքը: Ըստ նրա, յուրաքանչյուր արվեստ արտահայտում է իր ժամանակի գաղափարները, արժեքային համակարգը, շունչն ու  էությունը: Եթե համեմատական անցկացնենք ավանդական և կոնցեպտուալ արվեստների միջև, ապա արվեստաբանի դիրքորոշումը հստակ է. <<Ամեն մեկն իր ձևի մեջ, իր բովանդակությամբ է պետք դիտել: Այլ հարց է, որ այսօր կոնցեպտուալ արվեստով փորձում են փոխարինել դասական նկարչությունը: Վիդեո-արտը, լուսանկարչությունը, կոնցեպտուալ արվեստը դուրս են մղում ավանդական նկարչությունը, որը բնականաբար ավելի դժվար է կատարողական առումով և հետևորդները գնալով պակասում են: Մինչդեռ մենք Գյումրիում ավանդական արվեստի հին ավանդույթներ, ձևավորված նկարչական դպրոց ունենք: Իմ հիմնադրած երիտասարդ արվեստագետներից բաղկացած <<Real art>> նախագիծը, կոչված է այս ավանդույթները պահպանելու և զարգացնելու: Սակայն, միանշանակ, ժամանակակից արվեստը քաղաքին  անրաժեշտ է: Լավ կլիներ, որ Գյումրին ունենար 2 պատկերասրահներ` ավանդական և ժամանակակից արվեստների: Ես տեսնում եմ այս ուղղությունները զուգահեռ գոյակցության մեջ>>:

-Ինչի՞ կարիք ունի այսօր Գյումրիի մշակութային կյանքը:
-Գյումրիում արվեստ կա, բայց արվեստի քաղաքականություն չկա, արվեստը ճիշտ մատուցելու կուլտուրա չկա: Չկան արվեստի կարևոր ինստիտուցիաներ` պատկերասրահներ, ֆիլհարմոնիա, թանգարաններ: Նկարչական դպրոցը, ուսումնարանն ու ակադեմիան գործում են իրարից անկախ, դասավանդման համակցված ծրագիր չկա: “Дом русской книги” և Gallery 25-ում երբեմն անցկացվում են արվեստաբանական դասախոսություններ, սակայն սա մասնակի է, մինչդեռ գյումրեցիները արվեստի, հոգևոր սննդի կարիք  ունեն:

Քաղաքի մշակութային կյանքի հետ կապված գյումրեցի արվեստաբանը շատ ցանկություններ ունի. <<Մեծ ձեռքբերում կլիներ այն, որ արվեստի պատմությունը դասավանդվեր դպրոցներում: Սա մատաղ սերնդին կդարձներ ավելի բանիմաց, կձևավորեր ճաշակ, և ինչու չէ, կդարձներ ավելի բարի: Կուզենայի, որ շատ մշակութային հաղորդումներ լինեին, ու դրանք վարեին ոչ թե լրագրողներ, այլ արվեստաբանները, ովքեր ավելի պատրաստված են և գիտելիքները պրակտիկ ասպարեզում կիրառելու կարիք ունեն: Քաղաքին արվեստի կենտրոններ են հարկավոր, որտեղ մարդիկ սիստեմատիկ կերպով կկարողնան արվեստի մասին ինֆորմացիա ստանալ: Լավ կլիներ, որ ցուցադրեն դասական ֆիլմեր` Տարկովսկի, Փարաջանով, Փելեշյանի: Սա է պետք Գյումրիին…>>:
Արվեստաբանը ցանկանում է, որ քաղաքի ղեկավարությունը մշակութային շինություններ կառուցելիս հաշվի առնի արվեստագետի և արվեստաբանի կարծիքները: Եթե միշտ այսպես լիներ, քաղաքի ընդհանուր արտաքինը այլ տեսք կունենար…

Արաքս Մարգարյանը, որպես արվեստաբան, ակտիվ գործունեություն է ծավալում Գյումրիում: Նա <<Real art>> նկարչական խմբավորման հիմնադիր-համադրողն է,  լույս է ընծայել <<Հայ արվեստի պատմություն>> վերնագրով ձեռնարկը: Արվեստաբանի նպատակն է արվեստի պատմությունը դարձնել ընկալելի ու հանրամատչելի:

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
աղբյուրը` http://hinunor.wordpress.com/