понедельник, 17 июня 2013 г.

Պետո Պողոսյանի "քաղաքանկարները"

Ջրաներկով մարդիկ նկարում էին դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն նրանք չէին էլ գիտակցում, որ նյութը, որը հորինել ու ստացել են պատահաբար, կիրառվելու է նաև հազարավոր տարիներ անց…. Ջրաներկը հեշտությամբ է լուծվում ջրում, ուստի նրանով հեշտ է աշխատելը: Ջրաներկը լայն կիրառում է ստացել Վերածննդի դարաշրջանում: Այս հարմար և մյուսների համեմատ առավել մատչելի նյութով իրենց գլուխգործոցներն են ստեղծել Վերածննդի բոլոր վարպետները:
Գյումրիում ծնված երևանաբնակ արվեստագետ Պետո Պողոսյանը  իր աշխատանքները նկարում է բացառապես ջրաներկով: Արդեն քանի տարի է, ինչ այս արվեստագետն իր ստեղծագործություններն է ներկայացնում բնանկարի, առավելապես քաղաքային տեսարանների ժանրում: Նկարիչը պատկերում է քաղաքի փողոցներ, գեղատեսիլ վայրեր կամ պարզապես արդեն հարազատ դարձած  տեսարաններ....Այն հարցին, թե ինչու է Պետո Պողոսյանը միշտ քաղաքային տեսարաններ նկարում, արվեստագետը պատասխանում է. <<Քաղաքից եմ վերցնում լիցքերս, այն ինձ շատ հարազատ է…>>:
Պետոն  իր նկարների համար նույնիսկ նոր ժանր, նոր անվանում է մտածել. Քաղաքանկարներ: Այո, քանի որ այս արվեստագետը հիմնականում նկարում քաղաքային տեսարաններ, դրանք բնանկարներ չեն, իսկ քաղաքը բնության մի մասնիկն է: Թե հայոց լեզվի տեսանկյունից դիտարկելով, թե պարզապես գաղափարային առումով “քաղաքանկարներ” տերմին մեր խոսակցականի մեջ մտցնել հնարավոր է: <<Մարդիկ թող աստիճանաբար վարժվեն, ժամանակի ընթացքում ականջին հաճելի կլինի>>,-ասում է երիտասարդ արվեստագետը:
Պետոն իր նկարները հիմնականում նկարում է դրսում` այս կերպ զարգացնելով նաև պլեներային ժանրի նկարչությունը Հայաստանում: Նկարների մի մասը ստեղծվում են բնության գրկում, մի մասը արվեստանոցում` նախապես արված լուսանկարներից:
Պետո Պողոսյանը մասնակցել է  մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մասնակացած նախագծերի մեջ առաջնային է 2012 թվականի Շանհայի Ջրաներկի Միջազգային Բիենալեն: Պետոն որպես արվեստագետ ծավալում է ակտիվ ստեղծագործական գործունեություն: Դեկտեմբեր-հունվար ամիսներին նա իր մասնակցությունն է ցուցաբերելու Շենժենի միջազգային բիենալեին: Այս արվեստագետն առանձնանում է իր ինքնատիպ "արվեստով", ներկայացնում է Հայաստանը իր բնապատկերներով, ինչպես հեղինակն է նշում, "քաղաքանկարներով",  պարզհասարակ տեսարաններով` դարձնելով փողոցները հիմնական լեյտմոտիվ, բնանկարն ու ջրաներկը` աշխարհը ճանաչելու միջոց....
Ջրաներկը որպես ներկանյութ զարգացում ապրել, մետամորֆոզների է ենթարկվել տարբեր նկարիչների կողմից, սակայն հիմնական ֆունկցիան մնացել է անփոփոխ` ներկ, որը բացվում է ջրի մեջ… Պետոյի նկարներում ևս ջրաներկն ապրում է իր տրամաբանական զարգացումը, սակայն իր հանդիսատեսին այն արդեն դարձել է սիրելի: Շատերը գիտեն, որ Պետոյի համար ջրաներկը զուտ նկարչական արտահայտչամիջոց չէ…