вторник, 24 сентября 2013 г.

Սբ. Սոֆիա

Սբ. Սոֆիա տաճարը գտնվում է Կոստանդնուպոլսում /թուրքերեն անվանումը` Այա Սոֆիա/: Սոֆիա»-ն հունարեն բառ է, որ նշանակում է «իմաստություն»: Բյուզանդական կայսրության խոշոր ճարտարապետական գլուխգործոցներից է, Բյուզանդիայի «Ոսկե Դարի» խորհրդանիշը և աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը. Տաճարը կառուցվել է 324-327թթ. Կոնստանտին I կայսեր կողմից Ավգուստեոն առևտրային տարածքում, որը գտնվում էր Կայսերական պալատի հարևանությամբ, Կոնստանդնուպոլսի կենտրոնում: Տաճարն ունի 55.6 մ բարձրություն, գմբեթի տրամագիծը 31 մետր է: Երկարությունը 75.6 մետր է, լայնությունը՝ 68.4 մ:
Կոստանդնուպոլսի Սբ. Սոֆիան






404թ-ին ժողովրդական ապստամբության ժամանակ առաջին տաճարն այրվեց, իսկ նույն վայրում կանգնեցված նորակառույց եկեղեցին ապրեց ընդամենը 10 տարի և 415 թ. դարձյալ կործանվեց հրդեհից: Նույն թվականին կայսր Թեոդոսիուս II-ը հրամայեց սկսել շինարարական աշխատաքներ ու կառուցել նոր տաճար նույն վայրում, որն էլ այրվեց 532թ.-ին հայտնի «Նիկա» ապստամբության ժամանակ: Թեոդոսիուսի տաճարի ավերակները հայտնաբերվեցին 1936 թվականին, պեղումների ժամանակ, որոնք շատ մոտավոր պատկերացում տվեցին տաճարի արտաքին շքեղ տեսքի մասին. այն հնգաթև էր, շատ մեծ, իսկ ներքին հարդարանքի հիմնական բաղադրիչը մարմարն էր: Թեոդոսիուսի տաճարն ավերած հրդեհից 40 օր հետո Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը հրամայեց նույն վայրում կառուցել գեղեցիկ համանուն մի տաճար, որը կխորհրդանշի հզոր կայսրության ուժը: Բայց քանի որ Հուստինիանոսի ծրագրած եկեղեցին պետք է լիներ շատ մեծ, նա գնեց հարակից անհրաժեշտ հողերը, վարձեց ժամանակի լավագույն ճարտարապետներին՝ Իսիդոր Միլեթացուն և Անթիմիոս Թրալացուն:
Տաճարի հարդարանքի համար օգտագործվեց լավագույն մարմարը, իսկ Եփեոսից բերված ութ կանաչ մարմարե սյուները կարելի է տեսնել անգամ այսօր: Հուստինիանոսն այնքան էր կլանված տաճարի շքեղության գաղափարով, որ չէր ափսոսում ոչինչ. հարդարանքի համար նա օգտագործում էր թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ և փղոսկր: Տաճարի շինարարությունը կլանեց կայսրության գրեթե երեք տարվա եկամուտը: Տաճարի պաշտոնական օծումը տեղի ունեցավ 537թ-ի դեկտեմբերի 27 - ին Կոստանդնուպոլսի պատրիարք Մենասի (Menas, Mina)) կողմից: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ», վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի տաճարը: Եկեղեցական անձնակազմը Հուստինիանոսի օրոք հասնում էր 525 հոգու, իսկ Հերակլի օրոք՝ 600-ի: Տաճարի կարիքները հոգալու համար հարկեր էին հավաքվում մի շարք առևտրային կազմակերպություններից ու արհեստավորական միություններից: Եկեղեցին չհասցրեց երկար հիացնել իր շքեղությամբ: Շինարարության ավարտից տարիներ անց երկրաշարժից ավերվեց տաճարի արևելյան մասը: Ավելի ուշ՝ 989 թ-ին, տաճարը ենթարկվեց նոր երկրաշարժի, և այս անգամ փլուզվեց գմբեթը: Շենքն ամրացնելու նպատակով կառուցվեցին պահող սյուներ, որոնք զգալիորեն ազդեցին տաճարի արտաքին տեսքի վրա:
Տաճարի ինտերիերը
Գմբեթը վերականգնելու համար հրավիրվեց հայ հայտնի ճարտարապետ Տրդատը, որի գլուխգործոցն է համարվում Անիի Մայր տաճարը: Մեծ հմտության շնորհիվ Տրդատը ոչ միայն հիանալի կատարեց իր աշխատանքը, այլև դարձրեց գմբեթն ավելի բարձր, գեղեցիկ ու ամուր: Եկեղեցին չափազանց թանկ հարդարանք ուներ մինչև 1204թ-ի Խաչակրաց արշավանքի հետևանքով Կոստանդնուպոլսի թալանումը: 1453թ-ին , Կոստանդնուպոլիսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: Ավելացվեցին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները ծածկվեցին ծեփամածիկով, և տաճարը կոչվեց Այա Սոֆիա: Քանի որ տաճարը կառուցված էր քրիստոնեական ավանդույթների համաձայն՝ խորանը դեպի արևելք, մահմեդականները ստիպված եղան հարմարեցնել այն իրենց պահանջներին և տեղադրեցին միհրաբը տաճարի հարավ - արեւելյան անկյունում՝ դեպի Մեքքա ուղղությամբ:
Սբ. Սոֆիայի որմնանկարներից
1847թ-ին տաճարը գտնվում էր փլուզման վտանգի տակ, և սուլթան Աբդուլ-Մեջիդի հանձնարարականով եղբայր ճարտարապետներ Ջուզեպպե և Գասպար Ֆոսսատիները սկսեցին վերանորոգման աշխատանքներ, որոնք տևեցին մոտ երկու տարի: 1935թ-ին Աթաթուրքը Այա Սոֆիան հռչակեց թանգարան: Որմնանկարներն ու խճանկարները վերջապես ազատություն ստացան գրեթե հինգ դար իրենց ծածկող շերտից: Տաճարին վերադարձվեց իր նախկին շքեղ ներքին հարդարանքը, ամբողջովին խճանկարներով ծածկված պատերը՝ ինչպես սյուժետային այնպես էլ դեկորատիվ կոմպոզիցիաներով: Այժմ պատերի վրա կարելի է տեսնել Հիսուս Քրիստոսի և Սուրբ Կույսի պատկերները: Գրեթե ամբողջությամբ պահպանվել են մուտքի հատվածում հրեշտակապետ Գաբրիելի, հարավային մուտքի սրահում՝ Սուրբ Հովհաննեսի և Ալեքսանդր կայսեր խճանկարները:
Սբ. Սոֆիայի գմբեթը
Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական (runic) արձանագրությունները: Բազմաթիվ իսլամական տարրեր են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով: 2006թ- ին Սուրբ Սոֆիայում տարածք հատկացվեց տաճարի մահմեդական սպասավորների աղոթքի համար: Աննկարագրելի զգացում է պարուրում մարմինն ու հոգին, երբ կանգնում ես մարմարի հատակին ու նայում վեր՝ հեռավոր բարձունքներին: Կարծես կանգնած լինես այս հրաշալի հողի վրա տեղի ունեցած իրադարձությունների էպիկենտրոնում: Պատմական դեպքերը քամու նման անցնում են կողքովդ, իսկ դու ջերմանում ես, զգալով քեզ այս եզակի գլուխդործոցի մի մասնիկ:. Սբ. Սոֆիայի սաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում

Լուսինե Բադալյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, 3-րդ կուրս