воскресенье, 28 апреля 2013 г.

Քսիլոգրաֆիա.փայտափորագրություն




Ի՞նչ է գրավյուրանտպագրություն թղթի վրա, որը ստացվում է որոշակի պրոցեսի արդյունքում: Այսպիսին է գրավյուրայի ամենապարզ բնորոշումը տեխնիկական տեսանկյունից: Սակայն, ի հակառակ այս պարզ բնորոշման, գրավյուրան ունի տարբեր տեսակներ ու ենթատեսակներ: Գրավյուրայի  ողջ պատմության ընթացքում ձևավորվում, կիրառվում և հետ են մղվում են բազմաթիվ տեխնիկաներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է նախորդից` վերջինիս հետ փոխկապակցված լինելով հանդերձ: Ինչու՞ գրավյուրան ունի այսքան տարատեսակներ և արդյո՞ք անհրաժեշտ էր արվեստի այս ձևի նմանօրինակ բազմազանությունը: Սա բացահայտելու համար նախ հարկավոր է պարզել, թե ինչով է գրավյուրան առանձնահատուկ և ինչով է տարբերվում արվեստի մյուս տեսակներից



Ի տարբերություն գրաֆիկայի կամ գեղանկարչության` գրավյուրան երբեք խնդիր չի ունեցել ցույց տալ նկարչի ապրումները, այն հոգեվիճակը, որի մեջ է նա նկարը ստեղծելիս: Խնդիր չի ունեցել շեշտը դնել հստակ գծի վրա, քանի որ գրավյուրայի խնդիրը փորագրելու մեջ է: Գրավյուրան զգացմունքային, հոգևոր աշխարհի ընկալման փոխարեն պահանջում է գաղափար, մտածելակերպ: Մյուս կարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիտողը կարող է ձեռքը վերցնել գրավյուրան, ուսումնասիրել այն` ի տարբերություն մեծ չափերով կտավներիԳրավյուրան արվեստի մյուս ձևերը ներկայացնող նմուշների նման միանգամից չի  ենթարկվում ընկալումներին: Այն հարկավոր է «կարդալ» շտրիխը շտրիխի, գիծը գծի հետևից: Միայն այս դեպքում է նկարչի, փորագրողի և տպագրողի /կամ միայն նկարչի` ավտոգրավյուրայի դեպքում/ աշխատանքը հասկանալի դառնում դիտողին: Եթե պորտրետ, կամ ցանկացած այլ ժանրի ստեղծագործություն դիտելիս այն առավելապես աչքի է ընկնում «համոզելու» իր հատկությամբ, և կամ-կամ սկզբունքով նկարը կարող է դուր գալ կամ չգալ, ապա փորագրության ընկալումը պայմանական է. այն իր մեջ ներառում է ամեն ինչ` գիծ, շտրիխ, ծավալ, նաև գույն: Կարելի է ասել` նկարչությունը պատկերում է, արտացոլում, փորագրությունը` պատկերում նկարչության արդեն պատկերածը: Պատկերը, որը ստացվելու է տպելու արդյունքում, արտացոլված է կրկնակի, նույնիսկ եռակի. բնորդից կամ բնությունից /պատկերվող առարկան անկախ բնույթից/ թղթի վրա, թղթից` փայտի կամ մետաղի վրա, որոնցից դարձյալ թղթի վրա` արդեն տպված վիճակում: Այսպիսի բազմազանությունը պահանջում է տարբեր լուծումներ, տարբեր փորձեր, որոնց արդյունքում գրավյուրան հղկվում է, զարգանում` ենթարկվելով տարբեր փոխակերպումների: Մի խոսքով, ստացվում է որ նկարչության մեջ գրեթե միշտ կարևոր է արդյունքը /Ջ. Փոլլոքի մոտ կարևոր էր պրոցեսը/, իսկ փորագրության մեջ` պրոցեսը: Հենց այս պատճառով է գրավյուրան կարևորում տեխնիկաների բազմազանությունը. չէ՞ որ դիտողի համար կարևոր չեն գեղանկարչի օգտագործած նյութերն ու տեխնիկաները /յուղաներկ, գուաշ, պաստել և այլն/, կարևորը ստացված արդյունքն է, նկարի համոզիչ լինելը: Փորագրության հարցում խնդիրը փոքր-ինչ այլ է: Տեխնիկան, որով արվում է փորագրությունը, հետաքրքրում է դիտողին, ավելին` տեխնիկան է հետաքրքիր դարձնում փորագրությունը: Գրավյուրայի պատմությունը պայմանականորեն կարող ենք ներկայացնել որպես տարբեր տեխնիկաների հերթափոխ, վերածնունդ և հակամարտություն: Շարունակ ծնվում են նոր տեխնիկաներ, սակայն հինը չի զիջում իր դիրքերը: Հայտնի են փորագրության ավելի քան տասը տեխնիկաներ /չհաշված էստամպի տեսակները/: Անդրադառնանք այդ տեխնիկաներին առանձին-առանձին` դիտարկելով դրանք մեկ ընդհանուր երևույթի` «արվեստ» կոչվածի, ապա նոր միայն` գրավյուրայի սահմաններում:
Մհեր Աբեղյան-Ճանապարհին
Քսիլոգրաֆիան կամ փայտափորագրությունը  /հին հուն.` ξύλον –ծառ և γράφω-գրում եմ, նկարում եմ/ տպագրական գրաֆիկայի ամենահին տարատեսակն է, իրենից ներկայացնում է փորագրություն ծառի փայտի վրա: Չինական գրականության մեջ փայտե տախտակներից առաջին տպագրական պատկերների ստացումը վերագրվում է 6-րդ դարին: Պահպանված չինական գրավյուրաներից ամենահինը ստեղծվել է 9-րդ դարում: Առավել հին պատմություն ունեն տախտակներից տպված տեքստերը: Ճապոնիայում հայտնաբերվել է բուդդայական տեքստի հատված` թվագրված 8-րդ դարի 60-ական թվականներով: Քսիլոգրաֆիան ի հայտ է եկել Չինաստանում 10-րդ դարից ոչ ուշ: Այս շրջանից պահպանված փորագրություններից է Վան Չիի գրավյուրան /868թ./, որն այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում: Այն իրենից ներկայացնում է ծնողներին նվիրված գիրք: Ճապոնիա քսիլոգրաֆիան ներթափանցում է Չինաստանից` բուդդայականության տարածմանը զուգընթաց: Փորագրվում էին բուդդայական աստվածների պատկերները, օրենքներն ու պատվիրանները: Գնալով քսիլոգրաֆիան մեծ տարածում է գտնում, սակայն իր վերելքի գագաթնակետին է հասնում  13-15-րդ դարերում: Հիմնական տեղեկություններ մեզ հասել են ճապոնական աղբյուրներից, ինչից ելնելով փորձել եմ տալ քսիլոգրաֆիայի ընդհանուր բնութագիրը:


Գունավոր փայտափորագրության պատրաստմանը մասնակցում էին նկարիչը, փորագրողը և տպագրողը: Հիմքը հանդիսանում էր նկարչի արած նկարը, որն արվում էր սև տուշով` բարակ թղթի վրա /ճապ.` սիտա-է/: Ապա շտկվում էր նկարի կոմպոզիցիոն դասավորվածությունը: Տախտակի /ռուս.` доска, ճապ.` օմոխան// պատրաստման աշխատանքներն իր վրա էր վերցնում փորագրողը: Փորագրիչները բաժանվում էին երեք խմբի` բարձր դասի վարպետներ, ովքեր աշխատում էին դիմագծերի, սանրվածքների և այլ մանրուքների վրա, միջին դասի վարպետներ, ովքեր աշխատում էին համեմատաբար հեշտ դետալների վրա /հագուստ, մարմնի մասեր/ և ենթավարպետներ, ովքեր մեկ աստիճանով էին բարձր աշակերտներիցՆկարչի արած նկարը փակցվում էր տախտակի վրա: Նկարի բոլոր գծերը երևում էին  հայելային արտացոլման միջոցով: Փորագրողը հատուկ սուր դանակով անցնում էր գծերի վրայով: Արդյունքում տախտակի վրա «գծվում էր» նկարը: Այն մասերը, որոնք ներկվելու էին ուրիշ գույնով կամ ընդհանրապես չէին ներկվելու, խորությամբ փորվում էին ավելի հաստ շեղբով դանակով: Փորագրողի գծած գծերն հետագայում ուղղորդելու էին նկարչին: Խորը փորված հատվածները նկարչին հուշելու էին, որ տվյալ հատվածը հարկավոր  է ներկել ուրիշ գույնով: Գլխավոր տախտակից հետո անցնում են երկրորդական տախտակներին /ճապ.` կյոոգոսուրի/, որոնք հանդիսանում են գունավոր քսիլոգրաֆիայի պարտադիր բաղկացուցիչ մաս: Այս  պրոցեսից հետո առանձին տախտակները տարվում են տպագրողի մոտ:
Քսիլոգրաֆիայի վերաբերյալ տեղեկություններ են հասել հիմնականում ճապոնական աղբյուրներից: Ճապոնական գրավյուրան /ուկիյո-է/ միշտ իր բարձրակետին էր: Այն ուներ տասնյակից ավելի  տեսակներ` բիձին-գա /գեղեցիկ կանայք/, յակուսյա-է /թատրոնի դերասաններ/, սյունգա /էրոտիկ գրավյուրաներ/, կատյո /թռչուններ/, ֆուկեյ-գա /բնանկարներ/, մուսյա-է /սամուրայներ/, սումո-է /ըմբշամարտիկներ/, գենձի-է /«Գենձի մոնոգատարի» վեպի կերպարներ/ և այլն:
Գրիգորի Աղասյան-Այղր լիճը
Հատուկ նշանակություն ուներ ճապոնական թուղթը` վասին: Այն ավելի հաստ էր նախնական նկարն իր վրա կրող թղթից: Բաղադրության մեջ մտնում էին հատուկ նյութերից պատրաստված կտորը, փոքրիկ մանրեցված խխունջները, որոնք հաղորդում էին թղթին լրացուցիչ ճերմակություն: Եթե գրավյուրան կատարվում էր հատուկ պատվերով, ապա թուղթն ընտրվում էր բարձր որակի, որի մեջ կտորի բաղադրությունը հասնում էր 100%-ի: Հասարակ գրավյուրաները տպագրվում էին ավելի էժանագին թղթի վրա: Հնում քսիլոգրաֆիան արվում էր հիմնականում վաճառքի համար: Նախնական տպագրվում էր 200 օրինակ, հետագայում, լավ վաճառքից ու պահանջարկից կախված, քանակն ավելանում էր: Իհարկե, քսիլոգրաֆիայի, ինչպես նաև գրավյուրայի մյուս տեխնիկաների մեջ կարևոր ու առաջնային է համարվում նախնական գծանկարը, որի հաջողված լինելը արդեն իսկ գրավյուրայի ստացված լինելու երաշխիք է:
Տարբեր ժամանակներում քսիլոգրաֆիայի տեխնիկաներով են աշխատել մեծ նկարիչներ Ա. ԴյուրերըԽորհրդավոր ընթրիքը». նկ. 3/, Հանս Հոլբայն ԿրտսերըՄահվան կերպարները» շարքը/, Ռուսաստանում` Ի. Ն. Պավլովը, Ա. Ի. Կրավչենկոն և այլ նկարիչներ:  Հայաստանում այս տեխնիկան զարգացման են հասցրել Հակոբ ԿոջոյանըԼենինականի երկրաշարժից հետո». նկ. 4/, Գաբրիել Գյուրջյանը  /«Ղարաքիլիսա»/, Հարություն ՇամշինյանըՈրսորդ»/, Զավեն ՀովսեփյանըԱնուշ» պոեմի նկարազարդում/, Վարդգես ՍուրենյանցըԷքսլիբրիս»/[1] և այլք:
Հայկական գրքի ձևավորման արվեստում և մեծ դեր է խաղացել փայտափորագրությունը: Առաջին հայ տպագիր գիրքը, որը 1512թ. լույս է ընծայել Հակոբ Մեղապարտը, արդեն իր էջերում փորագրություններ ուներ[2]: Գարեգին Լևոնյանը Հակոբ Մեղապարտի «Պարզատոմար» գրքի մասին գրում է, որ այն ունի գլխազարդեր, ծաղկանկար գլխագրեր և յուրաքանչյուր էջի վերևում մի ժապավենաձև շրջանակ: Այդ բոլորն արված են քսիլոգրաֆիայի տեխնիկայովՀայկական փայտարվեստի բնագավառում աշխատող նկարիչներ շատ են եղել: Օրինակ` Գրիգոր Մարզվանցին 1684թ. փորագրում է նոր կաղապարներ, ձուլում տառեր: Վենետիկում, Հռոմում, Ամստերդամում, կալկաթայում, Պոլսում և այլ հայաբնակ վայրերում կային մի շարք հայ փորագրիչ նկարիչներ` Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիք, փայտի վրա փորագրող Հարությունը և այլոք[3]:
  

[1] www.gallery.am /hy/database/.
[2] Ա. Պ. ՄամաջանյանՓորագրանկարչություն.Տեսակներն ու աշխատաձևերը», էջ 6 /»Լույս հրատարակչություն, 1987/:
[3] Գ. ԼևոնյանՀայ գիրքը և տպագրության արվեստը», էջ 118, Երևան 1958:


շարունակելի... 
հատված կուրսային աշխատանքից
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս

կարդացեք նաև՝  Փորագրության գաղափարախոսությունը
Փորագրություն մետաղի վրա

Օֆորտը և իր տեխնիկաները
Գրավյուրայի պատմությունից
Լինոգրավյուրա և լիթոգրաֆիա