вторник, 15 октября 2013 г.

Քանդակագործ Սպարտակ Հարությունյան



"Յուրաքանչյուր արվեստագետ իր ստեղծագործություններով ցանկանում է հետք թողնել, փոխանցել աշխարհին իր մտքերը, աշխարհայացքը: Իմ բոլոր աշխատանքներն իրենց մեջ սեր են պարունակում, սեր կնոջ և տղամարդու միջև, սեր երեխաների, ծնողների, բնության, հայրենիքի և վերջապես գույների նկատմամբ",-ասում է քանդակագործության միջազգային սիմպոզիումի մասնակից Սպարտակ Հարությունյանը:


 Այս քանդայկագործի աշխատանքներում կա անավարտություն, որը հնարավորություն է տալիս դիտողին շարունակել միտքը, մտնել քանդակի մեջ և չհեռանալ...
Սպարտակ Հարությունյանը ծնվել է 1956թ.ի ապրիլի 1-ին՝ Ղափանի շրջանի Եղվարդ գյուղում: Սովորել է նկարչական դպրոցում՝ Մարատ Նուրինջանյանի արվեստանոցում, ում համարել է իր մեջ արվեստ սերմանողը: Այնուհետև սովորել է Ղափանի Ճարտարապետական ուսումնարանում: 1980թ.ից իր գործունեությունն է ծավալել Մինսկում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելառուսում, Հայաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Մասնակցել է Մինսկի Բիենալեին և այլ տարբեր միջոցառումների: Սպարտակ Հարությունյանը շատ նկարներ և քանդակներ է նվիրել Լեռնային Ղարաբաղի ազգային ցուցասրահին և ազգային գրադարանին: Իր աշխատանքներին նաև կարող ենք հանդիպել Բելառուսում, Ռւսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլ երկրներում


 Քանդակագործի առաջին աշխատանքը <<Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես>> թեմայով քանդակն է: Արվեստագետը պատմում է, որ դեռ մանկուց սիրել է քարերից եղնիկներ քանդակել, պատերը զարդանախշել: Կարծում է, որ դա նախնիներից է ժառանգել, քանի որ պապն էլ է քանդակագործ եղել: Նախնական արվեստի գործերի համար որպես տարածք են հանդիսացել քանդակագործի տան և հարակից շինությունների պատերը: Չնայած հարևանների բողոքներին՝ նա չի դադարել զարմացնել իր տաղանդով: Այժմ նա մեկն է այն տաղանդավոր արվեստագետներից, ովքեր մասնակցում են քանդակագործության Գյումրու միջազգային սիմպոզիումին: Նա կենարար աղբյուր է համարում մայրերին, արևը: Այսպես նրա քանդակի թեման մայրությունն է կամ “ Oh,sole mia” (իտալ. օհ, իմ արև):  

Այն հարցին, թե ինչ տեսք է ունենալու քանդակը կամ ինչ ոճով է արված, արվեստագետը պատասխանեց, թե ամեն ինչ կտեսնենք ինքներս` քանդակը ավարտելուն պես: Միայն հայտնեց, որ ստեղծագործությունն ավարտուն տեսք կունենա հոկտեմբերի 19-ին

Սյուզաննա Գինոսյան
 ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 1-ին կուրս