вторник, 24 сентября 2013 г.

Բենեդիկտ Սպինոզա (1632-1677)



Դեկարտի ռացիոնալիզմը իր հետագա զարգացումն ապրեց եւ հիմնավորվեց դարաշր­ջանի երկու խոշորագույն մտածողների' Սպինոզայի եւ Լայբնիցի փիլիսոփայության, իսկ Բեկոնի էմպիրիզմը` Լոկի եւ Բերկլու սենսուալիստական իմացաբանության մեջ: Բենեդիկտ Սպինոզան գրել եւ փիլիսոփայել է երկրաչափական մեթոդով: Փիլիսոփա­յական հիմնական հասկացությունները եւ սկզբունքները նա շարադրել եւ մեկնաբանել է սահմանումների, աքսիոմաների եւ թեորեմաների ձեւով: Սպինոզայի փիլիսոփայությունը մոնիստական է: Այն ուսմունք է համընդհանուր մեկ միասնական սուբստանցիայի մասին: Սպինոզան գտնում է, որ իրականը միայն Աստ­վածն է, իսկ տարածականությունն ու ստածողությունը նրա ատրիբուտներն են, մոդուսները: Անվերջը, բացարձակը Աստվածն է, որը կարիք չունի որոշակիության, այլ գոյություն ունի իր մեջ` միավորելով բացարձակապես ամեն ինչ:
Աստված գոյության եւ էության միասնություն է: Նա ոչ թե ինչ-որ էություն է, այլ էություն է ընդհանրապես: Նա սուբստանցիա է: Իսկ ի՞նչ է սուբստանցիան, ատրիբուտը, մոդուսը:
Իր գլխավոր աշխատության «Աստծո մասին» բաժնում Սպինոզան գրել էՍուբստանցիա ասելով ես հասկանում եմ այն, ինչ գոյություն ունի ինքնին եւ հասկացվում ու մտածվում է իր միջոցով, այսինքն այն, որի հասկացությունը կարիք չունի ուրիշ իրի հասկացության, որից նա պետք է ձեւավորված լինի»: Սուբստանցիան անմիջականորեն տրվածն է, որի էությունը իր մեջ բովանդակում է իր անհրաժեշտ գոյությունը: Սուբստանցիան իր գոյության համար ոչ մի բանի կարիք չունի, այն ինքն է իր պատճառը:
«Ատրիբուտ» ասելով ես հասկանում եմ այն, ինչը բանականությունը հասկանում է սուբստանցիայի մասին, որպես նրա բովանդակությունը կազմող մաս կամ էություն»: Սուբստանցիան օժտված է անթիվ ատրիբուտներով` հատկություններով ու որակներով, որոնք կազմում են նրա էությունը: Սուբստանցիան ճանաչվում է իր երկու սուբստանցիոնալ  ատրիբուտներով` տարածականությամբ եւ մտածողությամբ:
«Մոդուս» ասելով ես հասկա­նում եմ սուբստանցիայի վիճակը, կամ այն, ինչը գոյություն ունի ուրիշի մեջ, ինչի միջոցով այն մտածվում կամ հասկացվում է»: Եթե սուբստանցիան իր ատրիբուտներով կազմում է naturo naturata-ն`  արտադրող բնությունը, ապա մոդուսները` արտադրված բնությունը, natura naturans-ը' արտադրված բնությունը, մարդուն շրջապատող առարկայական աշխարհը:
«Աստված»  ասելով ես հասկանում եմ բացարձակապես անվերջ էություն կամ սուբստանցիա, որը բաղկացած է անվերջանալի ատրիբուտներից, որոնցից յուրաքանչյուրը արտա­հայտում է նրա հավերժական եւ անսահման էությունը»: Աստված-սուբստանցիան արտա­հայտում է աշխարհի միասնությունը, իսկ մոդուսները` նրա բազմաձեւությունը: Դրանք միասնական Աստված-բնության երկու կողմերն են: Բնության ահա այսպիսի ռացիոնալիստական պատկերի ելակետից Սպինոզան հետազոտում է ճանաչողության հնարավո­րությունը: Ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում գիտելիքը իրականության նկատմամբ: Ինչ­պես է մարդը ձեռք բերում այդ գիտելիքները: Մարդու իմացական գործունեության հետազոտման հիմքում Սպինոզան դրել է այն սկզբունքը, համաձայն որի «գաղափարների կապն ու կարգը այնպիսին են, ինչպիսին իրերի կարգն ու կապը»: Այստեղից էլ եզրակացնում է, որ գոյություն ունի բնածին ընդունակություն գիտելիք ձեռք բերելու համար:
Իրերի էությունը ճանաչելու համար Սպինոզան տարբերակում է մարդու բնածին ընդունակությունների երեք տեսակ (մեթոդ): Իմացության երեք աստիճանները` զգայական, ընկալումը, բանականության կշռա­դատումը եւ ինտուիտիվ բանականությունը իրենցից ներկայացնում են գիտելիքի ստո­րին, միջին եւ բարձրագույն աստիճանները: Զգայական ընկալումներից ստացված գիտելիքները փորձի եւ երեւակայության գիտելիքներ են եւ սահմանափակված են առօրյա կյանքի իրադարձություններով: Այս մեթոդը անպետք է գիտական գիտելիք ստանալու համար, քանզի գործ ունի պատահական հատ­կությունների, այլ ոչ թե պատճառների հետ: Բանականության կշռադատման մեթոդի միջո­ցով միտքը իրերի հատկություններից եւ ադեկվատ գաղափարներից ձեւավորում է ընդհա­նուր հասկացություններ: Այս մեթոդը, ճիշտ է, հայտնաբերում է պատճառները եւ գիտական է, այնուամենայնիվ, չի տալիս օբյեկտի ներքին էության մասին հավաստի գիտելիքներ,  քանզի չի ձեւավորում իրերի էություններից:
Այսպիսով, Սպինոզան առանձնացնում է գիտելիքների երեք տեսակ.
1. գիտելիքներ, որոնք ստացվում եւ հիմնավորվում են երեւակայության հիմքի վրա, որի համար էլ անհասկանալի են եւ մթագնված;
2. գիտելիքներ, հիմնավորված մտքի կշռադատումների վրա` աշխարհը հասկանալու համար: Դրանց նմուշը մաթեմատիկական գիտելիքներն են` բանական գիտելիքները, որոնք  ստացվում են աքսիոմատիկ ճանապարհով;
3. ինտուիտիվ գիտելիքները, որոնք ինտելեկտուալ-ռացիոնափստական գործունեության արդյունք են, եւ որպես ընդհանուր հասկացություններ, ընդգրկում են իրերի իսկա­կան էությունը:
Սպինոզայի դատողությունների վերացարկված բնույթը սուբստանցիայի, ատրիբուտների եւ մոդուսների մասին իրականում ունի պրակտիկ փիլիսոփայական ուղղվածություն: Այն ուսմունք է մարդու, նրա բարոյականության եւ կյանքի իրական ընկալման մասին, ազա­տության եւ անհրաժեշտության մասին: Ազատությունը այն իրն է, որը գոյություն ունի եւ գոր­ծում է միայն իր էության անհրաժեշտությամբ: Մարդու ռեալ ազատությունը բանականութ­յան ու կամքի միասնության մեջ է, ուրախության, թախծի, հակումների եւ խելացի գործելու, ճշմարիտ եւ պարզ իմացությունն է: Սպինոզայի ռացիոնալիզմի սոցիալական բովանդակությունը ազատմարդու, նրա­ ազատ մտքի, գործելու եւ մտածելու անհրաժեշտության բանական հիմնավորումն է

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը 
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության տեսություն և պատմություն>> գրքից