четверг, 6 июня 2013 г.

Կառավաջո...Վինահարը



Օտտավիո Լեոնի-Կառավաջոյի դիմանկարը
Միքելանջելո Մերիզին` հայտնի Կառավաջո անվամբ, իր անունը ստացել է ծննդավայրի` Միլանին մոտ գնտվող Կառավաջո բնակավայրի անունից: Ապագա հասարակ որմնադիրը  արվեստի հանդեպ իր մոլեգին սիրո պատճառով գնում է Հռոմ զբաղվելու նկարչությամբ: Սկզբնական շրջանում սովորել և աշխատել է այլ նկարիչների գործերի վրա, հետագայում սկսում է ստեղծագործել ինքնուրույն, և շուտով համբերությունն ու աշխատասիրությունը դարձնում են նրան իր ժամանակի խոշորագույն  նկարիչներից մեկը: Չունենալով ուսուցիչներ` Կառավաջոն ձևավորում է իր սեփական ոճը, նրա նկարները աչքի են ընկնում անսանձ էներգիայով, այդպիսին էր նաև նրա կյանքը.  նա  ուներ դյուրագրգիռ բնավորություն, հաճախ էր հայտնվում սկանդալների կենտրոնում, մի քանի անգամ մենամարտել է, սպանել է խաղակցին, ինչից հետո  բանտարկվել է: 
    Կառավաջոյի տաղանդը եղել է համարձակ, բուռն,  անսանձ ուժով լի, չնայած նկարիչը հաճախ է կշտամբվել այն բանի համար, որ փնտրել է ճշմարտություն իդեալականից հեռու: Նա օժտված էր անզուսպ երևակայությամբ և տիրապետում էր գեղանկարչության տեխնիկայի բարձր որակի, նրան խոստանում էին խոշոր ապագա, եթե նա թափանցեր կամ հասու լիներ մինչ իրեն բացահայտված կանոնների մեջ, եթե  չգերադասեր, այսպես կոչված, անախրոնիզմը /ժամանակին ոչ համապատասխան ընկալում/, եթե սնվեր հին ժառանգությունից:
   Այս նկարչին անծանոթ էր հանգստությունը և' կյանքում, և' ստեղծագործությունում: Կառավաջոն համարձակվեց հրաժարվել նրանից, ինչ ստեղծվել էր մինչ նա, ստեղծագործելիս հայացք էր գցում նկարչական ամենամեծ ուսուցչից` բնությունից: Կառավաջոն իր կտավներում <<մտցրեց>>  հասարակ, պարզ մարդկանց` օժտելով նրանց կոպտությամբ ու հիանքանչ գեղեցկությամբ` կյանքի ճշմարտությամբ: Նրան կշտամբում էին այն բանի համար, որ նկարչության մեջ հետևում էր իր սեփական հանճարին` չսնվելով անտիկ մարմարին կենդանություն տված  ոչ մի էտալոնից… Նկարչի առաջին կենսագիրներից մեկը գրել է. <<Երբ նրան ցույց են տալիս Ֆիդիասի ու Գլիկոնայի հայտնի արձանները, որպեսզի նա ուսումասիրի ու օգտվի դրանցից, նա,  մատնանշելով հավաքված բազմությանը, պատասխանում է, որ վարպետին բավարար են  բնավորությունները: Եվ որպես իր խոսքերին ապացույց` կանչում է պատահաբար անցնող գնչուհու, տանում է իր արվեստանոց և սկսում նկարել: Արդյունքում  ստեղծվում է <<Գնչուհին>> կտավը, որի հերոսուհուն Կառավաջոն պատկերել էր ապագան գուշակելով:
   Կառավաջոն 27 տարեկանում ստեղծում է <<Մատթեոս>> -ը, որը ավանդույթների շեղման պատճառով մերժվում է  պատվիրատուների կողմից: Նկարիչը պատկերել էր առաքյալին հասարակ ձկնորսի կերպարանքով: Նրա կտավները այնքան վառ էին ու ապշեցնող, որ հաճախ ցուցադրությունների ժամանակ նրա նկարները ծածկվում  էին մուգ կանաչ մահուդով, որպեսզի այցելուները կարողանային դիտել ցուցահանդեսի մնացած գործերը:
 Կառավաջոն եղել է խոշորագույն ու ինքնուրույն հանճար: Չնայած նրա ստեղծագործությունները ժամանակակիցներից շատերին ապշեցրել են, շատերին էլ թվացել  գռեհիկ, այդուհանդերձ,  նա ունեցել է մի քանի հարուստ ու ազդեցիկ հովանավորներ: Նրանց թվում էր կարդինալ դել Մոնտեն, ում  պատվերով էլ նկարիչն ստեղծում է իր հայտնի <<Վինահարը>> /<<Ջնարահարը>>/: 
Նկարի մյուս անվանումն է <<Վինով աղջիկը>>: Հիմնականում այս կտավի հիմքում հետազոտողները տեսնում են բնավորությունների ուսումնասիրումը:  Դիտողն անգամ կարող է ճանաչել  դեմքը, որը կրկնվում է հեղինակի նկարներում:  Կառավաջոյի մի քանի կտավներում հանդիպում ենք  վինահարի կերպարին` կլորերես, խիտ հոնքերով: Անդրադառնալով կերպարին, պետք է նշել, որ Կառավաջոն դուրս է հանել ամբողջ պատահականությունը, փորձել է առավելապես կենտրոնանալ  հիմնական գաղափարի  վրա: Նկարիչը  կտավում մարմնավորել է իր ամենասիրելի կերպարին ժողովրդի միջից:  Վինահարն ունի լիքը դեմք,  լայն հոնքերի տակ մեծ սև աչքեր, փարթամ շրթունքներ… Սև, անհնազանդ գանգուր մազերը հարդարված են  լայն ժապավենով, ոչ մեծ, գեղեցիկ ձեռքերը  շոշափում են վինի լարերը: Սեղանի վրա դրված է ջութակ, նոտաների բացված տետր, մրգեր, ծաղիկներ` ապակե անոթում: Պատանին լարել է վինը և ամբողջովին կլանված է հնչյուններով, ինչի մասին են խոսում և' գլխի թեքվածությունը, և'  կիսաբաց բերանը, և' անուշադիր հայացքով դիտողին նայող աչքերի արտահայտությունը: Այդ ամենը նկարված է այնքան նրբորեն, այնքան վիրտուոզ,  որ թվում է, թե դիտողն ու ինքը լսում են երաժշտությունը:
   Կտավում պատկերված վինահարը, բացահայտորեն արիստոկրատ չէ, նրա կլորադեմ, առողջ դեմքում կա որոշ կոպտություն, բայց այն մեղմվում է նուրբ մաշկով, աղջկական խոնարհած գլխով, նրբագեղ երկարավուն մատներով, որոնք պատանու կերպարին  հաղորդում են հմայիչ կանացիություն:
Հատված նկարից
  Ինչպես և իր վաղ շրջանի  այլ կտավներում, այստեղ ևս Կառավաջոն չի փոխանցել տարածության խորություն, միայն   ոչնչով չծածկված փայտե սեղանը բաժանում է  պատանուն դիտողից: Կտավում վինահարի ֆիգուրն ու նատյուրմորտը  բավականին մոտեցված են միմյանց, տեղադրված  առաջին պլանում, բայց նեյտրալ /չեզոք/ ֆոն հանդիսացող մթնեցված պատի շնորհիվ պատանին դիտվում է  առանձնապես պարզորոշ:  Վերջինի սպիտակ շապիկի ճոխ ծալքերը ընդգծում են  լայն կուրծքն ու ուսը:  Նույնքան ծավալային է պատկերել Կառավաջոն նաև դիմագծերը`  վարդագույն ամուր այտեր,  հաստ քիթ,  վառ շուրթեր, փոսիկով կզակ: Ուշադիր նայելիս դիտողը կնկատի պատանեկան աչքերի խոնավ սպիտակուցները, շագանակագույն մազերի փայլը,  նուրբ մատների լուսավոր ծայրերը: Տեղադրելով սեղանի վրա տարբեր իրեր` Կառավաջոն խիստ  սահմանազատում է մեկ առարկան մյուսից` ցուցադրելով  վինի  շագանակագույն  փայլը, նոտաների գրքի թերթերի դեղնավուն նրբությունը, լուսավոր-կանաչ պտուղների կլորությունը, ապակե ծաղկամանի թափանցիկությունը …

Կառավաջոյի ապրած ժամանակահատվածում իտալական գեղանկարչությունում  հաճախ շրջանառվող թեմա էր կյանքի ունայնության, մահվան մասին հիշեցումների գաղափարը: Եվ <<Վինահարը>> նկարը ևս որոշ ուսումնասիրողներ մեկնաբանում են որպես  տվյալ գաղափարի կրող, օրինակ կտավում առկա նատյուրմորտը կարելի է վերագրել որպես կյանքի` այդ թվում գեղեցկության, երաժշտության ու այլ արժեքների անցողիկության խորհրդանիշ:  Բազմաթիվ  հետազոտողներ նկարում գտնում են երկվության երանգավորումներ: Որոշները դրանում տեսնում են գեղանկարչական քայլ, երբ նկարիչը փորձում է միտումնավոր բարդացնել ձևը: Մի մասն էլ կարծում է, որ Կառավաջոն փորձել է  <<խոսել>>  ֆիզիկական վերափոխման մասին:
    Չնայած առկա վարկածների բազմազանության` ակնհայտ է մի  փաստ. Կառավաջոն, ում արվեստը հագեցած է լույսուստվերային կոնտրաստներով, բարդ ռակուրսներով, երբեմն ողբերգական ու էքսպրեսիվ երանգներով,  մեծապես նպաստել է 17–րդ դարի իտալական /և ոչ միայն/ արվեստի, առավելապես ռեալիստական ուղղության զարգացմանը: 

Նյութը պատրաստեց  Վարդուհի Կարապետյանը