вторник, 26 марта 2013 г.

Ֆրանց Կաֆկա. Դատավարություն

Օրենքի առաջ մի դռնապան է կանգնում: Մի անգամ այս դռնապանի մոտ է գալիս մի գյուղացի մարդ ու խնդրում է, որ վերջինս ներս թողնի նրան, սակայն մերժում է ստանում: Մարդը մտածում է ու ասում, որ միգուցե ավելի ուշ այդ թույլտվությունը տրվի նրան:«Դա միանգամայն հնարավոր է, բայց ոչ հիմա»,-ասում է դռնապանը:
Օրենքի դուռը ինչպես առաջ բաց էր ու մարդը մի փոքր կռանում է, որ տեսնի թե ինչ կա ներսում, դռնապանը նկատում է դա ու ծիծաղում: Ապա ասում է. « Եթե դա քեզ գրավում է, կարող ես ներս մտնել՝ անտեսելով իմ արգելքը, սակայն մեկընդմիշտ հիշիր՝ ես զորեղ եմ: Այո, ես ընդամենը ամենաստորին դռնապանն եմ, ամեն դահլիճում ավելի զորեղ դռնապանների կհանդիպես, որոնցից նույնիսկ երրորդի հայացքին ես չեմ կարող դիմանալ»:


Գյուղացի մարդը այսպիսի դժվարությունների չէր սպասում. օրենքը բոլորի համար պիտի հասանելի լիներ: Սակայն երբ նայում է դռնապանին, նրա մորթե վերարկուին, մեծ, սուր քթին, երկար-բարակ թաթարական մորուքին, որոշում է սպասել, մինչև վերջապես կստանա թույլտվությունը: Դռնապանը նրան մի աթոռակ է տալիս և աոաջարկում նստել:
Այստեղ նա նստում է օրերով ու տարիներով: Նա շատ փորձեր է անում ներս մտնելու ու հոգնեցնում է դռնապանին իր խնդրանքներով: Դռնապանը հաճախ զրուցում է նրա հետ, հարցնում նրա հայրենիքից, շատ այլ բաներից ու վերջում ամեն անգամ մերժում: Մարդը, որ իր ճամփորդությանը լավ էր պատրաստվել, օգտագործում է ամեն ինչ դռնապանին կաշառելու համար: Վերջինս ընդունում է դրանք և ասում. «Ես այս ամենն ընդունում եմ միայն այն բանի համար, որ չմտածես, թե ինչ-որ հնարավորություն բաց ես թողել»: Տարիներ շարունակ մարդը գրեթե անթարթ նայում է դռնապանին, մոռանում է բոլոր այլ դռնապանների մասին ու այս դռնապանը նրան օրենքից բաժանող միակ արգելքն է թվում: Սկզբում բարձրաձայն ու ինքնամոռաց անիծում է դժբախտ պատահականությունը հետո տարիների հետ միայն քրթմնջում է ինքն իրեն քթի տակ: Նա դառնում է երեխայի նման ու երբ դռնապանի մորթե վերարկուի մեջ ոջիլներ է նկատում, խնդրում է, որ վերջիններս օգնեն իրեն դռնապանին համոզելու գործում: Վերջիվերջո թուլանում է նրա տեսողությունը ու նա այլևս չի կարողանում տարբերել՝ աչքերն են իրեն խաբում, թե իրոք մութ է: Սակայն մթության միջից նա մի շող է նկատում, որ օրենքի դարպասներից այն կողմ էր ցոլում: Նրա կյանքին քիչ է մնացել: Մահից առաջ դռնապանի հետ ունեցած ամբողջ փորձը մեկ հարցի մեջ է ամփոփվում, որ դեռ երբեք չէր տվել: Նա նշան է անում դռնապանին, քանի որ նրա մարմին այլևս անզոր էր շարժվելու: Դռնապանը կռանում է դեպի մարդը, քանի որ նրանց հասակների տարբերությունը այդ ընթացքում զգալիորոն մեծացել էր:
«Ի՞նչ ես էլի ուզում իմանալ, ով անկուշտ մարդ»,- հարցնում է դռնապանը:
«Բոլորն են հետաքրքրվում օրենքով, ինչու՞ է, որ այս ամբողջ ընթացքում միայն ես եմ թույլտվություն պահանջել:»
Դռնապանը հասկանում է, որ մարդը իր վերջին շնչումն է ու որպեսզի ասելիքը հասցնի նրա թուլացող լսողությանը ամբողջ ձայնով գոռում է.
«Այստեղի մուտքի իրավունքը ոչ ոք չէր կարող ստանալ, քանի որ այն միայն քեզ համար էր նախատեսված….»: