пятница, 1 марта 2013 г.

Նորպլատոնականություն

Նորպլատոնիզմը անտիկ վերջին փիլիսոփայական ուղղությունն է, որը համադրելով անտիկ փիլիսոփայության իդեալիստական և կրոնամիստիկական ավանդույթները, ստեղծեց ամբողջական մոնիստական տեսություն և արժանապատվորեն եզրափակեց անտիկ փիլիսոփայության պատմությունը։ Նորպլատոնիզմը անցումային շրջանի փիլիսոփայություն է՝ մի ոտքով կանգնած  անտիկ փիլիսոփայության հողի վրա, իսկ մյուս ոտքով՝ իր ժամանակի կրոնականացվող մտածողության հողի վրա։

Պլոտինոս
Նորպլատոնական փիլիսոփայությունը ձևավորվել է մ.թ. 3-րդ դարում, երբ աստիճանաբար քրիստոնեական գաղափարախոսությունը տարածվում էր հռոմեական կայսրության մեջ մտնող երկրներում։ Այդ ուղղության գլխավոր հիմնադիրն է Պլոտինոսը (203-270)։ Նա ծնվել է Եգիպտոսի Լիկոպոլ քաղաքում, փիլիսոփայություն սովորել է Ալեքսանդրիայում՝ Ամմոնիոս Սակկասի դպրոցում։ 244թ. նա տեղափոխվում է Հռոմ և հիմնադրում իր փիլիսոփայական դպրոցը։ Պլոտինոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «էննեադներ»։ Մահվանից առաջ նա իր աշակերտ Պորփյուրոսին խնդրել է կարգի բերել իր գրառումները. Պորփյուրոսը դրանք բաժանեց վեց խմբի, յուրաքանչյուր խմբի մեջ տեղավորելով ինը տրակտատ, որից էլ առաջացավ «էննեադներ» (ինյակներ) անվանումը։ Պլոտինոսի մահվանից հետո նորպլատոնիզմը արագորեն տարածվեց և հռոմեական դպրոցից բացի,տարբեր վայրերում հիմնվեցին նոր դպրոցներ՝ սիրիական, պերգամյան,աթենքյան և ալեքսանդրյան, որի ներկայացուցիչներից էր հայազգի նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը (5-6-րդ դդ)։ Պլոտինոսից հետո նորպլատոնիզմի իտշորագույն դեմքը Պրոկլեսն էր (411-485), որը ավարտուն տեսքի բերեց նորպլատոնական համակարգը։ Հարկ է նշել որ նորպլատոնիզմը չի եղել միասեռ փիլիսոփայական ուղղություն, տարբեր դպրոցներ տարբեր փիփսոփայական խնդիրներ են լուծել։ Օրինակ, եթե ալեքսանդրյան դպրոցն հիմնականում զբաղված էր Պլատոնի և Արիստոտելի աշխատությունների մեկնությամբ, ապա հռոմեական և աթենքյան դպրոցներում մտասևեռման առարկան կեցության մասին ուսմունքի մշակումն էր։
Կեցության մասին նորպլատոնական փիլիսոփայության մեջ գլխավորը երեք գոյացությունների՝ Միասնականի, Համաշխարհային Մտքի, Համաշխարհային Հոգու և արտահեղման (էմանացիայի) մասին ուսմունքն է, որը համակարգված ձևով մշակել էր Պլոտինոսը։ Գոյություն ունեցող ամեն ինչ, ըստ Պլոտինոսի, արտահեղման ճանապարհով առաջացել է Միասնականից, որն ամեն ինչի սկզբնապատճառն է,շարժիչ ուժը և նպատակը։ Հնարավոր չէ բանականության միջոցով արտահայտել Միասնականի էությունը, որովհետև դա վերբանական, գերզգայական, անճանաչելի, անսկիզբ, անփոփոխ և հավերժական գոյացություն է։ Ավելի շուտ կարող ենք ասել, թե ինչ չէ Միասնականը, քան ասել՝ թե ինչ է։ Միասնականն ամեն ինչ է, որովհետև պարունակում է բոլոր գոյացությունները և միաժամանակ ոչինչ է, որովհետև բոլոր գոյերը նրանից դեռ չեն բխել։ Պլոտինոսը երբեմն Միասնականն անվանում է աստված, որն սկզբունքորեն տարբերվում է քրիստոնեության Աստծուց այն բանով, որ ոչ անհատ է, ոչ անձնավորություն, ոչ էլ արարիչ։ Ինչպես լույսը անհրաժեշտաբար լուսավորում է, այնպես էլ Միասնականն անհրաժեշտաբար հեղվում է, դուրս գալիս իր «ափերից»՝ միաժամանակ պահպանելով իր կեցության լրիվությունը։ Առաջինը Սիասնականից արտահեղվում է Միտքը, որը նման է պլատոնյան էյդոսների աշխարհին և արիստոտելյան ինքն իրեն մտածող բանականությանը։ Միտքը լցված է Միասնականով և ճանաչում է դրան: Միաժամանակ Միտքն արդեն կեցություն է և բազմազանության կրող, որովհետև նրա մեջ են գտնվում բոլոր իրերի էյդոսները։ Մտքից հետո արտահեղման ճանապարհով առաջանում է երրորդ գոյացությունը՝ Համաշխարհային Հոգին, որը վերաբերվում է Մտքին այնպես, ինչպես Միտքը Միասնականին։ Եթե Միասնականն ու Միտքը անշարժ են, ապա Հոգին շարժունակ գոյացություն է։ Հոգին մի երեսով ուղղված է Մտքին ու Միասնականին, մյուս երեսով՝ նյութական աշխարհին: Այլ խոսքով, Հոգին հանդես է գալիս որպես իդեալական և նյութական աշխարհների միջև շաղկապող օղակ։ Թափանցելով նյութական աշխարհի մեջ՝ հոգին դրան հաղորդում է կենդանություն, կյանք, իմաստ ու գեղեցկություն։ Այսպիսով, Հոգու շնորհիվ արտահեղման վերջին փուլում առաջանում է բնությունը՝ նյութական-մարմնական իրերի աշխարհը։ Քանի որ Հոգին կյանք է պարգևում բոլոր գոյերին, նշանակում է՝ վերջիններս օժտված են հոգով։

Պլոտինոսի կարծիքով նյութը չգոյ է, զուտ հնարավորություն, որը իրականության է վերածվում հոգու շնորհիվ։ Նյութը և մարմնականը չարիքի աղբյուրներն են։ Նորպլատոնիզմը հականյութապաշտական և հակամարմնապաշտական փիլիսոփայություն է։ Պորփյուրոսը ասում է, թե Պլոտինոսը, մեր բնությունն ունենալով, ամաչում էր, որ գտնվում է մարդկային մարմնի մեջ։ Եվ երբ ցանկացան նրա արձանը կանգնեցնել, նա արգելեց, ասելով. «Բավական է ինձ համար, որ ի ծնե գտնվում եմ ստվերակերպ մարմնում և կարիք չկա ստվերակերպի ստվերակերպը կանգնեցնել»։ Նյութական-մարմնական իրերի աշխարհը, հաղորդակից լինելով Հոգուն, դադարում է բացարձակ չարիք լինելուց: Դրանք իդեալական աշխարհում գտնվող էյդոսների ստվերներն են, բայց քանի որ էյդոսները մարմնավորվում են իրերի մեջ, ուստի վերջիններս ձեռք են բերում կատարելության, բարության, գեղեցկության հատկություններ։ Ինչպես մյուս գոյերը, մարդը նույնպես բաղկացած է հոգուց և մարմնից։ Հոգին առավել և գերազանց է մարմնից, որովհետև խորհրդանշում է աստվածայինը մարդու մեջ։ Հոգին գտնվում է մարմնի մեջ այնպես, ինչպես թռչունն է գտնվում վանդակի մեջ։ Հոգին աննյութական է, անփոփոխ և անմահ։ Մակայն հոգին կապված է մարմնի հետ, քանի որ ունի ոչ միայն բանական, այլև զգայական մասեր։ Եթե բանականությամբ Հոգին հաղորդակցվում է Մտքի և Միասնականի հետ, ապա զգայությամբ՝ մարմնական-նյութական աշխարհի հետ։
Պլոտինոսի կարծիքով բոլոր գոյերը ձգտում են բարիքին, իսկ քանի որ գերագույն բարիքը Միասնականն է, ուստի բոլորը ձգտում են միավորվել Միասնականի հետ։ Եթե արտահեղման ժամանակ տեղի է ունենում վարընթաց շարժում, ապա Միասնականին վերադառնալու ժամանակ կատարվում է վերընթաց շարժում։ Միասնականն առավել ցայտուն է դրսևորվում մարդու մեջ, քանի որ նա օժտված է բանական հոգով։ Մարդու կեցության գերագույն նպատակն է փախչել այս աշխարհից և միաձուլվել Միասնականին։ Այդ նպատակի իրականացման պայմանն է իմացական գործունեությունը, բարոյական կատարելագործումն ու մաքրագործումը՝ զգայական-մարմնական հաճույքներից ձերբազատումը։ Այն մարդկանց հոգիները, ովքեր կարողանում են բարոյապես մաքրագործվել, ամբողջությամբ կտրվել զգայական-մարմնական աշխարհից, մահվանից հետո միաձուլվում են գերագույն բարիքի հետ։ Մարդու կեցության նպատակի իրագործման
մեջ Պլոտինոսը կարևորում է հոգու ճանաչողական գոբծունեությունը և առաքինի վարքագիծը։ Հոգու գործունեության մեջ Պլոտինոսն առանձնացնում է երեք մակարդակ, առաջին մակարդակում հոգին անմիջականորեն կախված է մարմնից, որի միջոցով նա ձեռք է բերում զգայական պատկերացումներ նյութական իրերի մասին։ Երկրորդ մակարդակում տեղի է ունենում հոգու և մարմնի համատեղ գործունեություն, որի ընթացքում հոգին իր գործառույթներով (հիշելու և մտածելու) աստիճանաբար ազատվում է զգայական-մարմնական ուժերի ազդեցությունից։ Երրորդ մակարդակում հոգին գործում է՝ բացարձակապես ազատ լինելով մարմնից։ Սա արդեն արիստոտելյան ներգործական բանականությունն է, որը զբաղվում է ոչ թե ճանաչողությամբ, այլ հայեցողությամբ։ Պլոտինոսի մահվանից հետո նորպլատոնիզմի հիմնական գաղափարների տեսական հայեցողական վերամշակումը և համակարգումն իրականացրեց Պրոկլեսը, իսկ կրոնադիցաբանականը սիրիական դպրոցի հիմնադիր «աստվածային» Յամբլիխոսը։ Շնորհիվ նորպլատոնիզմի ալեքսանդրյան դպրոցի մեկնաբանական գործունեության, անտիկ փիլիսոփայության հարուստ ժառանգությունը, հատկապես Պլատոնի և Արիստոտելի աշխատությունները, դարձավ նոր ձևավորվող միջնադարյան մշակույթի բաղկացուցիչ մասը։ 529թ. Հուստինիանոս կայսեր հրամանով փակվեց պլատոնյան Ակադեմիան և արգելվեց հունական փիլիսոփայության դասավանդումը:

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից