четверг, 15 ноября 2012 г.

Աշխարհի ամենամեծ տաճարային համալիրը` Անգկոր Վատ

Կհմերների պետության հնագույն մայրաքաղաքը կոչվում էր Անգկոր: Նրա տարածքում է գտնվում աշխարհահռչակ Անգկոր Վատը, որ թարգմանաբար նշանակում է քաղաք-տաճար: Այն զբաղեցնում է 2 քառ.կմ տարածք, իսկ ողջ Անգկոր քաղաքը տարածված է մոտ 200 քառ.կմ-ի վրա, որտեղ կա շուրջ 200 տաճար, որոնցից 100-ն է կանգուն մնացել: Համալիրն արևմուտքից արևելք ձգվում է 24կմ, հյուսիսից հարավ` 8կմ: Այն տեղակայված է Տոնլեսապ (Մեծ լիճ) լճի ափին` Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենից մոտ 240կմ հեռավորություն վրա: Անգկորն աշխարհի ամենահին մեգապոլիսն է համարվում, որն ունեցել է շուրջ մեկ միլիոն բնակչություն: 
Այս հանելուկային քաղաքը հանդիսանում է յուրահատուկ «Ժամանակի հուշարձան»: Համալիրում գտնվող Պնոմ-Բահկենգ աստիճանային տաճար-բուրգի վրա գրված է, որ նրա նշանակությունն է` «իր քարերով խորհրդանշել աստղերի շարժումը»:

Անգկորի տաճարները կառուցված են առանց ցեմենտի կամ այլ կպցնող նյութի:

Քարերն իրար են միացված կողպեքի սկզբունքով: Այս արվեստի և ճարտարապետության գլուխգործոցը Կամբոջայի ջունգլիներում պատահաբար հայտնաբերել է իսպանացի միսիոներ Մ.Ռիբանդեյրոն 1601թ.: Սակայն այն ժամանակ դա ոչ ոքի չհետաքրքրեց:

Աշխարհում ամենամեծ տաճարը երկրորդ անգամ հայտնաբերում է ֆրանսիացի ճանապարհորդ Անրի Մուոն 1861թ. հունվարի 22-ին: Նա մոլորվում է ջունգլիներում: Եվ հանկարծ նրա դիմաց բացվում է մի հիասքանչ, զարմանահրաշ և հսկայական տաճարային համալիր: Անգկորի մյուս կոթողներից ամենալավը պահպանվել է Անգկոր Վատը, քանի որ այստեղ միշտ բուդդայական վանականներ են ապրել: Նրանք այժմ էլ են այստեղ ապրում:

Հետաքրքիրն այն է, որ հինդուիստական ճարտարապետության այս ֆանտաստիկ նմուշը գտնվում է ոչ թե հինդուիստական կրոնի հայրենիքում` Հնդկաստանում, այլ Կամբոջայում: Համարվում է, որ Անգկոր Վատը կառուցվել է Կամբոջայի թագավոր Սուրյավարման 2-ի (1112-1152) օրոք և ձոնված է Վիշնու աստծուն: Այն և’ սրբատեղի է, և’ Սուրյամվարմանի դամբարանը: Անգկոր Վատը երկնային պալատի նման մի բան է, որտեղ ապրում են թագավորների ոգիները:

8-15դդ. Կամբոջա հսկայական պետությունը ղեկավարող կհմերները համարում էին իրենք իրենց Վիշնուի երկրային մարմնացումը: Այդ պետության կազմում էին գտնվում ներկայիս Լաոսի, Թայլանդի և Վիետնամի տարածքների որոշ մասերը: Հատուկ հզորության է այն հասնում 802 թ.` Ջայավարման II-ի օրոք, երբ նա Ջավայից անկախություն է հռչակում: Նա իշխել է 60 տարի և մի քանի անգամ տեղափոխել մայրաքաղաքը: Ի վերջո նա կանգ է առնում Անգկորի տարածքի վրա և այնտեղ հսկայական շինարարություն սկսում:

Անգկոր Վատը հսկայական տաճար է` սրածայր աշտարակներով: Այն սիմետրիայի հրաշք է: Տաճարի շուրջը փորված է և ջուր է լցված: Հնդկական առասպելաբանության համաձայն` այն խորհրդանշում է աստվածների բնակատեղի Մերու սուրբ լեռը ողողող օվկիանոսը:

Անգկոր Վատն իրենից ներկայացնում է բազմաթիվ աստիճաններով ու անցումներով բարդ եռամակարդակ շինվածք: Կենտրոնում հինգ աշտարակ է կանգնեցված, մեկը` կենտրոնում, չորսը` նրա շուրջը: Կենտրոնական աշտարակի բարձրությունը 65մ է, որը խորհրդանշում է ողջ աշխարհի կենտրոնը հանդիսացող առասպելական Մերու սարը: Թվում է, թե աշտարակներն իրենց ձևով կատարյալ են, քանի որ խիստ պահպանված են բոլոր համաչափությունները: Ընդ որում, եթե տաճարին նայել կողքից, ապա թվում է, թե այն կարծես սավառնում է գետնից բարձր: Ոչ մի հասարակ պատ չկա, բոլորը զարդարված են նրբագույն քանդակներով: Սկզբում տաճարը եղել է հինդուիստական, այնուհետև` բուդդայական: Այժմ այստեղ կարելի է տեսնել միանգամից երկու հավատների հետքերը:

Անգկոր Վատ տաճարի շքեղ զարդարանքները ոչ մի կերպ չեն համապատասխանում նրա երկրաչափական համաչափությունների խստությանը: Քարերի վրա փորագրված են տեսարաններ հնդկական առասպելներից: Իդեալական կառուցվածքով և շքեղ զարդերով աստվածներն ու աստվածուհիները միաձուլվել են էրոտիկ գրկախառնություններում: Կհմերների անցյալից պատմական դեմքերի կյանքը նկարագրող տեսարանները ձգվում են հարյուրավոր մետրեր: Ամենահայտնի և հաճախ հանդիպող կերպարը Ապսարան է, կհմերների մոտ` պարուհի-աստվածուհին, որի պատկերները համալիրում երկու հազարի են հասնում:
Անգկոր Վատը շատ անսովոր ճարտարապետական հուշարձան է: Կարելի է միայն զարմանալ, թե երկրաչափական ձևերի խստության դեպքում ինչ հաջողությամբ են կարողացել համակցել շինանյութերը տարածության հետ: Քարի վրա փորագրված տեսարանները փայտի փորագրություն են թվում:

1431թ. Հարևան Սիամի (ներկայիս Թայլանդը) զորքերը հարձակվում են Անգկորի վրա և բավականաչափ ավերածություն գործում: Բնակչությունը հեռանում է, և ջունգլիները կուլ են տալիս երբեմնի բարգավաճող հսկայական քաղաքը:

1960-ական թվականների վերջին ֆրանսիացի հնագետ Բեռնար-Ֆիլիպ Գրոսլիեն սկսում է ավերակների պաշտոնական հետազոտությունը, սակայն աշխատանքը կանգնեցվում է ավելի քան 20 տարով 1970թ. բռնկված պատերազմի պատճառով:

1973թ. այստեղ ռազմական գործողություններ են ծավալվում, տաճարն ուսումնասիրող ֆրանսիացի հնագետներին պահանջում են հեռանալ այդտեղից: Ողջ տաճարային համալիրը դառնում է կարմիր կհմերների ապաստարանը, և նրանք սկսում են այնտեղ իրենց ավերիչ գործունեությունը:

Կարմիր կհմերների քաղաքական համոզմունքների համաձայն` երկիրը հարկավոր էր ազատել կրոնական կախվածությունից: Դա է պատճառը, որ աստվածների բազմաթիվ արձաններ գլխատված են, ամենուր քանդակների վրա կարելի է հրաձգության հետքեր տեսնել: Անգկորի ողջ տարածքը մինչև վերջերս ականապատված էր: Եվ միայն 20 տարի անց սկսվել են վերականգնողական աշխատանքները, սակայն արդյո՞ք կկարողանան դրանք անել բարձր մակարդակով և փրկել համալիրը հետագա ոչնչացումից:

Մինչև վերջերս գիտնականներն այն կարծիքին էին, թե Անգկորից բնակիչների հեռանալու պատճառը թայերի ներխուժումն է եղել: Սակայն 2005թ.-ին` տեղանքի մանրազնին ուսումնասիրություններից հետո, արտասահմանյան գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ բնակիչների հեռանալու պատճառն է եղել հողի էրոզիան և քաղաքի ոռոգման համակարգի բարոյական մաշվածությունը: Համալիրի շուրջը փորված ջրավազանի ջուրը չորային շրջանում օգտագործվել է ոռոգման նպատակով: Բնակիչները տարեկան երեք անգամ բրնձի բերք են ստացել: Հենց ջրից կախվածությունն էլ հանգեցրել է քաղաքի ոչնչացմանը 1500 թ., քանի որ քաղաքն արդեն գերբնակեցված էր, իսկ անտառահատումներն էլ զանգվածային բնույթ էին կրում: Ջրային համակարգը դառնում է անկառավարելի: Ինչպես նշում են փորձագետները, քաղաքակրթության համար շատ դժվար է գոյատևել անտառում, քանի որ վերջինս անընդհատ հոգածություն է պահանջում իր նկատմամբ: 1992թ.-ից Անգկորն անցել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու տակ: Անգկոր Վատ տաճարը կամբոջացիների ազգային հպարտությունն է և 1863 թ.-ից պատկերվում է երկրի դրոշի վրա:
                                                                                                                                                                    Նաիրա Աբրահամյան          
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս