воскресенье, 14 июля 2013 г.

Ապոլոն



Ապոլոնը Հանաստանի հնագույն աստվածներից է։ Նրա պաշտամունքի մեջ պարզորոշ պահպանվել են տոտեմիզմի հետքերը։ Այսպես, օրինակ, Արկադիայում երկրպագում էին Ապոլոնին, որ պատկերվում էր ոչխարի կերպարանքով։ Սկզբում Ապլոնը հոտերի պահապան աստվածն էր: Հետո աստիճանաբար դառնում է լույսի աստված։ Ավելի ուշ, նրան սկսեցին համարել գաղթողների հովանավորը, հիմնադրվող հունական գաղութների հովանավորը, իսկ հետո՝ արվեստի, պոեզիայի ու երաժշտության հովանավորը։ Ահա թե ինչու Մոսկվայի Ակադեմիական մեծ թատրոնի վրա կանգնեցված է Ապոլոնի արձանը՝ քնարը ձեռքին, քառաձի երկանվով սուրալիս։ Բացի այդ, Ապոլոնը դարձավ ապագան կանխատեսող աստված։ Հին աշխարհում հռչակված էր նրա սրբավայրը Դելփիքում, որտեղ քուրմը գուշակություններ էր անում։ Անշուշտ, այդ գաշակությունները սարքում էին Հունաստանի անցուդարձին լավատեղյակ քուրմերը և այնպես էին անում, որ հնարավոր լիներ գուշակությունը մեկնաբանել և՛ մեկ, և՛ մյուս ձևով։ Հնում հայտնի էր Դելփիքում Լիդիայի արքային՝ Կրեսոսին, հայտնված գուշակությունը, երբ նա պատերազմում էր Պարսկաստանի դեմ։ Նրան ասել էին. «Եթե դու անցնես Հալիս գետը, ապա կորստյան կմատնես մի մեծ թագավորություն», բայց թե ո՞ր թագավորությունը՝ իրենը, թե պարսկականը՝ այդ չէր ասված։
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և, վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալիքների վրա:
Երբ Լետոն ոտք դրեց Դելոս՝ ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը` մերկ ու ամայի, առանց նվազագայն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։ Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլոնը և ամենուրեք հորդաց պայծառ լույսի հեղեղը։ Լույսը, որպես ոսկի, ողողեց Դելոսի ժայռերը։ Շուրջբոլորն ամեն ինչ ծաղկեց ու շողշողաց, և՛ մոտակա ժայռերը, և Կինթոս սարը, և՛ հովիտը, և՛ ծովը։ Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբոսիա և նեկտար մատուցելով։ Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր։

 

Ապոլոնի կռիվը Պիթոնի հետ և Դելփիքյան գուշակավայրի հիմնադրումը

Լուսաշող պատանի Ապոլոնը ճախրում է լազուր երկնքում քնարը ձեռքին, արծաթաձույլ աղեղն ուսը գցած։ Ոսկեղեն նետերը զրնգում են նրա կապարճի մեջ։ Հպարտ ու ցնծագին՝ ճախրում է Ապոլոնը երկրից բարձր ու վեր՝ սպառնալով ամենայն չարի, այն ամենին, ինչ խավարի ծնունդ է։ Նա ձգտում է այնտեղ, ուր ապրում էր իր մորը՝ Լետոյին հետապնդող դժխեմ Պիթոնը: Ապոլոնն ուզում է վրեժխնդիր լինել Պիթոնից՝ մորը պատճառած բոլոր չարիքների համար։
Ապոլոնը շուտ հասավ մթամած կիրճը՝ Պիթոնի կացարանը։ Չորսբոլորը վեր էին խոյանում ժայռերը՝ մխրճվելով բարձր երկնքի մեջ։ Խավարն էր թագավորում կիրճում։ Կիրճի խորքով սրընթաց հոսում էր լեռնային հեղեղը՝ փրփուրից ճերմակած, իսկ հեղեղի վրա քուլա-քուլա կուտակվել էին ամպերը։ Դուրս սողաց իր որջից սոսկալի Պիթոնը։ Նրա վիթխարի թեփուկապատ մարմինը ժայռերի միջև գալարվում էր անհամար օղակներով։ Ժայռերն ու սարերը ցնցվում էին նրա մարմնի ծանրությունից ու շարժվամ էին իրենց տեղերից։ Կատաղի Պիթոնը ամեն ինչ ամայացնում էր, մահ էր սփռում շուրջը։ Նրանից սարսափահար փախչում էին հավերժահարսերը և ամենայն կենդանի արարած։ Ելավ Պիթոնը՝ հզոր ու կատաղի, բաց արեց իր սոսկալի երախը և արդեն ուզում էր կլանել ոսկեգանգուր Ապոլոնին։ Այդ պահին լսվեց պրկվող աղեղնալարի զնգոցը, կայծակի պես փայլատակեց անվրեպ ոսկեղեն նետը, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը... Նետերն անձրևի պես թափվում էին Պիթոնի վրա, և նա անշնչացած գետին տապալվեց։ Բարձրագոչ հնչեց Պիթոնին հաղթող ոսկեգանգուր Ապոլոնի ցնծագին հաղթական երգը (պեան) և այդ երգը կրկնեցին նրա քնարի ոսկեղեն լարերը։ Ապոլոնը թողեց Պիթոնի մարմինն այնտեղ, ուր սրբազան Դելփիքն էր և հենց Դելփիքում էլ հիմնադրեց սրբավայր ու գուշակավայր, որպեսզ՚ի այնտեղ կանխագուշակվի իր հոր՝ Զևսի կամքը մարդկանց համար։
 
Դելփիկի ավերակները
Բարձրադիր ափից Ապոլոնը ծովի մեջ հեռու հեռվում նկատեց Կրետեի ծովագնացների նավը։ Դելփինի կերպարանքով նա իրեն կապուտակ ծովը նետեց, հասավ նավին և լուսաշող աստղի պես ծովի ալիքներից թռավ նավախելի վրա։ Ապոլոնը նավը բերեց հասցրեց Կրիսա քաղաքի նավահանգիստը և Կրետեի ծովայիններին, արգավանդ հովտի միջով, իր ոսկեհուռ քնարը նվագելով, տարավ Դելփիք։ Եվ նրանց դարձրեց իր սրբավայրի աոաջին քուրմերը։

Ն. Կունի <<Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները>> գրքից