суббота, 23 марта 2013 г.

Մուլտիպլիկացիա

Ցանկացած ստեղծագործական մտքի արդյունք արվեստ է.....Արվեստի տեսակ, որը սիրում են թե' մեծերը, թե' փոքրերը: Արվեստ, որն անկախ իր բովանդակությունից ու ձևաչափից հասկանալի ու ընկալելի է բոլորին: Խոսքը իհարկե մուլտֆիլմների մասին է: Դե եսիմ-ն իր առաջին քայլերն է անում մուլտերին վերաբերող նյութերի բաժնում: Բաժինն անվանվեց <<Արվեստ բոլորի համար>>. այստեղ տեղ կգտնեն տարբեր մուլտերի ստեղծման պատմությունններ ու հերոսներ, և առհասարակ, մուլտֆիմների ու փոքրիկ արվեստագետների մասին ամեն ինչ.....մի խոսքով` մանկական բաժին....Դե եսիմ-ն այսպիսով իր մեջ ներառեց բոլոր տարիքի մարդկանց, այժմ նաև փոքրերին:

Անշուշտ, բոլորն էլ սիրում ու հաճախ դիտում են մուլտիպլիկացիոն ֆիլմեր, բայց քչերը գիտեն, թե իրականում ինչպես են ստեղծվում դրանք և ինչ են իրենցից ներկայացնում:
Մուլտիպլիկացիան կինոարվեստի ձև է, որի ստեղծագործությունները կատարվում են առանձին պատկերների կադր առ կադր նկարահանմամբ կամ տիկնիկային ֆիլմերի համար առանձին թատերական կադրերի ամբողջացմամբ: Այս տիպի ֆիլմերը կոչվում են մուլտիպլիկացիոն կամ անիմացիոն կինոնկարներ: <<Մուլտիպլիկացիա>> բառն առաջացել է լատիներեն multiplication-բազմապատկում, իսկ անիմացիան` անգլերեն animation-շնչավորում, կենդանավորում բառերից: Այս <<արվեստը>> կարելի է բաժանել 3 տիպի` մուլտիպլիկացիայի տեխնիկա, պլաստիլինե անիմացիա և ծավալային անիմացիա: Մուլտֆիլմերը ստեղծվում են անիմացիայի ավանդական կամ համակարգչային եղանակներով: Վերջինիս համար միջոց են հանդիսանում  հիմնականում CoralDRAW և 3DMax  ծրագրերը:


Նկարչական մուլտիպլիկացիան սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Է. Կոլը` 1908 թվականին: Ծավալային մուլտֆիլմի հիմնադիրն է ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վ. Ստարևիչը /<<Գեղեցկուհի Լյուկանիդան>>, 1912թ./: 1920-30-ական թվականներից սկսած` մուլտիպլիկացիայի զարգացմանը մեծապես նպաստել է ամերիկացի կինոբեմադրիչ Ուոլտ Դիսնեյի ստեղծագործական աշխատանքը: Հայտնի աշխարհահռչակ անիմատոր և մուլտիպլիկացիոն  բեմադրիչ  է նաև Օսամու Տեկուձան:
<<Սխալ արտահայտություն>> մուլտֆիլմից
Հայկական անիմացիոն կինոն ծնվել ու զարգացել է որպես մեծ կինոյի օրգանական շարունակություն` իր հետ բերելով կինոմտածողության նոր տարատեսակ: 1934թ. Մոսկվայից Երևան է հրավիրվում հայազգի կինոռեժիսոր Լև Ատամանովը /Լևոն Ատամանյան/: Հենց նա էլ ձեռնարկում է մուլտարտադրամասի կազմակերպումը` փաստորեն սկսելով զրոյական կետից /անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, նկարիչ-մուլտիպլիկատորների ուսուցում-նախապատրաստում և այլն/: Հայկական առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը <<Շունն ու կատուն>> է, որին հաջորդել են <<Տերտերն ու այծը>> /1939թ./, <<Կախարդական գորգը>> /1949թ./, <<Մի կաթիլ մեղրը>>: Այսպես դրվեցին հայկական մուլտիպլիկացիայի հիմքերը, ինչին նպաստեցին այդ բնագավառի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Իվան Իվանով-Վանոն, Ֆեոդոր Խիտրուկը, Բորիս Ստեպանցևը, Յուրի Նորշտեյնը և այլք: 1973 թվականին ստեղծվում է առաջին տիկնիկային ծավալային կինոնկարը` Արմեն Միրաքյանի <<Սխալ արտահայտությունը>>:

Հայկական մուլտֆիլմերի բնագավառում մեծ դեր ունեն Ռոբերտ, Հայկ և Լյուդմիլա Սահակյանցները, Գայանե Մարտիրոսյանը, Վլադիմիր Մայիլյանը, Ստեփան Գալստյանը, Նաիրա և Յուրի Մուրադյանները: Նրանց հետևից գալիս է շնորհալի սերունդ, և այս ամենը հույս է ներշնչում վստահաբար նայելու հայկական անիմացիոն կինոարվեստի ապագային:
Մուլտիմեդիան բավականին լայն, ընդարձակ ու բարդ ոլորտ է: Ընդամենը 3-4 րոպեանոց մուլտֆիլմի վրա աշխատում են մի քանի ամիս: Սա ստեղծագործ և աշխատատար գործընթաց է, որի մեջ առաջնահերթ է սցենար և կերպարներ ստեղծելը: Հաճախ մեկ կերպարի վրա աշխատում է մի ամբողջ ստեղծագործական խումբ` 5-6 մարդ: Հարկավոր է մտքի անսահմանափակ թռիչք, ինչը պարտադիր պայման է փոքրիկ հանդիսատեսին /և ոչ միայն/ գրավելու համար: Այնուհետև հարկավոր է մշակել էպիզոդները, տեսարանները, ձայնագրել երկխոսությունները: Կարևոր է պահել դինամիկան. չերկարացնել կամ չկրճատել գործողությունները:

<<101 դալմատիններ>> մուլտֆիլմից
Սրան հաջորդում է կերպարներին շարժում հաղորդելու գործընթացը: Մեկ վայրկյանում պետք է տեղավորվի 25 նկար /կադր/, որոնք կարող են նկարվել ձեռքով, համակարգչով կամ ֆոտոխցիկով: Սա ամենահետաքրքիրն է այս գործընթացում: Կադրերը միացվում են իրար, ինչը  արվում է համակարգչով /3DMax/: Հավաքված տեսահոլովակի վրա տեղադրվում է ձայնը, և մուլտֆիլմը գրեթե պատրաստ է: Կան նաև տիկնիկային, 2D, 3D և այլ անիմացիաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները:
Հակիրճ ձեզ ներկայացվեց մուլտֆիլմ պատրաստելու գործընթացը, ինչը կարծում եմ, հետաքրքիր է և պարտադիր մուլտերին վերաբերող բաժին բացելու համար....

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանություն բաժին
3-րդ կուրս