среда, 28 августа 2013 г.

"Ես հեռանում եմ"...Ժանսեմ

Երեկ երեկոյան` օգոստոսի 27-ին,  կյանքից հեռացավ տաղանդավոր ևս մեկ հայ, ով իր աշխատանքներով գրավել էր շատ հայ, ինչպես նաև այլազգի արվեստասերների  ուշադրությունը: Մեծ նկարիչն իր ապրած մոտ մեկ դարը եզրափակեց ընդամենը երկու բառով` ես հեռանում եմ....
Հովհաննես Սեմերջյանը ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ բնակավայրում: Նրա մանկությունն անցել է Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։  Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։
Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։ Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։


Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։


Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։