воскресенье, 20 октября 2013 г.

Ի՞նչ քանդակներ տվեց սիմպոզիումը Գյումրիին



Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումը մոտեցավ իր եզրագծին: Շուրջ մեկ ամիս հայ և օտարազգի քանդակագործներ Գյումրու Խաղաղության օղակում աշխատում էին իրենց քանդակների վրա: Սիմպոզիումի նպատակը Գյումրիում քանդակի բացօթյա թանգարան ստեղծելն էր, ինչը արդյունքում ստացվեց: <<Սիմպոզիումը որպես իրադարձություն արդեն կայացած ու պատմության մեջ ամրագրված փաստ է: Մենք մեր քաղաքին ցանկանում էինք պարգևել տևական տոն: Գյումրին կարողացավ հաղթահարել ու ևս մեկ անգամ զարմացնել իր արվեստագետներով և արվեստասեր պարզ քաղաքացիներով>>,-ասում է նախագծի կազմակերպիչ և պատասխանատու, ՄԷԿ կազմակերպության տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը: Հաղթանակի զբոսայգում կտեղադրվեն 10 իրարից տարբեր, բայց և միանման քանդակներ, քանի որ բոլորն էլ ստեղծված են մեկ ընդհանուր խորագրի տակ` <<Կենարար աղբյուր>>…Սակայն սա բնականաբար չի խանգարում յուրքանաչյուր աշխատանքի անհատական ընկալմանը: Ցանկացած քանդակագործ ունի իր ձեռագիրը, քարի հետ աշխատելու վարպետությունն ու ինքնատիպ մտածելակերպը: Միջազգային սիմպոզիումի մասին շատ հոդվածներ գրվեցին, մամուլում և համացանցում նախագիծն ակտիվ լուսաբանվեց, խոսվեց նրա նպատակի, միջոցների, մասնակիցների մասին, ուստի այժմ հարկ է անդրադառնալ սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակներին:
Բոլորն են տեսել Հայկ Նահապետի քանդակը Երևանում /քանդակագործ` Կառլեն Նուրիջանյան, քանդակի վերատպությունը տպագրված է նույնիսկ դպրոցական դասագրքերում/: Սիմպոզիումի գյումրեցի մասնակից Տիգրան Հովհաննիսյանի <<Նետաձիգ>> քանդակը առաջին հայացքից ինձ մոտ ասոցացվեց նահապետի կերպարի հետ: Թե՛ քանդակի ընդհանուր կոմպոզիցիան, թե՛ գաղափարը ասես ամբողջանում են աղեղի առաձգականությամբ: Ըստ քանդակագործի` սա է կենարար աղբյուրը, հայության սկիզբը:

Տիգրան Հովհաննիսյան-Նետաձիգ
Հին հայկական ծիսակատարություններից, տարբեր խորհուրդներից և վերջապես մայրության սիմվոլից է գալիս Սպարտակ Հարությունյանի <<Մայրություն>>  քանդակը /ի դեպ, այս քանդակը սիրվեց բոլորի կողմից/: Կոմպոզիցիան կազմակերպված է այնպես, որ քանդակն ընկալվում է կլոր, դիտվում է բոլոր կողմերից: Քանդակի երկու անցքերը գյումրեցիները նմանեցնում են հին ժամանակներից եկած մեգալիթյան կառույցների, ֆետիշների հետ /Քարահունջ, Ծակ քար/: Սակայն ստեղծագործության վերնագիրն ինքնին հղում է  մայրությանը` մեկնելով նաև քանդակի իմաստը:

Սպարտակ Հարությունյան-Մայրություն

 <<Մայրություն>> է կոչվում նաև Արցախից եկած քանդակագործ Ալբերտ Սարգսյանի քանդակը: Նմանատիպ բովանդակություն ունի Ուկրաինան ներկայացնող արվեստագետ Նորայր Քեսայանի <<Մայր հող>> կոմպոզիցիան ևս, որը, իմ կարծիքով, ավելի ամբողջական կլիներ նռան բացակայության դեպքում:

Ալբերտ Սարգսյան-Մայրություն
Կամո Սարիկյանի <<Հայոց կենարար աղբյուրը>> քանդակը խորհրդանշում է կենաց ծառը: Իր կոմպոզիցիայով այն բաժանվում է երկու մասի: Ներքևի հատվածում կնոջ, տղամարդու և երեխաների ֆիգուրներ են, որոնք քանդակված են հետևի ռակուրսից: Ֆիգուրների հատվածը դիտվում է որպես բառելիեֆ և օղակում, գրկում է քանդակն իր ամբողջ լայնքով: Վերևի մասում նռի, խաղողի, տերևների ոճավորումներ են: Կոմպոզիցիան ավարտվում է խաչաձև երկու քառակուսիներով: Վերջին դետալը ամբողջացնում է քանդակը` հիմնական ուշադրությունը և՛ կենտրոնացնելով իր վրա, և՛ վանելով իրենից:
Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպիի <<Հրեշտակները>> քանդակն իր չափերի շնորհիվ աչքի է ընկնում նույնիսկ հեռվից: Գրեթե անմշակ թողնելով քարի մի հատվածը` քանդակագործն այնուամենայնիվ հասել է մեծ արտահայտչականության:  Քանդակի կոմպոզիցիան կառուցված է այնպես, որ ներքի հատվածը դատարկ է, վերևում տարբեր կաողմերի վրա քանդակված են երեք հրեշտակներ: Նման դասավորվածությունը ստիպում է դիտողին քանդակը նայել ներքևից վերև, իսկ հրեշտակների աբստրակտ ֆորմաները քանդակը դարձնում են մյուսներից տարբերվող:

Մասսիմո Լիպի-Հրեշտակներ
Քանդակագործ Լևոն Աղանյանը <<Կենարար աղբյուրին>> ներկայացնում է <<Վերածնունդ>> քանդակը, որը Հայաստանի պատմությունն է, անցյալն ու ներկան: Կոմպոզիցիան բաժանված է երկու մասի, որոնցից մեկը, քանդակագործի խոսքերով, Հայաստանն է, մյուսը` Արցախը: Կամուրջով երկու հատվածները միանում են իրար: Ինչպես Լևոն Աղանյանն է ասում, <<սա մենք ենք>>:
Լևոն Աղանյան-Վերածնունդ
 Հետաքրքիր է նաև Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ վրացի արվեստագետ Արչիլ Դիդիշվիլու <<Նախնիներ>> բոլորաքանդակը: Սա կյանքի մի յուրօրինակ պատմություն է, որը և՛ միայն Արչիլինն է, և՛ բոլորինը, քանի որ թեման վերաբերում է նախնիներին: Կոմպոզիցիայի առաջին մասում նախնադարյան քանդակների կանանց ֆիգուրները կնոջ քանդակ է, Վիլլենդորֆյան Վեներայի նման կանանց` սերունդ տալու ունակությունը ընդգծող: Քանդակի հետևի մասում ուղղահայաց գրված են քանդակագործի պապերի անունները, մյուս կողմում երկու տղամարդու ֆիգուրներ են: Սերունդների շարունակականությունը գալիս է կնոջից, ուստի քանդակում կնոջ ֆիգուրը դոմինանտ դիրք է զբաղեցնում:
Արչիլ Դիդիշվիլի- Նախնիներ
 Գյումրեցի վարպետ Զավեն Կոշտոյանը ևս մասնակցում է սիմպոզիումին: Նա ներկայացնում է <<Գյումրի>> քանդակը, սրի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև իր զարմի շարունակողը` Արտուշ Կոշտոյանը: Կոմպոզիցիայի կենտրոնում կնոջ դեմք է, որի շուրջ քաղաքն է`եկեղեցիներով, կառույցներով: Սա Գյումրիի պատմությունն է, մի յուրօրինակ համայնապատկեր…

Զավեն և Արտուշ Կոշտոյաններ-Գյումրի
Մի հսկայական քարաբեկորից սֆինքս-մարդառյուծ է կերտել Էմին Պետրոսյանը: Տարբեր ազգություններ ունեն իրենց սֆինքսները, սրանք գալիս են Եգիպտոսից, Ասորեստանից, Պարսկաստանից: Իր ոճավորումներով այս աշխատանքը նման է ասորական շեդուներին, նույնիսկ էրեբունու արալեզին: Այն հիշեցնում է <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի ճակտոնային մասի ձևավորումը: Սակայն կարծես ինչ-որ բան խանգարում է քանդակի ամբողջական լինելուն: Վերևի հատվածը չափազանց հարթային է, ստեղծագործությունն ինքնին ասես պատվանդան լինի: 

Էմին Պետրոսյան-Սֆինքս
Կցանկանայի նշել նաև սուբյեկտիվ կարծիքս այն մասին, որ եթե տվյալ 10 քանդակները տեղադրվելու են մի զբոսայգում, ապա հարկավոր էր մեկը մյուսից ստեղծել տարբեր, քանդակել այլ բովանդակությամբ: Մինչդեռ բոլոր աշխատանքները կերտված են <<Կենարար աղբյուր>> թեմայով: Սիմպոզիումի մասնակիցների համար կենարար աղբյուր է հանդիսանում կամ մայրն ու հայրենիքը, կամ պատմությունը, ուստի ստեղծագործությունները,  եթե կոմոպոզիցիայով տարբերվում են, ապա գաղափարով իրար շատ մոտ են: Մի տարածքում բովանդակությամբ այսքան նման քանդակներ տեղադրելը, ըստ իս, այնքան էլ նպատակահարմար չէ…
Այսպիսին են միջազգային սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակները` միմյանցից տարբերվող, բայց և միանման, քանի որ հղում են մի ընդհանուր խորագրի, այն է` «Կենարար աղբյուր»…

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
Լուսանկարները` Քանդակագործության միջազգային սիմպոզիումի ֆեյսբուքյան էջի