воскресенье, 25 ноября 2012 г.

Հայաստանի ազգային պատկերասրահ.ռուս արվեստի սրահներ

Գեղանկար
Ռուսական գեղանկարի հավաքածուն Հայաստանի ազգային պատկերասրահի բնահատուկ և ամբողջական մասն է կազմում: Սկսել է ձևավորվել թանգարանի կյանքի առաջին իսկ տարիներից: Բացի Լազարյան ճեմարանից և ԽՍՀՄ Պետական թանգարանային ֆոնդերից ստացված ցուցանմուշներից, հատկապես 19-20-րդ դարերի սահմանագլխի հավաքածուի ամենափայլուն մասի ձևավորման գործում կարևորվում են նաև պատկերասրահի 1950-80-ական թվականներին իրականացված սեփական ձեռքբերումները մասնավոր հավաքածուներից և արվեստագետների ընտանիքներից: Պատկերասրահում ներկայացված են 18-20-րդ դարերի ռուս վարպետների փայլուն համաստեղության` Ֆյոդոր Ռոկոտովի (1730-1808), Օրեստ Կիպրենսկու (1782-1836), Կարլ Բրյուլլովի (1799-1852), Իլյա Ռեպինի (1844-1930), Վասիլի Սուրիկովի (1848-1916), Վալենտին Սերովի (1865-1911), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Մարկ Շագալի (1887-1985) և այլոց ստեղծագործությունները` լուսաբանելով ռուսական մշակույթի զարգացման ու կայացման կարևորագույն փուլերը, հաղորդակից է դարձնում մեզ նրա գեղարվեստական նվաճումների բարձունքներին:
Ֆյոդոր Ռոկոտովի (1835?-1808) նրբագեղ կանացի դիմանկարները, Դմիտրի Լևիցկու (1735-1822) արտահայտիչ հանդիսավոր կոմպոզիցիաները, Վլադիմիր Բորովիկովսկու (1754-1825) աշխատանքների հոգեբանական խորությունն ու զգացմունքայնությունը: Կլասիցիզմն ու ռոմանտիզմը, որ 19-րդ դարի առաջին կեսի հիմնական ուղղություններն են, ներկայացված են Օրեստ Կիպրենսկու (1782-1836)` Դմիտրի Ֆիլոսոֆովի (1872-1940) դիմանկարով, Կարլ Բրյուլլովի (1799-1852) վրձնին պատկանող` Պ. Կամենսկու և Մ. Բեկի դիմանկարներով և թանգարանում պահվող այլ աշխատանքներով: Կրելով նոր ժամանակների կնիքը` դրանք կերտում են կերպարների մի նոր աշխարհ` վեհ, ազնիվ ու նուրբ զգացումներով լեցուն  Լինելով Ռուսաստանի ամենից բարեկեցիկ ընտանիքներից մեկը` Լազարյանները հայտնի էին իրենց բարեսիրական գործունեությամբ: Ընտանիքի միջոցներով 1815 թ. Մոսկվայում հիմնադրվեց Արևելյան լեզուների ինստիտուտը (ճեմարանը), որը թարգմանիչներ էր պատրաստում Կովկասի համար` կրթություն ստանալու հնարավորություն տալով նաև չունևոր հայրենակիցներին:
Պերեդվիժնիկների անունների հետ է կապվում նաև բնանկարի ժանրի նորացումը: Հայրենի բնության մոտիվներին դիմելը ստեղծում էր բնապատկերների բազմազանություն ու հարստություն: Ցուցադրությունը թույլ է տալիս հետևել ժանրի զարգացման ընթացքին 19-20-րդ դարերի ժամանակահատվածում: 19-րդ դարի առաջին կեսի նկարիչներ Սիլվեստր Շչեդրինին (1791-1830) և Միխայիլ Լեբեդևին (1811-1837) հատուկ քնարական տարրը զարգացում ապրեց հետագայի վարպետների արվեստում` ազգային բնապատկերի հիմնադիր Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նրբին զգացումներով լեցուն գործերում, Ֆյոդոր Վասիլևի (1850-1873) էտյուդներում, Վասիլի Պոլենովի (1844-1927)` լույսով ու օդով հագեցած աշխատանքներում, Իսահակ Լևիտանի (1860-1900) երաժշտական հնչողությամբ օժտված բնապատկերներում, Վալենտին Սերովի (1865-1911) ընդհանրացված բնույթի կոմպոզիցիաներում, Կոնստանտին Կորովինի (1861-1939) իմպրեսիոնիստական բնապատկերներում: Ռեալիստական բնանկարի մեկ այլ օրինակ են Իվան Շիշկինի (1832-1898) և Արխիպ Կուինջիի (1814/42-1910) գործերը, որոնց հատուկ է մոնումենտալության ձգտումը, կերպարների մասշտաբային պատկերումը. այդ հատկանիշները բնորոշ են նաև թանգարանում պահվող էպիկական շնչով տոգորված կոմպոզիցիաներին:
Ալեքսանդր Բենուայի (1870-1960), Ալեքսանդր Գոլովինի (1863-1930) թատերական-դեկորացիոն նկարչությունն ու կոմպոզիցիաները, Կոնստանտին Սոմովի (1869-1939)` անցած դարաշրջանների շունչը ոգեկոչող ստեղծագործությունները, Զինաիդա Սերեբրյակովայի (1906-1991) ինքնադիմանկարը, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի (1871-1955) պետերբուրգյան մոտիվները, Նիկոլայ Ռերիխի (1874-1947) թատերական աշխատանքները, - սրանք լոկ մի մասն են կազմում թանգարանում ցուցադրվող «Միր իսկուստվա» միավորման անդամների բազմազան ստեղծագործությունների, միավորում, որին հատուկ են արվեստների սինթեզի ձգտումը, անցյալի մշակութային ժառանգության հանդեպ չմարող հետաքրքրությունը: Այդ տենդենցներն արտահայտող նույնանուն պարբերականն իր շուրջն էր համախմբել Ռուսաստանի լավագույն արվեստագետներին` կանխորոշելով դարաշրջանի հիմնական գեղարվեստական ուղղությունները. դրանք էին՝ ռուսական իմպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչ Կոնստանտին Կորովինը (1861-1939), սիմվոլիստ Միխայիլ Վրուբելը (1856-1910), «Գոլուբայա ռոզա» միավորման ապագա անդամներ Նիկոլայ Սապունովը (1880-1912), Սերգեյ Սուդեյկինը (1882-1946). Պավել Կուզնեցովի (1878-1965), Պյոտր Ուտկինի (1877-1934), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Կուզմա Պետրով-Վոդկինի (1878-1939) հետ համատեղ նրանք զարգացրին ռուսական գեղանկարում նշանակալից ուղղություններից մեկի` սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները: Սիմվոլիստների կրտսեր սերունդը, չնայած ստեղծագործական կարողությունների ու տաղանդի բնույթի տարբերությանը, միասնական է արվեստում սուբյեկտիվ ապրումների, տեսանելիից անդին ներթափանցել ձգտող հոգու զգացումների արտահայտմամբ. նրանք կարողացան հարստացնել սիմվոլիզմն իրենց ստեղծած նոր գեղանկարչական կերպարների համակարգով:
Իբրև ամբողջական ուղղություն իրեն սպառած լինելով 1910-ականների սկզբում` սիմվոլիզմն, այդուհանդերձ, մեծ ազդեցություն գործեց ռուսական ավանգարդի նկարիչների առաջին քայլերի վրա: Վերջինս միավորում էր տարբեր գեղարվեստական կողմնորոշումների վարպետների` Նատալյա Գոնչարովային (1881-1962), Միխայիլ Լարիոնովին (1881-1964), Պավել Ֆիլոնովին (1883-1941), ռուսական մշակույթի հետ սերտորեն կապված Վասիլի Կանդինսկուն (1866-1944), Մարկ Շագալին (1887-1985), «Բուբնովի վալետ» միավորման անդամներ Պյոտր Կոնչալովսկուն (1876-1956), Ալեքսանդր Կուպրինին (1880-1960), Ռոբերտ Ֆալկին (1886-1958) և ուրիշներին: Նրանք իրենց ստեղծագործության մեջ զուգակցում էին ազգային գեղանկարի, սրբանկարչության, պրիմիտիվ նկարչության, քաղաքային արվեստի ավանդույթները և արևմտաեվրոպական արվեստի` պոստիմպրեսիոնիզմի, կուբիզմի և այլ ուղղությունների նվաճումները:
Հավաքածուի մեկ այլ գլուխգործոց է Մարկ Շագալի (1887-1985) «Ամառանոցը»: Ստեղծված լինելով 1917 թվականին` վարպետի կյանքի մի երջանիկ ժամանակաշրջանում, կոմպոզիցիան գրավիչ է անկեղծությամբ և Շագալի տաղանդին հատուկ բանաստեղծական ոգու շնորհիվ:
Պոլ Սեզանի ռուս հետևորդներ` «Բուբնովի վալետ» միավորման նկարիչներ Իլյա Մաշկովի (1881-1944), Ալեքսանդր Կուպրինի (1880-1960) և նրանց հարող Միխայիլ Լարիոնովի (1881-1964), Նատալյա Գոնչարովայի (1881-1962) աշխատանքները ռուսական հավաքածուի զարդն են: Թանգարանում պահվում է Ռոբերտ Ֆալկի (1886-1958) ավելի քան տասնհինգ կտավ, որոնք նրա գլուխգործոցներն են և վկան են մեծ վարպետության ու գույնի հազվագյուտ զգացողության, որ արտահայտվել են նաև նրա լավագույն աշխատանքներից մեկում` «Վարդագույն շալով կինը»` նկարչի կնոջ` Ա. Շչեկին-Կրոտովայի դիմանկարում: Վարդագույն և մոխրագույն տոներով մշակված կոլորիտը հաղորդում է բնորդուհու նրբագեղությունն ու կանացիությունը` կերպարն օժտելով առանձնահատուկ ոգեղնությամբ ու քնարական հնչողությամբ:

Քանդակ
Ռուսական քանդակի հավաքածուն պատկերասրահում փոքրաքանակ է, սակայն առատ փայլուն անուններով: Հանրահռչակ վարպետներից յուրաքանչյուրի մեկ, երկու, երբեմն էլ փոքր-ինչ ավելի աշխատանքները միասնաբար ներկայացնում են 18-20-րդ դարերի ռուսական քանդակագործության ընդհանուր պատկերը:
Աշխարհիկ քանդակը Ռուսաստանում ծնունդ է առել և բուռն ծաղկում ապրել 18-րդ դարում: Դարի երկրորդ կեսում ստեղծագործել և հայրենական երիտասարդ արձանագործության մեջ վառ էջ է գրել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի առաջին սաներից մեկը` Ֆեդոտ Շուբինը (1740-1805): Նա հայտնի է հիմնականում որպես դիմաքանդակագործ, որի պատվիրատուներն են էին կայսրուհի Եկատերինա Մեծը, պալատական վերնախավը
 Շուբինը, սակայն, երբեք չէր գեղեցկացնում իր մոդելներին, չէր հարթեցնում բացասականը, այլ հոգեբանորեն վերլուծելով անձը` կերպարին հաղորդում էր նրբորեն նկատված անկրկնելի անհատականը: Այդպիսին է նաև Եկատերինա II-ին ներկայացնող բրոնզե կիսանդրին, որի կերտման մեջ միահյուսված են բարոկկոյի արվեստից եկող կենդանի պլաստիկ շարժումը և կլասիցիզմին հատուկ խիստ արխիտեկտոնիկան ու չափի զգացումը:
Ակադեմիայում Շուբինի հասակակիցն ու համակուրսեցին էր Ֆյոդոր Գորդեևը (1744-1810): Քանդակում նրա նախասիրած թեմաներն էին պատմական և դիցաբանական սյուժեները: «Պրոմեթևս» աշխատանքը Գորդեևը ստեղծել է 1769 թ. Փարիզում, կերտվածքի հիմքում դրված է վեհ գաղափար` հերոսի անձնազոհ սխրագործությունը հանուն մարդկանց երջանկության: Հորինվածքն ունի խիստ կառուցվածք` ընդգծված տրամանկյուններով, իսկ մերկ ֆիգուրի մեկնաբանությունը կանխորոշում է գեղեցիկ մարդու իդեալի նոր ըմբռնումը:
Այս նույն ժամանակ մանր պլաստիկայի ասպարեզում աշխատում էր Եվգենի Լանսերեն (1848-1886), ասպարեզ, որը հաստոցային քանդակի հետ մեկտեղ վերելք էր ապրում դարի երկրորդ կեսին մոնումենտալ-դեկորատիվ քանդակի հարաբերական անկման ֆոնի վրա: Իր դիրքերը հաստատող ռեալիզմը ներթափանցում է մանր ձևերի կենցաղային քանդակի մեջ, որի մեծ վարպետն է Լանսերեն: Մոմից պատրաստված նրա մոդելները գտնվում էին տարբեր մասնավոր ֆիրմաների կողմից, որոնք ձուլում էին դրանք բրոնզից և վաճառում: Հավաքածուի տարբեր թեմաներով երեք ստեղծագործությունները` «Ամազոնուհին», «Դոբրինյա Նիկիտիչը» և «Կազակը և կազակուհին», առանձնանում են հորինվածքի ներդաշնակությամբ, լուծումների թարմությամբ և ինքնուրույնությամբ:
Միխայիլ Վրուբելը (1856-1910) և Դմիտրի Ստելլեցկին (1875-1947) 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի այն արվեստագետներից են, որոնք պլաստիկայի հնարավորություններն ընդլայնելու միտումով իրենց որոնումների մեջ դիմում էին ժողովրդական ստեղծագործությանը և դեկորատիվ-կիրառական արվեստին: Մասնավորապես մեծ ուշադրություն էր դարձվում մայոլիկային, ճենապակուն,  գիպսին: Բազմաշնորհ նկարիչ Միխայիլ Վրուբելն (1856-1910) իր քանդակային երկերում անդրադարձել է ժողովրդական ոճաձևերին և կերտման եղանակին: Հատկապես նշանակալի են նրա մայոլիկե աշխատանքները, որոնց թվին են պատկանում «Պանի գլուխը», «Մեդուզայի գլուխը», «Եգիպտուհու գլուխը»: Առաջին երկուսը, ի տարբերություն նկարչի այլ գործերի, չեն բազմացվել տասնյակ օրինակներով և դրանով իսկ առավել արժեքավոր են:
Դմիտրի Ստելլեցկին (1857-1947) իր փայտե և գիպսե աշխատանքները գունավորում կամ նկարազարդում էր: Այդպիսի նմուշներից է պատկերասրահի հավաքածուում բուխարու գիպսե ձևավորումը, որտեղ ֆիգուրների ոճավորված լուծումը և դրանց դեկորատիվ բուսանախշով գունազարդումը ստեղծում են ժողովրդական արվեստի ավանդույթների և պրոֆեսիոնալ արվեստի յուրատեսակ համադրում:
Մարդու անձն իր ողջ անկրկնելիությամբ և հոգեբանական բարդությամբ կանգնած է Սարա Լեբեդևա (1892-1967) արվեստագետի ուշադրության կենտրոնում: Աշխատելով միայն նատուրայից` նա զարմանալիորեն ստույգ գտնում է այն կոմպոզիցիոն սխեման և պլաստիկ լուծումը, որոնք պայմանավորված են բնորդի խառնվածքով: Այդ են վկայում «Օդաչու Վալերի Չկալովի», «Նկարչուհի Մարիամ Ասլամազյանի», «Գրող Կոնստանտին Պաուստովսկու» հրաշալի դիմաքանդակները:
Ռուսական քանդակի հավաքածուի կազմում տեղ են գտել նաև 20-րդ դարի 60-70-ականների գեղարվեստական կյանքում ակտիվ դեր խաղացող Ռիմմա Պանցեխովսկայայի (1928), Էռնստ Նեիզվեստնու (1931), Օլեգ Կոմովի (1932) ուշագրավ աշխատանքները:

Գրաֆիկա
Ռուս նկարիչների գրաֆիկական ժառանգությունը Ազգային պատկերասրահում բավական ընդգրկուն ձևով ներկայացված է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսի ստեղծագործություններով: Հավաքածուն ներառում է շուրջ 150 հեղինակների ավելի քան 500 գծանկար, ջրանկար և կավճանկար:
Ռուսական գծանկարը իր կայացման երկու հարյուր հիսուն տարվա ընթացքում անցել է զարգացման բավական բարդ ճանապարհ և մշտապես առանձնացել է յուրօրինակ գրաֆիկական ոճով ու լեզվով: 18-րդ դարի վերջում ռուս նկարիչների ստեղծագործության մեջ մյուս ժանրերի կողքին առանձնակի տեղ է գրավում բնանկարը, այդ թվում` քաղաքային պեյզաժը: Նշված ժամանակահատվածը թանգարանի հավաքածուում ներկայացված է Միխաիլ Իվանովի (1748-1823) երեք ջրանկարով:
19-
րդ դարի ռուս նկարիչները, շարունակելով նախորդ դարի ավանդույթները, աշխատում են գրաֆիկայի բոլոր ժանրերում` դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի և այլն, իսկ նույն դարաշրջանի երկրորդ կեսից նրանցից շատերի ստեղծագործության մեջ առաջատար տեղը զբաղեցնում է կենցաղային ժանրը: 19-րդ դարասկզբի դիմանկարային արվեստի նվաճումների մասին որոշ պատկերացում են տալիս Կարլ Բրյուլլովի (1799-1852) և Վ Գաուի (1816-1895) ջրաներկով և սեպիայով արված աշխատանքները:
 Ռուսական բնության անկրկնելիությունն ու թովչանքը իրենց արտացոլումն են գտել Իվան Շիշկինի (1832-1898) և Իսահակ Լևիտանի (1860-1900) բնանկարներում: Թանգարանի ֆոնդերում պահվում են նաև հայտնի մարտանկարիչ Վասիլի Վերեշչագինի (1842-1904) տարբեր ալբոմներից վերցված ուրվանկարները:
19-րդ դարի վերջին գրաֆիկայի կայացման մեջ նշանակալից դեր է խաղացել կոլորիստական բարձր հատկանիշներով օժտված Վասիլի Սուրիկովի (1848-1916) արվեստը:
19-20-
րդ դարերի սահմանագծում են աշխատել անվանի նկարիչներ Վալենտին Սերովը (1865-1911) և Միխայիլ Վրուբելը (1856-1910): Սերովը զբաղվում էր գրաֆիկական խնդիրների մշակմամբ և կատարելապես տիրապետում դրա արտահայտչամիջոցներին: Միխայիլ Վրուբելի (1856-1910) արվեստը բարդ է և լի հակասություններով: Մատիտով և տուշով արված նրա դիամնկարներն առանձնանում են կատարողական խորաթափանցությամբ, դրանցից է «Հ. Շամշինյանի դիմանկարը»:
Նույն ժամանակաշրջանում են աշխատել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Պյոտր Կոնչալովսկին (1876-1956), Իլյա Մաշկովը (1881-1944), Ռոբերտ Ֆալկը (1886-1958), Վիկտոր Բորիսով-Մուսատովը (1870-1905), Ֆիլիպ Մալյավինը (1869-1940), Միխայիլ Նեստերովը (1862-1942), որոնց ջրանկարներն ու գծանկարները արժանի տեղ են գրավում թանգարանի հավաքածուում: Գրաֆիկայի բաժնի իսկական հպարտությունն են անվանի նկարիչներ Կոնստանտին Կորովինի (1861-1939), Վասիլի Կանդինսկու (1866-1944), Կուզմա Պետրով-Վոդկինի (1878-1939), Պավել Ֆիլոնովի (1883-1941), Վլադիմիր Լեբեդևի (1891-1967), Կոնստանտին Ռուդակովի (1891-1949), Նիկոլայ Կուպրիյանովի (1894-1939), Իլյա Սոկոլովի (1890-1968) և ուրիշների աշխատանքներով:
աղբյուրը`   http://www.gallery.am/hy/