понедельник, 19 августа 2013 г.

Փիլիսոփայական միտքը Հին Հունաստանում և Հռոմում

     Հունահռոմեական փիլիսոփայական միտքն ունի մոտ 1000 տարվա պատմություն /մ.թ.ա.6-րդ դ մինչև 529 թ., երբ Հուստինիանոս կայսրը փակեց Պլատոնի Ակադեմիան/: Այդ  միտքը ներկայանում է բազմաթիվ ուղղությունների, դպրոցների և անհատ մտածողների միջոցով:
Նրա զարգացման ընթացքը բաժանում են 4 շրջանների`
 1/ վաղ դասական շրջան` 7-5 դդ., որում զարգանում է բնափիլիսոփայությունը` Թալես, Անաքսիմանդրես, Անաքսիմենես, Պյութագորաս, Պարմենիդես, Զենոն Էլեացի, Անաքսագորաս, Էմպեդոկլես, Հերակլիտես, Դեմոկրիտես, որոնք կենտրոնանում են բնության ուսումնասիրության վրա: 
2/ Միջին դասական շրջան, մ.թ.ա. 5 դ., որում գործում են սոփեստները և Սոկրատեսը, որոնք կարևորել են մարդու  խնդիրը:
 3/ Բարձր դասական շրջան, որում ստեղծագործել են Պլատոնը, Արիստոտելը և  նրանց դպրոցները:  Այս շրջանի համար գլխավոր են համարվել փիլիսոփայական գիտելիքի ձեռքբերման, հիմնախնդիրների մշակման և մեթոդների համադրության հարցերը: 
4/ Հելլենիզմի ժամանակաշրջան մ.թ.ա. 3-րդ դ. /էպիկուրականներ, ստոիկներ, սկեպտիկներ/: Առաջնային են համարվել բարոյականության և մարդու ազատության մշակման հարցերը: Կարևորվել է նաև նորպլատոնականությունը /Պլոտինոս, Պորփյուր, Պրոկլես, Փիլոն Ալեքսանդրիացի/, որն անդրադարձել է տիեզերքի կառուցվածքի, մարդու ճակատագրի, աստծո և մարդու հարաբերակցության հարցերին:

Հունական փիլիսոփայության առանձնահատկություններն են`
 1/ տիեզերակենտրոնությունը: Դա նշանակում է, որ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում գտնվում է տիեզերքը, որն ընկալվում է որպես որևէ մեկի կողմից չստեղծված բացարձակ կեցություն: Անտիկ փ-ը խորթ է արաչաբանության գաղափարը: Տիեզերքը ոչ թե ստեղծվում է , այլ կառուցվում նյութական և իդեալական սկզբերից: 
2/ Անտիկ փ-ը ընդհանուր առմամբ ունի ռացիոնալիստական բնույթ, քանի որ ճանաչողության մեջ կարևոր է բանականության դերը: Այն ունի հայեցողական բնույթ, քանի որ փ-ի նպատակն է ոչ թե փոխել աշխարհը, այլ «տեսնել» և հասկանալ այն:
Նրանց բնորոշ է տարերային դիալեկտիկան, պանթեիզմը, հիլոզոիզմը, անտրոպոմորֆիզմը:
Բնափիլիսոփաները, որոնց անվանել են ֆիզիկոսներ, փորձել են պատասխանել այն հարցերին, թե գոյություն ունի արդյոք մի նախագոյ, ելակետային նյութ /արխե/, որից էլ առաջացել է  ողջ գոյություն ունեցողը իր անսահման բազմազանությամբ: Այդ պահից սկիզբ է առնում փ-ը, որն, ի տարբերություն  դիցաբանության, իր    «Ով է ստեղծել աշխարհը» հարցադրմամբ, դնում է «Ինչից է առաջացել աշխարհը» հարցը:  Որոնվող սկզբնանյութը շատ յուրահատուկ է, քանի որ նրանից առաջանում է ոչ միայն անկենդան, այլև կենդանի բնությունը: Առաջադրված տարրերը պետք է ընդունել ոչ միայն ուղղակի, այլև խորհրդանշական իմաստով:
              
Թալես Միլետացի
1-ին տիեզերաբան փիլիսոփան է Թալես Միլեթացին  /մ.թ.ա 625-547/, որը Միլեթյան դպրոցի հիմնադիրն է և որի կարծիքով, ամեն ինչի հիմքը ջուրն է /խոնավությունը/: Թալեսը հեղաշրջեց աշխարհայացքը, առաջ քաշելով սուբստանցիայի /նախահիմքի/ հարցը: Ամեն ինչ առաջանում է ջրից և վերադառնում ջրի: Ջուրը հանդես է գալիս որպես բոլոր փոփոխությունների կրող: Թալեսի հանճարեղությունն այն բանում է, որ նա առաջին անգամ մտածեց տիեզերքի միասնականության մասին: Այդ գաղափարը  դարձավ հավերժական: Թալեսը ունի հիլոզոիստական տեսակետ, համաձայն որի, ամբողջ մատերիան կենդանի է /հուն.- hile-նյութ և zoe-կյանք բառերից/: Գոյը ինքնին շարժվող է և կենդանի: Կյանքը մատերիայի ներքին հատկանիշ է: Հոգին տարալուծված է գոյություն  ունեցողի մեջ:
Անաքսիմանդրեսի /610-540/ կարծիքով,  աշխարհի նախահիմքն է ապեյրոնը /անորոշը և անսահմանը/: Ապեյրոնը բնութագրվում է որպես աստվածային, ստեղծող, շարժվող սկիզբ: Այն, ի տարբերություն ջրի, զգայապես ընկալելի չէ, բայց ըմբռնվում է բանականությամբ: Ապեյրոնն ունի անսպառ  հնարավորություններ և նորարարության հավերժ կենդանի աղբյուրն է: Նրա մեջ ամեն ինչ գտնվում է անորոշ վիճակում իբրև իրական  հնարավորություն: Գոյություն ունեցողը կարծես բաժանված լինի մանրագույն մասնիկների:
Անաքսիմենեսը /585-525/ սկզբնապատճառ /նախահիմք/ է համարում օդը, որը սեղմվելով ջուր է դառնում, սառչելով սառույց, տաքանալով կրակ, խտանալով` քամի, ամպ, հող: Օդը նաև կյանքի և հոգեկան երևույթների աղբյուր է: Հոգին /psyche/ օդի «շնչառությունն»:
Այսպիսով`  «Ինչից է առաջացել ամեն ինչ» իրենց հարցով միլեթցիները հիմք դրեցին  զուտ փիլիսոփայական մոտեցմանը  գոյի առաջացման  խնդրին:
                                 
Հերակլիտեսը /520-460/, որին անվանում են «Մթին փիլիսոփա», այդպիսի նախասկիզբ է համարում կրակը: Աշխարհը հավերժորեն բոցավառվող և մարող կրակ է:  Ամեն ինչ հոսում է, փոփոխվում: «Աշխարհում չկա ոչ մի քարացած բան` սառը տաքանում է, տաքը սառչում»: «Չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը, երկրորդ անգամ տեսնել նույն իրը»: Շարժումը կեցության գոյության ձևն է: Այդ փոփոխությունը կատարվում է այնպես, որ ամեն մի բան վերածվում է իր հակադրության: Առաջացումը և ոչնչացումը, կյանքը և մահը, կեցությունը և չկեցությունը կապված են իրար հետ, պայմանավորում են իրար անցումները: Ստացվում է, որ ամեն ինչ գտնվում է լինելության ընթացքում: Երևույթի անցումը մեկ այլ վիճակի իրականանում է  հակադրությունների պայքարի միջոցով: Այդ պայքարը Հերակլիտեսը անվանում է  հավերժական Լոգոս, այսինքն` բոլորի համար գոյության միասնական օրենք: Պետք է ընդունել, որ ամեն ինչ միասնական է: Կրակը և Լոգոսը նույնական են: Կրակը բանական է և ամեն ինչի կառավարման պատճառն է: Ըստ Հերակլիտեսի, «Աշխարհը չի ստեղծել ոչ մեկը աստվածներից, ոչ էլ մարդկանցից, այն կար, կա և կլինի հավերժական կենդանի կրակ, որը չափերով բոցավառվում է և մարում»: Բանականությունը /Լոգոսը/ կառավարում է ամեն ինչն ամենի  միջոցով: 10800 տարին մեկ աշխխարհն ոչնչանում է և կրկին առաջանում: Այդ հրդեհը որոշակի դատաստան է: Ամեն ինչ տեղի է ունենում ըստ կարգի: Լոգոսը հանդես է գալիս որպես արդարություն և ճշմարտություն:
Մարդը ունի իր լոգոսը` բանականությունը, որը համաշխարհային Լոգոսի մասնիկն է: Նրանց միջև կարող է հաստատվել համաձայնություն, բայց դա հազվադեպ է պատահում:
Հերակլիտեսի համար աշխարհում ամեն ինչ հարաբերական է: Հարաբերականության սկզբունքը նա տարածում է նաև գեղագիտական և բարոյական ոլորտների վրա: Այսպես` «մարդկանցից իմաստագույնը «աստվածների համեմատությամբ թվում է կապիկ, և' իմաստությամբ, և' գեղեցկությամբ, և' մնացած ամեն ինչով»:
/«Ցերեկը և գիշերը մի են»:    «Ճանապարհը դեպի վեր և վար մի է»- Հերակլիտես/:

Պյութագորաս
Պյութագորաս /մ.թ.ա 6-րդ դ. Իտալիայի Կրոտոն քաղաքում հիմնել է կրոնափիլիսոփայական միություն` պյութագորականների դպրոց, որի հայտնի ներկայացուցիչներն էին Հիպիասը, Ալկմեոնը, Ֆիլոլայեսը, Արխիտեսը/: Դա 1-ին դպրոցն էր, որում սովորում էին նաև կանայք: Դպրոցն ուներ երկու աստիճան` ակուսմատիկոսներ և մաթեմատիկոսներ /գաղտնի գիտելիքի կրողներ/: Ըստ նրանց ուսմունքի, տիեզերքում ամեն ինչ հիմնված է թվերի կամ թվային հարաբերությունների վրա: Թիվը իրերի գոյության հիմքն է: «Ամեն ինչ թիվ է»:  Առանց թվի տիեզերքում կիշխեր քաոսն ու անիշխանությունը:  Այդ պառճառով էլ թիվն իրերի էություն է, «հոգին»,  ղեկավարող բանական սկիզբը: Թվերը բաժանվում են ` կենտ և զույգ տեսակների: Կենտերը նշանակել են միասնություն, իսկ զույգերը` քայքայում: Պյութագորականներն ընդունում են 10 հակադրություններ` 1/սահման-անսահման, 2/կենտ-զույգ, 3/ միասնություն-բազմազանություն, 4/ աջ-ձախ, 5/արական-իգական, 6/ անշարժ- շարժվող, 7/ ուղիղ-կոր, 8/ լույս-խավար, 9/ բարի-չար, 10/ քառակուսի, բազմանկյուն: Հատկապես կարևորվում է սահմանի և անսահմանի հակադրությունը, որով բացատրվում է իրերի առաջացման գործընթացը:  Ամեն մի իր սահմանի և անսահմանի միասնություն է:  Եթե գոյություն ունենար միայն անսահմանը /ապեյրոնը/, ապա իրերն իրարից չէին տարբերվի: Առաջանալով` ամեն մի իր սահմանափակում է անսահմանը: Թվերի և դրանց մաթեմատիկական հարաբերությունների միջոցով պյութագորականները փորձում  էին բացահայտել բնության օրենքները: Նրանք որոնում են ներդաշնակություն, որը հիմնվում է  քանակական հարաբերությունների վրա: Տիեզերական ներդաշնակությունը պայմանավորված է թվով և չափով, համաչափությամբ:
Պյութագորականները օրփեոսականներից փոխառել են մարդու հոգու անմահության և հետմահու տեղափոխության գաղափարը: Նրանք հավատում էին, որ հոգին անմահ է, որ այն վերամարմնավորվում է: Իսկ դրա համար անհրաժեշտ է հոգու կատարելագործում,  կատարսիսի ձգտում, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել աստվածային մակարդակի և միաձուլվել աստվածային հոգու հետ: Կատարսիսին հասնելու միջոց է համարվել  «պյութագորասյան ապրելակերպը» և գիտությունը, մասնավորապես, մաթեմատիկան, որի ստորաբաժանումներից մեկն երաժշտությունն է:
2  դար գոյություն ունենալուց հետո, դպրոցը միաձուլվեց Պլատոնի Ակադեմիայի հետ: 
                                                                       
շարունակելի....