среда, 12 декабря 2012 г.

Փարիզի Աստվածամոր տաճարը




Գոթիկայի վառ օրինակ և զարդ հանդիսացող Նոտր-Դամը գտնվում է Փարիզում: Այն կառուցված է նախկին քրիստոնեական բազիլիկի տեղում, որն էլ, իր հերթին կառուցվել է հին հռոմեական տաճարի հիմքի վրա: Շինարարական աշխատանքները սկսել է Մորիս-դե-Սյուլի եպիսկոպոսը 1163թ.: Երկար տարիներ պահանջվեցին նավերը կանգնեցնելու համար: 1200թ. Էդ-դե-Սյուլիի օրոք ավարտին հասցվեց ֆասադը, սակայն աշտարակների կառուցումը շարունակվեց մինչև 1245թ.: Կողմնային շինությունները կառուցվել են ճարտարապետ Ժան-դե-Շելի ջանքերով: Տրանսեպտի հյուսիսային ճակատի կառուցումն ավարտվել է 1250թ.: Սրանից ութ տարի հետո սկսվում է հարավային ճակատի կառուցումը: Կարելի է ասել, որ տաճարի ամբողջական կառուցումն ավարտվել է 1345թ.: Դարերի ընթացքում տեղի ունեցած փլուզումներն ու պատերազմներն իրենց հետքը անմիջականորեն թողել են տաճարի վրա: Մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Ֆրանսիական հեղափոխությունը, որի ժամանակ 1793թ. տաճարը կանգնում է փլուզման վտանգի առաջ: 1844-1864թթ. Նոտր-Դամը վերականգնվում է Վիոլլե-դե-Դյուկի կողմից, իսկ 1871թ. հազիվ է փրկվում հրդեհից:
   Գլխավոր մուտքից տաճարն ունի երեք շքամուտք, բարավորները միասին` հինգ յարուս: Շքամուտքի վերևի հատվածը կոչվում է <<Թագավորների պատկերասրահ>>: Սա կազմված է Իսրայելի և հրեաների 28 թագավորների քանդակներից: Ֆրանսիացիները նրանց նմանեցրել են իրենց թագավորներին և կոտրել քանդակները,սակայն 1793թ. Վերականգնողական աշխատանքների ժամանակ դրանք կրկին վերագտել են իրենց տեղերը:
     Կենտրոնական յարուսի վրա է գտնվում 10մ շառավղով զարդանախշապատ պատուհան-վարդակը /1220-1225/: Նրա երկու կողմերում տեղադրված են երկու զույգ կամարաձև պատուհաններ: Վարդակի դիմաց Կույս Մարիամի քանդակն է` շրջապատված հրեշտակներով: Մյուս պատուհանների դիմաց Ադամի ու Եվայի քանդակներն են:
    Հաջորդ յարուսը, որը միացնում է երկու զուգահեռ աշտարակները, Վիոլլե-դե-Դյուկի շնորհիվ դարձել է էլ ավելի արտահայտիչ: Նրա ստեղծած ֆանտաստիկ կկերպարները` հիմեր-հրեշները, իրենց կիսաթռչուն, կիսավիշապ արտաքինով, վերևից հսկում են քաղաքը` ահ ու սարսափ ներշնչելով: Այս կերպարներն ասես գալիս են դարերից և գնում են դեպի հավերժություն:
Հակառակ կողմից
     Երեք շքամուտքերից կենտրոնականն իր մեջ ներառում է գոթիկայի նկարիչների ամենասիրած թեմաներից մեկը` Ահեղ դատաստանը: Պորտալի միջնապատին Հիսուսի քանդակն է` մարգարեներով ու առաքյալներով շրջապատված: Ահեղ դատաստանը պատկերող ռելիեֆով տիմպանը բաժաված է երեք հորիզոնական մասերի: Վերևի մասում Քրիստոսն է Աստվածամոր և սբ. Հովհաննեեսի հետ: Ներքևում մի կողմում Հիսուսի կողմնակիցներն ու աշակերտներն են, մյուս կողմում` թշնամիներն ու չհավատացողները: Ամենաստորին հատվածում Հիսուսի հարության տեսարանն է: Աջ շքամուտքը կոչվում է սբ. Աննայի պորտալ /1160-1170/ և զարդարված է 12-13-րդ դարերում արված քանդակներով: Քանդակված է սբ. Մարսելը` 5-րդ դարում Ֆրանսիայի եպիսկոպոսը: Տիմպանի վրա Մարիամն է հրեշտակների հետ, նրա երկու կողմերում եպիսկոպոս Մորիս-դե-Սյուլին և  Լյուդովիկոս 7-րդը: Ձախ շքամուտքը կոչվում է սբ. Կույսի պորտալ ու ամենագեղեցիկն է իր քնարական բովանդակությամբ և հանդիսավոր քանդաներով: Պատկերված է Մարիամը մանկան հետ, իսկ կողքին տարվա 12 ամիսները խորհրդանշող քանդակներն են:
Հիմերաներից
    Ինտերիերը: Տաճարն ունի 130մ երկարություն, 50մ լայնություն, 35մ բարձրություն, կարող է տեղավորել շուրջ 9000 մարդ: 5մ շառավղով սյուները ներքին տարածությունը բաժանում են 5 նավի: Եկեղեցին ավարտվում է հսկայական վիտրաժապատ պատուհաններով, որոնք էլ լուսավորում են կառույցը: Առանձնահատուկ գեղեցիկ է հյուսիսային կողմի Աստվածաշնչյան տեսարաններով վիտրաժը /1250թ./, որի կենտրոնում Մարիամն է մանկան հետ: Այն համարվում է գեղանկարչության մեջ խոշոր ձեռքբերում` կապույտ, լուսավոր վիտրաժի տեսքով:
Ինտերիերը
    Դեպի ցուցասրահներ տանող մուտքի երկու միջնապատերից մեկի վրա կանգնեցված է հարահայտ Նոտր-Դամ-դե-Փարիզ քանդակը /14-րդ դ./, որը բերվել է Սենտ-Էնյան ժամատնից: Գլխավոր խորանի վրա Նիկոլլա Կոաստոյի <<Պիետա>> քանդակն է, որի կողքին են Հիյոմ Կոաստոյի Լյուդովիկոս 13-րդի և Կոսալևոկսի Լյուդովիկոս 14-րդի քանդակները: Եվ վերջապես կան նաև աղոթասրահներ, որոնց մեջ գտնվում են շաև դամբարանններ: Աջ կողմից Սեն-Դենի և Սենտ-Մադլեն աղոթասրահների միջև տեղադրված է եկեղեցական գանձարանը, որտեղ պահվում են թանկարժեք քրիստոնեական մասունքները: Ամենաթանկարժեք նմուշներն են Հիսուսի խաչից մասունքը, պսակը և օծված մեխը, որով Փրկչին գամել են խաչին: Հարավային պատի վարդակը /13-րդ դ., վերականգնված 18-րդ դ./ պատկերում է Հիսուսին` շրջապատված առաքյալներով ու նահատակներով: Գույների պայծառությունն ու հայելու մեծ վարպետությամբ կերտված պատկերները ստեղծում են այնպիսի տպավորություն, որ վիտրաժների ետևում վառ աստղ է թաքնված:
Սենայի ծովափնյա շրջաններից մեկից` Մոնտեբելլոյից, բացվում է Նոտր-Դամի հարավային կողմը: Այս ծովափնյա տարածքը հայտնի է դարձել առևտրականների միջոցով, ովքեր հին և ժամանակակից փորագրություններ, գրքեր և նկարներ են վաճառել: Տուրնել կամուրջից /1370թ./ կարելի է տեսնել տաճարի կլոր աբսիդը,
որը ներկայանում է իր ողջ գեղեցկությամբ և մանրակրկիտ կերտված դետալներով: Կամարները կառուցել է Ժան Ռավին: Այս աբսիդի դիմաց` Հովհաննես 23-րդի հրապարակում, կանգնած է Կույս Մարիամի գոթական շատրվանը: 
   Նոտր-Դամի ողջ տարածությունը` իր գոթական նուրբ ու շքեղ նմուշներով, հանդիսանում է գոթական ոճի ամենանշանակալից ձեռքբերումը:
  
Գոհար Նավասարդյան
Արվեստաբանության բաժին 3-րդ կուրս