среда, 5 декабря 2012 г.

Լուվր. Թագավորական պալատ, թանգարանային համալիր



«Լուվրը» սաքսոներեն բառ է, նշանակում է «ամուր կառույց»: Այս անունով եղել է թագավորական պալատ, և այժմ կա հսկայական թանգարանային համալիր, որը համարվում է աշխարհում առաջիններից մեկը:   

 Թագավորական պալատ: Լուվրի կառուցումը վերագրվում է 12-րդ դարին, երբ Ֆիլիպ-Օգոստոս կայսրը Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով Սենայի ափին շինություն է կառուցում, որը զբաղեցնում էր ներկայիս Կուռ Կառեի 1/4 մասը: 

 Թագավորական պալատի մակետը
Սկզբնական շրջանում շինությունը որպես նստավայր չի օգտագործվում, թագավորը գերադասում է Սիտէ ամրոցը: Սակայն կառույցը դառնում է հանցագործներին պատժելու վայր և արխիվ: 14-րդ դարում Կարլոս 5-րդ Իմաստունը Լուվրը միացնում է իր պալատին, ստեղծում մեծ գրադարան: Նրա օրօք ֆրանսիացի թագավորները լքում են Լուվրը մինչև 1546թ., երբ Ֆրանցիսկ 1-ինը պալատ է բերում ճարտարապետ Պիեռ Լեսկոյին` շինությունը վերածննդի ոճին բնորոշ ճարտարապետական տարրերով զարդարելու: Այս ընթացքում պալատը քանդակազարդում է Ժան Գոժոնը: Այժմ պալատը համալիրի մի քառակուսի մասն է կազմում: Աշխատանքները շարունակվում են նաև Հենրիխ 2-րդի օրօք, որի մահվանից հետո Եկատերինա Մեդիչին ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին հրամայում է կառուցել Տյուիլրի պալատը` միացնելով այն Լուվրին: Դելորմի մահվանից հետո շինարարությունը կանգ է առնում, և նոր թափ է ստանում միայն Հենրիխ 4-րդի օրօք, ով էլ ավարտին է հասցնում Մեծ պատկերասրահի և Ֆլորայի շինարարությունը: Ավելի ուշ Լուվրի բարգավաճումը շարունակվում է Լյուդովիկոս 13-րդի և Լյուդովիկոս 14-րդի օրօք: Ճարտարապետներ Լեմերսիեն և Լեվոն Կուռ Կառեին տալիս են ներկայիս տեսքը: 1624 թ-ին Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667թ. Կլոդ Պեռոն կանգնեցնում է արևելյան ֆասադը: Երբ 1882թ. պալատը տեղափոխում են Վերսալ, աշխատանքները Լուվրում կանգ են առնում: Իրավիճակը դառնում է այնպիսին, որ 1750թ. նույնիսկ ուզում են քանդել Լուվրը: Կարելի է ասել, որ պալատը փրկել են փարիզյան վաճառականները, ովքեր 1789թ. հոկտեմբերի 6-ին կազմակերպում են երթ դեպի Վերսալ, որպեսզի ստիպեն թագավորական ընտանիքին վերադառնալ Փարիզ: Երկար հեղափոխական տարիներից հետո Լուվրի կառուցողական աշխատանքները շարունակում է Նապոլեոն 1-ինը: Նրա ճարտարապետներ Պերսիեն և Ֆոնտենը սկսում են համալիրի ձախ թևի շինարարությունը, որն ավարտվում է 1852թ. Նապոլեոն 3-րդի օրօք, որը վերջապես որոշում է ավարտին հասցնել Լուվրի կառուցման աշխատանքները: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: 1871թ.` Փարիզի կոմունայի շրջափակման ժամանակ սկսված հրդեհը ավերում է Տյուիլրին. արդյունքում Լուվրը մոտենում է ներկայիս տեսքին:


Թանգարանային համալիր: Իր հասկայական հավաքածուի պատճառով Լուվրը համարվում է աշխարհի ամենահայտնի թանգարանը, որի հիմքը հանդիսանում է թագավորական հավաքածուն: Սա աստիճանաբար շատացել է, փոխանցվել սերնդեսերունդ և դարձել ներկայիս հավաքածուի թերևս մի մասը: Հավաքածուի հիմնադիր ընդունված է համարել Ֆրանցիսկ 1-ինին, քանի որ նկարների հիմնական քանակությունը հավաքվել է նրա օրօք: Նրա գերնպատակն է եղել արվեստի գործերով գեղեցկացնել ու զարդարել Ֆոնտեբլոյի թագավորական պալատը:
1793թ.-ից որպես թանգարան օգտագործված Լուվրը մեծ ցուցասրահների կարիք ուներ: 1981թ., երբ որոշվում է թանգարանին հատկացնել պալատի մնացած մասը ևս, քաղաքապետ Ֆրանսուա Միտերանը հաստատում է Լուվրի վերաշինման ծրագիրը: Ծագումով ճապոնացի ամերիկաբնակ ճարտարապետ Յո Մինգ Պեյը ստանում է Նապոլեոնի պալատը կառուցելու հրամանը, որտեղից պետք է լիներ թանգարանի գլխավոր մուտքը: Այս աշխատանքների արդյունքում հավաքածուները տեղավորվելու էին նոր ցուցասրահներում:


Կուռ Նապոլեոն: Նապոլեոնի պալատը ներառում էր երկու երկար շինություններ և հանդիսանում էր համալիրի կենտրոնը: Այս նպատակով Պեյը 1983թ. նախագծում է կառուցել ստորգետնյա ճանապարհ` ծածկված մետաղե կմախքի վրա կառուցված ապակե բուրգով:

21մ բարձրություն ունեցող բուրգը շրջապատված է 7 ջրավազաններով ու շատրվաններով; Նրա կողքին կան չափերով փոքր 3 բուրգեր, որոնք տանում են դեպի 3 շինություններ` Ռիշելիե, Սյուլլի, Դենոն: Բուրգերի ճարտարապետությունն ու շինարարությունն իրականացնելը իրականում բարդ էր. հսկա պատմական շինության տարածքում կառուցել էլ ավելի պատմական ու հին հուշակոթողների օրինակ` ժամանակակից ընկալմամ: Եգիպտական բուրգերին ձևով նման կառույցներն ապակուց են, թափանցիկ, այդ իսկ պատճառով էլ հնարավոր է Լուվրը դիտել նաև պրիզմայի միջոցով: Բուրգերի տակ կառուցված է կոնֆերենց-դահլիճ, ժամանակակից արվեստի ցուցասրահ և նոր սրահ` նվիրված թագավորական պալատի պատմությանը:
 Վերջինս բաղկացած է երկու սրահներից, որտեղ ժամանակագրական հերթականությամբ նկարների, թերթերի, ամսագրերի, մոդելների, քանդակների և փորագրությունների միջոցով ցուցադրվաում է Լուվրի պատմությունը:
 Լուվրի մեծ բուրգի ինտերիերը
Ֆիլիպ-Օգոստոսի պալատը: Մեծ Լուվրի նոր նախագծի կառուցման ընթացքում տարածքը պեղվում է, արդյունքում հայտնաբերվում է Ֆիլիպ-Օգոստոսի պալատը` ներկայիս Կուռ Կառեի տարածքում: Սյուլլի սրահի տակ գտնվող շինության հիմքը ուներ քառակուսի հատակագիծ` շրջանաձև աշտարակներով: Սյուաշարը կառուցվել է Կարլոս 5-րդի գահակալության օրօք, ինչի միջոցով հնարավոր է եղել պալատից անմիջապես մտնել այգի: Պատկերասրահը, որն անցնում է արևելյան կողմով, տանում է դեպի Դոնժոն և Ս. Լյուդովիկոսի սրահ /Սեն Լուի.1230-1240թթ./:
1993թ. նոյեմբերի 20-ին տանգարանի 200-ամյանի առթիվ հավաքածուի գործերը դասավորվում են ըստ հերթականության և տրամաբանական հաջորդականության: Լուվրն այժմ ունի 7 ցուցասրահ` Արևելքի հնություններ և մահմեդական արվեստ, եգիպտական արվեստ, հունական, հռոմեական և էտրուսկյան արվեստ, ձեռքի աշխատանքներ, քանդակագործություն, գրաֆիկա և գեղանկարչություն: 

Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս