воскресенье, 16 июня 2013 г.

«Գիլգամեշ» դյուցազնավեպը



    1869թ. հունվարի  17-ին Յուլիս Օպերտը Հնագիտության ու դրամագիտության  ֆրանսիական ընկերության պատմության և ազգագրության բաժանմունքում զեկուցելով սեպագրությունը հնարած ժողովրդի վերաբերյալ` նպատակահարմար  համարեց նրանց անվանել շումերներ, իսկ լեզուն շումերերեն: Իր եզրակացության համար նա հիմք ընդունեց այն իրողությունը, որ Միջագետքում հայտնաբերված հնագույն սեպագրերում հզոր տիրակալները կրում էին «Շումերի ու Աքադի թագավորներ» տիտղոսը: Գիտնականը համոզված էր, որ Ասորեստանի և Բաբելոնի սեմիտական ժողովրդի և նրանց տերության համար կիրառելի է Աքադ անունը, իսկ Շումեր անվանումը վերաբերում է ոչ սեմիտական ժողովրդին և նրանց պետական կազմավորումներին: Հետագա պեղումները Լագաշում և Նիպուրում (Իրաքի ներկա տարածքում) հաստատեցին Ֆրանսիացի գիտնականի կանխադրությունը: Հայտնաբերված հազարավոր սեպագիր պնակիտների մեջ, որոնք հիմնականում ունեին տնտեսական, իրավական, առևտրական, կրոնական բնույթի բովանդակություն, կային նաև շումերական գրականությունը ներկայացնող այնպիսի նմուշներ, որոնք իրենց մտահղացմամբ, արտահայտչաձևերով պարզապես զարմացրեցին գիտնականներին: Դրանց մեջ էին «Գիլգամեշ» դյուցազնավեպի դրվագները, որոնց ստեղծման ակունքները ընկած են մ.թ.ա. III հազարամյակում:
 
Հատված  «Գիլգամեշ» էպոսից
 Գիլգամեշը եղել է  պատմական իրական անձնավորություն: Շումերական անունը` Բիլգա-մես, որը նշանակում է «հերոս-նախնի»: Նա Շումերի Ուրուկ (Արեք) քաղաքի առաջին արքայատոհմի 5-րդ կառավարողն էր (Մ.թ.ա. 27-րդ դարի վերջ, 26-րդ դարի սկիզբ): Ակնհայտ է, որ մահից հետո նա աստվածացվել է: Նրա անունն աստված  գաղափարագրով հանդիպում է մ.թ.ա. 26-րդ դարի սեպագրերում, իսկ Ուրի երրորդ արքայատոհմի «թագավորական ցանկում» նա  արդեն հանդես է գալիս որպես առասպելական անձնավորություն, ով կառավարել է 126 տարի, և նրա հայրը եղել է ոչ մարդկային էակ (լիլա), իսկ էպիկական ստեղծագործություններում նրա հայրը Ուրուկի տիրակալ Լուգալբանդան է, մայրը` Նինսուն դիցուհին:
Մ.թ.ա. II հազարամյակից Գիլգամեշը համարվում էր հանդերձյալ աշխարհի դատավոր, հրեշներից ու չար ուժերից մարդկանց պաշտպան: Սակայն, այնուամենայնիվ, նա էական դեր չխաղաց Միջագետքի պաշտոնական կրոնում, տեղ չգրավեց Շումերին հաջորդող աքադի դիցարանում:
Գիլգամեշի պատկերով ռելիեֆ` Սարգոն 2-րդի պալատից. այժմ գտնվում է Լուվրում
 Մեզ է  հասել Գիլգամեշի մասին շումերական էպիկական հինգ վիպերգ` «Գիլգամեշը և Ագգան», «Գիլգամեշը և անմահների լեռը», «Գիլգամեշը և երկնային ցուլը», «Գիլգամեշը, Էնկիդուն և ստորգետնյա աշխարհում» կամ «Գիլգամեշի մահը»:
Առաջին վիպերգն ամենահամառոտն է մյուսներից: Այն զուրկ է առասպելաբանական գծերից և կարևոր պատմական փաստեր է պարունակում Շումերի քաղաք-պետությունների հարաբերությունների մասին:
Երկրում առաջնային տեղ էր գրավում Քիշ քաղաքը, որը, համաձայն շումերական ավանդության, ջրհեղեղից հետո «թագավորելու իրավունք» էր ստացել վերին ուժերից: Սակայն շուտով մեկ այլ քաղաք-պետություն` Ուրուկը, իր հզորությամբ ու ազդեցությամբ գերազանցում է նրան, և Ագգան` Քիշի արքայատոհմի վերջին ներկայացուցիչը, Ուրուկից հնազանդություն է պահանջում: Ուրուկի ավագներիխորհուրդը («ծերակույտը») նախընտրում է ճանաչել Քիշի գերազանցությունը և խաղաղություն հաստատել, որին ընդդիմանում է Գիլգամեշը` Ուրուկի տիրակալը: Նրա բոցաշունչ ելույթն ուհաղթանակի կոչերը համոզում են ավագներին,  և խորհուրդը անկախություն հայտարարելու և պատերազմ սկսելու որոշում է ընդունում:
Ագգան արշավում է Ուրուկի վրա, բայց, ի վերջո, քաղաքի պարիսպի վրա տեսնելով  հզոր Գիլգամեշին` ընկրկում է, դադարեցնում քաղաքի պաշարումը և ճանաչում Ուրուկի անկախությունը: Պոեմն ավարտվում է Գիլգամեշի գովքով`որպես Ուրուկի փրկիչ:
Երկրորդ էպիկական երգում ասված է, որ Գիլգամեշը վհատված և ճնշված է մահվան մտքից: Նրա հոգին խռովում է, երբ տեսնում է, թե ինչպես է մահանում Ուրուկի բնակիչներից որևէ մեկը, և ինչպես են «անշունչ մարմինները ճոճվում գետի ալիքներում»: Դառնությամբ գիտակցելով, որ ինքն էլ, ինչպես բոլոր մահկանացուները, ուշ թե շուտ վախճանվելու է` վճռում է փառավորել իր անունը: Ուստի, որոշում է մեկնել «Անմահների երկիրը», կտրել այնտեղի նշանավոր մայրի ծառերը և դրանք Ուրուկ բերել: Այդ արկածալի ու վտանգավոր ճանապարհորդությունը, քանի որ անհրաժեշտ էր նաև չեզոքացնելեղանակի յոթ դևերին, Գիլգումեշին միանում են նրա հավատարիմ ծառա Էնկիդուն (այդ հետո դյուցազնավեպի աքադական տարբերակում է Էնկիդուն հանդես է գալիս որպես Գիլգամեշի բարեկամ և համահավասար զինակից) և զինված հիսուն երիտասարդ կամավոր:
Ճանապարհին նրանք հաղթահարում են յոթ լեռ, և միայն վերջինով անցնելիս է Գիլգամեշը գտնում «իր սրտի մայրին» ու այն կտրում: Սակայն այդ արարքը կատաղեցնում է մայրիների պահապան հրեշ Խուվավային (աքադական տարբերակում` Խուբաբա, Խումբաբա): Հրեշը խորը քուն է ուղարկում Գիլգամեշի վրա, որից նա մեծ դժվարությամբ է արթնանում: Այնուհետև Գիլգամեշը շղթայում է հրեշին, իսկ Էնկիդուն սպանում է նրան: Երկու հերոսները Խուվավայի կտրած գլուխը բերում են գերագույն աստված Էնլիլին: Սակայն Էնլիլը հավանականության գնահատական տալու փոխարեն նրանց նզովում է` լեռներով ու հարթավայրերով հավերժ թափառելու անեծքով:
Էպիկական և  հերոսական յուրահատուկ շունչ է թևածում երրորդ վիպերգում, ուր նկարագրված է Ինաննա դիցուհու կողմից Ուրուկի վրա ուղարկված երկնային ցուլի մենամարտը Գիլգամեշի հետ, որն, իհարկե, ավարտվում է առասպելական հերոսի հաղթանակով:
ֆրագմենտ Էպոսը պատկերող ռելիեֆներից
 «Գիլգամեշը, Էնկիդուն և ստորգետնյա աշխարհը» վիպերգում Ինաննան Գիլգամեշից խնդրում է իր այգում աճող խուլուպու (հավանաբար` ուռենի) ծառն ազատել նրա արմատներում բնակվող օձ-վիշապից, գագաթին բույն դրած Իմդուգուդ ( աքադական տարբերակում` Անզուդ արծիվ) թռչունից և ծառի բնում տեղավորված արնախում Լիլիթ ճիվաղից, որոնց պատճառով էլ ծառը տարիներ շարունակ առանց ճյուղերի է և տերևների: Գիլգամեշը կացնով սպանում է օձին: Իմդուգուդ թռչունն այդ տեսնելով` ձագերի հետ հեռանում է , իսկ Լիլիթը փախչում: Հերոսը կտրում է նաև ծառը, որից Ինաննան իր համար գահ և օթյակ էր պատրաստելու: Սակայն ծառի փայտից դիցուհին թմբուկ և փայտիկներ է պատրաստում ու նվիրում Գիլգամեշին: Վերջինս դրանք ավելի շատ օգտագործում է ռազմարշավները հայտարարելու ժամանակ: Եվ քանի որ պատերազմից ու ճակատամարտերից ոչ բոլոր ուրուկցիներն էին ողջ վերադառնում, ապա նրա թմբուկը դարձել էր նզովքի առարկա: Եվ մի օր իսկապես թմբուկն ու փայտիկները գետնի տակ են անցնում: Գիլգամեշն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու համար, բայց` ապարդյուն: Էնկիդուն, իր տիրոջն ուրախացնելու նպատակով, մեկնում է ստորին աշխարհ` կորցրածը ետ բերելու: Սակայն հանդերձյալ աշխարհի ուժերը այլևս նրան չեն թողնում լույս աշխարհ ելնելու: Գիլգամեշը օգնություն է խնդրում իմաստության աստաված` Էնկիից: Վերջինիս հրամանով Ուտու արևի աստվածը բացում է ստորին աշխարհի մուտքը, և Էնկիդուի ուրվականն առաջ է ելնում իր տիրոջը: Գիլգամեշը սկսում է հարցուփորձ անել, թե ինչ է Էնկիդուն տեսել ստորին ոլորտներում: Եվ Էնկիդուն պատմում է  հանդերձյալ աշխարհի դժոխային պայմանների մասին:
Հինգերորդ վիպերգում Գիլգամեշն ինքն է հայտնվում հանդերձյալ աշխարհում, ընծաներ բերում ստորին աշխարհի տիրուհի Էրեշկիգալին և մյուս աստվածություններին:
Գիլգամեշի կերպարն առավել մշակված է աքադական դյուցազնավեպերում:Պահպանվել է էպիկական այդ ստեղծագործության երեք տարբերակ: Ամենահինը գրի է առնվել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին քառորդում:  Առավել լիակատարը վերագրվում է Ուրուկի կախարդ Սինլիկեունիին և գրի է առնվել մ.թ.ա. 7-6 –րդ դարերում:
Դյուցազնավեպի աքադական տարբերակը շատ ավելի ճոխ է, պատումները` իրար կապակցված, գործողությունները` պատճառաբանված, հերոսների խոսքը` իմաստալից ու հյութեղ: Այն առատ է այնպիսի հորինվածքներով, որոնք բացակայում են շումերական վիպերգերում:  Կարելի է կարծել, որ դրանք  հետագայում են ստեղծվել կամ դրանց շումերական  բնագրերը մեզ չեն հասել: Համառոտ ներկայացնենք դրանցից մեկը:
Աստվածների կամոք, որոնք զայրացած էին Խումբաբայի սպանության պատճառով, մահանում է Էնկիդուն (հավանաաբար Գիլգամեշի փոխարեն): Գիլգամեշը ցնցված բարեկամի մահից, առանձնանում է անապատում: Նա թախծում է հավատարիմ ընկերոջ  համար և առաջին անգամ գիտակցում է, որ ինքն էլ է մահկանացու: Գիլգամեշը արևի աստված Շամաշի ստորգետնյա ուղիով անցնում է բնակելի աշխարհը շրջապատող լեռները, այցելում կախարդական քարացած այգին և մահվան ջրերի միջով նավարկում է  դեպի մի կղզի, ուր բնակվում է Ուտնափիշտին` միակ մարդը, ում աստվածները անմահություն էին պարգևել: Գիլգամեշը ցանկանում է իմանալ, թե ինչպես  է նա դրան հասել: Եվ Ուտնափիշտին պատմում է  հետևյալը:  Եփրատի ափին գտնվում էր Շուրուպակ քաղաքը, ուր և ապրում էր բարեպաշտ Ուտնափիշտին: Երբ աստվածները բարկացան մարդկանց վրա, որոշեցին ջրով հեղեղել երկիրը: Ջրային տարերքի և իմաստության աստված Էան այդ մասին հայտնեց Ուտնափիշտիին: Վերջինս  հապշտապ սկսեց նավ-տապան  կառուցել, ապա այնտեղ տեղավորեց արոտավայրերի կենդանիներին, տափաստանի գազաններին, ամեն տեսակի բույսերի սերմեր, իր ընտանիքին ու հարազատներին:
Աստվածների սահմանած ժամկետին սկսում է ջրհեղեղը: Վեց օր ու յոթ գիշեր մոլեգնում է քամին, փոթորիկը, ջուրը ծածկում է ցամաքը: Երբ սկսվում է յոթերորդ օրը, փոթորիկը  դադարում է :Ուտնափիշտիի  նավը խարիսխ է նետում  Նեցիր լեռան կատարին: Ուտնափիշտին սկզբում աղավնի է բաց թողնում, հետո ծիծեռնակ, որոնք վերադառնում են նավ: Այնուհետև ագռավ է բաց թողնում, որը չի վերադառնում: Ուտնափիշտին հասկանում է, որ ջրերը ետ են քաշվել, և ցամաքը հայտնվել է: Ուտնափիշտին ջրով հեղում է կատարում, խնկարկում: Աստվածներն առնելով անուշահոտությունը` հավաքվում են ծիսարանի շուրջը : Երբ երկրի  աստված Էնլիլը տեսնում է Ուտնափիշտիի նավը, մոլեգնում է: «Ոչ մի մարդ  չպետք է փրկվեր: Ուրեմն մեզնից մեկը նրան հայտնել է ջրհեղեղի գաղտնիքը»:  «Այդ Էան է արել»,- ասում է պատերազմի աստվածՆինուրտան: Էային ոչինչ չի մնում, քան արդարանալ գերագույն աստված Էնլիլի առջև. «Ես աստվածների գաղտնիքը  չեմ հայտնել  Ուտնափիշտիին, այլ նրան իմաստուն երազ եմ ուղարկել: Բայց դու ինչպե՞ս, ամենահզոր Էնլիլ, առանց մտացելու ջրհեղեղ արեցիր: Եթե մարդիկ մեղավոր էին, կարելի էր նրանց քանակը պակասեցնել` մարդկանց վրա առյուծ, շնագայլ, սով, կրակ բաց թողնելով: Ինչու՞ ոչնչացնել ամբողջ մարդկությանը»: Լսելով այդ խոսքը`Էնլիլի  բարկությունը փոխվեց   գթության: Նա Ուտնափիշտիին ու իր կնոջև անմահություն պարգևեց և բնակեցրեց գետի ակունքում:
Սակայն Գիլգամեշի համար, ինչպես ասում է Ուտնափիշտին, երկրորդ անգամ աստվածների խորհուրդը չի հավաքվի: Ուտնափիշտիի կինը, կարեկցելով  Գիլգամեշին, ամուսնուն համոզում է նրան ինչ-որ բան նվիրել հրաժեշտի պահին: Եվ  Ուտնափիշտին բացում է հավերժ երիտասարդություն պարգևող ծաղկի գաղտնիքը: Գիլգամեշը մեծ դժվարությամբ ձեռք է բերում  այդ ծաղիկը, բայց չի հասցնում դրանից օգտվել. քանի դեռ մի լճակում նա լողանում է, լճափին թողած ծաղիկը փախցնում է մի օձ և այն կուլ տալով` կաշին փոխում, երիտասարդանում է: Գիլգամեշը ձեռնունայն վերադառնում է Ուրուկ և սփոփանք  գտնում` հիանալով քաղաքի իր կառուցած շրջապարիսպով: Դյուցազնավեպի վերջում ընդգծվում է այն միտքը, որ մարդուն միակ հասանելի անմահությունը հիշողությունն է նրա կատարած  փառավոր գործերի մասին:
ֆրագմենտ Էպոսը պատկերող ռելիեֆներից
 Աքադական դյուցազնավեպը Գիլգամեշի մասին արդեն բանաստեղծական ստեղծագործություն է, որը ոչ միայն իրար շաղկապեց շումերական առանձին ավանդությունները, այլև ստեղծագործությանը  տվեց խորը փիլիսոփայական իմաստ:
1872 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանի աշխատակից Ջորջ Սմիթի ուսումնասիրությունների արդյունքն անսպասելի էր ոչ միայն արևելագետների, պատմաբանների, այլև աստվածաբանների համար: Վերծանելով Միջագետքի հնագույն քաղաքների  տաճարների ու պալատների ավերակներում պեղումներից հայտնաբերված պնակիտների` կավե թրծված սալիկների սեպագիր արձանագրությունները, նա պարզեց, որ  «Աստվածաշնչի պարունակած ճշմարտությունը նախասկզբնային չէ»: Նոյն ունեցել է իր նախորդը` հանձին նախապատմական ջրհեղեղից փրկված Ուտնափիշտի նահապետի:
Նույնիսկ XIX դարի վերջին դարերով եկեղեցու դասական դրույթների  դեմ դուրս գալը մեծ խիզախություն էր պահանջում: Այնուամենայնիվ, հետագա տարիներին նոր հնագիտական տվյալները (հատկապես 1927-I928 թթ. անգլիացի հնագետ Լեոնարդ  Վուլլիի Եփրատի ափին գտնվող Ուր քաղաքի պեղումները) և բանասիրական ուսումնասիրություններն ապացուցեցին, որ Գիլգամեշի  դյուցազնավեպում նկարագրված ամենակործան ջրհեղեղի շումերաաքադական ավանդությունը, սերնդե սերունդ փոխանցվելով, հասել էր Քանան, և հրեա քուրմերն այն  գրի առնելով` որոշակի փոփոխություններով մտցրել էին Հին կտակարանի  պատմությունների մեջ:
Գիլգամեշի մասին դյուցազնավեպը  լայն տարածում է ունեցել ոչ միայն Առաջավոր Ասիայի ժողովուրդների մեջ: Մ.թ.ա. II հազարամյակից  Պաղեստինից և Փոքր Ասիայից  հասել են աքադական պոեմի  հատվածներ, պահպանվել են  նրա որոշ դրվագների խեթերեն և խուռիերեն թարգմանությունները: Այն մեծ ազդեցություն է թողել հունահռոմեկան վիպերգական բանաստեղծության վրա:
Բնականաբար, «Գիլգամեշյան» ազդեցության գոտին չէր կարող շրջանցել Հայկական լեռնաշխարհը: Արմավիրի I985-I986 թթ. պեղումներից հատնաբերվեց երեք սեպագիր  պնակիտ: Ինչպես Ի.Դյակոնովը և Ն. Յանկովսկայան պարզեցին, դրանք գրված են սեպագիր էլամերենով և մի դրվագ են Գիլգամեշի դյուցազնավեպից , որը նախատեսված է եղել  թատերական ներկայացումների համար: Շումերա-աքադական դյուցազնավեպի բազմաթիվ դրվագներ արտացոլված են նաև հայկական բանահյուսական առանձին նմուշներով` հեքիաթներ, ավանդություններ: Որքան էլ դրանց վերնագրի «թափառող պատումների» գործոնը, այնուամենայնիվ, նախաաղբյուրը հայտնի է, իսկ նմանությունն ակնառու է, օրինակ` անմահական ծաղիկի և այն կուլ տվող, երիտասարդացող օձի դրվագը:
Բանասիրական գիտ. թեկնածու  Արտակ Վարդանյանը հետաքրքիր մի բացահայտում է արել` ուսումնասիրելով Վայոց ձորի միջնաբարբառը: Այդ բարբառի բառապաշարում մինչև այժմ պահպանվել է հնագույն մի փոխառություն` խըմբաբա  բուսանունը, որը տրվել է խատուտիկին: Նա գրում է. «Բուսանունն ամենայն հավանականությամբ ուղղակիորն բխում է շումերական  «Գիլգամեշ» դյուցազներգության Խումբաբա հրեշի անունից: Դա են հաստատում խատուտիկ բուսանվան հայ բարբառներում առկա բազմաթիվ հնագույն տարբերակները` խըտուտ, խըպուպ, խապուպիկ, խապըպուկ, բուբու, պուպու և վերջապես խռովածքում առկա խըմբաբա կամ խըմբաբաբա ձևը, որն ավելի հարազատորեն է  պահպանել հնագույն ձևը: Որ  խըմբաբան պատահական նմանություն չունի Խումբաբային հետ, հաստատում են այդ բուսանվան ժողովրդական մյուս  տարբերակները` սատանի ճրագը և ակլատիզը: Երկուսն էլ հուշում են խատուտիկի հրեշային-պաշտամունքային ծագումը: Առաջինի հրեշային իմաստը ակնհայտ է, իսկ երկրորդը Մեծ պահքի հովանավոր Ակլատիզ հրեշի անունն է»:
Որոշ հետազոտողներ էլ Ուտնափիշտիին հանդիպելու և անմահության ձեռք բերելու նպատակով  Գիլգամեշի  կատարած ճամփորդական դեգերումները կապում են Հայկական լեռնաշխարհի կատարած նրա ենթադրյալ այցելության հետ:


Օգտագործված գրականության ցանկ

1.      Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, երևան , 2004
2.      Самюель Крамер, Шумеры, Москва, 2010
3.      А. Немировский, Мифы и легенды Древнего Востока,Ростов на Донy,2000
4.      А. Овчинникова, Легенды и мифы Древнего Востока,Ростов на Дону,2006
5.      А.Лапин, А.Белов, Глинянне книги, Ленинград, 1956
6.      Мифы народов мира, I том, Москва, 1991


Դիլանյան Զարուհի
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին, մագստրատուրա 1-ին կուրս