понедельник, 24 декабря 2012 г.

«Մակտուբ»

«Մակտուբ» նշանակում է «Սա գրված է»: Արաբներն անհանգստանում են, որ «Սա գրված է» - ն այնքան էլ ճիշտ թարգմանություն չէ, քանզի չնայած ամեն ինչ իսկապես գրված է, Աստված, այնուամենայնիվ, կարեկցում է և գրում է սա միայն նրա համար, որ օգնի մեզ:

Ճանապարհորդը Նյու-Յորքում էր: Նա քնել - մնացել էր և ուշացել էր նշանակված հանդիպումից, իսկ երբ հեռանում էր հյուրանոցից, նկատեց, որ իր մեքենան ոստիկանությունը կայանատեղի է տարել: Արդյունքում նա չափազանց ուշացումով ներկայացավ հանդիպմանը, ճաշը անհրաժեշտից երկար ձգվեց, և նա շարունակ մտածում էր տուգանքի մասին, որ պիտի վճարեր: Դա հատուցում էր հաջողության համար: Հանկարծ հիշեց այն դոլլարանոցի մասին, որ երեկ գտել էր փողոցում: Նա մի տարօրինակ կապ տեսավ դոլլարի և այսօր առավոտյան իր հետ կատարված իրադարձությունների միջև: «Ո՞վ գիտե, միգուցե ես գտել եմ այդ փողը այն մարդուց առաջ, ով հույս ուներ գտնելու այն: Միգուցե ես թռցրել եմ այդ դոլլարը նրա ճանապարհից, ով իրոք ուներ դրա կարիքը: Ո՞վ գիտե, գուցե ես խախտել եմ այն, ինչ ի վերուստ գրված էր»: Նա զգաց, որ պիտի ազատվի այդ դոլլարից և այդ պահին մայթեզրին նստած մի մուրացկան տեսավ: Արագորեն դոլլարը դրեց նրա ձեռքի մեջ և զգաց, որ ինքը վերականգնեց իրերի հավասարակշռությունը: «Մի րոպե»,- ասաց մուրացկանը: «Ես ողորմություն չեմ խնդրում: Ես պոետ եմ և ուզում եմ որպես փոխհատուցում բանաստեղծություն ընթերցել»: «Լավ, մի կարճ բան կարդացեք, որովհետև ես շտապում եմ»,- ասաց ճանապարհորդը: Մուրացկանն ասաց. «Եթե դու դեռ ապրում ես, ապա միայն նրա համար, որ դեռ չես հասել այն տեղը, ուր պիտի հասնես»:

Մտածի՛ր թրթուրի մասին: Նա իր կյանքի մեծագույն մասն անցկացնում է գետնի վրա` նախանձելով թռչուններին և սրտմտելով իր ճակատագրի ու արտաքին տեսքի համար: «Բոլոր արարածների մեջ ես ամենադժբախտն եմ», - մտածում է նա: «Անճոռնի, վանող ու դատապարտելի է սողալ գետնի վրա»: Մի անգամ, այնուամենայնիվ, Մայր Բնությունը խնդրեց թրթուրին բոժոժ սարքել: Թրթուրն ապշեց. նա մինչ այդ երբեք բոժոժ չէր արել: Նա մտածեց, որ իր համար գերեզման կշինի և կպատրաստվի մեռնելու: Չնայած մինչ այդ պահն իր ապրած կյանքում դժբախտ էր , այնուամենայնիվ, նա բողոքեց Աստծուն. «Հենց ես սովորեցի իրերի այսպիսի դրությանը, ա՛յ Աստված, դու խլում ես ինձնից նաև այն չնչինը, որ ունեմ»: Հուսահատության մեջ նա վերափոխվեց բոժոժի և սկսեց սպասել վերջին: Մի քանի օր անց թրթուրտեսավ, որ վերածվել է մի գեղեցիկ թիթեռի: Նա ընդունակ էր դարձել թռչելու երկնքում և արտակարգ հիացած էր դրանով: Նա զարմացած էր և՛ կյանքի , և՛ Աստծո մտահաղացման վրա:

Ճանապարհորդը դիմեց Սցետի եկեղեցու վանահորը: «Ես ուզում եմ իմ կյանքն ավելի լավը դարձնել», -ասաց նա: «Բայց ես չեմ կարողանում ինձ հեռու պահել մեղավոր մտքերից»: Եկեղեցու վանահայրը ուշադրությունը դարձրեց դրսից փչող ուժեղ քամուն և ասաց ճամփորդին. «Այստեղ մի քիչ շոգ է: Ես ցնցված կլինեմ, եթե դու դրսից մի կտոր քամի բռնես ու բերես այստեղ` սենյակը հովացնելու համար»: «Դա անհնար է», - պատասխանեց ճանապարհորդը: «Այդպես էլ անհնար է հեռու պահել քեզ այն մտքերից, որ հակառակ է Աստծուն», - պատասխանեց վանականը: «Բայց եթե դու գիտես ինչպես մերժել գայթակղությունները, ապա դրանք քեզ ոչ մի վնաս չեն պատճառի»:

Ուսուցիչն ասաց. «Եթե որոշումը պետք է ընդունվի, ավելի լավ է կայացնել այն ու գործ ունենալ հետևանքների հետ: Դու նախապես չես կարող իմանալ` ինչպիսին կլինեն հետևանքները: Գուշակության արվեստը մշակվել է, որպեսզի մարդուն խորհուրդ տրվի, այլ ոչ թե նրա համար, որ ապագան գուշակեն: Այն լավ խորհուրդներ, բայց վատ կանխագուշակություններ է տալիս: Իր աղոթքներից մեկում Հիսուսը սովորեցնում է մեզ` ասելով` Աստված կիրագործի: Երբ Նա խնդիր է դնում, Նա տալիս է նաև լուծումը: Եթե գուշակությունը ընդունակ լիներ կանխագուշակելու ապագան, ամեն գուշակող կլիներ հարուստ, ամուսնացած և բավարարված»:

Աշակերտը եկավ իր ուսուցչի մոտ ու ասաց. «Ես բավականին երկար եմ փնտրել լույսը: Ես զգում եմ, որ մոտ եմ դրան հասնելուն: Ես պետք է իմանամ` որն է լինելու հաջորդ էտապը»: «Իսկ դու ինչպե՞ս ես սատարել քեզ», - հարցրեց ուսուցիչը: «Ես դեռ չգիտեմ` ինչպես պիտիսատարեմ ինձ, իմ ծնողներն են օգնել: Բայց դա չնչին բան է»: «Քո հաջորդ քայլը կես րոպե շարունակ ուղիղ արևին նայելն է», ասաց ուսուցիչը: Աշակերտը ենթարկվեց: Երբ կես րոպեն անցավ, ուսուցիչը խնդրեց նրան նկարագրել այն տարածությունը, որ շրջապատում է նրան: «Ես ոչինչ չեմ տեսնում: Արեգակը խաթարել է իմ տեսողությունը», - պատասխանեց աշակերտը: «Այն մարդը, որ փնտրում է միայն լույսը` խույս տալով պարտականություններից, երբեք պայծառացումը չի գտնի: Եվ նա, ով ուղիղ Արեգակին է նայում, վերջիվերջո կուրանում է»,- բացատրեց ուսուցիչը:

Մի մարդ գնում էր Պիրենեյան հովտով, երբ հանդիպեց մի ծեր հովվի: Նա իր հացը կիսեց հովվի հետ, և երկար ժամանակ միասին նստել ու զրուցում էին կյանքի մասին: Մարդն ասաց, որ եթե որևէ մեկը հավատում է Աստծուն, նա պետք է նաև հասկանա, որ ինքը ազատ չէ, քանի որ Աստված կառավարում է նրա ամեն մի քայլը: Դրան ի պատասխան հովիվը նրան բերեց մի կիրճ, որտեղ նա կատարյալ մաքրությամբ կարող էր լսել յուրաքանչյուր հնչյունի արձագանքը: «Կյանքը այս պատերն են, իսկ ճակատագիրն այն ճիչն է, որ մեզանից ամեն մեկը ձայնում է»,- ասաց հովիվը: «Այն, ինչ մենք անում ենք, արտացոլվում է Նրա սրտում, և վերադառնում մեզ միևնույն տեսքով»: «Աստված մեր սեփական գործերի արձագանքն է»:

Ուսուցիչն ասաց. «Երբ մենք զգում ենք, որ եկել է փոփոխությունների ժամանակը, մենք ենթագիտակցորեն սկսում ենք ժապավենը հետ տալ, որպեսզի մի անգամ ևս դիտենք մեր այն բոլոր պարտությունները, որ ունեցել ենք մինչ այդ: Եվ, իհարկե, տարիքի հետ մեր դժվարությունների քանակն ավելանում է: Բայց և միևնույն ժամանակ փորձառությունը մեզ հնարավորություն է տալիս լավագույնս հաղթահարելու այդ պարտությունները և գտնելու ուղիներ, որոնք մեզ թույլ են տալիս առաջ գնալու: Այսկերպ մենք պետք է նայենք նաև մեր երկրորդ ժապավենը մեր մտավոր տեսամագնիտոֆոնի վրա: Եթե մենք նայում ենք միայն մեր պարտությունների ժապավենը, կաթվածահար ենք լինում: Իսկ եթե նայում ենք միայն մեր հաջողությունների ժապավենը, ապա սկսում ենք մտածել, որ ավելի իմաստուն ենք, քան կանք իրականում: Մեզ երկու ժապավեններն էլ պետք են»:

Աշակերտն ասաց ուսուցչին. «Ես օրվա մեծ մասը վատնել եմ` մտածելով այնպիսին բաների մասին, որոնց մասին չպետք է մտածեմ, ցանկանալով այնպիսի բաներ, որոնք չպիտի ցանկանամ և ծրագրելով բաներ, որոնք չպիտի ծրագրեմ»: Ուսուցիչը աշակերտին հրավիրեց իր տան հետևում գտնվող անտառը` զբոսանքի: Ճանապարհին նա աշակերտի ուշադրությունը հրավիրեց մի բույսի վրա, և հարցրեց նրան, թե գիտե արդյոք բույսի անունը: «Բելլադոննա է»,- պատասխանեց աշակերտը: «Այն կարող է սպանել յուրաքանչյուրին, ով կփորձի ուտել նրա տերևներից»: «Բայց այն չի կարող սպանել նրան, ով պարզապես կնայի », - ասաց ուսուցիչը: «Այդպես էլ, բացասական ցանկությունները չեն կարող ոչ մի վտանգ առաջացնել, եթե դու թույլ չտաս նրանց` քեզ գայթակղելու»:

Ֆրանսիայի և Իսպանիայի արանքում մի լեռնաշղթա կա: Լեռներից մեկի վրա կա մի գյուղ` Արգելես անունով, իսկ գյուղում` դեպի դաշտը տանող ճանապարհին` մի բլուր: Ամեն կեսօրի մի ծերունի բարձրանում է բլուրը և իջնում: Երբ ճանապարհորդն առաջին անգամ եկավ Արգելես, նա անտեղյակ էր դրան: Երկրորդ այցելության ժամանակ նա ուշադրություն դարձրեց, որ իր ճանապարհը խաչվում է այդ նույն մարդու հետ: Եվ ամեն անգամ, երբ նա գնում էր գյուղ, ընկալում էր մարդուն, ավելի շատ որպես նրա հագուստը, նրա գլխարկը, նրա ձեռնափայտը, նրա ակնոցը: Հիմա ամեն անգամ, երբ նա մտածում է այդ գյուղի մասին, նա մտածում է ծերունու մասին, չնայած գաղափար չունի նրա գոյության մասին: Միայն մի անգամ էր ճամփորդը խոսել այդ մարդու հետ: Կատակով նա ասել էր ծերունուն. «Դուք կարծում եք, թե Աստված ապրում է մեզ շրջապատող այս գեղեցիկ լեռներո՞ւմ»: «Աստված ապրում է այն տեղերում, որոնք թույլ են տալիս Նրան այդտեղ լինել» - ասել էր ծերունին:

Ուսուցիչը մի գիշեր անցկացրեց իր աշակերտների հետ և ասաց նրանց, որ խարույկ վառեն, որպեսզի կարողանան նստել ու զրուցել: «Հոգևոր զարգացման ուղին նման է մեր առջև վառվող այս կրակին» - ասաց նա: «Եթե մարդ ուզում է կրակ վառել, ապա տհաճ ծխի հետ գործ պիտի ունենա, որը կդժվարացնի նրա շնչառությունը և արցունքներ կառաջացնի նրա աչքերում: Այսպես արթնանում է նրա հավատը: Այնուամենայնիվ, հենց որ կրակը բռնկվում է, ծուխն անհետանում է, և կրակն ամեն ինչ լուսավորում է նրա շուրջը` ապահովելով ջերմություն ու հարմարավետություն»: «Իսկ ինչ կլինի, որ ինչ-որ մեկը նրա համար վառի կրակը», - հարցրեց աշակերտներից մեկը: «Իսկ եթե ինչ–որ մեկը օգնի մեզ ծխից խուսափել»: «Եթե ինչ-որ մեկը դա անի, նա կեղծ ուսուցիչ է: Ուսուցիչն ընդունակ է որտեղ ասես կրակ ստանալու, կամ մարելու այն ամեն անգամ, երբ կուզենա այդպես վարվել: Ու քանի որ նա ոչ ոքի չի սովորեցրել կրակ վառել, ամենայն հավանականությամբ նա ամեն ինչ կթողնի մթության մեջ»:

«Երբ դու անցնելիս կլինես քո ճանապարհը, մի դուռ կգտնես, վրան՝ մի արտահայտություն,- հայտարարեց ուսուցիչը,-վերադարձի'ր ինձ մոտ և հայտնի՛ր, թե ինչ է ասում այդ արտահայտությունը»: Աշակերտն ամբողջ էությամբ տրվեց որոնումներին, և մի օր էլ հասավ դռանը ու այնուհետև վերադարձավ վարպետի մոտ: «Այնտեղ գրված էր. «Դա անհնար է»,- հայտնեց աշակերտը: «Դա պատի՞ վրա էր գրված, թե՞ դռան»,- հարցրեց ուսուցիչը: «Դռան վրա»,- պատասխանեց աշակերտը: «Լավ, ձեռքդ դի'ր դռան բռնակին և բացի′ր այն»: Աշակերտը ենթարկվեց: Քանի որ արտահայտությունը դռնով էր գրված, այն ճանապարհ տվեց այնպես, ինչպես դուռն ինքը կտար: Երբ դուռն ամբողջությամբ բաց էր, նա այլևս չէր կարող տեսնել արտահայտությունը. և նա ներս մտավ:

Ուսուցիչն ասաց. «Փակի'ր աչքերդ: Եթե անգամ աչքերդ բաց լինեն, պատկերացրու հետևյալը՝ թռչունների երամ քամու դեմ: Հիմա ինձ ասա, թե քանի թռչուն տեսար՝ հի՞նգ, տասնմե՞կ, տասնվե՞ց: Անկախ նրանից, թե պատասխանն ինչ է, իսկ ցանկացած մարդու համար դժվար է ասել՝ քանի թռչուն ինքը տեսավ, այս ոչ մեծ գիտափորձի մեջ մի բան հաստատ պարզ է դառնում: Դու կարող ես պատկերացնել թռչունների երամը, բայց երամի թռչունների քանակը քո կառավարմանը ենթակա չէ: Պատկերը դեռ լիովին պարզ է, հստակորեն արտահայտված, ճշգրիտ: Դա էլ պիտի լինի հարցի պատասխանը: Ո՞վ կորոշի, թե քանի թռչուն պիտի հայտնվի ներկայացված ֆոնին: Ոչ դու»:

Մի մարդ որոշեց այցելել ճգնավորին, ով ըստ պատմածների, ապրում էր Սցետի վանքից ոչ հեռու: Անապատում ապարդյուն թափառելուց հետո նա վերջապես գտավ ճգնավորին: «Ես ուզում եմ իմանալ, թե հոգևոր զարգացման ճանապարհին որը պիտի լինի իմ առաջին քայլը»,- ասաց նա: Ճգնավորը մարդուն տարավ մի ոչ մեծ ջրհորի մոտ և ասաց, որ նա ջրի մեջ նայի իր պատկերին: Մարդը փորձեց դա անել, բայց ճգնավորը ջրի մեջ մի քար նետեց, և ջրի մակերևույթն ալեկոծվեց: «Եթե դու պիտի շարունակես քարեր նետել, ապա ես չեմ տեսնի իմ դեմքը ջրի մեջ »,- ասաց մարդը: «Նույն կերպ էլ, ինչպես անհնար է մարդու համար տեսնել սեփական դեմքը անհանգիստ ջրերում, այդպես էլ անհնար է փնտրել Աստծուն, եթե միտքը տարված է փնտրտուքով,- հայտնեց ճգնավորը:- Դա առաջին քայլն է»:

Ժամանակի ընթացքում, երբ ճանապարհորդը Դզեն մեդիտացիայի պրակտիկա էր անցնում, նրա ուսուցիչը մի անգամ գնաց դոդջոյի մի անկյուն (որտեղ գտնվում էին նրա աշակերտները), և վերադարձավ եղեգնյա ձողով: Նրա ուսանողներից մի քանիսը, ովքեր չէին կարողանում լավ կենտրոնանալ, ձեռք բարձրացրին: Ուսուցիչը մոտեցավ նրանցից յուրաքանչյուրին և ձողով երեք անգամ հարվածեց ամեն մեկի մեջքին: Երբ ճանապարհորդը դա առաջին անգամ տեսավ, համարեց միջնադարյան մնացուկ և անհեթեթություն: Ավելի ուշ նա հասկացավ, որ հաճախ անհրաժեշտ է հոգևոր ցավը փոխադրել նյութական հարթություն, որպեսզի ընկալելի լինի այն չարիքը, որ ստեղծում է ցավը: Սանտյագո տանող ճանապարհին նա սովորեց այն վարժությունը, որն իրենից ներկայացնում է մատնեմատով մեծ մատի մաշկը ճանկռելն ամեն անգամ, երբ գլխում ինքն իրեն քննադատող մտքեր են: Բացասական մտքերի սարսափելի հետևանքները նկատելիորեն ուշ են հասկացվում: Բայց այդպիսի մտքերին ֆիզիկական ցավի մեջ վերարտադրվել թույլատրելով՝ մենք ընդունակ ենք դառնում հասկանալու այն վնասը, որ նրանք առաջացնում են: Եվ այնուհետև մենք կարող ենք դրանք հեռու վանել:

Երեսուներկուամյա հիվանդը եկավ թերապևտի՝ Ռիչարդ Կրոուլի մոտ: «Ես չեմ կարողանում չծծել իմ մեծ մատը›,- գանգատվեց նա:- Շատ մի' տարվեք դրանով,- ասաց Կրոուլին:- Բայց ամեն օր տարբե՛ր մատներ ծծեք»: Հիվանդը փորձեց անել այն, ինչ հանձնարարված էր: Բայց ամեն անգամ, երբ նա ձեռքը մոտեցնում էր բերանին, պետք է գիտակցված ընտրություն կատարեր, թե որ մատը դարձներ այդ օրն իր ուշադրության առարկան: Մինչ շաբաթը կավարտվեր, սովորությունը բուժվեց: «Երբ արատը սովորություն է դառնում, նրա հետ գործ ունենալը դժվարանում է,- ասաց Ռիչարդ Կրոուլին:- Բայց եթե դա մեզ պետք է նոր հարաբերությունների ձևավորման, նոր որոշումների և ընտրությունների կայացման ժամանակ, մենք հասկանում ենք, որ դա մի մեծ ջանք չէ»:

Հին Հռոմում խորաթափանց կանանց մի խումբ, որ հայտնի էր Սիբիլլաներ անունով, գրեց ինը գիրք, որը գուշակում էր Հռոմեական կայսրության ապագան: Նրանք գրքերը բերեցին Տիբերիուսի մոտ: «Ի՞նչ արժեն դրանք»,- հարցրեց հռոմեական կայսրը: «Հարյուր կտոր ոսկի»,- պատասխանեցին Սիբիլլաները: Տիբերիուսը զայրացած վռնդեց նրանց: Սիբիլլաներն այրեցին գրքերից երեքը և վերադարձան նրա մոտ: «Նրանց արժեքը շարունակում է մնալ հարյուր կտոր ոսկի»,- հայտնեցին նրանք Տիբերիուսին: Նա ծիծաղեց և հրաժարվեց վճարել. ինչ՞ու պիտի ինքը վեց գրքի համար վճարի ինը գրքի արժեքը: Սիբիլլաները դարձյալ այրեցին գրքերից երեքը և վերադարձան մնացած երեք գրքով: «Գինը դարձյալ հարյուր կտոր ոսկի է»,- ասացին նրանք: Տիբերիուսը, հետաքրքրությունից դրդված, որոշեց վճարել: Բայց նա ընդունակ եղավ կարդալու իր կայսրության ապագայի միայն մի մասը: Ուսուցիչն ասաց. «Շատ կարևոր է, որ կյանքում առևտուր չանես, երբ կա հնարավորությունը»:

Երկու րաբբիներ ամեն ինչ անում են, որ հրեաների համար հոգևոր հարմարավետություն ապահովեն նացիստական Գերմանիայում: Երկու տարի շարունակ, անասելիորոն վախեցած, նրանք խուսափում են իրենց հետապնդողներից և տարբեր կրոնական գործողություններ իրականացնում տարբեր խմբերում: Վերջիվերջո նրանք հայտնվում են բանտում: Րաբբիներից մեկը, սարսափած այն մտքից, թե ինչ կարող է պատահել իր հետ, շարունակ աղոթում էր: Մյուսը, սակայն, ողջ օրը քնած էր:- Ինչո՞ւ եք Դուք Ձեզ այդպես պահում,- հարցրեց վախեցած րաբբին:- Որպեսզի պահպանեմ իմ ուժերը: Ես գիտեմ, որ այն ինձ հետո է պետք գալու,- պատասխանեց մյուսը:- Բայց մի՞թե Դուք վախեցած չեք: Չէ՞ որ մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ կպատահի:- Ես մինչև մեր բանտարկվելն էի վախենում: Հիմա, երբ ես ձերբակալված եմ, ինչ մի լավ բան է վախենալ ինձ հետ կատարվելիքից: Վախի համար սահմանված ժամանակն ավարտված է. հիմա հույսի ժամանակն է»:

Ուսուցիչն ասաց. «Կամք: Դա այն է, ինչին մարդիկ երկար ժամանակ կասկածով են վերաբերվել: Ինչքան գործեր ենք մենք տապալում, որովհետև բավարար կամք չունենք և դեռ ինչքա՜ն էլ, որովհետև դրանք վտանգավոր են: Թյուրիմացաբար «կամքի պակաս» համարելու օրինակ. օտարերկրացու հետ զրույցը Մենք հազվադեպ ենք դիմում օտար մեկին՝ զրույց լինի դա, խնդրանք, թե նման մի ուրիշ բան: Եվ միշտ ասում ենք, թե դա լավագույն ճանապարհն է: Այսպիսով, մենք չենք օգնում, և կյանքն էլ մեզ չի օգնում: Մեր անմատչելիությունը մեզ դարձնում է կարևոր և ինքնավստահ: Բայց իրականում մենք թույլ չենք տալիս, որ մեր հրեշտակի ձայնը ուրիշների խոսքի միջոցով իրեն բացահայտի:

Մի ծեր ճգնավոր մի անգամ հրավիրված էր դատի՝ դարի ամենահզոր թագավորի մոտ: «Ես նախանձում եմ սուրբ մարդուն, ով կարող է այդքան քիչ բանով բավարարվել»,- ասաց թագավորը: «Ես նախանձում եմ Ձերդ Գերազանցությանը, ով բավարարվում է առավել քչով, քան ես»,- պատասխանեց ճգնավորը: «Դա ի՞նչ է նշանակում: Այս երկիրն ամբողջությամբ ինձ է պատկանում»,- վիրավորված հայտարարեց թագավորը: «Հենց այդպես է,- պատասխանեց ծեր ճգնավորը,- իսկ ես ունեմ ամբողջ աշխարհի մթնոլորտի, գետերի ու լեռների երաժշտությունը: Ես արև ու լուսին ունեմ, քանզի ես իմ հոգում կրում եմ Աստծուն: Իսկ Ձերդ Գերազանցությունն, այնուամենայնիվ, ունի միայն այս թագավորությունը»:
 թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը