пятница, 9 ноября 2012 г.

Ալ. Դյումա. "Ասկանիո"

    Երբ սիրում ես, շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրած էակի հետ, պատմել կյանքիդ մասին, ներկայի, անցյալի, ապագայի մասին: Եվ ահա, երբ Ասկանիոն ու Կոլոմբան վերագտան խոսելու ընդունակությունները, պատմեցին միմյանց վերջին օրերի իրենց բոլոր վշտերը, բոլոր հույսերը: Այդ սքանչելի էր: Նրանց զգացմունքներն այնքան նման էին, ասես պատմում էին մեկը մյուսի մասին: Երկուսն էլ տառապել էին, բայց հիմա ժպիտով էին մտաբերում իրենց տառապանքները..........

   Եվ ի վերջո, հանդիպեցին սքանչելի անմեղ այդ արարածները, որոնք վաղուց ի վեր լուռ սիրում էին միմյանց և արդեն այնքան տառապանքներ էին պատճառել մեկ մեկու: Իհարկե, հանդիպելով, նրանք պետք է որ անմիջապես մոռանային իրենց բաժանող տարածության մասին. չէ՞ որ երազանքներում նրանցից ամեն մեկը քայլ առ քայլ հաղթահարում էր այդ տարածությունը: Հիմա արդեն նրանք կարող էին բացատրվել, առաջին իսկ խոսքից հասկանալ միմյանց և ուրախության պոռթկման մեջ արտահայտել իրենց զգացմունքները, որոնք, մինչև հիմա, տառապելով, զսպում էին: 

   Բայց երկուսն էլ չափազանց երկչոտ էին ու, թեև հուզմունքը մատնում էր սիրահարների զգացմունքները, այնուամենայնիվ նրանց անարատ հոգիները չկարողացան միանգամից կրկին մերձենալ:

  Կոլոմբան շիկնեց և լուռ վեր թռավ տեղից: Ասկանիոն հուզմունքից գունատվեց ու դողացող ձեռքը կրծքին սեղմելով, փորձում էր զսպել սրտի տրոփյունը............
   Եթե քո պատճառով ես անչափ շատ տանջվեմ, թերևս կսկսեմ ատել քեզ նույնքան ուժգնորեն, որքան հիմա սիրում եմ:
   Նրանց սրտերը միացան, և իրենք էլ չնկատեցին, թե ինչպես իրենց շրթունքները հանդիպեցին: Նրանք նայում էին միմյանց մի տեսակ ինքնամոռացման մեջ. դա երկու հրեշտակների հանդիպում էր, իսկ այդպիսի պահերը երբեք չեն կրկնվում...
   -Դուք ինձ առաջվա նման կսիրե՞ք:
Պատասխանի փոխարեն Չելլինին համբուրեց նրա ճակատը, իսկ դա ամենապերճախոս պատասխանն է,քանզի ոչինչ չի նշանակում և նշանակում է ամեն ինչ:
   -Ի՞նչ է սովորական սերը: Թեթև հափշտակություն, ուրախ միություն, որի մեջ տղան և աղջիկը խաբվում են և հաճախ՝ անկեղծորեն: Եվ ողբերգություն դառնա, թե կատակերգություն, մեկ է. անցնում է ժամանակը, և մտաբերում ես այն, ինչպես մի թատերական ներկայացում:
   Թերևս բավական էր, որ պատանին և աղջիկը, որոնք այդքան տառապանքներ էին կրել ու այդքան միայնակ էին, արտասանեին գեթ մի բառ, որպեսզի նրանց տխուր անցյալը միախառնվեր մի ընդհանուր ապագայի մեջ. բայց աղջիկն այնքան մաքուր էր, իսկ պատանին այնքան էր աստվածացնում նրան, որ այդ բառը չարտասանեց:
   Մարդիկ հազվադեպ են մտածում այն ամենի պաշտպանության մասին, ինչ իրենց կարծիքով անհնարին է խլել իրենցից ...
   Պատանին չէր կարողանում պատկերացնել, որ եկել է սիրած աղջկա մոտ, և թվում էր, թե քիչ առաջ իր սիրած աղջկան տեսել է երազում: Նա չէր հավատում, որ այդ անաղարտ տեսիլքը, որի քաղցրահնչուն ձայնը դեռ արձագանքում էր ականջներում, իսկ եթերային կերպարանքը քիչ առաջ սահեց-անցավ աչքերի առջևից, իսկապես նա էր, որի մի հայացքի համար դեռ երեկ իր կյանքը կտար …
   Հեռանալիս Ասկանիոն սիրած աղջկա վրա մի հայացք նետեց՝ այն տևական հայացքներից մեկը, որոնց մեջ ամեն սիրահար կարողանում է շատ բան ներդնել. դրանք անհասկանալի են անիրազեկ մարդկանց, բայց լի են խորին իմաստով նրանց համար, ում ուղղված են: Եվ աղջիկը, անշուշտ, հասկացավ այդ խոսուն հայացքի իմաստը, որովհետև, երբ աչքերն ակամա հանդիպեցին երիտասարդի աչքերին, հանկարծ շիկնեց, և այդ զգալով, գլուխը խոնարհեց, ձևանալով, թե զննում է ասեղնակարը և սկսեց անգթորեն ծակոտել ոչ մի մեղք չունեցող ծաղիկը…իսկ Ասկանիոյի հեռանալուց հետո աղջիկը հետ գցեց գլուխն ու խոր հառաչեց. ի դեպ, նրա հառաչանքի մեջ (այդպիսին է սրտի անբացատրելի գաղտնիքը) միախառնվել էր և՛ ափսոսանք, որ Ասկանիոն գնում է, և՛ թեթևության զգացում,որ նա արդեն չկա:
   Պատանին հանդիպեց իր սիրելիին անսպասելիորեն, և բոլոր նախապես մտածված արտահայտությունները, բոցաշունչ պատկերավոր բաառերը, որոնք պետք է շարժեին աղջկա սիրտն ու ապշեցնեին նրան, ջնջվեցին հիշողությունից՝ չմնաց ոչ նախադասություն,ոչ բառ, ոչ վանկ....
  Երկու սիրահարները միաժամանակ բարձրացրին գլուխներն ու նայեցին իրար: Բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, պատանուն թվաց, թե հիմա կմեռնի, թեև աղջկա հայացքն անսահման քնքշություն էր արտահայտում: Անաղարտ ու պատանի էակներն, ասես երկնքում նախապես միացած, արդեն զգում էին, որ պատկանում են միմյանց և առաջին հանդիպումից սարսափած, տագնապահար սարսռում էին, չկարողանալով անգամ մի բառ արտասանել…
   Սիրահարված մարդու համար վեց օր սպասելը, ինչպես հայտնի է, հավասարազոր է վեց դարի: