воскресенье, 8 сентября 2013 г.

Արա Գեղեցիկ և Շամիրամ


Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ վավաշոտ և այրասեր Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։

Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե1, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը։
Վարդգես Սուրենյանց-Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ
Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է պատգամագնացությունը, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու, իր մոլեգին ցանկությունը կատարել տալու և տռփանքը հագեցնելու։

Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։

Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել տիկին Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.

— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։

Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամր վերակենդանացնել Արային։ Բայց երբ դիակն սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հոմանիներից մեկին պաճուճապատում է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը։

Արայի դին Շամիրամի արքայի վերնատանը...ըստ Հայկական հանրագիտարանի
 Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։

Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։

Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։

Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։

Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։

Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի1 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։

Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։

Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։

Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։