понедельник, 17 декабря 2012 г.

Հերման Հեսսե...մտքեր, որոնք անցել են շատերի մտքով

Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը:
Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի:
Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, այնուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը:
Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախություններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…
Երբեմն մենք այս ու այն բանն ենք ձեռնարկում, մեկնում ենք ու վերադառնում, կատարում մեկ այս, մեկ այն, և ամեն ինչ բնական ու հեշտ է թվում, ոչնչով չծառնաբեռնված ու կարծես թե ոչ պարտադիր, սակայն ամեն ինչ, ըստ երևույթին, կարող էր և այլ կերպ լինել: Երբեմն էլ, ուրիշ պահերի, թվում է, թե ոչինչ այլ կերպ չէր կարող լինել, անպարտադիր ու հեշտությամբ տրվող ոչինչ գոյություն չունի, և նույնիսկ մեր յուրաքանչյուր ներշնչում-արտաշնչումը նախասահմանված է ի վերուստ և ծանրաբեռնված ճակատագրով:
Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի ենք համարում և որոնց մասին թեթև սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք բոլորն էլ վերաբերում են այն առաջին` «հեշտ» համարվող տեսակին, և մենք հեշտությամբ էլ բոլորը մոռանում ենք: Ուրիշ արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, քան առաջինները, և նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացյալ օրերի վրա:
 … Ես երբեք չեմ քննադատում: Դրանից ոչ ոք օգուտ չի քաղի: Փոխարենը ժամանակ առ ժամանակ ընտրում եմ իմ ընթերցած գործերից լավագույնը և հանձնարարում եմ ուրիշներին… Միայն դրական դատողություններն են, որ արժեք ունեն: Բացասականներն ու կշտամբանք պարունակողները հենց որ ասվում են, դառնում են անհիմն, թեև դիտողությունն ինքնին կարող է ճիշտ լինել… Մենք ճշմարտությունն ենք ասում, երբ հաստատում ենք, ընդունում, համաձայնում: Սխալների, մոլորությունների ամենանուրբ, ամենաոգեկան արձանագրումը դատողություն չէ, այլ բամբասանք…

Սխալ է կարծել, որ իբր թե բանաստեղծը վախենում է քննադատությունից և, արվեստագետի փառասիրությունից մղված` անմիտ շողոքորթությունները գերադասում է իսկական, խորաթափանց քննադատությունից: Ընդհակառակը, բանաստեղծը բոլոր կենդանի արարածների նման սեր է որոնում, սակայն նա, բացի դրանից, սպասում է, որ իրեն ճանաչեն և հասկանան: Միջակ քննադատների շրջապատում ընդունված է ծիծաղել քննադատությանը չդիմացող բանաստեղծի վրա, բայց այդ ծիծաղը վատ սկզբնաղբյուր ունի: Իսկական բանաստեղծն ուրախանում է իսկական քննադատություն լսելով: Նա չի պատրաստվում քննադատից բան սովորել, այդ մեկն անկարելի է, բայց քննադատությունից պարզաբանումներ և ուղղումներ է ակնկալում: Չէ՞ որ այն ժամանակ նա կարող է տեսնել նաև իր աշխատանքն ազգային մշակութի ընդհանուր հաշվեկշռում, տաղանդների և իրական գործերի փոխանակման հոլովույթում: Այլապես իր մտադրությունների մեջ չհասկացված (միևնույն է` գերագնահատում են իրեն, թե՞ թերագնահատում), նա ճախրում է մի անիրական աշխարհում, և այդ հանգամանքը ջլատում է նրա ուժերը…

Комментариев нет:

Отправить комментарий