суббота, 10 ноября 2012 г.

Վարդան Մախոխյան /1869-1937/



Ինձ միշտ էլ զարմացրել է այն փաստը, թե հայ ազգը, ծով չունենալով հանդերձ, ինչպես է կարողացել հմուտ ծովանկարիչ վարպետներ տալ: Այվազովսկուց բացի բավականին մեծ բարձունքի վրա է կանգնած նար Վարդան Մախոխյանի անունը, որը, ցավոք, այնքան էլ լսված ու հայտնի չէ: Նա ծնվել է 1869 թ. մայիսի 31-ին Տրապիզոնում: Նախնական կրթություն ստացել է տեղի ազգային դպրոցում, որտեղ դասավանդվել է ինչպես եվրոպական, այպես էլ հայկական ոգով: Սովորել է Կարնո Սանասարյան վարժարանում, որտեղ ծանոթացել է նաև ջութակի հետ: Այստեղ սովորելու ընթացքում Վ.Մախոխյանի  մոտ վերջնականապես ամրապնդվում է նկարիչ դառնալու համոզմունք: Նրա կատարած գծանկարերը արժանանում են ուսուցիչների և իր դասընկերների  հիացմունքին, մանավանդ ճենական մելանով և գրչածայրով կատարած ծովային նուրբ պատկերները: Վարդան Մախոխյանը, սակայն, միայն նկարչության սպասավոր չէր:  Նրա մասին եղած նյութերում նշվել է բարձրաճաշակ երաժիշտ  լինելու  հանգամանքը: Սանասարյան վարժարանում հնարավորին չափ  սովորել ու հմտացել է երաժշտւթյան  մեջ: Վարժարանում դասավանդվել է երաժշտության առարկան` ջութակ և  դաշնամուր:  Մախոխյանը եղել է ջութակի բաժնում  և ուսման ողջ ընթացքում շուրջ հինգ տարի իր ունակությունը զարգացրել է այդ գործիքի վրա: Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Մախոխյանն այնքան խորն ընկալումով  ու ճաշակով է նվագել, մանկավարժները  տարակուսել են, թե արդյոք  Վարդանը  հետագայում երաժշտության մեջ պետք է շարունակի իր կրթությունը, թե նկարչության:



1891-ին մեկնել է արտասահման, երեք տարի սովորել Բեռլինի գեղարվեստների ակադեմիայում`  աշակերտելով ժամանակի հայտնի նկարիչներից Բրախտիին և նորվեգացի ծովանկարիչ Հանս Գյուտեին։ Արդյունքում պրոֆեսոր Գյուտեն ասել է. <<Այլևս ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու>>: Ուսման ընթացքը ավարտելուց հետո մնացել է Գերմանիայում։ 1894-ին Ղրիմում կատարելագործվել Հ. Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը։ Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներով` Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, Կովկաս և այլն, ամենուր գտնելով առատ նյութ իր վրձնի համար։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Նրա նկարները գնվել են աշխարհի շատ թանգարանների կողմից, տպագրվել եվրոպական, մասնավորապես գերմանական մամուլում, արժանացել ջերմ գնահատման։ Բեռլինի, Մյունխենի, Համբուրգի, հետագայում Փարիզի և այլ քաղաքների տարեկան ցուցահանդեսներում միշտ գրավել է պատվավոր տեղ, քանիցս արժանացել մրցանակների։ 1904թ. Նա դարձավ Բեռլինի արվեստագետների միության գործուն  անդամ: 12 հոգուց բաղկացած այդ խորհրդի անդամ լինելը ապացույց էր նրա տաղանդի ճանաչման:  Խորհրդի պատվավոր նախագահը կայսր Վիլհելմ II-ն էր, որը հիացած էր հայ երիտասարդ ու տաղանդավոր նկարչի արվեստով:  1907 թվականի մայիսի 15-ին Մախոխյանը 12 աշխատանքով մասնակցում է Բեռլինում կազմակերպած <<Գերմանական ցամաքային և ծովային բանակի ու գաղթավայրերի ցուցահանդեսին>>:  Հեղինակավոր այդ միջոցառմանը ներկա են գտնվում կայսերական ընտանիքի անդամները, պետական նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաններ: Մախոխյանի ներկայացրած աշխատանքները  հիմնականում եղել են ծովային տեսարաններ:  Ա յցելուների ուշադրությունը  առանձնապես գրավել է <<Փոթորիկ Սևաստոպոլի մոտ>> կտավը

 Մախոխյանը դառնում է Բեռլինի տարեկան մեծ ցուցահանդեսի աշխատանքներն ընդունող  հանձնաժողովի անդամ: Այդ հեղինակությունն ու ճանաչումն էր տաղանդավոր արվեստագետին  իրավունք վերապահել Բեռլինի իր շքեղ ու լայնարձակ  արվեստանոցում բացանելու նկարչության  ուսուցման ստուդիա, նույնիսկ երկուսը, որտեղ  հաճախում էին ընդունակություններով  օժտված գերմանացի երիտասարդ նկարիչներ: 1915թ. հայկական կոտորածներից ու հարազատների ջարդից ազդվելով ստեղծել է <<Հայաստանի հեծեծանքը>> սիմֆոնիան, որը բավականին բարձր է գնահատվում արտասահմանումէ հնչելով տարբեր բեմերից: Այն առաջին անգամ հնչեց 1918 թվականի  հունվարի 13-ին Մոնտե Կառլոյում: Վ.Մախոխյանի ստեղծագործական  կյանքում երևութային  նշանակություն ունեցավ  նրա մասնակցությունը  Փարիզի 1921թ. Սալոնին երկու աշխատանքներով` <<Ալեկոծություն Քատեկատում>> և <<Ռուսական տափաստաններ>>: 
Վարդան Մախոխյանը մի նկար է նվիրում` ի նպաստ Ֆրանսիայի հարավարևմտյան նահանգների ջրհեղեղից տուժածների: Աճուրդի հանված այդ նկարը վաճառվել է 7000 ֆրանկով: 1922-ին Մախոխյանը երկրորդ անգամ է մասնակցում Փարիզի Սալոնին` ներակայացնելով միայն մեկ աշխատանք` <<Ալիքը>>: 1923-ին նույն Սալոնին ներկայացնում է <<Մոնակոն>>: Վերջին անգամ <<Սալոնին>> մասնակցում է 1927 թվականին` նեկայացնելով <<Ալիք>> թեմայի մեկ այլ տարբերակ:
1925-ին Լատինական Ամերիկայի երկրների միջազգային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։ 1925թ. մայիսին Փարիզի <<Ալլար>> նկարչական պատկերասրահում բացվում է Վարդան Մախոխյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր 91 աշխատանք, որոնց թվում ծովանկարներից զատ կային նաև ցամաքային, հատկապես ձմեռային բնանկարներ: Մախոխյանը նվաճեց  փարիզցիների համակրանքը:  Ցուցահանդեսից հետո, ի նշան նրա բարձր արվեստի գնահատման և համաֆրանսիական մշակույթին բերած նպաստի, ֆրանսիական կառավարությունը  Մախոխյանին արժանացրեց  բարձր գնահատականի` <<Պատվո լեգեոն>> շքանշանի: Ընդհանրապես, 1920-ական թվականները ներառյալ 1930-ականների սկիզբը, Մախոխյանի ստեղծագործությունների  հաճախակի ցուցադրման շրջանն էր: Նա ցուցադրվում է Թուլուզի լատինական երկրների  արվեստագետների համաշխարհային ցուցահանդեսում, որտեղ և արժանանում է ոսկե մեդալի:
Փարիզյան թերթերը մեծ հիացմունքով են խոսել այդ ցուցահանդեսի մասին։ Բարձր են գնահատել «<<Մայրամուտը Սև ծովի վրա>>, <<Ձմեռը Կովկասում>>, <<Տրապիզոնի վանքը>>, <<Ալիքը>> ,<<Սարակինոսների աշտարակը>>, <<Նավաբեկության մնացորդները>>, <<Ոսկեզօծ ծովը>>, <<Ամպրոպը>> «<<Ձկնորսները լուսնկա գիշերով>> և այլ գործեր: Մախոխյանի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում և Բեոլինում (1907), Լոնդոնում (1914), Փարիզում (1925), Մարսելում (1923), Նիցցայում (1932, 1936), մասնակցել է նաև «Անի» արվեստագետների խմբակցության ցուցահանդեսներին (1927-30-ին)։ Իր կյանքի վերջի կարևոր իրադարձություններից  մեկը  1936թ. սկզբներին Նիցցայում բացված անհատական ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր 48 աշխատանք: Հանճարեղ ծովանկարիչն իր մահկանացուն կնքում է 1937թ. փետրվարի 11-ին Նիցցայում:
   Միջերկրականի, Սև ծովի մերձափնյա և ծովային այլ տեսարաններ պատկերող Մախոխյանի բնանկարներն աչքի են ընկնում խոր ռեալիզմով, նյութականությամբ, գունալուսայհն հարաբերումների նրբությամբ, ծովի անեզր տարածության ընկալման ամբողջականությամբ ու կենսալիությամբ /<<Փոթորիկ Սևաստոպոլի առաջ>>, <<Հուզված ծովը վերջալույսին>>, <<Բրետանի ափերը.>, <<Դանիական ափերը>>, <<Ռուսական տափաստաննե>>, <<Ալեկոծություն Քատեկատում>>/։ Ալիքը նրա համար մի ապրող էակ է՝ իր խորությամբ, բախման ուժգնությամբ։ Թախծոտ, ներհուն, որոշ դեպքերում՝ դրամայի հասնող բնանկարներում Մախոխյանը արձագանքել է իր ժողովրդի ողբերգական իրադարձություններին։ Հ. Այվազովսկուց հետո նա ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստի պատմության մեջ: Նա սիրում էր պատկերել ծովն իր ողջ ուժով, հզորությամբ, հուժկու և ալեկոծվող ալիքներով: Այդ իսկ պատճառով էլ ծովը հաճախ Մախոխյանի արվեստում կերպավորվում է` վերածվելով մերթ տառապող, մեր հառաչող, մերթ խնդրող, մերթ ցասման մեջ մռնչացող արհավիրքի: Վարդան Մախոխյանն իր մտքերը, իր հույզերը, իր գեղագիտական դավանանքը  լիակատար  ձևով բացահայտելու  համար օգտվել է նաև սիմվոլիզմի կերպավորումներից`  միայն թե այդ ամենը  մշակելով ու համապատասխանեցնելով իր անհատական  պատկերացումներին:
 Աշխատելով ինչպես բացօթյա պայմաններում, այնպես էլ արվեստանոցում, Մախոխյանը, այնուամենայնիվ, նախապատվությունը տվել է բացօթյա մեթոդին: Բայց նրա բնանկարները դժվար է համեմատել իմպրեսիոնիստների կամ այլ ծովանկարիչների բնապատկերների հետԴրանք ավելի շուտ հիշեցնում են ռոմանտիկների, ինչպես նաև եվրոպական նոր կերպարվեստում ռեալիզմի հիմնադիր Գ. Կուրբեի ծովանկարները: Ծովի տարերքը նրա գործերում ներկայացված է պլաստիկական շեշտադրումներով և շոշափելի-ծավալային տպավորություն է թողնում: Առանձին գործերում, հատկապես գիշերային ծովանկարներում /<<Լուսնի ծագումը>>, <<Լուսնյակ գիշեր>>, <<Ծովի վերջալույսին>>/ Մախոխյանին հաջողվել է արտահայտել ռոմանտիկներին բնորոշ հուզականությունը: Միանգամայն այլ` խորհրդավոր- առեղծվածային տպավորություն է թողնում <<Այցելություն ճգնավորին>> այլաբանական պատկերը, որի լուռ <<մեռելային տրամադրությունը>> առիթ է տալիս այս աշխատանքը զուգադրել շվեյցարիացի վարպետ, բնապաշտների տեսողությամբ, սիմվոլիստների ընկալմամբ և ռոմանտիկների երևակայությամբ օժտված Առնոլդ Բյոլկինի <<Մեռելների կղզին>> հռչակավոր կտավի հետ:
  Մախոխյանն ընդունում էր հավերժության  խորհրդապաշտական գաղափարը: Պատահական չէ, որ նրա  կտավներում բացակայում են  կենցաղային մանրուքները, ավելին` նույնիսկ մահականացու մարդ արարածը: Այդ մտայնությամբ պետք է բացատրել սիմվոլիզմին հատուկ միստիկայի, ալեգորիաների, սիրո, մահվան, տառապանքի, սպասումի ու ճակատագրի խոհական զգացումները  Մախոխյան արվեստագետի մոտ:  Դրանով պետք է բացատրել Մախոխյանի մի շարք կտավներում արտաքուստ պարզ ու հասարակ թվացող տեսարանների  խորքում թաքնված խորհրդավորի և հավերժականի տպավորությունը:
    Գոհար Նավասարդյան
    ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս