вторник, 26 марта 2013 г.

«Ներշնչանք Գյումրիից» /Inspiration from Gyumri/


2013 թվականի փետրվարի 28-ին Լիբանանի Հայկազյան համալսարանի «Մաթոսյան» ցուցասրահում տեղի ունեցավ վեց գյումրեցի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես` «Ներշնչանք Գյումրիից» /Inspiration from Gyumri/ խորագրով: Հայկազյան համալսարանը հիմնվել է 1955 թվականին Բեյրութում. այն ունի սեփական ցուցասրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ և քննարկումներ:


 Այս անգամ «Մաթոսյան» ցուցասրահը զբաղեցրել էին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի, դասախոսներ Գարիկ Մանուկյանի, Վահագն Ղուկասյանի, Տաթև Հարթենյանի և ուսանողներ Արտակ Փիլոսյանի ու Արփինե Համբարյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսն անցկացվում էր Լիբանանում Հայաստանի դեսպանատան հովանավորությամբ: Բացմանը ներկա էր Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, ով իր խոսքում Գյումրին որակեց արվեստի ու արհեստների,  ավանդույթներ կրող քաղաք: Միջոցառման բացմանը հանդիսատեսներին խոսք հղեցին նաև Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Պոլ Հայդոսթյանը և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայկազյան համալսարանին Գյումրու արվեստը սփյուռքում ներկայացնելու համար: Այս գործում մեծ ներդրում ունի նաև «Գոհար» երգչախումբը, որի հիմնադիր և հովանավորներ Հարություն և Գոհար Խաչատրյանները ևս ներկա էին գյումրեցի արվեստագետների ցուցահանդեսին:


Ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ Բեյրութում, միջոցառման մասին նյութեր տպագրվեցին ամսագրերում, մասնակիցները ուղիղ հեռարձակմամբ ելույթ ունեցան Լիբանանի «Future TV» հեռուստաալիքով, ինչպես նաև հարցազրույցներ տվեցին «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոալիքներին: Միջոցառման, Լիբանան այցելության և փոխադարձ շփման արդյունքում ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կապեր հաստատեց Հայկազյան համալսարանի հետ` առաջիկայում նոր նախագծեր իրականացնելու նկատառումով:   

Գոհար Նավասարդյան         
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս