пятница, 23 ноября 2012 г.

Գծանկարի մասին

Մի առիթով Բեռնարդ Շոունա ասել է, որ բոլոր մեծ բանաստեղծները կարողանում են իրենք իրենց հետ այնպես խոսել, որ նրանց լսում է ամբողջ աշխարհը: Նույնը կարելի է ասել նաև բոլոր մեծ նկարիչների մասին: Գծանկարները, որ նրանք արել են իրենք իրենց համար, հետո դարձել են համաշխարհային արվեստի արժեքներ: Գծանկարի վարպետներից մեկը` Էնգրը (Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր) այն կերպարվեստի բարձրագույն ազնվությունն է համարում: Երբեմն ի միջի այլոց, մեքենայաբար արված գծանկարը նկարչի մասին ավելի շատ բան է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված մեծ կտավի գործը: Ինչով են իրարից տարբերվում գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Գեղանկարիչը օգտագործում է հեղուկ կամ խմորակերպ ներկեր, իսկ գծանկարիչը` հիմնականում չոր, ամուր նյութեր: Նա ոչ թե գույներով է պատկերում առարկան, այլ`գծերով: Մաքուր ճերմակ թուղթը նրա համար անսահման տարածություն է` լի օդով ու լույսով: Մատիտի մի քանի վարժ շարժումով այն վերածվում է անտառի, սառցադաշտի, պուրակի, մարգագետնի:
Գույներ չկան: Կան միայն գծեր, տարածության մեջ տարածված բազմապիսի գծեր
Ինչպես յուրաքանչյուր գույն և ինչպես գույների յուրաքանչյուր հարաբերակցություն որոշակի իմաստ, տրամադրություն, զգացմունք է արտահայտում:
Ընդունված է նաև գծանկարը համարել սևագիր արվեստ, որովհետև, թե գեղանկարիչը, թե քանդակագործը նախ գծանկարում են և ապա <<մաքրագրում>> իրենց մտահղացումները` յուրաքանչյուրն իր տեխնիկայով:
Ահա թե ինչպես է բնորոշել գծանկարները Միքելանջելոն.
<<… Գծանկարը, որն այլ կերպ անվանում են ուրվանկարի արվեստ, և գեղանկարչության, և քանդակագործության, և ճարտարապետության բարձրագույն կետն էՆա, ով շատ բանի է հասել տիրապետելով գծանկարին, ես կասեի` տեր է մի մեծ գանձի, որովհետև հավասարապես թե վրձնով, թե բանականությամբ կարող է կերտել ցանկացած աշտարակից ավելի բարձր կերպարներ և դեմ չի առնի պատի, որը կխանգարեր նրա երևակայությանը>>:
Գծանկարը զարգացում ապրեց Իտալիայում և հատկապես Հոլանդիայում` հանձինս Ռեմբրանդտի, որի ստեղծագործություններում այն առանձնահատուկ տեղ է գրավում: Մեծ հոլանդացին ընդլայնեց գծանկարի հնարավորությունները` այն դարձնելով ավելի գեղանկարչական, տալով հոգեբանական ուղղվածություն, որը հատուկ էր նրա գեղանկարներին ու փորագրապատկերներին: Իզուր չէ, որ Ռեմբրանդտին համարում են գծանկարի անգերազանցելի վարպետ:
Մեզ են հասել մեծ նկարչի ձեռքով արված ավելի քան հազար հին հարյուր գծանկարներ: Դրանք նրա ապրած երջանիկ ու դժբախտ կյանքի ինքնատիպ վավերագրերն են, երկխոսություն սեփական <<ես>>-ի հետ, անկեղծ ու անմիջական զրույց հարազատների ու մերձավորների, աշակերտների ու արվեստակից ընկերների հետ, խորհրդածություններ ու մտորումներ: Ռեմբրանդտյան գծանկարների զարգացումը հետաքրքիր շարունակություն գտավ համաշխարհային կերպարվեստի խոշորագույն դեմքերից մեկի` Գոյայի արվեստում:
Գծանկարներ ստեղծվում են մինչև օրերս, ցանկացած նկարիչ գծերի վարպետ է յուրովի...