пятница, 19 июля 2013 г.

Դիսկոբոլ (V դար մ.թ.ա.)


Հին գրողները հաճախ են հիշատակում «Դիսկոբոլի» հեղինակի` Միրոնի անունը` թվարկելով նրա քանդակները և համարելով վերջիններս V դարի ստեղծագործական ժառանգության կարևոր հուշակոթող:
Միրոնը ապրել և ստեղծագործել է Աթենքում, եղել է Ագելադի աշակերտը, ում մոտ են սովորել նաև Պոլիկլետը և Ֆիդիասը: Իր մի շարք քանդակներից առավել հայտնի է մերկ պատանու` «Դիսկոբոլի» քանդակը, որը ժամանակակիցներին ապշեցնում էր իր կենսունակությամբ:

Դիսկոբոլը առանց հագուստի է, քանի որ պատկերված է օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկ, իսկ մրցությունների ժամանակ երիտասարդները մերկ էին հանդես գալիս: Ըստ հին հունական ավանդության` մի վազորդ վազելու ընթացքում հանել է հանդերձը և հաղթել` այդպիսով սկիզբ գնելով օլիմպիական խաղերի առանց հագուստի ներկայանալուն:
«Դիսկոբոլը» բրոնզից է, սակայն մեզ հասած հռոմեական կրկնօրինակները մարմարից են: Սկավառակի նետումը Հին Հունաստանում բավականին տարածված մրցության տեսակ էր: Դեռևս արխաիկ ժամանակաշրջանում քանդակագործները ստեղծում էին դիսկոբոլների քանդակներ, սակայն այս արձանները կամ ռելիեֆների կերպարները մեզ չեն հասել: Երիտասարդները հանգիստ կանգնում էին` փոքր-ինչ առաջ դրված աջ ոտքով` հերոս-մարտիկի ավանդական դիրքով: Մարզիկները սակայն այսպիսի կեցվածք էին ընդունում ցանկացած մրցությունից առաջ: Քանդակում միայն սկավառակն է, որ հստակ պատկերացում է տալիս, թե ինչ «մարտի» է պատրաստվում պատանին:
Քանդակի հռոմեական կրկնօրինակը
Քանդակի հռոմեական կրկնօրինակը
Միրոնին լիարժեք հաջողվել է ցույց տալ պատանու շարժումը, ուժերի լարումը: Մարզիկը քանդակված է հենց սկավառակը նետելու պահին: Քանդակն այնքան արտիստիկ է, թեթև, որ գերազանցում է մինչև «Դիսկոբոլը» ստեղծված բոլոր քանդակներին, որոնք նկարագրում էին օլիմպիական խաղերը: Ատլետ հանգիստ է, բայց միևնույն ժամանակ լարված, ինչպես լարվում են ցանկացած մրցությունից, պայքարից առաջ: Նետ ու աղեղ հիշեցնող կեցվածքը արդեն իսկ խոսում է լարման մասին: Ձեռքերի դիրքը, որն էլ ավելի ընդգծված է քանդակի ռակուրսի շնորհիվ, ցույց է տալիս նետման թափը: Մեծ ֆիզիկական լարումը հավասարակշռվում է ներդաշնակ կոմպոզիցիայով:
Հատված մարմարե կրնօրինակից
Հատված մարմարե կրնօրինակից
Դիսկոբոլը քաջության, հոգևոր և ֆիզիկական ուժի մարմնացում է, դինամիկ մի ամբողջություն` կերտված անատոմիական ճշգրտությամբ: Միրոնի քանդակը ոչ միայն պատմում է մի սկավառակ նետողի և մի մրցության մասին, այլև ամբողջացնում է օլիմպիական խաղերը` V դարի արվեստի մեջ տեղափոխելով: Միրոնի ողջ ստեղծագործությունը կապված է իր ժամանակի հետ, իսկ «Դիսկոբոլն» իր արվեստի և արվեստով լեցուն ժամանակաշրջանի համագումարն է, որը ավանդվել է սերունդներին և ներկայացվել որպես դասական քանդակի օրինակ:


Դե եսիմ` Գ. Ն.