суббота, 24 ноября 2012 г.

Ֆրիդրիխ Նիցշե...


«Ընկե՛ր, այն մենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը ղու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) – դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափարև սեր արարյալի հանդեպ։
Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
Սերը հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
Սկզբում մի փոքրիկ նախանձև այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
«
Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» – այսպես է մտածում սիրողը։
Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
Միշտ ետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն»` իր առջև և ուրիշների։
Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։