суббота, 15 декабря 2012 г.

Ֆրանց Կաֆկա. դատապարտված մարդը /Աբսուրդիզմի գերին/

«Իմացության առաջին նշանը մեռնելու ցանկությունն է: Այս կյանքը թվում է անտանելի, իսկ մյուսը` անհասանելի: Արդեն չես ամաչում, որ տենչում ես մահը, պարզապես խնդրում ես տեղափոխել քեզ համար այդքան ատելի հին բանտախուցից մյուսը, որը դեռ նոր պետք է սկսես ատել»: 

                                                                                                                                      Ֆրանց Կաֆկա



 «Աբսուրդիզմի գերին». այդպես էր անվանել Կաֆկային նրա մոտ ընկերը և կենսագիրը` Մաքս Բրոդը: Ի՞նչն էր դրդել Կաֆկային ստեղծել մի մութ և ելք չուեցող աշխարհ, որի շնորհիվ նա դարձավ 20-րդ դարի գրականության ամենայուրահատուկ և առեղծվածային կերպարը:
 Կաֆկան ծնվել է 1883 թվականին, Պրահայում, hրեաների ընտանիքում: Նրա հայրը վաճառական էր և երազում էր միակ որդուն` Ֆրանցին տեսնել որպես իրեն փոխարինող: Նա անընդհատ ճնշում էր որդուն, երեսին շպրտում այն հանգամանքը, որ ինքը անց է կացրել շատ ծանր կյանք, բայց իր երեխաները ապրում են բարեկեցիկ կյանքով: Այդ բարեկեցիկ կյանքը դառնում Է Կաֆկայի կյանքի մղձավանջի սկիզբը: Կաֆկան հորից և նրա հարվածներից փախչելու համար ընտրեց իրավաբանի մասնագիտությունը, ապա աշխատանքի ընդունվեց Ապահովագրական ընկերություն, որից դուրս գալը մնաց նրա ողջ կյանքի երազանքը: Նա ծանր օրեր էր անցկացնում աշխատանքային գրասեղանի առջև և միայն գիշերները հատկացնում գրականությանը: Մանկության ծանր հուշերի, քրոնիկ հիվանդությունների ու տարիներ ձցձգվող անքուն գիշերների մթնոլորտում ստեղծվեցին նրա գործերը:
 «Ես հիշում եմ դեպք իմ մանկությունից. երևի Դուք էլ եք դա հիշում: Մի գիշեր ես անընդհատ լաց էի լինում ու ջուր էի խնդրում. մի քիչ ծարավ էի, մի քիչ ուզում էի Ձեզ զայրացնել, մի քիչ էլ ուզում էի զվարճանալ: Այն բանից հետո, երբ Ձեր սպառնալիքները չօգնեցին, Դուք դուրս հանեցիք ինձ մահճակալից ու տարաք պատշգամբ` Ձեր ետևից փակելով դուռը: Դուք թողեցիք ինձ այնտեղ` մենակ, բարակ վերնաշապիկով, մթության մեջ, փակ դռան ետևում: … Տարիներ անց ես դեռ տառապում եմ այն պատկերներից, թե ինչպես մի հսկա տղամարդ, իմ հայրը, բարձրագույն իշխանությունը, համարյա առանց պատճառի կարող է գիշերը մոտենալ ինձ, դուրս բերել անկողնուց, տանել պատշգամբ. Այո´, տեսեք որպիսի ոչնչություն եմ ես նրա համար»,- գրել է Կաֆկան հորը ուղղված իր հայտնի նամակում:
 Մարդու ոչնչական կերպարը բարձրագույն իշխանություննների առաջ` ահա և կաֆկայական աշխարհի բանալին: Եթե դու փոքր-ինչ թույլ ես, եթե նման չես ուրիշներին, եթե տարբերվում ես հասարակության սարդոստայնի բնակիչներից, դու այլևս պատվազուրկ, դու պարզապես հանցագործ ես: Այլևս կարևոր չէ` դու կմեռնես դանակի հարվածից մահապատժի ժամանակ, թե մարմնում խրված նեխած խնձորից, ու դու կմեռնես շարունակելով տեսնել երազանքներիդ ստվերները և հոգ տանելով այն շրջապատիդ մասին, որը հաճույքով հետո քեզ կմոռանա. «շան նման»  կմեռնես… Միգուցե նրա ընկերը սխալվել էր. գուցեև Կաֆկան աբսուրդի գերի չէր, այլ ընդհակառակը առօրեականության, հասարակության պայմանակությունների ու այն կյանքի գերին, որի ամեն առավոտը սկիզբ չէ, այլ շարունակությունը և նմանությունը մնացած միլիարդավոր օրերի, որ անցնում են էժանագին ֆիլմի նման, անընդհատ կրկնվող սյուժեով:


 31 տարեկան հասակում Կաֆկան առաջին անգամ առաջարկություն արեց իր վաղեմի ծանոթուհուն` Ֆելիս Բաուերին: Այս դեպքը երևի Կաֆկայի կյանքի ամենաանհասկանալի մասերից է: Մի քանի շաբաթ անց Կաֆկան ինքը հրաժարվում է ամուսնանալ իր հարսնացուի հետ և ներողություն է խնդրում: Որոշ ժամանակ անց Կաֆկան նորից խնդրում է Բաուերիի ձեռքը, բայց հետագայում նորից հրաժարվում ամուսնանալ: Կաֆկան ինքը սա իր Օրագրում բացատրում էր այն հանգամանքով, որ ամուսնանալով նա կզրկի իրեն իր համար ամենաթանկ բանից` գրականությունից: Մյուս կարևոր հանգամանքը այն է, որ ամուսնանալով, նա այլև չէր կարողանա հրաժարվել ապահովագրական ընկերությունում իր աշխատանքից: Ընտանիքը չափից դուրս ծանր պատասխանատվություն կլիներ նրա համար:
 Ֆելիս Բաուերից հետո նա սիրավեպեր ունեցավ  մի քանի այլ կանանց հետ: Թեև Կաֆկան իրեն համարում էր անհամակրելի տղամարդ, սեփական մարմինը զզվանք էր առաջացնում նրա մոտ, սակայն նա հմայում էր շատ կանանց: Նրա վերջին սերը եղավ Դորա Դիամանտը` աշխույժ և խելացի մի աղջիկ, ով փոքր էր գրողից 15 տարով: Նրանք միասին անցկացրին Կաֆկայի վերջին երկու տարիները: Չնայած նրան, որ Կաֆկային տանջող հիվանդությունները ստիպում էին օրերը անցկացնել անվերջանալի ցավերով, Դորայի հետ անցակցրած ժամանակաշրջանը նրա համար երջանկության ու խաղաղության շրջան էր. համենայն դեպս այդպես կարելի է դատել նրա օրագրի վերջին գրառումներից:
 Կաֆկայի մահից հետո Դորան ամուսնացավ, ունեցավ երեխա, սակայն շատ շուտով բաժանվեց: Նա այլևս չամուսնացավ և մինչև կյանքի վերջ կրում էր Կաֆկա ազգանունը…
 Ես ոչինչ չունեմ ասելու ոչ ոքի , երբեք….
 Ֆրանց Կաֆկան մահացավ 1924 թվականի հունիսի 3-ին, 40 տարեկան հասակում: Այդ շրջանում նա հայտնի գրող չէր. նրա մեկ-երկու գործերը տպվել էին (այդ թվում` «Կերպարանափոխությունը»), բայց առանձնակի հաջողության չէին հասել: Մաքս Բրոդը հրատարակեց նրա ձեռագրերը նրա մահից արդեն տարիներ անց: Բրոդը մնաց պատմության մեջ իրարամերժ կերպարներով. որպես դավաճան ընկեր, ով չկատարեց ընկերոջ մահվան մահճում կատարած խնդրանքը և չայրեց նրա ձեռագրերը և որպես մարդ, ում մենք պարտական ենք համաշախարհային գրականության ամենազարմանալի էակին ճանաչելու համար:

 Դժվար է բացատրել Կաֆկա երևույթը: Միգուցե բավական է պարզապես ասել մարդ` առանց գիշատչի հատկությունների: «Ես կոտրված եմ, ես չեմ կոփվել: Դատարկ անոթ, դեռևս ամբողջական, բայց արդեն թաղված ապակու փշուրների տակ կամ էլ փշուր` կոտրվող ամբողջության մեջ: Լցված ստով, ատելությամբ և նախանձով: Լցված անշնորհքությամբ, հիմարությամբ և ապուշությամբ: Լցված ծուլությամբ, թուլությամբ և անպաշպանվածությամբ»: Նա` Յոզեֆ Կ.-ն էր դատապարտված խոնարհության համար, և Պարոն Կ.-ն` իր երազանքի համար պայքարող, բայց այդ երազանքում իր մահը գտած մարդը: Նա Գրեգոր Զամզան էր` հասարակությունից մերժում ստացած միջատը: Նա Ֆրանց Կաֆկան էր` անկյունում թաքնված մարդը, ում հոգու գեղեցկությունը  և խաղաղության տենչը կործանվեցին հասարակության պայմանականությունների, հարազատների պահանջների ու աշխարհը կառավարողների ձեռքով:
«1923 թ. հունիս 12: Վերջին ժամանակների սարսափները անհամար են, համարյա անընդհատ: Ջբոսանքները, գիշերները, օրերը, ոչ մի բանի ընդունակ չեմ , բացի ցավից: Բայց ամեն դեպքում: Ոչ մի «ամեն դեպքում» … Հետզհետե ավելի վախկոտ եմ դառնում գրելիս: Եվ դա հասկանալի է: Ամեն բառը` շրջված ուրվականների ձեռքով` այդ թափահարումը նրան հատուկ շարժումն է, դառնում է նիզակ, ուղղված խոսողի դեմ: Հատկապես նման դիտողության դեմ: Եվ այդպես հավիտյան: Կա միայն մեկ մխիթարություն. Դա պատահելու է` ուզես, թե` չուզես: Իսկ եթե ուզում ես, դա միայն մի փոքր կօգնի: Բայց ահա թե ինչն է ավելի քան միխիթարությունը. դու նույնպես ունես զենք…»:
Լուսինե Ոսկանյան` լրագրող