четверг, 14 марта 2013 г.

Մահացել է Արամայիս Սահակյանը...




Ամեն ինչ էլ լավ էր այնպես,
Հասկանալի և անփորձանք,
Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,
Ինչու՞ իրար չհասկացանք։
Հասկանում ենք այս աշխարհի
Չարն ու բարին ամեն տեսակ,
Հասկանում ենք ուրիշներին,
Բայց մենք իրար չհասկացանք։


Եթե խոսենք պարզ ու անկեղծ,
Երկուսով էլ չունենք հանցանք։
Գուցե սիրո պակասն է հենց,
Որ մենք իրար չհասկացանք։
Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ
Հասկանում են իրար շատ լավ.
Բայց մեր լեզուն թեև նույնն է.
Ինչու՞ իրար չհասկացանք։
Երջանկության համար արդեն
Կարծում էինք ամեն ինչ կար,
Արի գոնե հասկանանք, թե
Ինչու՞ իրար չհասկացանք։


Տողերի հեղինակը հայ  գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանն է: <<Գլխավոր ոզնին>> մահացավ այսօր` մարտի 14-ին, 77 տարեկան հասակում: Ա. Սահակյանը ծնվել է Արծվաշեն գյուղում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։
 Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։

կենսագրական տվյալները` Wikipedia-ի էջից