четверг, 13 декабря 2012 г.

Հայաստանի Ազգային պատկերասրահի պատմությունից

Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն):
Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ: Պատահական չէր 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհությունը, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:
Պահպանվել է 1921 թ. օգոստոսի 14-ի Հայաստանի «Արվեստից թանգարանի» բացման արարողության այցելուների ցուցակը, համաձայն որի մասնակցել է 130 մարդ՝ նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, պաշտոնյաներ, բանվորներ և զինվորներ, աշակերտներ և ուսանողներ: Այցելուների թվում էին ճանաչված արվեստագետներ Կարո Հալաբյանը, Սարգիս Խաչատրյանը, Տարագրոսը, Ռոմանոս Մելիքյանը և այլք:
1947 թ. թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թ. կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ: Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը:
Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:
1951 թ. ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի խորհրդատու, իսկ 1982 թ. լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական պատկերասրահ» գիրքը): Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր արվեստաբան Վահան Հարությունյանը, իսկ 1952-1962 թթ.՝ արվեստաբան Ռուբեն Պարսամյանը:
Այդ շրջանում պատկերասրահի գործունեությունը զարգանում է արդեն ձևավորված ուղով` շարունակվում են հավաքածուների ուսումնասիրությունները և ընդլայնումը, կազմակերպվում են հայ հեղինակների անհատական ցուցահանդեսներ, բացվում է հուշաձեռագրային բաժինը, որի ղեկավար Դանիել Դզնունուն հանձնարարվում է հրապարակման նախապատարստել «Հայ կերպավեստագետների բառարանը» (լույս է տեսել 1977 թ.), արվեստասերներին է ներկայացվում «Հայաստանի պետական պատկերասրահ» ալբոմը` Ռ. Դրամբյանի առաջաբանով (1956): Ծրագրվում է նոր գիտական բաժինների ստեղծումը` համաձայն գոյություն ունեցող հավաքածուների: Պատկերասրահի գիտական կազմը համալրվում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներով, որոնց մուտքը թանգարան ապահովում է սերնդափոխությունը և պայմանավորում գիտական աշխատանքի հետագա, առավել մասնագիտական զարգացումը:
1991 թ. Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ. երկիրը անկախություն հռչակեց: Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի էր ունեցել կարևոր մի իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր: Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մշակութային կյանքի վրա: Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր ճգնաժամի մեջ: Գիտական և մշակութային բոլոր օջախների հետ միասին, Հայաստանի պետական պատկերասրահին ևս վիճակված էր կրել ժամանակի բերած բոլոր դժվարությունները: 
 1991 թ. պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը. հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր, Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն: 1991-ին Հայաստանի գեղարվեստական խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ:
Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատեց ՀԱՊ նոր կանոնադրությունը: Նախկին հայ հին և միջնադարյան, նոր և նորագույն բաժինների միավորմամբ, ստեղծվեց հայ գեղանկարի մեկ միացյալ բաժին: Գումարվեցին նաև արտասահմանյան և ռուս գեղանկարի բաժինները` դառնալով արտասահմանյան գեղանկարի բաժին:
Այս տարիների ընթացքում Հայաստանում և արտերկրում պատկերասրահը կազմակերպել է շուրջ 230 ցուցահանդես: Ընդհանրապես, ցուցահանդեսային գործունեությունը, որ միշտ եղել է Ազգային պատկերասրահի կատարած գիտական և հանրահռչակման աշխատանքի առանցքներից մեկը, վերջին տասնամյակում առանձնանում է առավել մեծ ծավալներով՝ պահպանվող հարուստ հավաքածուների առավել լայնամասշտաբ ներկայացմամբ, նշանավոր արվեստագետների հոբելյանական ցուցահանդեսների կազմակերպմամբ և այլն: Հանրության մեծ ուշադրության արժանացան հատկապես գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցի 150, Գեորգի Յակուլովի 125-ամյա հոբելյանների առթիվ կազմակերպված ցուցահանդեսները: Շարունակվում է հայ դասական կերպարվեստը օտարերկրյա հանդիսատեսին ներկայացնելու աշխատանքը պարբերաբար կազմակերպվող միջազգային տարբեր ցուցահանդեսների միջոցով: Հաճախակի են դարձել նաև օտարերկրյա ճանաչված արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունները: Առավել հաջողվածներից մեկը պետք է համարել, թերևս, ՀՀ Մշակույթի նախարարության կողմից 2011 թ. կազմակերպված «Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որն աննախադեպ արձագանք և հետաքրքրություն առաջացրեց հայ արվեստասերների շրջանում:
Վերջին տասնամյակում մեծապես ընդլայնվել է հրատարակչական գործունեությունը: Ֆոնդային ամեն ցուցահանդես համապատասխան հավաքածուի գիտական ուսումնասիրության արդյունք է և ուղեկցվում է ալբոմով կամ կատալոգով: Ծրագրվում է նաև էլեկտրոնային կատալոգների ստեղծումը, ինչպես նաև ամենամյա տարեգրքի լույսընծայումը, ուր կտպագրվեն պատկերասրահի գիտական անձնակազմի ուսումնասիրությունները: Տասնյակների հասնող այս աշխատությունների շարքում հարկ է առանձնացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» (2008), «Վարդգես Սուրենյանց» (2010), «Գեորգի Յակուլով» (2011) ալբոմները, «Գեորգի Յակուլով» (2011) մենագրությունը:
Հնարավորինս շարունակվում է հավաքչական աշխատանքը՝ պատկերասրահի թե´ ավանդական դարձած նվիրատվությունների, և թե´ գնումների միջոցով:
Սկսած 2005 թվականից թանգարանում կազմակերպվում է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության ամենամյա փառատոնը, որը Պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկտեղելով երաժշտությունն ու կերպարվեստը՝ արդեն յոթերորդ տարին է, ինչ հայ հանդիսատեսին հասու է դարձնում արվեստների գեղեցիկ համադրման:
Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի. 2005-ից իրականացվում են «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան, որն արդեն ճանաչված և սիրված է հասարակության լայն շրջաններում, ինչպես նաև` «Եվրոպական ժառանգության օրերի» ամենամյա միջոցառումները: Ազգային պատկերասրահում, մեր երկրում գործող դեսպանատների հետ միասին, պարբերաբար անցկացվում են նաև այլ երկրների մշակութային օրեր:
Այժմ, հայացք ձգելով Հայաստանի ազգային պատկերասրահի անցած 90-ամյա ճանապարհին, հաստատապես կարելի է արձանագրել պատվով կատարված և կատարվող մշակութային մեծ առաքելությունը, որն իրակացվում է այստեղ: Վստահորեն կարող ենք ասել, որ Ազգային պատկերասրահը այսուհետ ևս շարունակելու է իր ազգանվեր աշխատանքը` ավելի ու ավելի զարգացնելով այն և հարստացնելով ժամանակի թելադրած նոր գործառույթներով:
Արվեստաբան Անուշ Հակոբյան
http://www.gallery.am/hy/