четверг, 28 февраля 2013 г.

Ստոիցիզմ


Սենեկա
Ստոիցիզմը (հուն, ստոյա՝ նշանակում է սրահ, սյունագավիթ) հելլենիստական դարաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից է, որի ներկայացուցիչները ձգտում էին տեսականորեն հիմնավորելու մարդու ներքին անկախությունը և անդրդվելիությունը հելլենիստական պետության և հռոմեական կայսրության գոյության պայմաններում։ Ստոիցիզմի փիլիսոփայության պատմությունը սովորաբար բաժանում են երեք շրջանի`
1. Հին ստոյա (մ.թ.ա. 3–2-րդ դարեր), որի խոշորագույն ներկայացուցիչներից էին Զենոն Կիտիոնացին (մ.թ.ա. 336-264) ՝ ստոիցիզմի հիմնադիրը` Քլեանֆոսը, Խրիզիպոսը և ուրիշներ 2. Միջին ստոյա (մ.թ.ա. 2– 1-րդ դարեր), որի առավել նշանավոր ներկայացուցիչներից էին Պոսիդոնեսը, Պանեցիոսը ե Բոեթիոսը։ 
3. Ուշ ստոյա (մ.թ. 1-2-րդ դարեր)։ Այս շրջանի երևելի ստոիկներից էին հռոմեացի մտածողներ Սենեկան, էպիկտետը, կայսր Մարկոս Ավրելիոսը։ 



Ստոիկները փիլիսոփայությունը բաժանում են երեք մասի՝ տրամաբանության, ֆիզիկայի և բարոյագիտության։ Զենոնը փիլիսոփայությունը նմանեցնում էր պտղատու այգու, որտեղ տրամաբանությունը այգու ցանկապատն է, ֆիզիկան՝ ծառերը, իսկ բարոյագիտությանը՝ պտուղները։ Ստոիկները փիլիսոփայությունը նմանեցնում էին նաև ձվի, որտեղ տրամաբանությունը կեղևն է, ֆիզիկան՝ սպիտակուցը, բարոյագիտությունը՝ դեղնուցը։ Ստոիցիզմի բնափիլիսոիայության հիմքում ընկած է այն գաղափարը, որ գոյություն ունեցող ամեն ինչ մարմնական–նյութական է, այդ թվում աստվածները և մարդկանց հոգիները։ Անմարմնականը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Օրինակ, դատարկությունը ոչ կեցություն է, տեղը և ժամանակը գոյություն ունեն միայն նյութական իրերի հետ, իսկ խոսքը (լեկսան) ՝ մտքի և բառի հետ։ Յուրաքանչյուր մարմին ունի սուբստրատ (ընդհանուր կամ մասնավոր նյութ) և որակներ։ Մարմնի հիմնական որակներն են ջերմությունը և պաղությունը, չորությունը և խոնավությունը։ Ստոիկներն ընդունում են չորս տարրերի մասին ոամունքը, կարծելով, որ օդն ու կրակը ակտիվ տարրեր են, իսկ ջուրն ու հողը՝ պասիվ։ Ստոիկներր վերակենդանացրին Հեբակլիտեսի ուսմունքր տիեզերքի և կրակ-լոգոսի մասին։ Տիեզերքի հիմքում ընկած է առաջնակրակը, որը միաժամանակ էներգիա է, շունչ, ոգի (պնևմա) և աստված։ Դա սփռվում, տարածվում է բովանդակ տիեզերքում և ստեղծում բոլոր մարմինները, ներառյալ մարդուն։ Առաջնակրակը արտահեղվում է տարբեր չափերով ու ձևերով և տարբեր կերպ է դրսևորվում անշունչ և շնչավոր մարմինների մեջ։ Առաջնակրակը ոչ միայն կույր տարերք է, ուժ, այլ բանական-ստեղծագործական սկիզբ, որը խելամտորեն ու իմաստուն կերպով ստեղծում է և կառավարում տիեզերքը։ Այս իմաստով ստոիկները տարբերակում են գոյի երկու սկիզբ՝ գործուն (ակտիվ) և կրավորական (պասիվ)։ Կրավորական սկիզբն անորակ նյութն է, իսկ գործուն սկիզբը՝ բանականությունը կամ Աստվածը։ Ստոիկների կարծիքով կրակը ոչ միայն աստվածային ծագում ունի, այլև հենց ինքը տիեզերքից անբաժան, բնության մեջ տարրալուծված Աստված է։ 
 Ստոիկների բնափիլիսաիայության մեջ կարևոր նշանակություն ունի «պնևմա» (շունչ, հոգի) հասկացությունը, որի միջոցով իրար են միանում տիեզերքի ֆիզիկական և աստվածաբանական նպատակաբանական ստոիկյան մեկնաբանությունները։ Պնևման օդի և կրակի խառնուրդ է, որին բնորոշ է լարվածությունը։ Պնևմայի դրսևորման ձևերը պայմանավորում էն կեցության տարբեր աստիճանների գոյությունը։ Պնևման ոչ միայն նյութական, այլև հոգևոր սկիզբ է. դրա լարվածության աճը նշանակում է շնչավորվածության և ոգեղենության աճ։ Անօրգանական աշխարհում պնևման դրսևորվում է իբրև կույր անհրաժեշտություն, բուսական աշխարհում՝ իբրև բնության կույր ձևաստեղծիչ ուժ, կենդանական աշխարհում՝ իբրև բանական հոգի։ Պնևման առավելագույն լարվածությամբ դրսևորվում է ստոիկյան իմաստունի՝ կատարյալ մարդու մեջ։ Իբրև հոգևոր սկիզբ, պնևման համաշխարհային հոգի է կամ բանականություն։ Դա արդեն զուտ կրակ է, այսինքն՝ Աստված է։ Իսկ քանի որ կրակ-աստվածը ամենուր է, գտնվում է բնության, նյութի մեջ, ուստի կարող ենք ասել, որ ստոիկների բնափիլիսոփայությունը պանթեիստական բնույթ ունի։ 
Ստոիկների բնափիլիսոփայական հայացքների մյուս բնորոշ կողմը նպատակաբանական ուղղվածությունն է։ Ըստ ստոիկների՝ Աստված գերագույն բանական ուժ է, որը ամեն ինչ նախասահմանում է, կառավարում ու կանխատեսում։ Տիեզերքն ունի բարձրագույն նպատակ՝ համընդհանուր բարիքը, բանականի հաղթանակը անբանականի նկատմամբ, բազումի ձգտումը միասնականին։ Ստոիկների բնափիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում պատճառականության մասին տեսությունը, ըստ որի տիեզերքում ամեն ինչ պատճառավորված է, յուրաքանչյուր երևույթ ունի իր պատճառը։ Ստոիկները համընդհանուր պատճառականության գաղափարը նույնացնում են անհրաժեշտության հետ, այսինքն, ըստ նրանց, այն, ինչ տեղի է ունենում, կատարվում է անհրաժեշտաբար։ Այստեղից էլ ստոիկներն անցում են կատարում «ճակատագիր» և «նախախնամություն» հասկացություններին` պնդելով, որ տիեզերքում իշխում է ճակատագիրը և ամեն ինչ տեղի է ունենում ըստ նախախնամության օրենքների։ Իրենց բարոյագիտական ուսմունքում ստոիկները ելնում են այն մտքից, որ մարդու համար բարձրագույն բարիքը երջանկությունն է։ Սակայն, ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել, եթե տիեզերքում ամեն ինչ տեղի է ունենում ճակատագրի կամքով, այդ թվում՝ մարդկանց գործողությունները։ Նման դեպքում ինչպե՞ս կարող է անազատ մարդը ինքնուրույն տնօրինել սեփական կյանքը։ Այս անելանելի, վիճակից ստոիկները դուրս են գալիս իրենց նպատակաբանական ուսմունքի օգնությամբ։ Բնության նպատակը գոյություն ունեցողի պահպանումն ու կատարելագործումն է։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ նախ և առաջ հակված է այնպիսի գործողությունների, որոնք նպաստում են իր ինքնապահպանությանը: Հետևաբար, յուրաքանչյուր կենդանի էակ, այդ թվում մարդը, պետք է ապրի բնության այդ օրենքի համապատասխան։ Բնությունը բանական է, ուստի մարդը պետք է ձգտի իր գործունեությունը համապատասխանեցնել բանականության օրենքներին, իր մեջ զսպել կենդանականան-բանական մղումները։ Ապրել համաձայն բանականության օրենքի, նշանակում է լինել առաքինի։ Այս պատճառով ստոիկները իրենց բարոյագիտական ուսմունքներում կարևոր տեղ են տալիս առաքինությունների մասին տեսությանը:
Առաքինությունները չորսն են՝ խելամտությունը, չափավորությունը, արդարությունը և արիությունը, որոնց համապատասխանում են չորս արատներ՝ անխոհեմությունը, անչափավորությունը, անարդարությունը և վախկոտությունը։ Մնացած բոլորը՝ կյանքը, մահը, առողջությունը, հարստությունը, փառքը, աղքատությունը և այլն, կախված չեն մարդուց, այսինքն՝ չեզոք են նրա նկատմամբ։ Առաքինության կամ արատի, բարիքի կամ չարիքի ընտրությունը կախված է մարդուց։ Մարդը, ըստ ստոիկների, կարող է լինել կամ իմաստուն կամ հիմար, կամ առաքինի կամ արատավոր, միջին վիճակ, ինչպես կարծում էին արիստոտելականները, գոյություն չունի։ Չեզոք կամ «անտարբեր» երևույթները և իրերը կարող են լինել նախընտրելի՝ կախված մարդու դիրքորոշումից։ Օրինակ, մարդը պետք է անտարբեր լինի հարստության և աղքատության նկատմամբ, բայց ավելի լավ է ապրել իբրև հարուստ, քան մնալ աղքատ։ Իմաստունր, գրում է Սենեկան, չի սիրում հարստություն, բայց դա նախընտրում է աղքատությունից: Իմաստունը հարստությունը կուտակում է ոչ թե իր հոգում, այլ իր տանը։ Առաքինությունը, ըստ ստոիկների, ոչ թե բնածին, այլ ձեռքբերովի հատկություն է։ Մարդու բնության մեջ գոյություն ունեն բնատուր ձիրքեր, որոնք պետք է զարգացնել։ Միայն առաքինություններ ձեռք բերած, այսինքն՝ բանական և իմաստուն մարդը կարող է իր արարքների համար բարոյական պատասխանատվություն կրել։ Առաքինությունների ձեռք բերմանը խանգարում են մարդու կրքերը (աֆեկտները)։ Դրանք չորսն են՝ թախիծը, հաճույքը, տարփանքը և վախը։ Վերջին երկուսը կոչվում են սկզբնական կրքեր, քանի որ դրանցից հետո են ի հայտ գափս թախիծն ու հաճույքը։

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
Սեյրան Զաքարյանի <<Փիլիսոփայության պատմություն>> գրքից