среда, 26 июня 2013 г.

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Ամենափրկիչը  Ալեքսանդրապոլ-Գյումրու հոգևոր-պաշտամունքային խորհրդանիշն է, քաղաքի գլխավոր եկեղեցին` չնայած այն հանգամանքին, որ  երբեք առաջնորդանիստ չի եղել: Նախկինում եկեղեցուն կից գործել է տղայոց հայկական ծխական դպրոցը, որը քանդվել է խորհրդային տարիներին:[1] Դպրոցից բացի եկեղեցին շրջապատված է եղել խանութներով: «Մշակ» թերթը գրում է, որ  «Ժողովուրդը խնդրել է  վեհափառից այդ եկեղեցու չորս կողմը գտնված պարսպի առաջ խանութներ շինել թույլատրելու համար»:[2] Վեհափառը միանշանակ օժանդակել է քաղաքացիների հայցը, քանի որ պահպանված լուսանկարներից երևում է, որ Ամենափրկիչի բոլոր կողմերում կրպակներ են: Այժմ եկեղեցին կենտրոնական հրապարակի տարածքում է` բնակելի շենքերով և զբոսայգով շրջապատված: 2008թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ Ամենափրկիչի տարածքում դրվեց երկրաշարժի զոհերին նվիրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» մակագրությամբ հուշարձանը (քանդակագործ` Ֆրիդ Սողոյան):


Եկեղեցն նախքան երկրաշարժը. խաչի ամրացումը
    Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվում են Սբ. Նշանի կառուցմանը զուգահեռ, Աբովյան  փողոցի վրա (այժմ` Աբովյան 145): Սբ. Ամենափրկիչը կառուցվել է 1859-1873թթ. քաղաքի բնակչության հանգանակություններով, բավականին երկար ժամանակաշրջանում` 14 տարում: Շինարարական աշխատանքների նման երկար ժամկետն ունի իր բացատրությունը. շինարարության ընթացքում միտումնավոր ընդհատումներ էին արվում, որպեսզի շաղախն արևի տակ ամրանա, իսկ ցուրտ եղանակներին աշխատանքները կանգ էին առնում:[3]
     Եկեղեցու  մասին «Մշակը» գրել է.  «Մոտ ժամանակներս կավարտվի քաղաքիս  նորաշեն եկեղեցու շինարարությունը, որը տասն և չորս տարի շարունակվում է ու մինչեւ հիմա 80000 մանեթից ավելի ծախք է արված։ Նա իր մեծությամբ և գեղեցկությամբ համարվելու է երևելիների կարգը»։[4]

Զավեն Կոշտոյան-Թադևոս Անտիկյան
     Պատմում են, որ եկեղեցու շինարարության համար հավաքված գումարի կեսը նվիրել է Դրամփյանների ընտանիքը այն բանից հետո, երբ Դրմփոնց աղան խոստացել է, որ կկրկնապատկի այն գումարը, որը կհավաքվի ամբողջ քաղաքի բնակիչների ջանքերով: Շինարարությունը իրականցրել են Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց, Անտիկենց Թաթոս) և Պապիկ Կարապետյանը (Բարտաշոյանց)` Արդար Մանուկի (Պետրոսյանց) ղեկավարությամբ:   Անտիկենց Թաթոսի գերեզմանաքարին գրված է, որ այդտեղ հանգչում է Ամենասուրբ եկեղեցու կառուցողը, իսկ Արդար Մանուկի գերեզմանաքարին եղել է հետևյալ մակագրությունը` «Ես եմ ծառայ Ածոյ, ճարտարապետ, եկեղեցիքը շինողն և խչքալները զարդարող վարպետ Մանուկ Պետրոսյանց վ. 1909թ. նոյեմբ. 15-ին»: Եկեղեցին օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Հետագայում  (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են Գորոյանները:[5] Աղբյուրներում պահպանվել են Ամենափրկիչը կառուցող վարպետների մի քանի անուններ ևս` Ուստա Պապո, Հեփոյենց Սահակ, Ավետիք Անտիկյան:[6] Վերջինս կառուցել է եկեղեցու փոքր գավիթը: Եկեղեցին օծվել է Գևորգ 4-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:  Հետագայում  (1892թ.) դրված փառահեղ խաչը եկեղեցուն նվիրել են Գորոյանները:    


Ամենափրկիչի հատակագիծը
       Ժամանակակիցները պատմել են, թե ինչպես է ուստա Թաթոսը երեկոները կառքով գնացել Անի, նայել Մայր տաճարի կառուցվածքին և առավոտյան հետ վերադառնալով` շարունակել Ամենափրկիչի շինարարությունը: Ասում են, Ամենափրկիչը ժամանակին եղել է ոչ միայն Ալեքսանդրապոլի, այլև ողջ Հայաստանի ամենաբարձր եկեղեցին:[7] Ուշադրության են արժանի եկեղեցու ճարտարապետական-գեղարվեստական այն արտահայտչամիջոցները, որոնք վերցված են Անիի Մայր տաճարից: Սրանցից առաջնայինը և աչքի ընկնողը կլոր լուսամուտները եզրափակող վերնասլաց որմնակամարաշարերն են: Նմանօրինակ գեղարվեստական լուծում ունեն նաև Մարմաշենի գլխավոր եկեղեցու պատերը: Սբ. Ամենափրկիչը գմբեթավոր բազիլիկ տիպի շինություն է: Այսպիսին են Գյումրու գրեթե բոլոր եկեղեցիները: Աղոթասրահում դրված սյուները եկեղեցու ներքին տարածությունը բաժանում են երեք մասի:   Ամենափրկչի սև և կարմիր տուֆի համադրությամբ շարված պատերը մշակված են բազմաթիվ հարթաքանդակներով, որոնք պատկերում են հատվածներ Աստվածաշնչից: Զանգակատան կարմիր և սև քարերով հավաքված հարթ առաստաղը ալեքպոլցի վարպետների կողմից կիրառված հետաքրքիր ճարտարապետական լուծումների օրինակ է: Եկեղեցում կիրառելուց առաջ այս տիպի կոնստրուկցիայով Թադևոս Անտիկյանը ծածկել էր իր տան նկուղային սենյակներից մեկը (տունը չի պահպանվել, բայց հնաբնակները հիշում են այն որպես «նավթի պադվըլի տուն»): Եկեղեցու ներքին պատերը և առաստաղը սվաղված էին հատուկ շաղախով, որտեղ կրից բացի օգտագործված էր ուղտի բուրդ: 1882թ. Ձիթողցյանների միջոցներով հյուսիսային ճակատին կից կառուցվել է փոքրիկ գավիթ: Եկեղեցին ունի այս տիպի կառույցներում հազվագյուտ հանդիպող նկուղային հարկ:[8]


Ամենափրկիչը այժմ
     1988թ. աղետը եկեղեցուց թողնում է միայն մեկ պատը: Երկրաշարժից հետո եկեղեցու վերակառուցման նախագիծը մշակել են ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը և կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանը: Շուրջ 25 տարի անց Ամենափրկիչը կրկին ունի իր նախաերկրաշարժյան տեսքը: Այն վեր է հառնում քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում` գերակա դիրք գրավելով քաղաքի ողջ տեսլականում:



[1] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 170-171:
[2] «Մշակ», 1872, №37, էջ 3:
[3] «Ճարտարապետություն և շինարարություն»  ամսագիր. #2 ապրիլ 2006, էջ 27:
[4] http://lraber.asj-oa.am/3202/1/69.pdf. Ս. Ղ. Մաթևոսյան-«Լենինականի հատակագծումը և կառուցապատումը XVIII-XIX դդ»., Լրաբեր հասարակական գիտությունների, N 10, 1972թ., էջ 75:
[5] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ  170:
[6] Նույն տեղում, էջ 286:
[7] http://virtualani.org/gyumri/. Surp Amenaprkich (Church of the Holy Saviour of All) in Gyumri /Leninakan/Alexandropol. վերցված է 2014թ., փետրվարի 18:
[8] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. «Տիգրան Մեծ»  հրատարակչություն, 2009թ., էջ 171: 




Գոհար Նավասարդյան
հատված  դիպլոմային աշխատանքից
թեմա`  «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»