понедельник, 23 сентября 2013 г.

Հունահռոմեական փիլիսոփայություն

Նյութի առաջին մասում տվեցինք հունական և հռոմեական փիլիսոփայության ընդհանուր բնութագիրը, խոսվեց դրանց առանձնահատկությունների մասին: Ներկայացվեց հունահռոմեական փիլիսոփայական մտքի 4 դպրոցներից միայն առաջինը` վաղ դասական շրջանը, որը մարմնավորված է բնափիլիսոփայության մեջ: Այժմ ձեզ ենք ներկայացնում մյուս շրջաններն` իրենց մտածողների, գրողների և փիլիսոփաների մտքերի հակիրճ նկարգրմամբ:
Էլեական դպրոց: Ներկայացուցիչներն են` Քսենոփանեսը, Պարմենիդեսը, Զենոնը: Նրանք քննադատեցին Հերակլիտեսի ուսմունքը գոյի փոփոխականության մասին և ուշադրությունն ուղղեցին առարկաների կայունության, անփոփոխության վրա: Եթե Հերակլիտեսը պնդում էր, որ ամեն ինչ փոփոխվում է, ապա Պարմենիդեսը ճիշտ հակառակը` որ ոչինչ չի փոխվում: «Ոչինչը չի կարող դառնալ ինչ-որ բան, իսկ այդ բանը չի կարող վերածվել ոչնչի»:
Հերակլիտես
Քսենոփանես /565-473/-պոետ, երկիծաբան, ծաղրանկարիչ/: Իր ուսմունքը ներկայացրել է  չափածո:  Եղել է շատ աղքատ, ճանապարհորդում էր որպես գուսան /ռապսոդ/: Մարդկանցից պահանջում էր բանականության վրա հիմնված սթափ գործողություն, որը կլինի օգտակար նրանց համար: Նա հանդես է գալիս մարդակերպ աստվածների դեմ և կարծում, որ աստված ո'չ մարմնով, ո'չ էլ ոգով չի կարող նմանվել մահկանացուներին: Իր  սատիրաներից մեկում նա օրինակ է բերում եթովպացիներին, որոնք պատկերում են աստվածներին տափակ քթերով և փյունիկացիներին, որոնք պատկերում են կապուտաչյա աստվածների: Նրան կարելի է համարել մոնոթեիստների և սկեպտիկների առաջնորդ: «Ոչինչ չի կարելի իմանալ հավաստիորեն», պնդում է  Քսենոփանեսը : Նա առաջինը բաժանեց գիտելիքը 2 տեսակի` «ըստ կարծիքի և ըստ ճշմարտության»: Զգայարանների տվյալները ճշմարիտ գիտելիքի աղբյուր չեն, այլ միայն կարծիքի: Ճշմարտությունը հասու չէ մարդկանց: Նրանք հետևում են կարծիքին: Աստվածն ինքը կեցությունն է: Նա է Միակն, անշարժը: Աստվածն անբաժան է աշխարհից, որը նրա դրսևորումն է: Կա միայն մեկ Կեցություն իր բազմաթիվ դրսևորումների մեջ և դա Աստվածն է:

Պարմենիդես /մ.թ.ա. 6-5 դդ/-  փիլիսոփա, քաղաքական գործիչ:  Ճանաչողության պրոցեսում կարևորում է բանականությունը: Ճշմարտությունը հիմնվում է բանական ճանաչողության վրա, իսկ կարծիքը` զգայական ընկալման: Մի վստահեք զգայական ընկալմանը,  հետազոտեք ներկայացված ապացույցները միայն բանականության միջոցով, ասում է Պ-ը:  
Պարմենիդես
Պարմենիդեսի համար կենտրոնական  է մտածողության և կեցության հարաբերության հարցը: Միտքը միշտ վերաբերում է գոյին: Ամեն մի միտք միտք է գոյի մասին: Փորձիր մտածել ոչնչի մասին: Դա անհնարին է: Չկա ոչինչ բացի գոյից: Կեցությունը չի առաջանում և չի ոչնչանում, քանի որ թե' մեկը և թե' մյուսն ենթադրում են չկեցության հնարավորություն:  Փոփոխությունը տրամաբանորեն անհնարին է, քանի որ
1/ ինչ-որ կա գոյություն ունի, ինչը չկա գոյություն չունի, մտածելի չէ
 2/ փոփոխության գաղափարը ենթադրում է` ինչ-որ բան սկսում է գոյություն ունենալ, և ինչ-որ բան դադարեցնում է իր գոյությունը: 
Աշխարհն  անանց է և միասնական: Ամեն մի բազմություն զգացմունքների խաբկանք է: Չկա դատարկ տարածություն և ժամանակ կեցությունից դուրս:  Կա միայն կեցություն, չկեցություն չկա: Միայն դատարկագլուխ մարդիկ են   համարում, որ կեցությունը և չկեցությունը նույնական են: Մենք փոփոխությունը չենք կարող արտահայտել մտածողության մեջ,  հետևաբար փոփոխությունը տրամաբանորեն անհնարին է: Չկեցությունը հնարավոր չէ ո'չ ճանաչել, ո'չ էլ արտահայտել: Հնարավոր չէ գտնել միտք առանց կեցության, միտքն առանց կեցության ոչինչ է:    Բանականությունը վկայում է, որ փոփոխությունը տրամաբանորեն հնարավոր չէ:  Իսկ զգացմունքները վկայում են, որ փոփոխություն կա: Ինչի վրա հիմնվել? Իհարկե, բանականության, քանի որ զգացմունքները խաբում են: Միայն բանականությամբ ճանաչվող  անփոփոխ գոյացությունն է կեցությունը: Կեցությունը, ըստ Պարմենիդեսի, անստեղծ է, հավերժ, անփոփոխ, բացարձակ ներդաշնակ, բարի և գեղեցիկ: Կեցությունը գունդ է, ոլորտ, համաշխարհային բանականություն: Անցողիկի, փոփոխականի հետևում բանականությունը տեսնում է անանցը, մնայունը, հավերժը` կեցությունը: Ըստ Պարմենիդեսի, կեցությունը և մտածողությունը նույնական են: Կեցության մասին Պարմենիդեսի ուսմունքը, ըստ Հայդեգերի, վերջնականապես պոկեց փիլիսոփայությունը դիցաբանությունից:
                          
      Հերակլիտեսի և Պարմենիդեսի տեսակետները մեծ դեր կատարեցին փիլիսոփայության պատմության մեջ, դարձան այն հենասյուները, որոնց վրա հետագայում կառուցվեցին բազմաթիվ փիլիսոփայական դպրոցներ և ուղղություններ: Հերակլիտեսյան Panta rhei սկզբունքի վրա կառուցվեցին սոփեստների և սկեպտիկների ուսմունքները, իսկ կեցության սկզբունքի վրա ստեղվեց մետաֆիզիկան որպես գոյաբանություն:
Զենոն
      Զենոն/490-430/- փիլիսոփա և քաղաքական գործիչ, Պարմենիդեսի լավագույն աշակերտը: Ամբողջ կյանքի ընթացքում ձգտում էր ապացուցել Պարմենիդեսի դրույթները շարժման, ծագման անհնարինության վերաբերյալ: Նրա փաստարկները հանգեցրին դիալեկտիկայի: /Արիստոտելը համարել է Զենոնին դիալեկտիկայի ստեղծող:/ Զենոնի կարծիքով, իրերի բազմության գոյության ընդունումը հանգեցնում է իրարամերժ դրույթների` ամեն մի առանձին իրի մասին հարկ է պնդել, որ այն և' անվերջ է իր մեծությամբ, և' բոլորովին մեծություն չունի, իսկ բոլոր իրերի միագումարի մասին պետք է պնդել, որ այն միաժամանակ և' վերջավոր է,  և' անվերջ: Իր հռչակավոր ապորիաներում  Զենոնը փորձում է ապացուցել, որ այն ենթադրությունը, թե շարժումը պատկերացնելի է, անխուսափելիորեն ծնում է հակասություն: Այդպիսի նախադրյալների դեպքում ոչ մի շարժում չի կարող կատարվել: Այն կամ բնավ չի կարող սկսվել, կամ, եթե սկսվի, չի կարող վերջանալ ոչ մի վերջավոր տարածության մեջ: /«Աքիլեսը և կրիան», «Թռչող նետը»- ապացուցվում է, որ նետը յուրաքանչյուր պահին գտնվում է տարածության որոշակի կետում, գրավում է իր երկարությանը հավասար տեղ, ուստի չի շարժվում: Որպեսզի նետը շարժվի, նա պետք է ժամանակի յուրաքանչյուր պահին գտնվի որոշակի տեղում և միաժամանակ չգտնվի այնտեղ: Իսկ  դա հակասական է, հետևաբար անհնարին: Այս պարադոքսներում հարցը չի դրվում այն առումով, թե արդյոք հնարավոր է? շարժման ընկալումը զգայարաններով: Դրանում Զենոնը չի կասկածում: Հարցն  այն է, թե հնարավոր է արդյոք պատկերացնել շարժումը, երբ ընդունվում է, որ տարածությունը, որում շարժվում է մարմինը բաղկացած է առանձին շատ մասերից և որ ժամանակը, որի ընթացքում կատարվում է շարժումը, բաղկացած է առանձին շատ պահերից: Այս բոլոր դեպքերում ի հայտ է գալիս հակասություն: Աքիլեսը և' հասնում է, և' չի կարող հասնել կրիային, նետը և' թռչում է, և' հանգստի վիճակում է: Զենոնը բացահայտեց տարածության, բազմության և շարժման հիմնական հասկացություններում եղած հակասությունները և դրանով իսկ ստիպեց որոնել այդ դժվարությունների վերացման եղանակները: Հայտնի է, որ ակտուալ անսահմանության գաղափարը փոխարինվեց պոտենցիալ անսահմանության գաղափարով և' փիլիսոփայության, և' մաթեմատիկայի մեջ:


 Երրորդ սերնդի բնափիլիսոփա Էմպեդոկլեսը /490-430/ ընդունում էր 4 տարրերի գոյությունը`/ հող /Գերա/, ջուր /Նեստիս/,օդ/Աիդոնես/, կրակ /Զևս/, որոնք հանդես են գալիս միասնաբար և նրանց միացումից առաջանում է առարկաների բազմազան աշխարհը: Բացի այդ գործում են 2 հզոր ուժ` Սերը /Էրոսը, Աֆրոդիտեն/ որը նրանց միավորում է, և Թշնամանքը /Ատելությունը, Արեսը, որը բաժանում է: Իսկ ինչից են կազմված սկզբնատարրերը /օդը, հողը, ջուրը, կրակը/: Այս հարցին փորձեցին պատասխանել ատոմիստական դպրոցի ներկայացուցիչներ Լևկիպը, Դեմոկրիտեսը և Էպիկուրը:


    


Դեմոկրիտեսի /460-370/ և Էպիկուրի /341-270/ կարծիքով  նախասկիզբը բաղկացած է  մանրագույն անբաժանելի մասնիկներից`ատոմներից, որոնք շարժվում են դատարկ տարածության մեջ և նրանց միացումից առաջանում  է ամեն ինչ, այդ թվում հոգին:  Հոգու ատոմներն ավելի կլոր են, տաք և շարժուն: Հոգին անմահ չէ: Չկա ոչ մի հանդերձյալ աշխարհ: Աստվածները կազմված են ատոմներից, իսկ գլխավոր աստվածը տիեզերական բանականությունն է: Հրե ատոմները տարածված են տիեզերքով մեկ  կենդանացնում են ամեն ինչ և տալիս դրան բանականություն: Ատոմներն ունեն տարաձգություն, ձև, կշիռ, բայց չունեն գույն, համ, հոտ և այլն: Որակական առումով բոլոր ատոմները միատեսակ են, սակայն ոմանք ունեն դուրս ցցված մասեր, անցքեր, փոսորակներ, կեռիկներ և այլն:  Ատոմները և դատարկությունը միակ իրականությունն են: Դեմոկրիտեսը ճանաչողության պրոցեսում կարևորում է զգայարանների դերը, որոնց վկայությունները, սակայն, պետք է ենթարկվեն բանականության դատին:
Ատոմները ճանաչելի են բանականությամբ, իսկ դատարկությունը` անճանաչելի է : Ատոմները շարժվում են միայն ուղղագիծ, ստեղծում խիստ որոշակի պատճառահետևանքային կապեր: Դեմոկրիտեսը ստեղծում է մեխանիկական աշխարհ` խիստ ընդգծված դետերմինիզմով /պատճառակցությամբ/ և չի ընդունում ատոմների պատահական շարժումը:  Պատահական են այն երևույթները, որոնց պատճառը հայտնի չէ: Ժխտելով պատահականությունը, Դեմոկրիտեսը ժխտում է ազատությունը:  Տիեզերքում թագավորում է անհրաժեշտությունը: Ամեն ինչ անհրաժեշտաբար պատճառավորված է: Սակայն ոչինչ չի կատարվում ինչ-որ նպատակի համար: Ատոմիստներն իրերի հատկությունները բաժանում են 2 խմբի` հատկություններ, որոնք գոյություն ունեն միայն կարծիքի մեջ, այսինքն` սուբյեկտիվ են /համ, հոտ, գույն/ և հատկություններ, որոնք օբյեկտիվորեն բնորոշ են ատոմներին /օրինակ, ձևը, մեծությունը, անթափանցելիությունը/»: «Կարծիքի մեջ»  իմացությունը  նրանք անվանում են մութ և կեղծ, իսկ բանական իմացությունը`  ճշմարիտ:

Ատոմիստական ուսմունքում մշակվեցին հետևյալ հիմնարար սկզբունքները`
1/ Ոչնչից  ոչինչ չի առաջանում և ոչնչի չի վերածվում:
2/Տիեզերքը բաղկացած է  նյութից և դատարկությունից: Նյութականի գոյության մասին վկայում են զգայությունները, դատարկության` շարժումը:
 3/ Մարմինները բաղկացած են ատոմներից:
 4/Տիեզերքն անսահման է տարածության մեջ և իրերի քանակով:
Ատոմիստական ուսմունքը մեծ դեր խաղաց փիլիսոփայության և գիտության զարգացման ընթացքում և իր մեթոդաբանական նշանակությունը  պահպանեց մինչև 19-րդ դարի վերջը: Այդ ուսմունքի շնորհիվ Նյուտոնը ֆիզիկայում ձևակերպեց զանգվածի գաղափարը,   ձգողականության  և դինամիկայի օրենքները: Ստեղծվեց աշխարհի մեխանիկական պատկերը: Քիմիայում հայտնագործվեց նյութի պահպանման օրենքը, քիմիական  տարրերի պարբերական համակարգը:
 Այսպիսով` հունական բնափիլիսոփայությունը զուտ մտքի ուժով ստեղծեց ամբողջական, ներդաշնակ, շատ կողմերով գիտության զարգացման ապագան կանխորոշող ուսմունք տիեզերքի և նրանում ապրող մարդու մասին: Ձևավորվեց մեծ և փոքր տիեզերքների ըմբռնումները, և մեկի ճանաչումը համարվեց բանալի մյուսի ճանաչման համար: