понедельник, 8 июля 2013 г.

Մոդիլյանիի մուսան` Ժանն Էբյուտեռն



     Այն, որ Ամադեո Մոդիլյանիի  անունը  շրջապատված է լեգենդներով, զարմանալի չէ: Իր ճակատագրով, իր խառնվածքով, հրապուրող իր անձի անհատականությամբ նա կարծես արդեն ստեղծվել էր դրա համար: Նա ուներ բնատուր նկարչի սիրտ, դրա համար Ամադեո Մոդիլյանիի կյանքը, նրա ճակատագիրը եւ գեղանկարչությունը ներծծված է եղել մեկ իմաստով: Նա ապրում էր ինքն իրենով, իր ժամանակով ու իր արվեստով, ոչինչ չէր անում ցուցադրվելու համար, եւ դա էր պատճառը, որ ամբողջ կյանքում համարյա չճաշակեց հաջողության համը:
Ժանն Էբյուտեռնի  դիմանկարը
    Ամադեո Մոդիլյանիի լավագույն աշխատանքների ստեղծման ժամանակահատվածը 1910-ական թթ. երկրորդ կեսն էր, երբ Եվրոպան ապրում էր այնպիսի հեղաշրջումներ ու ցնցումներ, որպիսին  մինչ այդ վիճակված չէր ապրել. ամբողջ աշխարհը ցնցվել էր Առաջին համաշխարհային պատերազմից, մահը դարձել էր սովորական երեւույթ, իսկ ողբերգությունը՝ համարյա  պարտադրանք: Արվեստը նետել էր շատերին անլուծելի խնդիրների մեջ: Դրանից անմասն չէր մնացել նաեւ մեծ նկարիչը, ում  նույնպես վիճակվել էր  ապրել 20-րդ դարի ցնցումները, ինչպիսին կարող էր ունենալ միայն  նոր դարաշրջանը: Ամադեո Մոդիլյանին սկսեց նկարել դարի 20-ականների սկզբից՝ արվեստում ամենահանդուգն խոսքն ասելու շրջանում: Բայց նա չէր մոտենում «վայրի»-ի հետ եւ չդարձավ կուբիստ, չնայած ընկերություն էր անում  բանաստեղծ Գ. Ապոլիների հետ, եւ երկար ժամանակ անցկանցում էր նշանավոր Ռոտոնդո սրճարանում  Պիկասոյի եւ Լեժեի հետ: Նա չդարձավ նաեւ ֆուտուրիստ, իսկ կրելով Սեզանի ազդեցությունը՝ մեծ ֆրանսիացու գեղանկարչական  փորձերից  ստեղծեց իր սեփական հետեւությունները:
 
Նստած Ժաննը
   Ծնվելով իտալական Լիվոռնո քաղաքում՝ Մոդիլյանին 22 տարեկանում արդեն Փարիզում էր, չնայած ողջ կյանքում պահպանեց  հավատարմությունը  իր սիրելի Տոսկանիայի հանդեպ: Հավատարմությունը ոչ թե կայանում էր նրանում, որ նա հաճախ էր հիշում  իր հայրենի քաղաքը, այլ նրանում, որ ինչպես իր ստեղծագործություններում, այնպես էլ  հենց իր մեջ միշտ ապրում էր Իտալիայի, Վերածննդի, Բոտիչելլիի, 15-րդ դարի վերջին ֆլորենտական վարպետների մասին երազները:  Բայց Մոդիլjանիի՝ ներդաշնակության հասնելու երազանքը այդպես էլ մնաց  միայն երազանք, որովհետեւ դարի ցնցումները  չէին կարող չփոփոխել վերջիններին: Նկարիչը չափազանց հին էր  նրանց համար, ովքեր ձգտում էին բացահայտել  ցանկացած նորը,  նաեւ չափազանց անհասկանալի էր քաղքենիների համար: Դա էլ Մադիլիանիի չգնահատված լինելու պատճառներից էր, բայց եւ այնպես դա էր պատճառը նաեւ այն փառքի, որը ձեռք բերվեց նկարչի մահվանից հետո:
   Նա չէր նկարում բնանկարներ եւ նատյուրմորտներ. ամենանորաձեւ ժանրերը իր ժամանակի նա բացառել էր կարծես իր արվեստում:  Նա նկարում էր դիմանկարներ, եւ կանայք նրա կտավներում ամենից հաճախ խորասուզված էին, իրական կյանքից կարծես առանձնացված իրենց պոետիկ  թախիծով: Ամադեո Մոդիլյանիի դիմանկարներում կարծես ներկա էր ինքը՝ նկարիչը՝ իր պոետիկ հոգով, փափուկ կարեկցությամբ՝ մարդկանց եւ անվստահությամբ՝ վաղվա օրվա նկատմամբ: Բայց բացի նկարչից, այդ կտավներում  ապրում է  պատկերված յուրաքանչյուր կերպարի բնավորությունը: Կարելի է նույնիսկ ասել, որ 20-րդ դդ.  հազվադեպ է  որեւէ մեկին հաջողվել այնպես պատկերել բնանկարային կերպարի բնավորությունը, ինչպես Մոդիլյանիի մոտ:  Նա հաճախ նստեցնում էր իր մոդելներին աթոռին կամ բազմոցին, ձեռքերը դնել տալիս ծնկներին կամ ազդրերին, երբեմն թույլ էր տալիս նայել նկարչին, ինչպես ֆոտոապարատի օբյեկտիվին, եւ ըմկղմում էր նրանց դանդաղկոտ շարժման զգացողությամբ:
    Որպես նկարիչ՝ Ամադեո Մոդիլյանին չէր ուզում ճանաչել ոչ մեկին, բացի մարդուց: Նրան այլեւս ոչինչ չէր հետաքրքրում, ո՛չ ծառեր, ո՛չ զբոսայգի, ո՛չ ծով, ո՛չ արեւ,  ո՛չ երկնագույն մառախլապատ հեռավորությունները:  Դրա փոխարեն նա նկարում էր սրճարանների բազնաքանակ այցելուների, անում էր հարյուրավոր գծանկարներ մեկ օրում, ծածկում էր իր կտավները ծանոթների պատկերներով, նկարում էր հասարակ մարդկանց, բնորդների, երեխաների, արվեստի մարդկանց կամ արվեստով հետաքրքրվողների:
   Դիմանկարի ժանրում Ամադեո Մոդիլյանին  զարգացնում է  իր անընդօրինակելի ստեղծագործական կեցվածքը, իր գեղանկարչական կանոնը: Դա նրա սեփական նկարչական մանիերան էր /կեցվածքը/, որը գտնելուց հետո, նա չփոփոխեց: Նկարիչը միայն զարգացնում եւ խորացնում էր այն, մինչեւ որ չդարձավ անհատական կանոն եւ չգիտակցեց որպես «ճանապարհ», որպես նկարչական գաղափար:  Դիմանկարի գաղափարը  Մոդիլյանին գտավ, երբ նկարեց իր կնոջը՝ երկար վզով:
 
ևս մեկ դիմանկար Ժանն Էբյուտեռնից
   Նրա նկարները բովանդակում են անհամեմատ ավելին, քան դա բացվում է դատարկ հայացքից: Սահուն նայվածքով դիտելու դեպքում ընդգծվում են ընդհանուր տիպիկ դեմքը՝ հաճախակի պատկերված  հարթ դեմքը՝ նշաձեւ աչքեր, թիաձեւ կամ երբեմն թեթեւակի թեքված քիթ,  ոչ մեծ բերան՝ կծկված շրթունքներով, ընդ որում այդ ամենը պատկերված է երկարացված եւ նեղացված՝ երկար վզով կամ լիովին բացակայող վզով, զուսպ կեցվածքով, վերջապես, հնչեղ, վառ, չնայած եւ պարզ գույներով: Բայց ավելի սեւեռուն հայացքի դեպքում Մոդիլյանիի դիմանկարային կտավներում արտահայտված է ավելին: Նրա բոլորր մոդելները օժտված են անհատականությամբ, ընդ որում նկարիչը դրան է հասել արտահայտչամիջոցների մեջ բավականին ժլատությամբ, չնայած կիրառելով հատուկ գեղանկարչական միջոցներ՝ մոդելների գլուխների թեթեւակի թեքվածություն, ձեռքի փոփոխված դիրքով, գծված քթով, ուրվագծված բերանով՝ հեգնական, մռայլ կամ զգայական:
      Այն հանդիմանությունը, թե Մոդիլյանիի բոլոր դիմանկարները «մեկ» դեմքով են, կորցնում է իր  ճշմարտացիությունը, երբ նայում ես Ժանն Էբյուտերի դիմանկարին: Վ. Վիլենկինը՝  Մոդիլայիի մասին իր մենագրությունում հաղորդում է, որ  Ժանն ու Ամադեոն հանդիպել եւ ծանոթացել են 1917թ. հուլիսին կարնավալի ժամանակ: Դրան դժվար է հավատալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում Մոդիլյանիի կերպարը կարծես չի կապվում կառնավալի հետ: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նկարիչը առաջին անգամ տեսել է Ժանն Էբյուտերին  Կոլարոսսիի Ակադեմիայում եւ անմիջապես ուշադրություն է դարձրել շագանակագույն, ծանր, շողշողացող հյուսերով   եւ  գունատ դեմքով աղջկան:
     Շուտով Ժանն Էբյուտեռնը դառնում է նրա կինը եւ կիսում է  նկարչի հետ անկայուն կյանքի  դժվարություններն ու ձախորդությունները:  Կենցաղային դժվարությունների հետ ավելանում էին նաեւ Մոդիլյանիի ստեղծագործական տանջանքները, բայց Ժանն Էբյուտերնը  միշտ նրա հետ էր. անտրտունջ կերպով ընդունում էր դժվարությունները, կարծես դա նրա համար  սովորական էր:
   "Ժանն Էբյուտեռնի դիմանկարը դռան ֆոնին" Մոդիլյանիի վերջին գործերից էր, հնարավոր է՝ ամենավերջինը: Ժաննի մոտ նկատելի են մայրանալու նշաններ: Դիմանկարը նկարելու ժամանակ  իրականում կինը սպասել է իր երկրորդ երեխային: Այդ դիմանկարը համարվում է Մոդիլյանիի լավագույն աշխատանքներից մեկը: Այն պարունակում է  այն, ինչը կոչվում է «մաքուր տոսկանական էլեգանտություն»: Տառապած, բայց համբերատարությամբ իր խաչը տանոջ կինը պատկերված է  տաք եւ կարեկցող մանկական միամտությամբ: Ժանն Էբյուտերի կերպարի ներշնչվածությունը հասնում է անհասանելի բարձրության: Վերջին աշխատանքում Մոդիլյանին ձեւի առումով շատ քիչ է փոփոխություններ կատարել, մենք տեսնում ենք ավելի խորը ներթափանցում մարդկային զգացմունքների, էության մեջ, եւ դա տալիս է նկարին առանձնահատուկ ամբողջականություն:
Ժանն Էբյուտեռնի դիմանկարը դռան ֆոնին
   Ինչպես Ժանն Էբյուտեռնի դիմանկարում է կինը թվում փխրուն, անպաշտպան եւ դատապարտված, այդպիսին եղել է ցանկացած իրավիճակում: Երբ Ամադեո Մոդիլյանին մահանում է հիվանդությունից, նա մենակ մոտենում է իր Ամադեոյի մարմնին եւ երկար  նայում է նրան: Վերադառնալով տուն՝ նա չի լալիս, բայց ամբողջ ժամանակ լռում է:  Լուսադեմին՝ առավոտյան ժամը չորսին, Ժաննը նետվում է վեցերերդ հարկի պատուհանից եւ կնքում մահկանացուն իր երեխայի հետ, որին վիճակված էր մահանալ դեռ չծնված…

Նյուը պատրաստեց Վարդուհի Կարապետյանը