четверг, 14 февраля 2013 г.

Ֆրիդրիխ Շիլլեր...

Բնությունն սկզբնապես ավելի լավ չի վարվում մարդու, քան իր կերտած մնացյալ արարածների հետ. նա մարդու փոխարեն է գործում այնտեղ, որտեղ վերջինս դեռևս ի վիճակի չէ գործել ինքնուրույնաբար` որպես ազատ բանականություն: Բայց մարդուն մարդ է դարձնում հենց այն հանգամանքը, որ նա չի մնում այնպիսին, ինչպիսին իրեն ստեղծել է բնությունը, այլ ձեռք է բերում վերջինիս` մարդու համար ուրվագծված քայլերը հակառակ հաջորդականությամբ բանականորեն կատարելու, կարիքի գործը ազատ ընտրության գործի տեսքով վերստեղծելու և բանական- ֆիզիկական անհրաժեշտությունը բարոյական անհրաժեշտության աստիճանի բարձրացնելու ընդունակություն:
Նա սթափվում է իր զգայական նիրհից, ինքն իրեն ճանաչում որպես մարդ, շուրջը նայում և… իրեն հայտնաբերում պետության մեջ: Պահանջմունքների հարկադրանքով նա այդտեղ է հայտնվում նախքան այն պահը, երբ կարող կլիներ ազատորեն ընտրել ադ վիճակը. կարիքը ըստ բնության պարզ օրենքի պետություն է ստեղծել ավելի վաղ, քան այդ կարող էր անել մարդը` հիմնվելով բանականության օրենքի վրա: Սակայն որպես բարոյական անձ, մարդը չէր կարող (և այժմ էլ չի կարող) գոհանալ կարիքի ծնունդ հանդիսացող այդ պետությունով, որը ստեղծվել էր լոկ բնական կանխասահմանվածությունից և վերջինիս նկատմամաբ. և վայ մարդուն, եթե նա բավարարվի այդպիսինով: Ուստի մարդ լինելու այդ նույն իրավունքով նա լքում է կույր անհրաժեշտության տիրույթը ճիշտ այնպես, ինչպես ձեռք բերած ազատության շնորհիվ մի կողմ է նետում անհրաժեշտությունը բազում այլ պահերի: Բավարարվենք միայն մեկ օրինակով. մարդը բարոյականությամբ վերացնում և գեղեցկությամբ ազնվացնում է ստորության այն կնիքը, որ տենչանքը դրոշմում է սեռական սիրուն: Այսպիսով, նա հասուն տարիներին ասես արհեստականորեն ինքն իրեն փոխհատուցում է մանկության օրոք ձեռքից բաց թողածը, իդեականորեն ստեղծում է բնական վիճակի մի այնպիսի պատկեր, որը թեև նրան տրված չէ որևէ փորձառությամբ, բայց և այնպես անհրաժեշտ է ըստ բանականության սահմանման. այդ իդեալական վիճակում նա իր համար կերտում է վերջնային նպատակ, որն իրեն անմատչելի էր բուն բնական դրության մեջ, կատարում է մի այնպիսի ընտրություն, որին նա այնժամ ընդունակ չէր` վարվելով այնպես, ասես պետք է ամեն բան վերսկսեր սկզբից, ասես անկախության վիճակը ներքին լուսավորման ու ազատ որոշման դրդմամբ փոխում է պայմանագրով սահմանված վիճակի…

Комментариев нет:

Отправить комментарий