понедельник, 22 апреля 2013 г.

Ժորժ Դյումենիլ դե Լատուր /1593-1652/


    17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկիզբ եվրոպական արվեստում տարածում է գտնում կլասիցիզմի ոճը, որն անդրադարձ էր անտիկ արվեստի ֆորմաներին և ներկայացնում էր դրանք որպես իդեալական, էսթետիկ և դասական օրինակ: Հիմնական զարգացում կլասիցիզմն ապրում է Ֆրանսիայում, 17-րդ դարում: Նրա հիմքում ընկած է ռացիոնալիստական փիլիսոփայությունը: Կլասիցիզմի ճարտարապետության մեջ գլխավոր դերը պատկանում է օրդերին, որի վրա  հիմնվում էր շինությունը: Գրականության մեջ զգացմունքայնությունը մղված էր հետին պլան, առաջին տեղում բանականությունն էր: Նույնպիսի նկարագիր ունի նաև կլասիցիզմն արտահայտող գեղանկարչությունը, որն արտացոլվել է ժամանակի խոշոր արվեստագետների գործերում: Կլասիցիզմի վառ ներկայացուցիչներից է Ժորժ Դյումենիլ դե Լատուրը /Ջորջ դե Լա Տուր/ /1593-1652թթ./ 17-րդ դարի ֆրանսիացի  հայտնի նկարիչներից է, լոթարինգյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Նա աչքի է ընկնում իր անհատական ստեղծագործական մտքով, հետաքրքիր թեմաներով և խիստ երկրաչափական կոմպոզիցիաներով: Լատուրի արվեստն առանձնահատուկ է գունաշարով, ֆորմաների պլաստիկ հավաքվածությամբ, կարմիր-շագանակագույն տոներով, որոնք հասարակ կենցաղային տեսարաններին ոգեղենություն և էմոցիաներ են հաղորդում:

     Վճարում /վաշխառուի մոտ/
 Լատուրը ծնվել է Նանսիի մոտ գտնվող Վիկ-սյուր-Սեյ փոքրիկ բնակավայրում, հացթուխի ընտանիքում: Սովորել է Նանսիում, հավանաբար Ժ. Բելլանժի արվեստանոցում: 1617թ. ամունանում է Դիանա Լե Ներֆի հետ և հաստատվում Լյունևիլում: Ունեցել է 9 երեխաներ, որոցից երեքն են ողջ մնացել: Լատուրի ստեղծագործական սկիզբը բավականին հաջող էր: 1623-1624թթ. նա Հենրիխ 2-րդի համար նկարում է երկու նկար և այդ ժամանակից ձեռք է բերում մեծ հարգանք: Լատուրի մահվանից հետո նրա ստեղծագործությունները մոռացության են մատնվում. տաղանդավոր նկարչի անունը վերածնվում է միայն 1940-ական թթ.: Լյուևիլի հրդեհից հետո նկարչի կտավներն այրվում են, նրա մասին տեղեկություններն անհետանում են, գործերից քչերն են փրկվում: Նրա ստեղծագործություններից հստակ թվագրված են միայն երկուսը: Լատուրի ստեղծագործությունը կարելի է բաժանել երկու շրջանների` ցերեկային /մինչև 1640թ./ և գիշերային /1640թ. հետո/: 

                 Հովիվների երկրպագությունը
   Լատուրը նկարել է տարբերով ժանրերով, տարբեր թեմաներով, սակայն գերակշռում են Աստվածաշնչյան թեմայով արված ստեղծագործությունները: Կրոնական թեմայով արված կտավներն ունեն տարբեր բովանդակություններ: Նկարիչն անդրադարձել է ինչպես Հին և Նոր կտակարաններին, այնպես էլ անստույգ, ոչ հավաստի տեղեկություններին: Ոչ ստույգ աղբյուրներում Լատուրին հետաքրքրում էին հիմնականում Աստվածամոր և Հիսուսի մանկությանը վերաբերող տեղեկությունները: Այս թեմայով արված գործերն առաջին հայացքից պարզ են, պրիմիտիվ. փոքրիկ Հիսուսը, մոմը ձեռքին, լուսավորում է սենյակը` Հովսեփին օգնելու համար /«Հյուսն Հովսեփը»/, երիտասարդ Մարիամը մոմով կանգնած է իր մոր` Աննայի դիմաց, ով գիրք է կարդում  նրա համար /«Աստվածամոր դաստիարակությունը»/:
Քրիստոսը Հովսեփի հյուսնի կրպակում
      Գիշերային կտավների մեջ առանձնանում է Մարիամ Մագթաղինացուն նվիրված  շարքը: Սա կազմված է 3 կտավներից, որոնցից յուրաքանչյուրն ինչքան էլ նման, այնուամենայնիվ տարբեր են միմյանցից: Մագթաղինացու կերպարը 17-րդ դարի պանթեոնի ամենավիճելի կերպարներից է, 1634-1644թթ. նրանով տարվում է նաև Լատուրը: Նկարներից մեկում /«Մագթաղինացին հայելու մեջ արտացոլված մոմով»/ պատկերված է այն տեսարանը, երբ Մարիամը նստած է հայլեու առջև, մտածում է քրիստոնեության մասին: Հայելու մեջ երևում է մոմի արտացոլանքը, աղոտ լույսը լուսավորում  է Մարիամի դեմքը: Մեջքը ծածկում են երկար մազերը, որոնցով նա լվանալու է Քրիստոսի ոտքերը: 

    Մագթաղինացին հայելու մեջ արտացոլված մոմով
   Նկարն ասես կազմված լինի միայն լույսից և ստվերից, ինչը խորհրդավորություն է հաղորդում ստեղծագործությանը: Լռությունն ու մելանխոլիան ստեղծում են միստիկ տպավորություն: Լատուրի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում գունային հակադրությունները: Կարմիրի և սպիտակի կոնտրաստը բավականին աչքի ընկնող է, անցումն արված է նկատելիորեն, սակայն ոչ կտրուկ: Գույնին հաջորդում է լույսը և միանգամից ստվերը: Կտավի կոմպոզիցիոն կենտրոնում հայելին է և քանի որ այն ինչ-որ չափով կնոջ խորհրդանիշ է, ապա նկարը կարելի է համարել կնոջ բնույթի նկարագրություն: Մարիամն ինքնագոհ է, հիացած իր գեղեցկությամբ: Մոմը, որը կյանքի արագ ընթացքի խորհուրդն ունի, այս դեպքում մարմնավորում է հավատի լույսը: 

   Մարիամը լուսամփոփի կողքին

         Կնոջ ձեռքի գանգը նույնացվում է մահվան հետ, այն ցույց է տալիս կյանքի անցողիկությունը: Գանգը Մագթաղինացու ծնկներին է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է հեշտությամբ ընդունել մահը: Այս կտավին հաջորդում են մյուսները: «Մարիամը Լուսամփոփի կողքին» կտավում հերոսուհին նստած է գրքերի կողքին: Դրանք, ամենայն հավանականությամբ, Ավետարաններն են: Շարքը եզրափակվում է «Մարիամ Մագթաղինացու զղջումը» նկարով, որտեղ գանգը ծածկում է մոմի լույսը` վերջինիս փոխարեն արտացոլվելով հայելու մեջ: Սա հատկապես աչքի է ընկնում իր լուսավորությամբ: Բնորդուհու գլուխը թեքված է այնպես, որ մոմի լույսը միանգամից ընկնում է նրա դեմքին: Երեք կտավներում էլ Մարիամը պատկերված է պրոֆիլից, երեքում էլ մահվան խորհրդանիշն ունի իր ուրույն տեղը` միշտ տարբեր, բայց նկատելի: Լատուրը տարբերվում է բոլոր նկարիչներից առավելապես մեկ բնորոշմամբ` մոմ կամ ջահ, որը լուսավորում է ողջ կոմպոզիցիան` հաղորդելով մթության, գիշերվա խորհրդավորությունը, հույզերն ու տանջանքները: Գիշերվա աղոթքը խորհրդանշում է ցերեկվա կուսավոր, հաճույքներով լի կյանքից հրաժարում, օրվա ընթացքում գործած մեղքերի ապաշխարում: Գիշերվա շարքը նկարների կոմպոզիցիան դարձնում է բաց, դիտողի հայացքը չի հենվում միայն մի կետի վրա: Յուրաքանչյուր հատված նկարված է հավասարապես: Կտավը հավաքված է, ֆիգուրները` ամբողջացած:
   
  Զղջացող Մարիամ Մագթաղինացին
       Լատուրի ստեղծագործություններում զգացվում է Կարավաջոյի ազդեցությունը: Առաջին հերթին այն զգացնել է տալիս լույսը, որը սառն է, ընդամենը մեկ աղբյուրից եկող: Նմանություն կա նաև Աստվածաշնչյան թեմաների մեկնության հարցում. Դրանք ներկայացված են ռեալիստիկան բանալիով, մոտ են կենցաղային ժանրին և սյուժեին տեղյակ չլինելու դեպքում դժվար է դրանք տարբերել հասարակ կենցաղային տեսարանից: Լատուրի կերպարները հասարակ մարդիկ են, աղքատներ և գյուղացիներ: Առաքյալներն ու սրբերը ներկայացված են որպես ժամանակակից մարդիկ, պարզ կերպարներ: Նա ասես համադրում է անհամատեղելին` իրականը և միստիկը: Գուշակությունների և խաղաթղթերի սյուժեների ընտրությունը ևս հիշեցնում է Կարավաջոյին: 
        Գուշակություն
   Լատուրի նկարների հերոսները հիմնականում պատկերված են չեզոք ֆոնին, մեծ չափերով են, առաջին պլանում և զբաղեցնում են նկարի ողջ հարթությունը, ինչպես Կարավաջոյի հետևորդների մոտ: Սակայն, չնայած այս ամենին, Լատուրն ունի իրեն բնորոշ գծերը: Նրան խորթ են մանիերիստական երևակայությունը, Նանսիի արիստոկրատների կերպարները, ինչպես նաև թատերական տեսարանները, շարժումը և ռոկոկոյի գաղափարախոսությունը: «Գուշակություն» ստեղծագործությունը Լատուրի առաջին բազմաֆիգուր կոմպոզիցիաներից է: Կերպարները հավաքված են մեկ ընդհանուր իրադարձության շուրջ, նրանք հայացքներով և ժեստերով կապված են մեկը մյուսին: Այս կերպ նկարի կոմպոզիցիան համարվում է եզակի: Առհասարակ, Լատուրի բոլոր բազմաֆիգուր կոմպոզիցիաները եզակի են: Այսպիսին է նաև «Կարմիր մեկնոցով խաղամոլը» կտավը, որը առանձնանում է Լատուրի ստեղծագործությունների մեջ:

     Կարմիր մեկնոցով խաղամոլը
       Յուրահատուկ հետաքրքրություն են առաջացնում կերպարների խորամանկ աչքերը: Դրանք խոսում են այն մասին, որ նրանցից և ոչ մեկը չի առանձնանում իր անկեղծությամբ: Նկարի գունաշարն առավել արտահայտիչ են դարձնում գունային կոնտրաստները: Չնայած նկարը պատկանում է  բարոկկոյի դարաշրջանին, այնուամենայնիվ, րոշ դետալներ վերցված են Վերածննդից: Նստած կնոջ դիմագծերը հիշեցնում են Պիերո դելլա Ֆրանչեսկայի Հերոսներին: Բարոկկոյ բոլոր նկարիչները շատ էին ճանապարհորդում, սակայն Լատուրը երբեք դուրս չեկավ իր փոքրիկ Լոթարինգիայից:
    «Նորածինը» նկարում պատկերված է երիտասարդ մայրը, ով խնամքով գրկել է փոքրիկին: Մյուս կինը մեղմ հայացքով հետևում է մանկանը: Կտավը մայրական ջերմության և սիրո, հոգատարության մի խորհրդանիշ է: Թեման էլ ավելի ջերմ է դարձնում կարմիր գույնը:

Նորածինը
      «Սբ. Սեբաստիան» կտավում հերոսի տանջանքները հնչում են ասես որպես ռեքվիեմ: Սեբաստիանի մարմնի վրա ծոնարհվել են Սբ. Իրինան և այն կանայք, ովքեր եկել են նրա վերքերը խնամելու: Ողբերգական սյուժեն կտավի բոլոր կերպարներին տալիս է տարբեր արտահայտություններ, բայց նրանց բոլորին ամբողջացնում է մեկ սկզբունք, նրանք դինամիկ  են, բայց ստատիկ:
     Այսպիսին է կլասիցիզմի ինքնատիպ ներկայացուցիչ Ժորժ դե Լատուրը: Նա հանդես է գալիս  իրեն բնորոշ մութ կոմպոզիցիաներով, գունաշարով, մեղմ լուսավորվածությամբ և Աստվածաշնչյան թեմաների յուրօրինակ մեկնաբանությամբ:


Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս