воскресенье, 16 декабря 2012 г.

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան

1977 թ. մի խումբ արվեստագետների և վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո, 1897-1976) այրու` Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ Երևանում բացվեց վարպետի արվեստանոց-թանգարանը, որը 2 տարի անց դարձավ ՀԱՊ-ի մասնաճյուղերից մեկը: Այստեղ ամփոփ ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր:
Գ. Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է շատ ինքնատիպ կոլորիտով հագեցած, աշխույժ եռուզեռով ապրող բազմազգ Թիֆլիսում: 19-րդ դարից Անդրկովկասի մշակութային կենտրոն հանդիսացող այս քաղաքում ապրել և ստեղծագործել են հայ մեծ նկարիչներ Հակոբ Հովնաթանյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը և տաղանդաշատ այլ արվեստագետներ, այդ թվում և Ջոտտոն, որոնց ստեղծագործությունը հայկական կերպարվեստում ձևավորեց «թիֆլիսյան դպրոցը»:
Փիլիսոփայական խոհերի և ըմբոստ մտքերի մեջ խորասուզված Գ. Գրիգորյանը ստեղծում էր հոգեբանական դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ, տարաբնույթ հորինվածքներ: Նկարում էր մտերիմներին, բարեկամներին, մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ` նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով, սակայն բոլորն էլ տոգորված են մի ուրույն քնքշանքով, սիրով, որ տածում էր Ջոտտոն իր կնոջ հանդեպ:
Թեմատիկ հորինվածքներում Գ. Գրիգորյանը հաճախ վերադառնում է իր մանկության տարիների Թիֆլիսին և զուսպ գեղանկարչական միջոցներով ու գունաշարով վերարտադրում ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը: Մեծ արժեք են ներկայացնում Գ. Գրիգորյանի նատյուրմորտները: Նրա վրձինը վարպետորեն կերտում է հիմնականում թեք հարթությունների վրա տեղադրված ամենապարզունակ կենցաղային առարկաներ, մրգեր ու ծաղիկներ:
Մասնաճյուղի սրահներից մեկում տեղ են գտել նաև Դիանա Ուկլեբայի մի քանի կտավները, իսկ առաջին հարկում ներկայացվում են «թիֆլիսյան դպրոցի» անվանի նկարիչների ստեղծագործությունները: Այսպիսով Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային ուրույն կենտրոն է. այստեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային կապերին վերաբերող միջոցառումներ:
աղբյուրը՝ http://www.gallery.am/hy/