понедельник, 19 ноября 2012 г.

Հայաստանի ազգային պատկերասրահ.հայ արվեստի սրահներ


Հայկական դասական արվեստի ցուցադրումը սկսվում է միջնադարյան որմնանկարի և մանրանկարչության նմուշների վավերագրական պատճեններից, որ 1936-1951 թթ. կատարել են հայ արվեստի նշանավոր հետազոտող Լիդիա Դուռնովոյի (1885-1963) ղեկավարությամբ մի խումբ հայ նկարիչներ: Հայկական եկեղեցիները զարդարող որմնանկարների՝ ժամանակի ընթացքում կրած կորուստներն ու վնասները թանգարանում պահվող պատճեններին հաղորդում են բնօրինակի արժեք: Գեղանկարչական մեծ ավանդույթի վկայությունն են նաև ձեռագրերը, որոնց թվում` անցյալի մեծագույն մանրանկարիչներ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և այլոց գործերը:
18-20-րդ դարերի հայկական արվեստը դժվար է գնահատել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և արևելյան երկրների հետ մշակութային կապերի կոնտեքստից դուրս: Ժամանակի ընթացքում ընդհատվող թելը վերականգնվում է ոչ միայն կրոնական թեմաներով գործերի, այլև Հովնաթանյանների գեղարվեստական դինաստիայի թողած ժառանգության շնորհիվ: Ամենից ամբողջական է ներկայացված ընտանիքի ամենավառ ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանի (1806-1881) արվեստը, որն աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է: Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով: Այդ ամենն ապահովել է հայկական գեղանկարի պատմության մեջ Հովնաթանյանի տեղը որպես դիմանկարի ժանրի հիմնադրի:
Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´ արտասահմանում բնակվող, թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար ընդհանուր գծեր: Նրանում կարևոր տեղ են զբաղեցնում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) գործերը: Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն` 62 նկար, որոնց թվում են նաև Այվազովսկու հայկական թեմաներով կոմպոզիցիաներըԲայրոնը Սուրբ Ղազար կղզում», «Նոյն իջնում է Արարատից»): Դրանցում նրա նախասիրած ծովային տեսարանները ներդաշնակվում են հայկական մոտիվների հետ, ինչն ավելի հասկանալի է դարձնում Այվազովսկու հոգատարությունը կոտորածներ վերապրած հայրենակիցների հանդեպ, շատ հայ նկարիչների ստեղծագործական կայացման հանդեպ նրա հետաքրքրությունը:
Թանգարանի հայ գեղանկարչության ցուցադրության զգալի մասը նվիրված է հայկական արվեստի դասականներ Վարդգես Սուրենյանցի (1860-1921), Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Եղիշե Թադևոսյանի (1870-1936), Փանոս Թերլեմեզյանի (1865-1941), Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի (1883-1959) ստեղծագործությանը, որոնց դերն ազգային արվեստի կայացման գործում հսկայական է: Զուգակցելով ռեալիզմի և ռոմանտիզմի միտումները, իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի և մոդեռն ոճի նվաճումները ազգային ավանդույթների հետ, նրանք կերտում էին հայկական մշակույթի ինքնատիպ հյուսվածքը:
Ժամանակի ընթացքը փոխում է հայկական արվեստը՝ բազմաթիվ տաղանդավոր ու ինքնատիպ նկարիչների ներգրավելով սովետական արվեստի ծիրի մեջ. դրանք էին Մարտիրոս Սարյանը (1880-1972), Հակոբ Կոջոյանը (1883-1959), Սեդրակ Առաքելյանը (1884-1942), Սեդրակ Ռաշմաճյանը (1907-1978), Արա Բեքարյանը (1913-1986), Էդվարդ Իսաբեկյանը (1914-2007), Հովհաննես Զարդարյանը (1918-1992), Հմայակ Ավետիսյանը (1912-1978), Եփրեմ Սավայանը (1909-1974): Այս արվեստագետների անունների հետ առնչվող թեմաների նոր շրջանակը նպաստեց ազգային մշակույթի նկարագրի կերտմանը:
Այս մշակույթի անկապտելի մասն է կազմում մի շարք նկարիչների, ի թիվս որոնց` Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965), Բարթուղ Վարդանյանի (1897-1978), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Հարություն Կալենցի (1910-1966), Հովհաննես Ասատրյանի (1914-2007), Հակոբ Հակոբյանի (1923) արվեստը, որոնց գործունեությունը մասամբ ծավալվել է արտասահմանում և որոնք յուրացրել են ֆրանսիական դպրոցի գեղարվեստական փորձը: Չնայած նրանք ներկայացնում են տարբեր սերունդներ և ստեղծագործական ուղղություններ, նրանց միավորողը բարձր մասնագիտական չափանիշներն են: Փարիզը միշտ գրավել է շատ հայ վարպետների, ինչպես Գեորգի Յակուլովին (1884-1928), Մարտիրոս Սարյանին (1880-1972), Վահրամ Գայֆեճյանին (1899-1960), Երվանդ Քոչարին (1899-1979), որոնք կարողացան պահպանել իրենց անհատականությունը գեղարվեստական հոսանքների հորձանուտում: Լինելով 20-րդ դարի ավանգարդում, նրանք մեծապես կանխորոշեցին ժամանակակից հայկական գեղանկարչության զարգացումը:
Բացառիկ նշանակալից է հայկական գեղանկարչության ձևավորման մեջ Մարտիրոս Սարյանի (1880-1972) ազդեցությունն ու դերը: Նրա արվեստը դարձավ Հայաստանի խորհրդանիշը: Սարյանը ցայտուն ու պատկերավոր կերպով արտահայտեց մեր հոգևոր էությունն ու աշխարհընկալումը: Միևնույն ժամանակ նա նորարար է, 20-րդ դարի մի շարք խոշոր արվեստագետների թվում արվեստում նոր ուղիներ ու նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներ հայտնագործողներից մեկը: Սարյանն օժտված է գույնի, կոմպոզիցիայի և գծանկարի բնատուր վարպետությամբ: Նրա ընդհանրացման տաղանդը հնարավորություն է տալիս իր հայրենիքի պատկերները փոխակերպելու աշխարհի սինթետիկ պատկերի, աշխարհի արարչության, նրա փոփոխականության, նրա մեջ մարդու դերի մասին մտորումների:  
Միևնույն ժամանակ դա Հայաստանն է՝ իր բնությամբ ու մարդկանցով, լեռներով ու արևով: Սարյանի արվեստը նաև միավորում է հայկական աշխարհընկալման երկու հակադարձ բևեռները` Արևելքն ու Արևմուտքը: Հայերի համար Արևելքը ոչ միայն բնական միջավայր է, մտածելակերպ և ավանդական ապրելակերպ, այն մշակույթի մաս է, որ վառ արտահայտված է Սայաթ-Նովայի և Ավետիք Իսահակյանի պոեզիայում, Վարդգես Սուրենյանցի (1860-1921) նկարչության մեջ, Սերգեյ Փարաջանովի  ֆիլմերում:
Արևելքի ոգով ու շնչով է տոգորված Թիֆլիսի հայ նկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհը: Այս քաղաքը հայկական մտավոր ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել 17-20-րդ դարերում: Հովնաթանյանների դինաստիա, Գևորգ Բաշինջաղյան (1857-1925), Գեորգի Յակուլով (1884-1928), Հովսեփ Կարալյան (1897-1981), Վանո Խոջաբեկյան (1875-1922), Գևորգ Գրիգորյան (Ջոտտո) (1897-1976), Հակոբջան Ղարիբջանյան (1902-1987), Վեհիկ Տեր- Գրիգորյան (1903-1965), Վաղարշակ Էլիբեկյան (1910-1994),- ահա Պատկերասրահում ցուցադրված նկարիչների այս ճյուղի ոչ լրիվ ցանկը: Ինքնատիպ արվեստագետներից մեկին` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին (1891-1966) հատուկ վառ երևակայությունը, գեղեցիկի սուր զգացումը արտահայտվել են կանացի կերպարների` նրբագեղ զգացմունքայնությամբ լի աշխարհում: Սա էքսպոզիցիայի ուշագրավ մասերից մեկն է:
Սարյանի գեղարվեստական հայտնագործությունները, նրա գեղանկարչական- պլաստիկական լեզվի թարմությունը տարբեր փոխակերպումների ենթարկվեցին վարպետների մի ողջ համաստեղության` Մարիամ (1907-2006) և Երանուհի (1909-1998) Ասլամազյանների, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Նիկոլայ Քոթանջյանի (1928), Մինաս Ավետիսյանի (1928-1975), Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Հենրիկ Սիրավյանի (1928-2001), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ռուբեն Ադալյանի (1929), Վարոս Շահմուրադյանի (1940-1977), Սեյրան Խաթլամաջյանի (1937-1994) արվեստում: Ստեղծագործական խառնվածքի բազմազանությամբ հանդերձ, նշված արվեստագետների համար ընդհանուր է ազգային ավանդույթների և ժամանակակից գեղանկարչության նվաճումների իմաստավորված յուրացումը. այս երևույթն ընդհանրապես  հատկանշական է հայկական արվեստի համար:
Հայ վարպետների (ընդհանրացումների և փոխաբերականության հանդեպ իրենց հակումներով հանդերձ) գեղարվեստական մտածելակերպը, գունանկարչական լեզուն շատ համահունչ են ժամանակակից արվեստին հատուկ գունային ու պլաստիկական սինթեզի որոնումներին: Դրա վառ օրինակն են Մինաս Ավետսիյանի (1928-1975) աշխատանքները: Օժտված լինելով գույնի զգացմունքային բնույթի ընկալումով՝ նա իր արվեստում միավորեց միջնադարյան հայկական նկարչության ավանդույթները և պոստիմպրեսիոնիստների ու ֆովիստների փորձը: Ձևի և գույնի սինթեզին ձգտելը հատուկ է այլ հայ նկարիչների` Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Գրիգոր Խանջյանի (1926-2000), Հրաչյա Հակոբյանի (1935-1982), Անատոլի Պապյանի (1924-2007) և ուրիշների գեղարվեստական մտածողությանը: Պատկերասրահի հավաքածուն ներառում է նաև մի շարք ժամանակակից նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի (1929), Ալեքսանդր Գրիգորյանի (1927-2008), Ալբերտ Պարսամյանի (1935-1995), Ռուբեն Ադալյանի (1929), Կարեն Սմբատյանի (1932-2008), Էդուարդ Խարազյանի (1939), Հենրի Էլիբեկյանի (1936), Վարուժան Վարդանյանի (1948-2010), Ռոբերտ Էլիբեկյանի (1941), Ռուբեն Աբովյանի (1948), Աշոտ Բայանդուրի (1947-2003), Փարավոն Միրզոյանի (1949), Կարո Մկրտչյանի (1951-2001), Արամ Իսաբեկյանի (1952) և այլոց գործերը: Ծանոթացնելով հայ գեղանկարիչների մի քանի սերունդների հոգևոր որոնումներին, թանգարանի էքսպոզիցիան բացահայտում է աշխարհընկալման այն նոր կողմերը, որոնք աստիճանաբար փոփոխվելով՝ ձևավորում են ժամանակակից գեղարվեստական մշակույթի պատկերը:



Գրաֆիկա
Թանգարանի գրաֆիկայի հավաքածուի կորիզն են կազմում շուրջ 250 հայ նկարիչների գծանկարները, ջրանկարները, պաստելները, գրքային գրաֆիկան, ծաղրանկարները, պլակատները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են ավելի քան 4000 միավոր: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքի ստեղծման, նրա ձևավորման ու նկարազարդման հետ: Մի կողմ թողնելով գրաֆիկայի ծագման պատմությունը` նշենք, որ ի տարբերություն գեղանկարչության, հայկական գծանկարը որպես արվեստի տեսակ սկսել է ձևավորվել 19-րդ դարից: Հայկական հավաքածուն արժևորվում է ինչպես ցուցանմուշների մեծ մասի բարձր գեղարվեստական մակարդակով, այնպես էլ նրանով, որ այստեղ ներկայացված են, թեև ոչ համազոր, գրաֆիկայի հայրենական դպրոցի զարգացման բոլոր փուլերը, նրանց հիմնական տեսակներն ու ժանրերը` սկսած
19-րդ դարում Կոստանդնուպոլսում է ապրել և ստեղծագործել գծանկարի վարպետ դիմանկարիչ Մելքոն Տիրացույանը (1837-1904):
19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական արվեստը բնորոշվում է Ռուսաստանում, Եվրոպայում և Անդրկովկասի մշակույթի կենտրոն Թիֆլիսում մասնագիտական կրթություն ստացած նկարիչների թվային աճով: Նրանցից ոմանք մնացին օտար երկրներում, շատերը հաստատվեցին Թիֆլիսում: Ընդլայնվում է նաև նրանց ստեղծագործական թեմատիկան: Գրաֆիկայում ի հայտ են գալիս նոր ժանրեր` բնանկար, այդ թվում նաև ճարտարապետական, կենցաղային տեսարաններ, շարունակվում են զարգանալ դիմանկարը և գրքարվեստը, ծնունդ են առնում նոր տեսակներ` պլակատ, թատերա-դեկորացիոն արվեստ և այլն:
Դիմանկարի ժանրը, որ նախորդ ժամանակաշրջանի գեղանկարչության գրեթե միակ ոլորտն էր, իր զարգացումն ապրեց նաև գրաֆիկայի մեջ` Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Փանոս Թերլեմեզյանի (1865-1941), Ենովք Նազարյանցի (1868-1928), Հմայակ Հակոբյանի (1871-1939), Դավիթ Օքրոյանցի (1874-1943) արվեստում: Հայկական գրաֆիկայի հետագա զարգացմանը զգալիորեն նպաստեց բոլոր ժանրերում ստեղծագործող Վարդգես Սուրենյանցի (1860-1921) արվեստը: Պատկերասրահում հավաքված են նկարչի գրքային, ամսագրային ձևավորումները, թատերական ձևավորումների էսքիզները, դիմանկարները, պլակատները: Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Հարություն Շամշինյանի (1856-1914), Հմայակ Հակոբյանի (1871-1939), Սեդրակ Առաքելյանի (1884-1942) աշխատանքներում կենտրոնական տեղ է գրավում բնանկարը: Բացի բնանկարից, Հարություն Շամշինյանը (1856-1914) անդրադարձել է նաև ժանրային տեսարաններին, նա առաջինն էր հայ նկարիչներից, որ պատկերեց հասարակ մարդկանց կենցաղը: Այդ թեման իր ուրույն և վառ արտացոլումը գտավ ինքնատիպ գծանկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875-1922) ստեղծագործության մեջ:
Ճարտարապետական պեյզաժը ներկայացված է Արշակ Ֆեթվաճյանի (1866-1947) վարպետորեն արված և պատմական արժեք ունեցող ջրանկարներում, իսկ հետագայում նաև քանդակագործ Ստեփան Թարյանի (1899-1954) գործերում:
Հայկական գրաֆիկայում առանձնահատուկ տեղ է գրավում ֆրանսահայ նկարիչ Էդգար Շահինը (1874-1947), որի օֆորտներն արժանացել են համաշխարհային ճանաչման:
Օֆորտի և վիմագրության տեխնիկայով են աշխատել նաև ֆրանսահայ արվեստագետներ Տիգրան Փոլադը (1874-1950), Գառզուն (1907-2000), Ժանսեմը (1920), Արսեն Շաբանյանը (1864-1949) և այլք:
Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու (1904-1948) արվեստը սյուրռեալիզմն ու աբստրակտ էքսպրեսիոնիզմը կապող օղակ է: Թանգարանի հավաքածուում տեղ է գտել 1930-ական թվականներին ստեղծած նրա մեկ ճեպանկար:
Սկսած 20-րդ դարի առաջին կեսից և հետագայում շատ նկարիչներ, որ ճակատագրի բերումով ապրում էին աշխարհի տարբեր ծայրերում, հնարավորություն ունեցան վերահաստատվելու հայրենիքում: Այս հանգամանքը ևս նպաստեց գրաֆիկայի բոլոր ժանրերի և տեսակների զարգացմանը, իսկ գծանկարը հետզհետե ստացավ ինքնուրույն բնույթ:
1920-ական, նաև 1940-ական թվականներին պատմական-քաղաքական իրադարձությունների բերումով ուշադրության են արժանանում ծաղրանկարը և պլակատը: Գրաֆիկայի նշված տեսակներում էին աշխատում Լևոն Գենչօղլյանը (1897-1974), Աշոտ Մամաջանյանը (1908-1994), Մարիամ Ասլամազյանը (1907-2006) և Երանուհի Ասլամազյանը (1909-1998), Դմիտրի Նալբանդյանը (1906-1993/4), Սարգիս Արուտչյանը (1920-2000) և ուրիշներ:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում քանդակագործներ Հակոբ Գյուրջյանի (1881-1948) և Երվանդ Քոչարի (1899-1979) գրաֆիկական գործերը, որոնք աչքի են ընկնում գծերի պլաստիկայով, կերպարների յուրովի մեկնաբանմամբ և կատարման ֆակտուրայով:
Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965) ստեղծագործական ժառանգությունը ամենամեծն է հավաքածուում: Բազմաթիվ են պաստելով, մատիտով և ածուխով արված կանանց մերկ ֆիգուրներն ու դիմանկարները, բնապատկերներն ու նատյուրմորտները: Պատկերասրահի ֆոնդերում են գտնվում Նիկոլայ Թևոսյանի (1910-1957)` եվրոպական հին վարպետների ոճով, սանգինայով արված նրբագեղ դիմանկարները:
Ուշագրավ են Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի (1883-1959), Տաճատ Խաչվանքյանի (1896-1940), Միքայել Արուտչյանի (1897-1961), Շավարշ Հովհաննիսյանի (1908-1980), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Սարգիս Ալեքսանյանի (1910-1942), Կարապետ Տիրատուրյանի (1911-1975), Էդվարդ Իսաբեկյանի (1914-2007), Գրիգոր Խանջյանի (1926-2000), Գեորգի Յարալյանի (1927) ինչպես գրքային նկարազարդումներն ու ձևավորումները, այնպես էլ ինքնուրույն գծանկարները: Կերպարվեստի և ժամանակատարածական արվեստների սինթեզի խնդիրներն է փորձել լուծել իր ստեղծագործության մեջ Գեորգի Յակուլովը (1884-1928): Թանգարանի ֆոնդերում են պահվում Մարտիրոս Սարյանի (1880-1972), Գեորգի Յակուլովի (1884-1928), Միքայել Արուտչյանի (1897-1961), Մինաս Ավետիսյանի (1928-1975), Գեղամ Ասատրյանի (1920-1995) թատերական բեմադրությունների էսքիզները:
20-րդ դարի 70-80-ական թվականներին մի շարք նկարիչների` Վլադիմիր Այվազյանի (1915-1999), Կարապետ Գյոկչակյանի (1916-1999), Վահրամ Խաչիկյանի (1923-2002), Պետրոս Մալայանի (1927-1999), Արկադի Պետրոսյանի (1933), Ռուդոլֆ Խաչատրյանի (1937-2007), Հենրիկ Մամյանի (1934), Անդրանիկ Կիլիկյանի (1937-2005), Արա Բաղդասարյանի (1940), Գաստելլո Գասպարյանի (1941), Ռուբեն Ղևոնդյանի (1942) և շատ ուրիշների արվեստի կարևոր մասն են կազմում հաստոցային գծանկարը և տպագրական գրաֆիկան:
axbyur@` http://www.gallery.am/hy/