пятница, 9 ноября 2012 г.

Անվերջությունն ու սահմանը կյանքի զարգացման հեռանկարում

Կյանքի, մահվան, հավերժության ու ժամանակի մասին մտորումները հաճախ դարձել են հայտնի կտավների, գեղարվեստական գրքերի և նույնիսկ երգերի ստեղծման շարժառիթներ: Քնարիկ Միքայելյանի ու Տաթև Հարթենյանի կյանքի հարատևության ու անվերջության շուրջ խորհրդածությունը արդյունք եղավ այն իրադարձության, որ 2012 թ. Գյումրու 8-րդ միջազգային Բիեննալեի շրջանակներում ներկայացվեց նրանց համատեղ <<Անվերջությունն ու սահմանը կյանքի զարգացման հեռանկարում>> վերնագրված նախագիծը: Այն իրենից ներկայացնում էր փերֆորմանսի ու վիդեո-արտի համադրում: Փերֆորմանսն ու վիդեո-արտը արվեստի միջոցներից  են, որոնք ունեն հստակ սահմանում: Փերֆորմանս նշանակում է կատարում, որը իրականացվում է գործող անձի կամ անձանց կողմից: Փերֆորմանսը չունի ուղղորդիչ տեքստ: Լինում է նաև վիդեո փերֆորմանս: Վիդեո-արտը վիդեո կադրերի միջոցով էկրանից ցույց տրվող արվեստի ձևն  է, որը կադրերի շնորհիվ դիտողին է հասցնում իր կոնկրետ գաղափարը:<<Եթե մեզ հնարավորություն տրվեր ընտրություն կատարել մահանալու կամ հավերժ ապրելու միջև, ոչ ոք չէր իմանա, թե ինչ կորոշի: Բնությունը մեզ ազատում է ընտրելու անհրաժեշությունից՝ մահը դարձնելով անխուսափելի>>,-այսպես է մահվան խորհուրդը նկարագրել ֆրանսիացի բարոյախոս Ժ. Լաբրյուերը: Մահն անխուսափելի է, այո՛, բայց նախագծի կազմակերպիչներն հիշեցնում են այն եղանակների մասին, որոնց միջոցով հնարավոր է ապրել մահվանից հետո: Ոչ մի տեխնիկա ի վիճակի չէ մարդուն անմահ դարձնել, սակայն յուրաքանչյուր ոք պետք է մշակի մի այնպիսի ուղի, որով կարողանա հետք թողնել մահվանից հետո: Անմահությունն հիմնականում իրականանում է սերնդի մեջ: Մարդն իր կյանքը շարունակում կամ նորից է ապրում իր ապագա սերունդների մեջ: Մեկ այլ տարբերակ է ստեղծագործելը, քանի որ չի մահանում նա, ով ապրում է իր ստեղծագործություններում:
Յուրաքանչյուր վայրկյան երկրագնդի վրա ծնվում և մահանում են հազարավոր մարդիկ, սակայն սա խառնաշփոթ չի առաջացնում: Մահանալը նույնքան բնական է, որքան և ծնվելը: Ոչինչ իր բնական հունով չէր գնա, եթե մարդիկ շարունակ ծնվեին, ու ոչ ոք չմահանար: Կառաջանար այսպես կոչված <<մարդկային ավելցուկ>>, ու երկրագնդի վրա տեղ չէր լինի ապրելու: Առավել կոպիտ ձևակերպումով  կարող ենք ասել, որ մարդիկ մահանում են, որպեսզի մարդկությունն ապրի: Ցանկացած գոյություն ունեցող էակ մտածում է իր վերջի, կամ որ նույնն է, մահվան մասին: Այսպիսին է ցանկացած ավարտուն և անվերջ նյութի դիալեկտիկան: Բայց սրանից չի կարելի եզրակացնել, որ կյանքը մահով ավարտվում է: Մահով վերջ է դրվում մարդու ֆիզիկական գոյությանը: Սակայն պետք է օգտագործել այն տարբերակները, որոնց միջոցով հնարավոր է մահանալ միայն այս երևույթի կենսաբանական առումով: Ըստ իս, կյանքի նպատակը հենց այն է, որ այնպես ապրես, որպեսզի մահվանից հետո էլ չմահանաս:
Այս գաղափարներն են ընկած փերֆորմանսի հիմքում, որը ներկայացնել կցանկանայի՝ սկսելով մութ սենյակից ու առաստաղից կախված փոքրիկ լապտերից, որի լույսը վառվում էր սրտի աշխատանքի զարկերի ռիթմին համապատասխան: Սա արդեն իսկ կյանքն է խորհրդանշում: 

Սենյակի կենտրոնում՝ հենց լույսի տակ, մի շրջան էր գծված, որի մեջ պտտվում էի տարբեր տարիքի մարդիկ: Շրջանը, որն ինքնին սահմանափակ տարածություն է, խորհրդանշում է կյանքն ու ժամանակը, իսկ սենյակի մնացած բաց տարածությունը՝ այն անվերջությունը, որի վրա մահկանացուն բառացիորեն ոտք դնել չի կարող: Շրջանակի մեջ պտտվող մարդիկ իրենց հատկացված տարածությունից դուրս չէին գալիս: Թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների ներկայությունը պերֆորմանսում խոսում է հենց սերունդների հերթափոխի, կյանքի շարունակականության մասին: Փերֆորմանսն ընթանում էր վիդեո-արտի հետ մեկտեղ, որի մեջ ներկայացված էին մարդկային կյանքի շրջափուլերը՝ բեղմնավորում, հղիություն, ծնունդ, մանկություն, դեռահասություն, սեր և ամուսնություն, ծերություն: Վիդեո-արտը կազմված էր իրար հաջորդող լուսանկարներից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ուներ սիմվոլիկ նշանակություն: Օգտագործված էր երիցուկ՝ որպես սիրել-չսիրելու տարորոշիչ, խաղալիքներ՝ որպես մանկության բաղկացուցիչ մաս, անվերջության մաթեմատիկական նշանը՝ որպես կյանքի մշտական վերափոխման խորհուրդ և այլն:
Կյանքն անմիջականորեն կապված է ժամանակի ու հավերժության հետ: Ժամանկաը ուղեկցում է մարդուն թե՛ ներկայում, թե՛ անցյալում և թե՛ ապագայում: Այն ընկած է կյանքի փուլերի հաջորդականության հիմքում և պտտվում է օղակաձև՝ իրեն ենթարկելով բոլորին: Ժամանակը չպետք է կորցնել, որովհետև հենց ժամանակից է կազմված կյանքը: Հավերժությունը, որը կարելի է նույնացնել մաթեմատիկական անվերջության հետ, ևց խիստ կապված է կյանքին: Անվերջության տարաժությունում գտնվող օբյեկտը շարժում է կատարում ու հասնելով բարձրակետի՝ ավարտում է իր շարժումը: Նույն այս ընթացքում իր շարժումն է սկսում մեկ այլ օբյեկտ՝ գոյացնելով շրջափուլ: Անվերջության տարածությունը մարդու համար մոլորակն է, օբյեկտները՝ մարդիկ, բարձրակետը՝ մահը, շրջափուլը՝ կյանքը: Մարդիկ  հաջորդում են միմյանց առանց մեկը մյուսին խանգարելու ու քաոս առաջացնելու: Ժամանակը, անվերջությունն ու մահը կյանքը կարգավորող փոխկապակցված երևույթներ են: Հավերծությունը հարատև է, ժամանակը՝ սահմանափակ, վերջը՝ մի նոր կյանքի սկիզբ:
Մարդը մահկանացու է, և անմահ դառնալու նրա միակ հնարավորությունը իրենից հետո մնայուն հետք թողնելն է: Նախագիծը փորձ էր մեկ անգամ ևս բոլորին հիշեցնելու, որ կյանքը հարատև չէ, շտապել է պետք, սերնդեսերունդ ինֆորմացիա, կուտակած գիտելիքներ ու փորձ  փոխանցել: Այսպիսին էր շարունակականություն-ավարտ կապը, որը շրջանաձև պտտվում է մարդկության շուրջը: Պետք է ապրել բովանդակալից ու ոչ անիմաստ, քանի որ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն մեզ պարզապես չի տրվելու:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
աղբյուրը`  http://gyumribiennale2012.wordpress.com/