понедельник, 1 июля 2013 г.

Աշխարհի և աստվածների ծագումը


Ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը: Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը: Ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից` ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները: Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին` Գեան: Լայնատարած է նա, մաենազոր, նա կյանք է տալիս այն ամենին, ինչ որ ապրում և աճում է նրա վրա: Երկրի ընդերքում շատ խոր և հեռու, այնքան հեռու, որքան հեռու է մեզնից անսահման լուսավոր երկինքը, անչափելի խորության մեջ ծնվեց մռայլ Տարտարոսը` ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով: Քաոսից` կենսատու աղբյուրից, ծնվեց նաև հզոր ուժը` ամեն ինչին կենդանություն տվող Սերը` Էրոսը: Սկսվեց աշխարհի ստեղծումը: Անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը` Էրեբոսը, և մութ Գիշերը` Նիքսը: Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` Եթերը, հրճվալից ու պայծառ օրը` Հեմերան: Լույսը հորդեց աշխարհով մեկ, և գիշերն ու ցերեկն սկսեցին հաջորդել իրար:
Հզոր ու բարեշնորհ Երկիրը ծնունդ տվեց անծայրածիր կապուտակ Երկնքին` Ուրանոսին, և տարաշվեց Երկինքը Երկրի վրա: Հպարտությամբ դեպի Երկինք խորացան Երկրի ծնած բարձրագագաթ Լեռները, և տարածվեց հարատև աղմկող Ծովը: Մայր Երկրից են ծնունդ առել Երկինքը, Լեռները և Ծովը. նրանք հայր չունեն:
Ուրանոս-Երկինքը տիրակալ դարձավ աշխարհին: Նա իրեն կնության առավ բարեշնորհ Երկրին: Վեց որդի և վեց դուստր` հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան: Նրանց որդին` տիտան Օվկիանոսը, որ անեզր գետի պես ողողում էր ամբողջ Երկիրը, և աստվածուհի Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը, որոնք ալիք տալով հոսում են դեպի ծով և դեպի ծովային աստվածուհիները` օվկիանուհիները: Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին իրենց զավակներին` Արև-Հելիոսին, Լուսին-Սելենեին և բոսորագույն Արշալույսին` Էոսին (Ավրորա): Աստրեային և Էոսից ծնունդ առան գիշերվա խաղաղ երկնքում վառվող բոլոր աստղերը և բոլոր քամիները. հյուսիսային մոլեգին քամին` Բորեասը, արևելյանը` Էվրոսը, հարավային խոնավ քամին` Նոտոսը և արևմտյան փաղաքուշ քամին` Զեփյուռը, որ անձրևաբեր ամպեր է կուտակում:
Տիտաններից բացի, ամենազոր Երկիրը առաջ բերեց երեք հսկաների` միակնանի կիկլոպներին և լեռան պես վիթխարի, հիսունգլխանի, հարյուրաձեռք երեք հսկաներին (հեկատոնքեյրերին), որոնք այդպես են կոչվում յուրաքանչյուրը հարյուր ձեռք ունենալու պատճառով: Նրանց ահեղ ուժին ոչինչ չի կարող դիմագրավել, նրանց տարերային ուժը սահման չի ճանաչում:
Ատեց Ուրանոսն իր հսկա-զավակներին. Երկրի աստվածուհու ընդերքում կալանեց նրանց խորին խավարում և թույլ չտվեց լույս աշխարհ դուրս գալ: Տառապում էր նրանց մայր Երկիրը: Նրան ճնշում էր իր ընդերքում ամփոփված ահավոր բեռը: Նա իր մոտ կանչեց տիտան զավակներին ու համոզեց ըմբոստանալ հոր` Ուրանոսի դեմ, բայց նրանք վախեցան ձեռք բարձրացնել իրենց հոր վրա: Նրանցից միայն կրտսերը` նենգամիտ Քրոնոսը խորամանկությամբ տապալեց հորը և խլեց նրա իշխանությունը: Գիշեր աստվածուհին, իբրև պատիժ Քրոնոսին, ծնեց մի ամբողջ կույտ սոսկալի աստվածություններ. Թանատոսին-մահ, Էրիսին-պառակտություն, Ապատեին-խաբեություն, Կերերին-ոչնչացում, Հիպնոսին-Քուն` բազում ծանր ու մռայլ երազներով, անողոք Նեմեսիսին-վրեժխնդրություն և շատ ուրիշների: Սոսկում, պառակտություն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն բերին այդ աստվածները աշխարհ, որտեղ հոր գահի վրա տիրակալ դարձավ Քրոնոսը:

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Ն. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գրքից