четверг, 17 октября 2013 г.

Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի 15-ամյակին նվիրված ցուցահանդես




Այս տարի լրացավ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը: Իր գործունեության ընթացքում ակադեմիան ծավալել է ակտիվ գործունեություն` շարունակաբար քաղաքին ու հանրապետությանը տալով ձևավորված արվեստագետներ: Ակադեմիայում դասավանդող դասախոսներն ապրում են ակտիվ ստեղծագործական կյանքով, ինչը ուսանողների համար ևս հանդիսանում է օրինակ:
Հոբելյանական տարեդարձին նվիրված` հոկտեմբերի 14-ին Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարանում տեղի ունեցավ ակադեմիայի դասախոսական կազմի համատեղ ցուցադրություն, որի գաղափարը ակադեմիայի գոյության ընթացքում ծնված արվեստի գործերը հասարակությանը ցուցադրելն է:

Թանգարանի երեք ցուցասրահներում կողք կողքի ներկայացված  էին գյումրեցի ավագ և երիտասարդ սերունդների արվեստագետների աշխատանքները: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել ինչպես գրաֆիկներ և գեղանկարիչներ, այնպես էլ քանդակագործներ, մոդելավորողներ և ոսկերիչ-մետաղագործներ: Ցուցահանդեսի գաղափարը մի հարկի տակ էր հավաքել տարբեր ժանրերի և ոճերի, արվեստի տարբեր ճյուղերին պատկանող գործեր: 
Գևորգ Սարգսյանի /Ճալա/ հազար ու մի ասոցիացիաներ առաջացնող տարեգրությունները, Գարիկ Մանուկյանի ինքնատիպ Գյումրին, Համբարձում և Վահագն Ղուկասյանների վառ գույները, Կարեն Ալեքյանի <<Արտացոլվող օպտիմիզմը>>, Զավեն Կոշտոյանի Ավետիք Իսահակյանի քանդակը, Մարգարիտա Աթոյանի դեկորատիվ ափսեները,  Տաթև Հարթենյանի աբստրակտ ոճավորումները, Համբարձում Բեգոյանի միանգամից աչքի ընկնող մեծ սիրամարգը /որը, ի դեպ, սիրվեց շատերի կողմից/ և այլն, և այլն……սա է Գյումրի քաղաքի ներկայիս արվեստի կորիզը, ակադեմիայի երկար տարիների ձեռքբերումների հանրագումարը…
 


                                                                                                                          Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս
Լուսանկարները` Աշխարհով մեկ ֆեյսբուքյան էջի