среда, 20 марта 2013 г.

Գոթական ճարտարապետությունը Գերմանիայում

 Գոթական արվեստը միջնադարյան արվեստի զարգացման հաջորդ աստիճանն Է՝ ռոմանականից հետո։ Դեռևս պայմանական անվանումը առաջարկել է Ռաֆայել Սանտին 16-րդ դարում: Այս ոճը Վերածննդի դարաշրջանի պատմաբանների պատկերացման մեջ բարբարոսության նույնանիշն Է: Ձևով կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Գոթիկան հիմնականում  արտահայտվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Իսպանիայում: Գերմանիայում գոթական ոճն ավելի ուշ է հաստատվում, քան Ֆրանսիայում` իհարկե ֆրանսիական վարպետների գեղարվեստական փորձի հիման վրա: Սակայն գոթական արվեստը այստեղ ստանում է իր խորը, յուրօրինակ և օրիգինալ զարգացումը: Դա, իհարկե կապված էր Գերմանիայի ֆեոդալական կարգերի, ներքին հակասությունների հետ: Այսեղից էլ գերմանական արվեստին հատուկ դրամատիզմի և էքսպրեսիայի արտահայտությունը հատկապես քանդակի ասպարեզում: Գերմանական գոթիկայում չկա այն հարաբերական հարմոնիան, որը պարզ զգացվում էր ֆրանսիական վարպետների ստեղծագործություններում:

Քյոլն
Գերմանական գոթիկայի ինքնատիպությունը արտահայտվում էր մարդու ներքին կյանքի լարվածության և արտաքինի հակասությամբ` պատկերման մեջ: Այստեղ հատուկ է նաև հետաքրքրությունը հոգևոր պոռթկումների պատկերման և սուրբ զգացմունքը գեղարվեստական միջոցներով ներկայացնելու հանդեպ: Գերմանիայի ճարտարապետության զարգացման առանձնահատկություններից մեկը ռոմանական ավանդույթների գիտակցական պահպանումն է: Հետագայում իհարկե կարկասային սիստեմի կիրառումն է նաև միաշտարակների ֆասադների կիրառումը: Գերմանիային հատուկ են կառույցներ, որոնք ներկայացնում են ռոմանականից գոթականին անցնելու շրջանը: Օրինակ է Լամուրգի տաճարը, այստեղ ճարտարապետական ֆորմաների ընդգծված վերտիկալ ուղղվածությունը վկայում է գոթական տենդենցների մասին: Գոթական ոճի սկզբունքները լավ արտահայտվել են Տրիրի Աստվածամոր տաճարում: Սրա կոնստրուկցիայի բնութագրական գիծը հատակագծի կենտրոնական կոմպոզիցիան է, հավասարաթև խաչը: Յուրաքանչյուր կողմերում երկուական կապելա ունի : Կապելաների նման տեղաբաշխումը Ֆրանսիային ծանոթ չէր և տիպիկ Գերմանական նորամուծություն է:


Ելիզավետայի եկեղեցին Մարբուրգում
 Ի տարբերություն ֆրանսիական կառույցների, Մարբուրգյան ֆորմաները որոշակի ծանրակշիռ են, սակայն նրանցում օրիգինալություն կա, ինչը հատուկ է Գերմանիային: Երեք աբսիդի առկայությունը, որը ավարտվում է կապելաների պսակմամբ: Մյուս առանձնահատկությունը Ելիզավետայի եկեղեցու ֆասադի խիստ վերտիկալությունն է: Ֆրանսիական  ֆասադների հորիզոնական գծերը այստեղ նշանակալի դեր չեն խաղում: Ֆասադի գոթական վարդակը փոխվում է սլաքաձև պատուհանով: Ֆասադն ունի երեք նավ` միևնույն բարձրության, սակայն մեջտեղի կայունությունը կրկնակի է

 Արևելյան ալտարային մասը և տրանսեպտների թևերը միանգամայն միանման են և ավարտվում են աբսիդներով: Էքստերիերից երկու մեծ աշտարակները բարձր, չորսանկյուն վրաններով իշխում են արևմտյան ֆասադի վրա: Կառույցի արտաքին պատերը պատված են որմնահեծերով, որոնք խիստ ռիթմ են ստեղծում, և որոնց արանքներում երկշարք պատուհաններ են: Ֆրեյբուրգում ձևավորվում է արևմտյան ֆասադի հատուկ տեսակ: Այստեղ միայն մեկ աշտարակ է: Սրանից հետո Գերմանիայում միաշտարականի ֆասադները հաճախ էին կիրառվում: Ֆրանսիական գոթիկայի ազդեցությունը երևում է Քյոլնի եկեղեցում: Քյոլնի տաճարի համար բնութագրական է մեջտեղի նավի աննախադեպ բարձրությունը, որը կողայինների հանդեպ բարձրանում է 5:2-ի հարաբերությամբ: Տաճարը սկվել է կառուցվել 13-րդ դարում, շարունակվել է 14-15-րդ դարերում, իսկ ավարտվել է 19-րդ դարում:

Սեդա Դոյդոյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս