среда, 27 февраля 2013 г.

Փորագրության գաղափարախոսությունը

«Ինչե՜ր   միայն  նա  չի կարող արտահայտել մի գույնով ու նույն սև գծաշարերով… 
Ինչե՜ր  միայն նա չի պատկերում, նույնիսկ  բաներ,
  որ անհնարին է: Այդ ամենը նա այնպիսի արվեստով է փոխանցում
   նրբագույն  այնպիսի  գծաշարերով, ընդ որում միայն սև,
 որ դու վիրավորած կլինես  ստեղծագործությունը,եթե ցանկություն
 հայտնես նրա մեջ գույներ մտցնելու…»:
                                                                                                                              Ալբրեխտ Դյուրեր

«Դուք, անշուշտ, թանգարաններում տեսել եք գործվածքներ նախշելու դաջեր, որոնք պատրաստված են փայտից: Այլ կերպ դրանց անվանում են դրոշմներ կամ կաղապարներ: Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք, որ դրանք իրարից տարբերվում են ոչ միայն զարդանախշերով, այլև փորագրման եղանակով….Եթե փորձեք փայտի կտորի, մետաղի կամ լինոլեումի վրա փորագրաասեղով նկարել ձեր անվանատառերը, ապա դա կլինի ձեր մատենանիշը….»:[1] Այս տողերը հանգեցնում են  այն մտքին, որ փորագրությունը արվեստի ամենապարզ ու ամենաբարդ ձևերից մեկն  է: Այն կարող է անել ցանկացած ոք, բայց «իսկական փորագրությունը» ընկալել կարող են քչերը:  Այն պարզ է սեփական անվանատառերը դպրոցական սեղանին փորագրելու չափ և բարդ է իր տեխնիկաների ու տարատեսակների կիրառմամբ…

   Ինչ-որ չափով ծանոթ լինելով փորագրության տեխնիկաներին` հետաքրքրություն առաջացավ ուսումնսիրել վերջինիս գաղափարախոսությունն ու պատմությունը: Չօգտվելով ոչ մի գրավոր աղբյուրից` փորձել ենք ինքնուրույն մեկնաբանել գրավյուրան` իր դրսևորումներով և փոխակերպումներով հանդերձ: Թեմայի ընտրությունն ինչ-որ առումով կապված է գրականության բացակայության հետ: Փորագրությունը չունի «գրված պատմություն», որն իր մեջ կներառեր տեխնիկաների ընդհանուր բնութագիր, ցույց կտար փորագրության զբաղեցրած տեղը արվեստում, կնկարագրեր դրա դպրոցները և այլն: Այս ամենը պետք էր ամբողջացնել, հավաքել մեկտեղ, հնարավորինս ստեղծել «Փորագրության հայերեն պատմություն», որն անդրադարձ կլիներ հայ և համաշխարհային փորագրության էվոլյուցիային:
Նախ, անդրադարձ է արված փորագրության գաղափարախոսությանը, որը դիտարկված է որպես տարբեր դարաշրջանների մարդկային մտածելակերպի արգասիք, ապա փորագրության պատմությունը` սկսած ամենապարզ գրավյուրայի օրինակներից մինչև աստղագիտության գրքեր և  նկարներ տարածելու   միջոցներ: Սա ներկայացնում է նաև փորագրության առանձնահատկությունները, դրա տարբերությունները արվեստի մյուս տեսակներից: Խոսելու ենք նաև փորագրության նախնիների, հին օրինակների և համարժեքների մասին, որոնց մեջ հիմնական դերը պատկանում է էստամպին: Էստամպը ներկայացրել ենք ոչ թե առանձին, այլ գրավյուրայի տեխնիկաներին զուգահեռ: Յուրաքանչյուր էստամպի ձև, որը նույնացվում է փորագրության որոշակի տեխնիկայի հետ, ներկայացված է նույն անվան տակ: Համակարգված են էստամպի տեսակները, որոնց մեջ առանձնանում է բարձր տպագրությունը: Սա նույնացվում է լինոփորագրության հետ, ինչը ևս տեղ է գտել ուսումնասիրության մեջ:  Անդրադարձել ենք փորագրության տեխնիկաներին` ներկայացնելով դրանք որպես մեկը մյուսի հետ շաղկապված անմիջական շարունակություն: Փայտափորագրությունից մինչև ճապոնական գրավյուրա, էստամպ, լինոգրաֆիա ուլիթոգրաֆիա, փորագրություն մետաղի վրա, օֆորտ և այլն   Ցանկացած տեխնիկայի նկարագրություն ավարտվում է համաշխարհային, ռուս և հայ արվեստագետների փոքրիկ ցանկով, որտեղ ներկայացված են հայտնի փորագրող-նկարիչների անուններ և ստեղծագործությունների անվանումներ, որոնք արված են տվյալ տեխնիկայով: Չենք ներառել որևէ առանձին ստեղծագործության վերլուծություն. շեշտը դրված է ընդհանուր տեխնիկայի նկարագրի վրա:

Ֆրանսիսկո Գոյա-Ինքնադիմանկար, օֆորտ
   Իր ձևավորման ու զարգացման ընթացքում փորագրությունն ունեցել է մի շարք տեխնիկաներ, որոնք փոխարինել, նույնիսկ մրցել են իրար հետ: Բնականաբար, յուրաքանչյուր տեխնիկա ունի իր բնորոշ գծերը, ինչպես նաև, յուրաքանչյուր դարաշրջան համապատասխանում է իր գաղափարախոսությանը, որին ենթարկվում է փորագրությունը ևս` վերցնելով վերջինիս ինչպես գաղափարը, այնպես էլ բնորոշ տարրերը: Սրանք ամբողջացնելով` կարող ենք հանգել այն եզրակացության, որ գրավյուրան առավելագույնս արտահայտում է արվեստի գաղափարախոսությունը, օգտագործում դրա կոնստրուկտիվ տարրերը, յուրաքանչյուր շրջանին բնորոշ գծերը: Այսպես, փայտափորագրությունն առաջացել է 14-15-րդ դարերում, այստեղ հեշտ է տեսնել միջնադարյան արվեստի տարրեր` լակոնիզմ, լուծումների պարզություն: Սրանցով լեցուն են վիտրաժներն ու միջնադարյան որմնանկարները: Ավելի ուշ ձևավորված մետաղի վրա գրավյուրան կրում է վաղ վերածննդի ազդեցությունը: Այն մոտ  է քանդակային ռելիեֆներին և պահանջում է ֆորմաների ավարտվածություն: Այս տեխնիկային փոխարինելու է գալիս օֆորտը /16-17-րդ դարեր/: 
Փորագրությունը` գրավյուրան /ֆրանս.` graver-կտրել, ռելիեֆ ստեղծել, գերմ.` graben-փորել բառից/  որպես արվեստի տեսակ, սկսում է կիրառվել 15-րդ դարից: «Փորագրություն» բառն արդեն իսկ խոսում է «արվեստ ցուցադրելու» ձևերից այս մեկի մասին: Ցանկացած գրավյուրա իրենից ներկայացնում է ինչ-որ մի նյութի վրա փորագրված, ռելիեֆ դարձած որոշակի պատկեր: Սակայն ինչո՞վ էր պայմանավորված և ինչի՞ հետ էր կապված նրա «արվեստ ներխուժելը», արվեստի այս նոր ձևի հանկարծակի ծնունդը, ինքնատիպ նկարչական լեզվի ի հայտ գալը: Պատասխանը փորձենք գտնել դարաշրջանի գաղափարախոսության մեջ: 14-15-րդ դարերմիջնադարի վերջին ակկորդներ, եվրոպական հոգևոր միջավայր, աշխարհընկալման և արվեստի ուրույն, նախորդներից և հաջորդներից տարբերվող գաղափարախոսություն: Գրավյուրայի առաջացման պատճառներն հասկանալու համար  նախ  հարկավոր  է  ըմբռնել  արվեստի  այս  տեսակի  գլխավոր  տարբերվող հատկությունները: Միջնադարը իր վերջին էտապով` գոթիկայով հանդերձ, բնորոշվում է աշխարհի, ինչպես նաև արվեստի թեոցենտրիկ բնույթով: Բոլոր երևույթներն ընկալվում ու դիտարկվում են հավերժության, ամբողջության մասշտաբներում: Գոյություն ունի միայն մի սուբստանցիա` աստվածայինը: Գրավյուրայի առաջացումը սերտորեն կապված է մարդկային մտածելակերպի փոփոխության հետ ինչպես Իտալիայում, այնպես էլ հյուսիսում: Ռենեսանսի գաղափարախոսությունը շրջանցելով` կանգ առնենք իտալական վերածննդին զուգահեռ հյուսիսային երկրներում տարածում գտած ռեֆորմացիայի վրա: 15-16-րդ դարերի ընթացքում` Յան Գուսի մահապատժից /1415թ./ մինչև Մարտին Լյութերի ելույթը /1517թ./, ընթացք է ստանում ռեֆորմացիոն շարժումը: Ինչո՞վ էր այս շարժումը բնորոշվում. բոլոր ռեֆորմատորները, այդ տվում Լյութերը, իրենց գաղափարներում առաջնային էին համարում ցանկացած անհատի կերպարը, դերն ու նշանակությունը քաղաքական, մշակութային հարցերում, հետևաբար և արվեստում: Մարդ-Աստված հարաբերությունը գերադասելի է դառնում մարդ-եկեղեցի հարաբերություններից, քանի որ եկեղեցիները կառուցում էին ճոխ զարդաքանդակներով, կառուցման ժամանակ ծախսում էին հսկայական գումարներ` Աստծո տունը դարձնելով շքեղության և հարստության վայր: Մինչդեռ աղոթքը Տիրոջը հասցնելու համար եկեղեցու շքեղ հարդարանքը բոլորովին պարտադիր հանգամանք չէր: Գաղափարախոսությունն ու արվեստը դառնում են անթրոպոցենտրիկ: Եկեղեցու դեմ պայքարը պահանջում էր նոր արվեստի տեսակ, որը զուրկ էր լինելու դոնատոռներից ու եկեղեցու հսկողությունից: Այս ամենից ելնելով` կարող ենք ասել, որ գրավյուրայի առաջացման հիմնական պատճառը ինդիվիդուալիզմն է, մարդու գնահատումը մարդու կողմից և վերջապես, ազատ արվեստն առանց պատվերների ու պատվիրատուների: Այսպիսով, գրավյուրայի ծագումն համընկնում է մարդկության ինքնագիտակցության նոր էտապի հետ:


Հայկական ժայռապատկեր
     Եթե փորագրությունը դիտարկենք որպես գրավյուրա, ապա այն արվեստի երիտասարդ տեսակներից է: Գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, ճարտարապետության առաջացումը, կարելի է ասել, սկսվել ու ընթացել է մարդկության պատմությանը զուգահեռ: Արդյո՞ք փորագրությունն արվեստի այս տեսակներից էլ հին չէ. չէ՞ որ ամեն նոր երևույթ հնի վերափոխումն է` անկախ ձևից ու ձևափոխված գաղափարից: Ինչքան էլ փորագրությունն ասոցացվում և նույնացվում է գրավյուրայի հետ` դրանով իսկ հետ մղելով իր տերմինի կիրառությունը, այնուամենայնիվ, փորագրությունը, որպես այդպիսին, կար նախքան գրավյուրայի լինելը: Սկսած անհիշելի ժամանակներից` նախնադարից, մարդիկ իրենց առօրյան, կենցաղը, զգացողությունները պատկերել, փորագրել են պատերի, ժայռերի վրա, որոնք «ժայռապատկեր» անվան տակ հասել են մեզ և ներկայացնում են նախնադարի ոչ այնքան հարուստ, բայց բովանդակալից արվեստը: Սակայն, ոչ մի գրավոր աղբյուրում նշված չէ այն հանգամանքը, որ ժայռապատկերը բոլոր դեպքերում իրենից ներկայացնում է «փորելու, փորագրելու» պրոցես և արդյունք, անկախ գծված, փորված գծերից և ներկված պատկերից /վիմափորագրություն.լիթոգրաֆիա/: Արդյունքում պարզ է դառնում, որ փորագրության գաղափարը ձևից կարևոր է: Այն ասես «իդեալիստական երևույթ» լինի,  քանի որ այժմյան փորագրությունը, որը ծագել է ավելի քան 700 տարի առաջ, յուրահատուկ է իր տպվելու, կրկնօրինակներ տալու հատկությամբ: Մինչդեռ, նախնադարում ժայռապատկերը միայն իր  վրա  փորագրությունը կրողն էր, ձևը ցույց տվողը:  Այն  ուներ միանգամայն  այլ գաղափար. մարդկությանը  հետք  թողնելու, ինքնահաստատվելու  միջոց  էր:  Այսպիսով,  փորագրությունն արվեստի  մյուս տեսակների  հետ  առաջացած   ու   համընթաց   զարգացած  միջոց է,   սակայն  մարդկության պատմության նոր շրջանում` 15-րդ դարից սկսած, ստացել է այլ  կիրառություն` փոխելով իր ձը, գաղափարը, ավելի ուշ նաև ֆունկցիան: Այսպիսով, փորագրությունը կարելի է դիտարկել երկու իմաստներովփորագրություն` զուտ  բառային, արմատային նշանակությամբ /ժայռապատկերներ/ և գրավյուրա` տպագրություն թղթի վրա` ստացված փորագրության միջոցով /ժայռապատկերը երբեք գրավյուրա չենք անվանի/:

   Ամենահասարակ փորագրության օրինակը թղթի վրա մանրադրամ դաջելն է: Սա խոսում է մանրադրամի տեսքը, ձևը թղթին փոխանցելու մասին: Մեծ հաշվով, գրավյուրան գալիս է արհեստներից. դերձակները հագուստի վրա նախշեր են տպել, ոսկերիչները` զարդերի վրա փորագրել, դաջել և այլն: Եվ պատահական չէ, որ արհեստի տարբեր տեսակներից գրավյուրան հանձնվել է թղթին: Արհեստավորը փորձում է ցանկացած նախշ, պատկեր նկարել թղթի վրա` ձևը պահպանելու համար: Այս պատճառով էլ սկզբում Չինաստանում, ապա նաև այլ երկրներում սկսում են փորագրել այն, ինչն ուզում էին մտապահել հիշողության մեջ, ավանդել սերունդներին: Սրանք կարող էին լինել սրբապատկերներ, ժամանակակից իրադարձություններ, քաղաքական գործիչներ, խաղաթղթեր, գրքեր և այլն:





[1] Մ. Միքայելյան-«Արվեստի լույսը». /Ճանաչողական հրատարակչություն, Երևան-82/ Փորագրելով… Պատկերը, էջ 14:



շարունակելի... 
հատված կուրսային աշխատանքից
թեմա՝ <<Փորագրանկարչություն>>
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին
3-րդ կուրս

կարդացեք նաև՝   Փորագրություն մետաղի վրա
Քսիլոգրաֆիա. փայտափորագրություն
Օֆորտը և իր տեխնիկաները
Գրավյուրայի պատմությունից
  Լինոգրավյուրա և լիթոգրաֆիա