среда, 20 февраля 2013 г.

Աբստրակցիոնիզմ

Աբստրակտիվիզմը (լատ. abstraktio վերացում, հեռացում) վերացարկմանն ուղղված գեղարվեստական մտածողության տենդենց է, գեղարվեստական կերպարների խորթացումը կոնկրետ նյութական օբյեկտներից:
Վերացարկումը մտավոր վերացումն է ընկալվող օբյեկտի ոչ էական (նկարչի տեսանկյունից` պատահական) հատկանիշներից` նպատակ ունենալով էական, ավելի ընդարձակ, համընդհանուր գաղափարներ գտնել, որն ընդհանրապես մտածողության հիմնական անօտարելի մեթոդներից մեկն է: Արվեստի պատմության մեջ մշտապես առկա է վերացարկման տենդենցը:  Իր ծայրահեղ արտահայտման մեջ այն հանգեցնում է երկրաչափականության` կիրառական արվեստում պատկերը դարձնելով նախշազարդ, իսկ հաստոցային արվեստում` վերացական նկարի: Վերացական մտածողության նվազագույն դրսևորումը ընդհակառակը, հանգեցնում է ծայրահեղ պատրանքայնության, նատուրալիզմի: Հնարավոր է Պիկասոն դա է նկատի ունեցել, երբ ասել է, որ աբստրակտ արվեստ գոյություն չունի:
Աբստրակտիվիզմը իրատեսական է: Հենց վերացարկային տենդենցներն են արվեստում համարժեք, ամեն դեպքում` ավելի ճշմարիտ, քան սալոնային նատուրալիստական գեղանկարչությունը, արտացոլում են նկարչի խորթացումը 20-րդ դարում տիրող սարսափելի իրականությունից: Որքան ավելի սարսափելի էր դառնում աշխարհը, այնքան վերացարկային էր դառնում արվեստը: Ռեալիզմը պարտադիր կոնկրետություն չէ, իսկ աբստրակտն էլ իրականությունից հրաժարում չէ, քանի որ ռեալիզմն ու իդեալիզմը այլ չափանիշներ են, քան աբստրակտն ու կոնկրետը: Արվեստի պատմության մեջ մեկ անգամ չէ պարզվել, որ հենց նատուրալիզմն է իդեալական, իսկ կոնկրետ գեղարվեստական մտածողությունից վերացումը` ավելի իրատեսական:
Անհնար է հաշվի չառնել, որ այն նկարիչները, որոնք տարված չեն ձևական գաղափարներով, սովորաբար հատում են այն սահմանը, որից այն կողմ գեղարվեստական ստեղծագործությունը` որպես աշխարհընկալման արտահայտություն, դադարում է որպես այդպիսին մնալ և վերածվում է զուտ գեղագիտության, ձևերի և կոնստրուկցիաների վերացարկված խաղի:
Աբստրակտիվիզմը` որպես կոնկրետ գեղարվեստական ուղղություն, ավելի ճիշտ սահմանում է, քան աբստրակցիոնիզմը: Դրա մեջ վերացումը դարձել է ձևակերտման հիմնական սկզբունքը:

20-րդ դարում աբստրակտիվիզմը հիմնականում ընթանում էր երկու ուղղությամբ` աբստրակտ էքսպրեսիոնիզմ, այսպես կոչված Կանդինսկիի գիծը, և կոնստրուկտիվ գեոմետրիզմ` Վան Դուսբուրգի, Մոնդրիանի, Մալեվիչի գիծը:
Արշիլ Գորկի- Սարերում մոլորվածը
Կանդինսկին գտնում էր, որ գեղանկարչության նոր, աբստրակտ լեզուն կօգնի արտաքինից ներխուժել ներս, մարմնից` հոգի, իրերի նյութական պատյանից` աստվածային էություն: Ըստ Կանդինսկիի ՙնկարիչը բարձր նպատակների ծառան է, որը վրձնի և մատիտի  օգնությամբ ստեղծում է հոգու թրթիռ` հաղորդակից դարձնելով նրան Երաժշտության հոգուն, Մեծն Տիեզերքին և վերահաս Հոգևոր թագավորության՚:
Աբստրակցիոնիզմի մյուս առաջատար ներկայացուցիչը` Մալեվիչը, բարեփոխելով գեղանկարչության լեզուն, հայտարարում է իր առաքելությունը, աշխարհի նոր կերպարի, ավելին` նոր աշխարհի ստեղծման իր հավակնությունները:  Հայտնի ՙՍև քառակուսին սպիտակ ֆոնի վրա՚ Մալեվիչը 1913 թ. ցուցահանդեսին ներկայացրեց որպես ՙմոլորակային նշան՚: Ոչինչ, որն իր մեջ ամփոփում է Ամենը, այդ թվում` ապագայի պոտենցիաները: Այդպիսի գեղարվեստական հավակնություններում դեռ ապրում էր ռոմանտիկական ուտոպիայի ոգին: Աշխարհի պատկերը` խտացված մանրակերտի չափով, կարող է բարձր ներդաշնակության մոլորակային նշանը հանդիսանալ: Այդ հոսանքը նախատեսում է ընդհանուր, երկրաչափական ձևերի մեջ աբստրակտ գաղափարների կոնկրետացում: Դա, եթե կարելի է այդպես անվանել, <<վերից վար>> շարժում է:
Աբստրակտիվիզմը հակասական է: Մի կողմից այն օրինաչափորեն ծնունդ առավ արվեստում ամրապնդված ֆրանսիական իմպրեսիոնիստների և հետիմպրեսիոնիստների գեղարվեստական տենդենցների վերլուծության արդյունքում, մյուս կողմից արտացոլեց ստեղծագործական մտածողության ճգնաժամը, որն արտահայտվում էր գեղարվեստական-կերպարային արտահայտչաձևերի` գունային բծերի, գծերի սովորական ներդաշնակեցման հետևողական փոխակերպմամբ: Իսկ գեղագիտական կոնստրուկցիան, որը հեռացած էր կոնկրետ-առարկայական բովանդակությունից, ձևական տեսակետից որքան էլ կատարյալ լիներ, կերպարվեստում ընդունակ էր առաջացնելու միայն հուզական արձագանքներ` լուսաֆորի ազդանշանի պես:
Ջեքսոն Փոլլոք-Սև և սպիտակ
Ճարտարապետության մեջ, կիրառական արվեստում գեղարվեստական կերպարի ընկալումը կատարվում է տարածության ու պատմա-մշակութային միջավայրի ընդարձակ կոմպոզիցիոն կապերով, այդ պատճառով էլ այն միշտ կոնկրետ է, եթե նույնիսկ արտահայտված է միանգամայն աբստրակտ ձևերով: Օրինակ երկրաչափական նախշի բովանդակությունը հարթության համեմատությամբ միշտ գեղագիտական նշանակություն ունի:
Այս ամենն ասում է այն մասին, որ իր էությամբ աբստրակտ արվեստը ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, այլ գաղափարների զարգացում, որոնք իրենց մեջ անպայման կրում են ոչ միայն ստեղծագործական, այլև գեղագիտական իմաստ:
Աբստրակցիոնիզմը գեղանկարչության մեջ հարստացրեց ներկապնակի արտահայտությունը և ռիթմիկ-դինամիկ արտահայտչականությունը, յուրացրեց ժամանակակից ճարտարապետության լուծումների պլաստիկ-տարածական կարևոր սկզբունքները, մեծ ազդեցություն ունեցավ դիզայնի, ինդուստրիալ, կիրառական և դեկորատիվ արվեստների վրա:
Չնայած այդ ամենին` աբստրակցիոնիզմը գլխավոր հարցում ձախողվեց. իր հավակնությունների մեջ նա չկարողացավ տալ ժամանակակից դարաշրջանի փիլիսոփայական-գեղարվեստական կոնցեպցիան: Աբստրակցիոնիզմի մեջ անձը հրաժարվում էր ոչ միայն իրական աշխարհի ճանաչումից ու իմաստավորումից, այլև նրա հետ ունեցած կապից, հեռանում է իր ամայացած հոգու աշխարհը: Այն փաստորեն կայացած չէր, ի վիճակի չէր լուծելու դարի հարցերը:
աղբյուրը`  http://grarum.wordpress.com/